close
Եղանակը Երևանում
25 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սփյուռքի նախարարության լուծարման որոշումը համահայկականության ժխտում է

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2018, 17:43
 Սփյուռքի նախարարության լուծարման որոշումը համահայկականության ժխտում է

Ըստ կառավարության որոշման նախագծի` Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, և դրա գործառույթն իրականացնելու է փոխվարչապետի գրասենյակը։ 

Արդյո՞ք որոշումը կայացնելիս հաշվի է առնվել Սփյուռքի կարծիքը, Yerkir.am-ն այդ թեմայով զրուցեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի և ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի նախկին խմբագիր, հրապարակախոս Վաչե Բրուտյանի հետ:

Շահան Գանտահարյանի կարծիքով`նման որոշում կայացնելուց առաջ նախ հարկավոր է ուսումնասիրել մեծ սփյուռք ունեցող երկրների փորձը, կառավարություն-սփյուռք հարաբերությունների եղանակը, աշխատող կառույցը։ «Գերատեսչություն լուծարելու կամ պահելու որոշումները պետք է կայացվեն տարբեր ձևաչափերով՝ հաշվի առնելով անցկացվող խորհրդակցությունների եւ քննարկումների արդյունքները: Այդ քննարկումներում պետք է ներառել ինչպես դասական Սփյուռքի, այնպես էլ նոր Սփյուռքի ներկայացուցիչներին եւ Սփյուռքում կառավարչական փորձ ունեցող անհատ մասնագետների։  Քննարկումը պետք է լինի փորձագիտական մակարդակով»,- ասաց Գանտահարյանը` հավելելով, որ այն իրողությունը, որ մեր ազգի մեծամասնությունն ապրում է հայրենիքից դուրս, հուշում է, որ առանձին գերատեսչություն անպայման պետք է լինի` հայրենակենտրոն Սփյուռքի կայացման աշխատանքները համակարգելու համար։

Ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի` հայրենադարձությունը գործող կառավարության առաջնային օրակարգերից է, այն, ըստ էության, Սփյուռքի հետ առնչվող խնդիր է, և հեռանկարը պիտի լինի Սփյուռքի` նաև իրավական դերակատարությունը։ «Սա նախանշում է երկպալատ Ազգային ժողովի ձևավորում։ Նման դրույթը ենթադրում է Սահմանադրության փոփոխություն, սակայն մինչ այդ` նախապատրաստությունը կատարելու է Սփյուռքի նախարարությունը՝ հանդիպումներ, քննարկումներ, Սփյուռքի ներկայացվածության իրավական հենքը ճշտող խորհրդակցություններ, տարբեր երկրների երկպալատ խորհրդարանների փորձի ուսումնասիրություն»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Մեզ հետ զրույցում Վաչե Բրուտյանը նշեց, որ ինքն ականատես է եղել խորհրդային տարիներին գործող Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի՝ Սփյուռքի նկատմամբ կողմնակալ  վերաբերմունքին, երբեմն` խորհրդային իշխանության վերջին տարիներին, բարերար դերակատարությանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա խոսքով, Սփյուռքի հանդեպ այլանդակ մոտեցումներին, նաև Սփյուռքի նախարարության ստեղծման լայնածավալ աշխատանքներին։  Ըստ նրա` դրանք միտված էին ռազմավարական իմաստով համահայկական մեծ օրակարգ առաջադրելուն։

«Այս նախարարության հիմնումը գործի էր վերածում համահայկական մտակառույցը`  ի շահ հայության ու նրա հայրենիք Հայաստանի ընդհանրական շահերի։ Մի խոսքով` այն կյանքի կոչվեց` լուծելու համար հայկական աշխարհի բարդ խնդիրները։ Ուրիշ հարց է, թե տասնամյա գործունեության ընթացքում ինչքանո՞վ  արդարացրեց իր վրա դրված հույսերը։ Այսօր, բնականաբար, կարելի է քննարկել Սփյուռքի նախարարությունն իր ռազմավարական առաջադրանքներին հարիր քաղաքականությամբ օժտելու խնդիրը։ Ճշտումնե՞ր, ճշգրտումնե՞ր, բարեփոխումնե՞ր, անկասկա՛ծ։ Սակայն այն լուծարելու որոշումը (ինչքան էլ «հեզաճկուն» բառերի տակ ծածկենք այս փաստը) համահայկականության, հայության՝ ՄԵԿ ժողովուրդ լինելու հանգամանքի ժխտում է։ Ոչ ոք իրավունք չունի նման թեթևսոլիկ ու ծանծաղամիտ վերաբերմունք ցուցաբերելու ու հանգելու Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշմանը։ Պետությունը «քորփորեյշըն» չէ՛, պարոնա´յք իշխանավորներ, որ այդ մտածելակերպով եք վերաբերվում համազգային խնդիրներին։ Փաստորեն, Հայաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ըմբռնել համահայկական տարողություն ունեցող խնդիրների իսկական տարողությունը, որովհետև, փաստորեն, նման հարցերին նրանց մոտեցումները, լավագույն պարագայում, մակերեսային վարչարարականից այն կողմ չեն անցնում»,- խոսքն ամփոփեց Վաչե Բրուտյանը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica