close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարպետ Մեսրոպի կտակը

Թուղթուգիր

16 Դեկտեմբերի 2018, 19:38
 Վարպետ Մեսրոպի կտակը
Մի օր վարպետ Մեսրոպը քնեց ու չարթնացավ։ Պարզապես մեռավ, առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու։ Դա իր իրավունքն էր, իր որոշումը։ Ի վերջո, մեռնելու համար որևէ մեկից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն դեռևս չկար։ Գուցե մի օր որոշվեր, որ այդ թույլտվությունն ասենք դատավորը պիտի տա, կամ ոստիկանը, գուցե։ Բայց քանի նման օրենք դեռ չկար, Մեսրոպը վերցրեց ու ինքնագլուխ մեռավ։ 

Վաթսունն անց կոշկակար Մեսրոպի որոշումը շատերի սրտովը չէր, հատկապես ազգականների։ Ժողովուրդը (ժողովուրդ ) իմաստուն է ու պատահական չէր ասել՝ ,,Բարեկամը բարեկամի ոչ լավ ապրելն է ուզում, ոչ մեռնելը։

Իմաստնություն կար էս խոսքերում։ Եվ ուրիշ, շատ հարուստ ամուսին գտած կնոջը, վաղուց իրենց ընտանիքները ստեղծած զավակներին, կարոտի զգացումից բացարձակապես զուրկ թոռներին, իրենից մեծ ու փոքր եղբայրներին ու քույրերին իր ապրելով նեղություն չտալու համար էր, որ վարպետ Մեսրոպը որոշեց մեռնել։ Այն, որ դա գիտակցված որոշումն էր, այլ ոչ որևէ հանկածահաս հիվանդության արդյունք, վկայում էր ազգուտակին նախապես թողած կտակը։ Մեսրոպն առավոտն արթնացել էր, կողպած էր թողել արհեստանոցը, գնացել էր թաղամասի նոտարի մոտ, և կտակ էր գրել։ Ու պատգամել էր, որ այս օտար մարդը իր մահվանը հաջորդող լուսաբացից հետո , հավաքի բոլոր ազգականներին, ընկեր-հարևաններին, եղած-չեղածին ու կարդա այն։ 

Զարմացած նոտարին վճարել էր պահանջվածի կրկնակին, ու մեռել։
Առավոտյան մեռլատանն էին հավաքվել վարպետ Մեսրոպի կտակում նշված բոլոր մարդիկ։ Տարիներ առաջ հեռացած կինն էր եկել, զավակներն՝ իրենց կանանց ու երեխաների հետ, հեռավոր գյուղից որդիների թևերն ընկած աճապարել էր զառամյալ քեռակինը, եկել էին Մեսրոպի շնորհիվ իրենց գործի վարպետը դարձած նախկին աշկերտները, բոլոր-բոլորն, ու հարևանի տղա Մոսոն։ Մոսոն վարպետի լուռ ու միայնակ օրերի թաք ընկերն էր, տասնվեցը չբոլորած, երեսի աղվամազը բեղ ու մորուս դառնալուն անհամբեր սպասող, բակի ամենախեղճ ու ամենաամաչկոտ ջահելը։
Մեսրոպը նույնիսկ կտակի բացմանն էր նախապես պատրաստվել, ճաշասենյակի մեջտեղում թողնելով զույգ կողպեքով կողպված մեծ սնդուկը, որն էլ , ըստ կտակի , պիտի բացվեր բոլորի ներկայությամբ։
Հավաքվածները քթների տակ փսփսում էին, ենթադրություններ անում սնդուկի պարունակության մասին, թաքուն հույս փափայում, որ դրանում կոշկակարի տարիների աշխատածն է, որ կտակում իրենց մասնաբաժինն ամենախոշորն է լինելու, հիշում , չէ հորինում էին Մեսրոպին իբր արած տարբեր լավությունների մասին, իրենց կարևորությունը առանձնահատուկ ընդգծելու ակնկալիքով։ Միայն Մոսոն էր, որ ոչնչի ակնկալիք չուներ։ Ամաչկոտ ջահելը սենյակի ամենահեռավոր անկյունում կանգնած լուռ լաց էր լինում, ժամանակա առ ժամանակ արդեն խոնավացած վերնաշապիկի թևքով մաքրելով չդադարող արցունքները։ 

Վարպետ Մեսրոպից հետո Մոսոն մնացել էր առանց ընկեր, լքված, անտեր։ 

Ուղիղ ժամը 12-ին բնակարան մտավ նոտարը, բարևեց բոլորին, պայուսակից հանեց չորս կողմից կապարե կնիքով կնքված ծրարն ու սնդուկի վրայի կողպեքների զույգ բանալիները։ Բզզացող ժողովուրդը (ժողովուրդ) շունչը պահեց։ Ծանր լռությունը հոսեց բաց պատուհանից ներս։ 
Նոտարը առանց դժվարության բացեց կողպեքները ու բարձրացրեց սնդուկի կափարիչը։ Մի անմարդկային հոգոց դուրս սողաց ներկաների հավանաբար շուրթերից։ Սնդուկը լեփլեցուն էր մեծ ու փոքր, բայց նույնանման քարերով։ Գուցե քարերի տակ ինչ-որ բան կա թաքնված՝ մի անթաքույց հույս առկայծեց ներկաների զարմացած աչքերում։ 
Նոտարը բացեց կնքված ծրարն ու կարդաց.

«Ես՝ Մեսրոպս, ձեզնից յուրաքանչյուրին կտակում եմ մեկական քար, որը խնդրում եմ գցել իմ գերեզմանափոսը։ Սրանցից յուրաքանչյուրը մեկ արցունքի կաթիլ է, որ ժամանակին յուրաքանչյուրդ պարգևել եք ինձ։ Արցունքի կաթիլներ, որ չեն հոսել աչքերիցս, որ կուլ եմ տվել, դարձնելով մեծ ու փոքր քարեր հոգուս վրա, ու պահ տվել հիշողությանս այս սնդուկում։ Որևէ մեկիդ չեմ մոռացել, չեմ անտեսել։ Ամենքդ ունեք հոգուս քարացած արցունքների արժանի չափաբաժինը ՝ ձեր սեփականը, անփոխարինելին, յուրահատուկը, մյուսներից տարբերվողը։ Ու երբ հոգիս լքած կլինի մարմինս, երբ յուրաքանչյուրդ փոսը կգցեք ձեր բաժին քարի կտորը, թող ձեր խիղճը խաղաղվի ինձ պարգևած դառնության համար, քանզի ներել եմ ձեզ, ձեր արածի ու չարածի համար, ձեր ապրածի ու իմ չապրածի համար, ձեր սուտ, իսկ իմ քարացած արցունքների համար։ Մնացեք խաղաղությամբ»։

Նոտարը կտակը անշտապ տեղավորեց իր հնամաշ պայուսակում։ 
Սենյակն անմարդկային լռություն էր կապել։ Միայն Մոսոյի չընդհատվող ֆսֆսոցն էր լսվում։
Ժողովուրդը (ժողովուրդ), կարծես մեկի նշանով, գրեթե իրար հրմշտելով, դուրս հոսեց կիսախավար սենյակից, այդպես էլ չմոտենալով սնդուկին ու չվերցնելով վարպետ Մեսրոպի հատիկ հատիկ հավաքած քարերից իր մեղքի բաժինը։ 

Երբ սենյակում բարեկամ, ազգական, քեռակին ու հարևաններ չէին մնացել, նոտարը գրպանից հանեց վարպետ Մեսրոպի անշուք բնակարանի ու փոքրիկ արհեստանոցի բանալիները ու դրեց Մոսոյի թաց ափի մեջ։
Իր ողջ ունեցվածքը Մեսրոպը կտակել էր տասնվեցը չբոլորած, երեսի աղվամազը բեղ ու մորուս դառնալուն անհամբեր սպասող, բակի ամենախեղճ ու ամենաամաչկոտ ջահելին՝ իր աշակերտ Մոսոյին...

Պարույր Սանթրոսյան
16.12.2018

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica