close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոխեք ձեր հոգնեցրած ձայնապնակը

Հարթակ

29 Նոյեմբերի 2018, 22:22
 Փոխեք ձեր հոգնեցրած ձայնապնակը

Սիրո եւ համերաշխության մթնոլորտում անցկացված ամենաթավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը թեւակոխել է մի նոր՝ նախընտրական-քարոզչական փուլ։ Եվ անշուշտ, միմյանց հետ մրցակցող քաղաքական 11 ուժից եւ ոչ մեկը իր բառապաշարով ատելություն կամ չարություն չի քարոզում։ Հա, կասեք պատերին տալը կամ ասֆալտին փռելն այնքան էլ… մմմ… Բայց ինչ բծախնդիրն եք։ Լավ, մարդ է, մի տեղ մի բան ասաց։ Ինչ անենք, թե հետո էլ շարունակվեց «վզերից բռնել-շպրտելու» թեմայի շրջանակներում։ Մեռանք ասելով՝ իրավիճակ է փոխվել, իրավիճակ, ու ինչ համարվում էր վատ՝ հիմա կարող է եւ լավ թվալ, կամ հակառակը։ Չնայած ես կասեի՝ հոգեվիճակ է փոխվել։ Ու ազգովի հոգեխանգարման եզրին ենք կամ դրանից էլ այն կողմ. մի մասը՝ իր չարացած-բթացած-անընկալունակ, չլսող ու դմդմփացնող կերպարով, մի մասը՝ շփոթված այս ու այն կողմ ընկնելով՝ նոր արժեքներ կամ  ավելի հաճախ՝ նոր տերեր գտնելու կամ նոր տերերին երդում տալու միջոցների փնտրտուքով, մի մասն էլ ամեն օր ու քարոզարշավի օրերին՝ նաեւ օրը մի քանի անգամ տեսածին ու լսածին չհավատալով կամ գոնե չհավատալու ցանկությամբ։

Ամեն ինչ անցողիկ է։ Նույնիսկ՝ էյֆորիան։ Նույնիսկ ու առավել քան՝ իշխանությունը։ Բայց ո՞վ է հիշում այդ մասին կամ ում ինչ պետքն է, որ ասենք մարզից մարզ, գյուղից գյուղ քարոզարշավելով՝ հարթակներից «քուչի բազար» ենք անում ու օրինակ դառնում երեխաների համար, ում արեւով առիթ-անառիթ երդվում ենք։

Անձնական օրինակով ցույց ենք տալիս, որ երեւաններից եկած «ձյաձը» կամ «ծյոծը», որ կարգին էլ հագնված է ու սիրուն մեքենաներով է շրջում, շատ զիլ է, շատ համարձակ ու դուխով, այսինքն՝ նաեւ ընդօրինակման արժանի։

Քարոզարշավը կվերջանա, ամեն մեկն իր արժանի կամ անարժան ու չվաստակած  տեղը կգտնի խորհրդարանում կամ դրանից դուրս, հետո որոշ ժամանակ անց կվերջանա նոր բառապաշարով հների իշխանությունը, կգան նորերը, ու աթոռապայքարի, իշխանատենչության, մեծամտության, ագրեսիվության մոլուցքում քչերը կնկատեն  պսպղուն մեքենայից իջած ու հայհոյախառն բառապաշարով հոխորտացող հերթական մեկին նայող երեխայի հայացքը։

Հետո կխոսենք, քննարկումներ-սեմինարներ-գիտաժողովներ-ֆորումներ կանցկացնենք՝ սերիալների, դպրոցների կամ վայ-ուսուցիչների ազգակործան հակադաստիրակության թեմաներով, երբ ինքներս ենք ի ցույց բոլորի եւ ամենուրեք՝ հարթակներում, հեռուստաբանավեճերում թե ֆեյսբուքյան մենախոսություններում բռնաբարում հայերեն լեզուն ու մեր երեխաների լեզվամտածողությունը։

Մի քիչ մարդ եղեք, թեկուզ սիրո եւ համերաշխության ձեր հռչակած բառերի խաթեր, որի իմաստը ո'չ դուք եք հասկանում, ո'չ էլ ցանկանում եք, որ մյուսները հիշեն իրական համերաշխության ու սիրո մասին։

Հա, եւ վերջում. փոխեք ձեր հոգնեցրած ձայնապնակը, էլի բառեր կան հայերենում։ Չնայած հիմա էլ դրանք եք սկսելու արժեզրկել ու խեղաթյուրել։

Արծրուն Կոստանդյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica