close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չիրականացվող խոստումները դառնում են ընտրակաշառքի դրսևորում

Թեմա

20 Նոյեմբերի 2018, 23:04
 Չիրականացվող խոստումները դառնում են ընտրակաշառքի դրսևորում

Մտնում ենք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլ:

Ցանկությունը առարկայական ու մեծ է, որ գոնե այս անգամ մեր երկրի քաղաքական համակարգից իրապես ու անվերադարձ բացառվեն ընտրական գործընթացների, նախկինից ժառանգված, արատավոր դրսեւորումները՝ ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառումը, գաղափարական ու ծրագրային պայքարի ձևական բնույթը, հանրության տարբեր հատվածների միջև ատելության և անհանդուրժողականության սերմանումն ու խորացումը և այլն:

Մեր բոլորի այս ցանկությունը արդար է՝ առարկայական: Եվ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, տարբեր ձևակերպումներով, հայտարարում են, որ այս ցանկության իրականացումն է սովորական քաղաքացու, երկար սպասված, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ մուտքի բանալին:

Ցավոք պետք է արձանագրենք նաև, որ իրականությունը դեռևս չի համապատասխանում մեր այդ պատկերացումներին: Տեսանելի են դառնում բացասական նոր երեւույթներ, որոնք ստվերում ու անորոշ են դարձնում մեր հավաքական ձգտումների կյանքի կոչման ճանապարհը:

Այս անգամ էլ, նոր իրողություններով պայմանավորված, արդեն իսկ ի հայտ են գալիս տեսանելի ու թաքնված նոր մեթոդներ՝ ամեն գնով ընտրողների առավելագույն քվեները սեփական քաղաքական ուժի օգտին ապահովելու նկատառումով:

Խոսքը վերաբերում է քաղաքական ուժերի և գործիչների կողմից հասարակ քաղաքացուն տրվող այն խոստումներին, որոնք օր առաջ սպասված են, հաճելի են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող:

Սակայն, միևնույն ժամանակ, իրականացման և արդյունքի տեսանկյունից այդ խոստումները մինչև վերջ հստակեցված ու հաշվարկված չեն, չեն բխում այդ քաղաքական ուժի գաղափարական հենքից: Պահի թելադրանքով, շատ դեպքերում, դրանց իրականացման համար առաջարկվում են ոչ ամբողջական և իրարամերժ լուծումներ: Այդ լուծումներն էլ իրենց մեջ չեն ունենում ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի քվեն ստանալուց հետո նմանատիպ խոստումներ տվողը կունենա անսահման հնարավորություն՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար:
Լայն իմաստով ստացվում է մոտավորապես այսպիսի բանաձև. «ընտրություններում միանշանակ մենք պետք է ջախջախիչ հաղթողը լինենք, քանի որ մի օր բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր քաղաքական ուժը բոլորից զորեղն է, ամենա-ամենա … է, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ վաղն անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ է լինելու»:
Իհարկե, այս երևույթները որևէ կապ չունեն ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:

Սա ուղակի անսահման պոպուլիզմի դասական դրսևորում է, իսկ դրանով ոգևորված քաղաքական ուժը կարող է «արդարանալ» նեղ կուսակցական և խմբային գործոնի շահարկմամբ՝ իրականում առանց հաշվի առնելու դրա բացասական ազդեցությունները հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:
Պարզ է նաև, որ 30 տոկոս աղքատության և 20 տոկոսից ավել գործազրկության պահպանվող մակարդակ ունեցող մեր երկրում այս խոստումները պետք է հատկապես ուղված լինեն սոցիալական խնդիրների լուծմանը: Օրինակ՝ խթանել կայուն զբաղվածությունը և աշխատանքը, կրճատել աղքատությունը, խթանել ներգաղթը և կանխել արտագաղթը, խթանել ծնելիությունը, առաջանցիկ բարձրացնել ցածր աշխատավարձ ունեցողների վաստակը և կենսաթոշակների չափերը, վերացնել աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը և այլն:

Միևնույն ժամանակ, բացարձակապես պարզ չէ, թե այս խոստումները ինչպես են իրականացվելու օրինակ.

• հաջորդ տարվա պետական բյուջեի եկամուտները ընդամենը 10 տոկոսով ավելացնելու դեպքում, երբ տարբեր գնահատումներով ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 50 տոկոս,
• պրոգրեսիվ եկամտահարկի և «շատից շատ, քչից քիչ» սկզբունքի փոխարեն՝ եկամտահարկի համահարթեցման և անկախ եկամտի չափից մեկ միասնական դրույքաչափ նախատեսելու պարագայում,
• նվազագույն աշխատավարձի բարձրացում չնախատեսելու դեպքում,
• առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակվող բարձր գնաճը չզսպելու պարագայում,
• կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչը պահպանելու և այս ուղությամբ պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը հետևողականորեն մեծացնելու դեպքում,
• կենսաթոշակի համար նվազագույն չափը 25500 դրամ սահմանելով, երբ դրանից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի ընդամենը 14 տոկոսը և նրանց մի զգալի մասը աղքատ չեն, իսկ դրանից բարձր ստացողների մեջ էլ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը մնում է նույնը, ավելին՝ երբ կենսապահովման նվազագույն զամբյուղը ներկայումս կազմում է շուրջ 55000 դրամ,
• հանրային հատվածում աշխատատեղերի էական կրճատման, աշխատավարձերը չբարձրացնելու դեպքում,
• խնամի-ծանոթ-բարեկամ արմատավորված բացասական մոտեցումը լիովին արմատախիլ անելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բնականոն առաջընթացի և հոսունության կանխարգելման համար համակարգային լուծումներ ապահովելու փոխարեն, նախընտրական այս փուլում, անհասկանալի մեխանիզմով պետական համակարգում պաշտոններ խոստանալու դեպքում
• շրջակա միջավայրի պաշտպանությունը հանքարդյունաբերության օբյեկտիվ զարգացման և այս ճյուղում առկա կայուն զբաղվածության հնարավորություններին հակադրելու դեպքում,
• զբաղվածության պետական աջակցության ծրագրերին հատկացվող միջոցների որևէ աճ չնախատեսելու պարագայում,
• երկրորդ երեխայի համար տրվող մեկանգամյա նպաստի չափը ընդամենը 100 հազար դրամով ավելացնելու պարագայում,
• արտագնա աշխատանքի մեկնողների այլ երկրներում ստացած վաստակը և նրանց դրամական փոխանցումները իրենց ընտանիքներին համատարած հարկելու դեպքում և այլն:

Մեր երկրում այսպիսի դրսևորումներ եղել են նախկինում, այս կամ այն չափով կան նաև այլ երկրների քաղաքական համակարգերում, իսկ սրացումներն էլ հատուկ են նախընտրական փուլերին:

Պետք է հստակ արձանագրենք նաև այն փաստը, որ սովորական քաղաքացին անվերապահորեն չէր վստահում նախկին իշխանություններին և բնականաբար չէր հավատում նրանց խոստումներին, որը լրացնելու համար լայնորեն կիրառվում էր ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը:
Իսկ արդեն նոր իրողություններով պայմանավորված, սովորական քաղաքացին, դեռևս անվերապահորեն վստահում է գործող իշխանություններին և բնականաբար հավատում է նրանց խոստումներին:

Փաստորեն, հիմա էլ, քաղաքական ուժերի կողմից, ամեն գնով քաղաքացու քվեները ստանալու համար լայն դուռ է բացվել չիրականացվող խոստումներով անսահման պոպուլիզմի համար: Սա նույնչափ վտանգավոր է, որքան ընտրակաշառքն ու սեփական կամքին հակառակ քվեարկությունը:

Այս ամենի հետեւանքով, քաղաքական արդյունավետ համակարգի կայացման տեսանկյունից էլ, բարձր է մնալու իրական այն ռիսկը, որ քաղաքական որոշ ուժեր ընտրողի քվեին կշարունակեն վերաբերվել՝ «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքին համապատասխան:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան

«Հայրենիքը ձեզ չի մոռանա»
10 Դեկտեմբերի 2018, 10:14 «Հայրենիքը ձեզ չի մոռանա»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica