close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք դեռ 1991-ից պահանջում էինք խորհրդարանական համակարգ. Հրանտ Մարգարյան

Հասարակություն

21 Նոյեմբերի 2018, 16:20
 Մենք դեռ 1991-ից պահանջում էինք խորհրդարանական համակարգ. Հրանտ Մարգարյան

Անցած ժամանակը ցույց տվեց, որ մենք իսկապես ճիշտ ճանապարհով ենք գնացել: «Այսինքն` եթե լիներ նախկին Սահմանադրությունը, երկու բան անխուսափելի կլիներ Հայաստանում` գունավոր հեղափոխությունն արդեն իրականացված կլիներ, և մենք կունենայինք ազգային մեծ կորուստներ, ու անպայման արյունահեղություն կլիներ: Խորհրդարանական համակարգը կանխեց դա, որովհետև այն ելք է ցույց տալիս առճակատումների պահերին»,- «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով` հենց այդպես էլ եղավ: «Իշխող ուժը չմտածեց, որ ինքը կորցնում է  ամեն ինչ, տեսավ, որ խորհրդարանով կարող է ինչ-որ բան վերահսկել: Հենց սա փրկեց երկիրը, որպեսզի արյունահեղություն տեղի չունենա: Ոչ ոք թող իրեն առանձնապես չվերագրի սա` ո'չ մենք, ո'չ ընդդիմությունը, ո'չ էլ իշխանությունը: Մեր երկիրն ունեցավ լուրջ հաջողություն, և ես դա բոլորի հաշվին եմ դրական արձանագրում, բայց պետք է արդար լինենք և խոստովանենք` խորհրդարանական համակարգն էր, որ հնարավորություն տվեց չգնալու արյունահեղության ճանապարհով: Սա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք ունեցել ենք: Դրա համար պետք է պատմությունը շնորհակալ լինի նաև մեզնից, որ խորհրդարանական համակարգը ստեղծեցինք»,- ասել է Մարգարյանը:  

Ըստ նրա` ՀՅԴ-ին հաճախ ասում են` խորհրդարանական համակարգ ստեղծեցիք, որ Սերժը երրորդ անգամ թեկնածություն դնի: «Մենք դեռ 1991 թվականից ենք խորհրդարանական համակարգ պահանջել, այն ժամանակ ո'չ Սերժ Սարգսյան կար, ո'չ էլ մեկը գիտեր, որ մի օր հայտնվելու է նման մարդ, որ դառնա երկրի նախագահ, հետո` վարչապետ: Մենք միշտ խորհրդարանական համակարգ ենք պահանջել, և մեր պահանջը եղել է երկրի կառուցվածքային հարցով: Երբեք դա անձնավորված պահանջ չի եղել, այլ` սկզբունքային հարց: Մենք նաև Առաջին հանրապետությունն ենք ղեկավարել, որը նույնպես խորհրդարանական է եղել: Սա մեզ համար եղել է սկզբունքի հարց, և այսօր ես հոգեկան, բարոյական առումով նաև գոհ եմ այն իմաստով, որ դա մեր երկիրը փրկեց արյունահեղությունից»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Մարգարյանի խոսքով` ցանկացած երկրում խորհրդարանը առողջ է, եթե ներկայացնում է հասարակության բոլոր շերտերը: «Բոլորը այնտեղ են կարողանում իշխել, քննարկել, այնտեղ են քվեարկում, օրենքներ ընդունում: Հասարակությունը պետք է ներկայացված լինի խորհրդարանում: Ընդունենք, որ այսօրվա պահն այդ հարմար պահը չէ, մի փոքր տարբեր պահ է. կա բարձրացած ալիք, այդ ալիքի վրա հայտնված մարդ, որն ունի մեծ ժողովրդականություն, և այդ անձով է պայմանավորված, ոչ թե նրա թիմով, ոչ էլ` անձի ներկայացրած գաղափարախոսությամբ կամ ծրագրով: Անձի նկատմամբ համակրանք է, և որքան Էլ հարգելի լինի այդ համակրանքն ու վստահությունը, մի բան պարզ է` դա ո'չ ծրագիր է,  ո'չ թիմ է, ո'չ գաղափարախոսություն է, ո'չ քաղաքական ուղեցույց է: Դա մեկ անձ է, որ եկել է որոշ հոգեբանական մթնոլորտի մեջ` անցյալը մերժելու, բայց դեռ հստակ չէ այն ապագան, որ ուզում է կերտել: Այն 70-80 հոգին, որոնց Նիկոլ Փաշինյանն ուզում է բերել խորհրդարան (չեմ ուզում երբևէ մեկի մասին անհարգալից խոսք ասել, հանկարծ այդ տպավորությունը չթողնեմ), բայց կենսագրություն չունի, նրանք արած գործ չունեն, վաստակ չունեն, ճանաչողություն չունեն, որ ասենք` դրանց պատճառով նրանք վաղը կարող են հայտնվել խորհրդարանում»,- նշել է Մարգարյանը:

Նրա խոսքով` մի պատճառ կա, որ նրանք կարող են հայտնվել խորհրդարանում` այդ անձանց անունը կլինի Նիկոլ Փաշինյանի անվան կողքին: «Սա վտանգավոր է, որովհետև խորհրդարանն այն տեղն է, ուր իշխանությունը պետք է կարողանա ինքն իրեն հավասարակշռել, կարգավորել և հակակշռել: Այնտեղ պետք է լինեն գիտակ մարդիկ: Ես չեմ խոսում այն մասին, որ նախկինում այդպիսին էր խորհրդարանը, ես խոսում եմ, թե ինչպիսին պետք է լինի խորհրդարանը: Դրանք տարբեր բաներ են: Որևէ մեկը չկարծի, որ ես ասում եմ` նախորդ խորհրդարանն իդեալական էր: Ո՛չ: Բայց այն, ինչ ուզում ենք ստեղծել, պետք է անպայման լավը լինի, չէ՞: Կարող անձերով պետք է լավը լինի, վաստակ ունեցող մարդկանցով պետք է լավը լինի: Այդ վաստակը կարող է լինել երկու գրքի հրատարակություն: Տարբեր ձևերով այն  կարող է ձեռք բերվել: Այլապես` շինծու բան է ստացվում. մեկն իր հետևից քարշ է տալիս 70 հոգու, որոնց ժողովուրդը չի ճանաչում»,- նշել է Բյուրոյի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, Հրանտ Մարգարյանն ասել է, որ իր համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ հենց դեկտեմբեր որոշվեց: «Կարծեմ` Նիկոլ Փաշինյանն այնքան ժողովրդականություն ուներ, որ եթե ընտրությունը մարտին էլ լիներ, չպետք է շատ տուժեր: Այն խորհրդարանը, որ մենք ունենալու ենք, տա Աստված, որ ես սխալվեմ, բայց չունեմ այնքան տվյալ` ասելու, որ դա կլինի մեր ուզած, ժողովրդի ուզած խորհրդարանը»,- նշել է նա` այնուամենայնիվ, հավելելով, որ որակյալ խորհրդարանը բխում է բոլորի շահերից:

Անդրադառնալով նաև նորաստեղծ կուսակցություններին` Մարգարյանն ընդգծել է, որ կուսակցություն ստեղծելը կատակ չէ, դժվար է: «Մեզ նման փորձառու կազմակերպության մեջ անգամ լինում է պահ` հուսախաբ են անում մարդուն: Եթե կուսակցական են, նշանակում է` կիսում են այդ կուսակցության գաղափարախոսությունը,  քաղաքական ուղեգիծը: Եթե մեզ համար դժվար է, նորաթուխ կուսակցությունների համար կրկնակի դժվար է»,- ասել է նա:

Մարգարյանը հավելել է, որ կցանկանար կուսակցությունների ներկայացրած ցուցակներում ավելի լինեին մտավորականները` գիտնականները, համալսարանների դասախոսները, և որակյալ ուժ գնար խորհրդարան: «Բայց ինչ-ինչ պատճառներով նախընտրեցին այն, ինչ կուսակցություններն ունեն այսօր»,- եզրափակել է Բյուրոյի ներկայացուցիչը:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica