close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն մասին, թե ինչու են մարդիկ մանդատ տվել Փաշինյանին

Թեմա

24 Դեկտեմբերի 2018, 13:12
 Այն մասին, թե ինչու են մարդիկ մանդատ տվել Փաշինյանին

Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգի օպտիմալացման հարցերին և նշեց. «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա` նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար»: Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը շատ լավ հիշում է իր հպանցիկ խոստումներից մեկը, բայց մոռանում է ամենակարևր խոստումները, որոնց համար էլ, հնարավոր է, ստացել է ընտրողների ճնշող մեծամասնության քվեն:

Ավելորդ չէ, կարծում եմ, մեկ անգամ ևս հիշելը, որ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններ պարտադրեց երկրին առանց Ընտրական օրենսգիրքը փոխելու, մինչդեռ խոստացել էր փոխել այն: Վենետիկի հանձնաժողովի հորդորները` ընդունել նոր ԸՕ և նոր միայն գնալ ընտրությունների, Փաշինյանի կառավարությունը պարզապես քամահրեց և շարժվեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցումով` հենց դեկտեմբերին նշանակել ընտրություններ: Բայց համարենք, որ այս հարցում Փաշինյանը, գուցե, այլ պատճառներ էլ ուներ: Օրինակ` նա ջանում էր ընտրությունների գնալ մի իրավիճակում, երբ քաղաքական մյուս ուժերը տակավին պատրաստ չէին ընտրություններին, իսկ հանրության շրջանում էլ բավականին բարձր էր «հեղափոխական աժիոտաժի» չափաբաժինը` էյֆորիան:

Մենք կդժվարանանք ասել, թե քանի մարդ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին` հաշվի առնելով նախարարությունների թիվը կրճատելու` Փաշինյանի նախընտրական խոստումը: Փոխարենը վստահ ենք, որ քաղաքացիների մեծ մասը հավատացել է Փաշինյանի այլ խոստումների` կոռուպցիայի և մենաշնորհների վերացում, հարյուրհազարավոր աշխատատեղերի ստեղծում, նոր ներդրումներ, տնտեսության հզորացում, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, Հայաստանի նախընթաց արտաքին քաղաքականության պահպանում և այլն և այլն: Սակայն Փաշինյանի վանաձորյան հայտարարությունից հասկացվում է, որ այս ամենի համար իրեն ոչ ոք ձայն չի տվել, որովհետև նրան հաջողվել է փառավորապես տապալել բոլոր այդ խոստումները: Մարդիկ այսօր կեսկատակ-կեսլուրջ ասում են` Հայաստանում մի բան է միայն փոխվել` Երևանի տոնածառը: Փաշինյանը տապալել է Հայաստանի հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում` Վրաստանի և Իրանի հետ, փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները, սասանել է Հայաստանի հեղինակությունը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում, չի կարողացել Հայաստանի ճիշտ ընկալում ապահովել ԱՄՆ-ում և ԵՄ-ում, «հաճելիորեն» զարմացրել է սփյուռքահայությանն ու երևակայական ներդրողներին, ստեղծել է մենաշնորհներից օգտվողների սեփական շրջանակը, կոռուպցիան արմատախիլ է արել բացառապես իր «սպառնալից» ելույթներում, կրճատել է աշխատատեղերը, տնտեսությունը բերել է 0-ի, սերունդների համերաշխության հերն անիծելով` ընդունել է կուտակային կենսաթոշակը և, ի վերջո, հասել մի տեղ, որ ՀՀ քաղաքացիներին առաջարկում է իրենց գլխի ճարը տեսնել` ով ինչպես կարող է: Այսքանից հետո ասել, թե` ինձ ընտրել են նախարարությունները կրճատելու խոստումիս համար, մեղմ ասած` ծիծաղելի է:       

«Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե` մի' կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է. մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,- իրենն է պնդել Փաշինյանը` մոռանալով, որ մայիսից այս կողմ, ըստ էության, Հայաստանում չկա նորմալ իշխանություն, բայց, փառք Աստծո, Հայաստանը դեռ շարունակում է ապրել, որովհետև շուկան, որ այս ընթացքում «փոխարինել է» կառավարությանը, ներառյալ` նաև վարչապետին ու փոխվարչապետերին, լավից-վատից ապրեցրել է երկիրը, դիմակայել է սոցիալական բունտերի հասունացմանը և այլն:

Փաշինյանի տրամաբանությամբ` մեզ նույնիսկ երգի դասատու պետք չէ, որովհետև երգի դասատուն դեռևս երգ չէ: Իսկ մեզ ԿԳ նախարար պե՞տք է, եթե, միևնույն է, դպրոցներում վարչապետի հրամանով կոռուպցիան վերացվել է, մեզ պաշտպանության նախարար պե՞տք է, եթե, միևնույն է, վարչապետն արդեն լուծել է բանակի հետ կապված բոլոր հարցերը, մեզ արտգործնախարար պե՞տք է, եթե, միևնույն է, վարում ենք «զրո հարաբերություններ աշխարհի հետ» արտաքին քաղաքականություն: Մեզ պե՞տք են էկոնոմիկայի, սոցիալական ապահովության նախարարություններ, երբ ներդրումներ չկան, իսկ մարդիկ էլ պետք է ոչխար պահեն, որպեսզի նպաստ չստանան, մեզ պե՞տք է ՊԵԿ կոչվող հիմնարկ, երբ ամեն ինչ դուրս է բերվել ստվերից, ու բոլորը պարտաճանաչ վճարում են հարկերը: Իսկ ո՞ւմ է պետք էներգետիկայի նախարարությունը, տրանսպորտն ու կապը, սփյուռքը, ի՞նչ «թիթիզություններ» են սրանք, էլ չենք խոսում տարածքային կառավարման և զարգացման նախարարության մասին, երբ Երևանից դուրս, միևնույն է, ամեն ինչ դատապարտված է քայքայման:

Մենք կարծում ենք, որ ընտրողները Փաշինյանին կներեին պետական կառավարման համակարգի չմտածված օպտիմալացում թույլ չտալու համար: Այնպես որ` վարչապետի պաշտոնակատարը ճիշտ կանի` հրաժարվի այդ սևեռուն գաղափարից և զբաղվի իր մյուս խոստումները կատարելով: Եթե նրան «հաջողվել է», իր խոսքով, մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 400 մլն դրամով, 350 հազարով ավելացնել մշակութային օջախներ այցելուների թիվը, և նա մտածում է, որ դրանով, փաստորեն, ավարտվում է մշակութային քաղաքականությունը, ապա նա չարաչար սխալվում է, որովհետև, ի հեճուկս այդ հաջողությունների, տասնապատկվել են հայկական մշակույթին հասցված հարվածները; Մեկ տարում ի հայտ են եկել այնքան սպառնալիքներ, որոնք չեն եղել նոր անկախության անցած 30 տարիների ընթացքում:

Մեզ նման երկրին օպտիմալացումն իսկապես պետք է: Բայց դա չպետք է արվի մասնագետ կադրերի, քաղծառայողների, բանիմաց մարդկանց դուրսմղման հաշվին: Եթե հարցի զուտ ֆինանսական կողմը նայենք, ապա ակնհայտ կդառնա, որ 100-150 հազար դրամ աշխատավարձ ստացող 10-15 քաղծառայող ազատելու փոխարեն կարելի է 1-2 փոխնախարարի ազատել, 2-3 սուրճ դնող բարեկամուհի-քարտուղարուհու, որոնք նաև ձևակերպված են որպես նախարարի ու փոխնախարարի օգնական: Կարո՞ղ է որևէ մեկն այսօր բացատրել, թե Հայաստանի պետական ապարատի ինչին են պետք, բացի հյուրերին դիմավորելու համար նախատեսված մի քանի մեքենայից,  այն շքեղ ավտոմեքենաները, որոնցով Երևանում իրենց հետույքն են տեղաշարժում տակավին ինքնահաստատվել փորձող պաշտոնյաները:

«Խնայված միջոցներով բարձրացվելու են աշխատավարձերը, որպեսզի նաև կառավարության աշխատողներից պահանջենք լրջագույն աշխատանք, ժողովրդի վճարած հարկերը մաքսիմալ ծախսվեն»,- օպտիմալացման «նոու հաուն» այսպես է մեկնաբանում Փաշինյանը: Տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողը կարող է նրան բացատրել, որ հարկատուները հարկեր վճարում են ոչ թե կառավարության աշխատողների աշխատավարձերը և պատգամավորների թիվն ավելացնելու, այլ ողջ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման,  տնտեսության զարգացման ու երկրի հզորացման համար:

Ավարտելով` երկու բառ ասենք նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսի մասին, որով հայտարարվում էր` «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Առայժմ տեսնում ենք` «երջանիկ անհայտներ, օգտակար պաշտոններ և անզոր պետություն»: Իսկ թե ինչ կլինի վաղը, դա էլ կերևա կառավարության ծրագրից, որը կներկայացվի ԱԺ և կհաստատվի համահարթեցված միաձայնությամբ:

Էդիկ Անդրեասյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica