close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պետությունը հարկում է եկամուտները, փոխարենն ի՞նչ է առաջարկում. Թադևոս Ավետիսյանը` աղմկահարույց նախագծի մասին

Տնտեսական

19 Նոյեմբերի 2018, 16:04
 Եթե պետությունը հարկում է եկամուտները, փոխարենն ի՞նչ է առաջարկում. Թադևոս Ավետիսյանը` աղմկահարույց նախագծի մասին

Տեղեկացրել էինք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր աղմկահարույց գաղափար, ըստ որի՝ 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը մի շարք երկրների հետ ունի եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, այդ թվում` ՌԴ-ի հետ: Եթե նման համաձայնագիր կա, ապա, ըստ Ավետիսյանի, արդեն իսկ այնտեղ վճարված եկամտահարկը պետք է այստեղ վճարվելիքից հանվի: Այսինքն` չի կարող քաղաքացին հարկվել երկու երկրներում:

«Հարկում կարող է առաջանալ այն պարագայում, երբ ես այնտեղ վճարել եմ իմ եկամտի 15 տոկոսը, իսկ իմ երկրում այն հարկվում է 20 տոկոսով, ուստի ես այստեղ պետք է ևս 5  տոկոս վճարեմ: Բայց ճիշտ չէ ամբողջովին հարկել այն պարագայում, երբ այսօր մենք ունենք իրական խնդիր` աղքատության բարձր մակարդակ, սոցիալական տարբեր խնդիրներ: Հարց է առաջանում` եթե պետությունը հարկում է այդ եկամուտները, դրա դիմաց ի՞նչ է այդ մարդկանց առաջարկում: Արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց ուժերով գնում են, աշխատում, որոշակի եկամուտ ձեռք բերում, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքի սոցիալական խնդիրը: Սոցիալական պետության ամենակարևոր սկզբունքը, մոտեցումը  այն պետք է լինի, որ եթե հարկում է առաջադրում, ապա դրան զուգահեռ սոցիալական ի՞նչ պարտավորություններ է ստանձնում. սա հասկանալի չէ»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց նաև, որ անընդհատ խոսվում է հայրենադարձության մասին, աշխատանքային միգրացիան կանխարգելելու ծրագրեր են իրականացնում, մյուս կողմից` նման օրինագիծ են առաջ քաշում:

Ավետիսյանի հավաստմամբ` խնդրահարույց է նաև  եկամտահարկի համահարթեցված դրույքաչափը, այսինքն` բոլորից 23 տոկոս են հարկում, այդ թվում` 100 մլն դրամ եկամուտ ունեցողից էլ, 1 մլն դրամ եկամտից էլ: «Եթե մենք նպատակ ենք դնում, որ փոքր եկամուտներն աճեն, ապա այս պարագայում ինչպե՞ս ենք համահարթեցված եկամտահարկ խրախուսում կամ ինչպես ենք դա պաշտպանում: Այսինքն` եթե մենք ուզում ենք աղքատությունն աշխատանքով հաղթահարել, ուրեմն պետք է խթանենք մարդկանց աշխատանքը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե եկամուտների հայտարարագրման արդյունքում, այսինքն` դրանց չափից ելնելով է որոշվելու` քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ, Ավետիսյանը պատասխանեց, որ, միևնույն է, խնդիրը մնում է, քանի որ այդ մարդիկ արդեն իսկ դրսում հարկվել են: «Եթե դու հարկում ես ու ստեղծում խնդիր այդ մարդու համար, քո երկրում աշխատատեղ ստեղծո՞ւմ ես, որ նա չգնա ու մնա, աշխատի, թե՞ միայն խնդիր ենք դնում` պետական բյուջեն լցնել: Այսինքն` եթե հարկում ես, դրա դիմաց այդ մարդուն, որպես պետություն, ի՞նչ ես առաջարկում: Այն, ինչ օրենքով պետք է հարկվի, չեն հարկում, այդ ուղղությամբ առաջնային քայլերը թողած` եկել ու փորձում ենք փոքր եկամուտ ունեցող կամ ստիպված դրսում իր սոցիալական խնդիրները լուծելու ճանապարհ գտած մարդկանց հարկել: Իսկ բարձր եկամուտ ունեցողները` հանքարդյունաբերության, ներմուծման ոլորտի, նրանց մասով ի՞նչ է արվում»,- ասաց Ավետիսյանը:

Հարցին, թե օրինագծի կյանքի կոչվելն ինչի՞ կարող է հանգեցնել, տնտեսագետը պատասխանեց, որ այն կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ իրենց ընտանիքներին էլ այստեղից տանեն ու կապը մեր երկրի հետ կտրեն: «Եթե մարդու համար սկսում ես իր երկրում լրացուցիչ խնդիր առաջացնել, ապա այդ պարագայում մի մասը կխուսափի ու կփորձի չցուցադրել իր եկամուտները, մյուս մասը կհեռանա երկրից: Կարծում եմ` նախ պետք է ստվերը բերենք օրինական դաշտ: Բացի այդ` հիմա մարդկանց նեղացնելու ժամանակը չէ, ընդհակառակը` պետք է աջակցենք, որպեսզի չարտագաղթեն: Ստացվում է` պետբյուջեի եկամուտներն են ավելացնում` առանց հաշվի առնելու, թե սոցիալական ինչ խնդիրներ են դրա հետևում կանգնած»,- ասաց Ավետիսյանը:

Նա հավելեց նաև, որ ՀՀ պետբյուջեով 2019-ի եկամուտներն ավելացնում են ընդամենը 100 մլրդով, ինչը 2018-ին էլ է եղել, այսինքն` 2018-ին էլ 100  մլրդ դրամով ավելի եկամուտ ենք ունեցել` 2017-ի համեմատ: Այս դեպքում, ըստ Ավետիսյանի, ո՞ւր մնացին իշխանության խոստումները ստվերի դեմ թռիչքային պայքարի մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica