close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որպեսզի խնդիրներ չունենանք, նախ մարտավարական օղակի սպառազինության հարցը պետք է լուծել. ռազմագետ

Քաղաքական

19 Նոյեմբերի 2018, 11:19
 Որպեսզի խնդիրներ չունենանք, նախ մարտավարական օղակի սպառազինության հարցը պետք է լուծել. ռազմագետ

Մեր անվտանգությունից ելնելով` պետք է շարունակենք համագործակցել և' ՀԱՊԿ-ի, և' ՆԱՏՕ-ի կառույցների հետ, նաև ուղիղ համագործակցություն պիտի լինի բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են մեզ անվտանգության ոլորտում օգտակար լինել: Yerkir.am-ի հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: «Այսինքն՝  մենք պիտի մտածենք բացառապես մեր շահի մասին։ Այն է՝ էժան զենքի ձեռք բերում, միջազգային վարկանիշի բարձրացում, ռազմական կադրերի պատրաստում»,- նշեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ շվեդական (JAS-39 Gripen) և ռուսական (Սու-30) կործանիչների հնարավոր ձեռք բերման մասին հայտարարությանը և դրա շուրջ քննարկումներին`  ռազմագետն ասաց. «Իհարկե, այն խնդիրները, որոնք կարող է լուծել բազմաֆունկցիոնալ ավիացիան,  կարևոր են։ Բայց ինձ համար անհասկանալի է այն պնդումը, որ դա մեզ հացի  ու ջրի պես անհրաժեշտ է` օդում գերակայություն ապահովելու համար։ Իմ կարծիքով` դրա համար ծախսվող գումարները, նույն գերակայությունը ստեղծելու համար, կարելի է առավել արդյունավետ ծախսել։ Կրկնում՝ չեմ կարծում, որ այսօր ՀՀ ԶՈւ-ի համար բազմաֆունկցիոնալ ավիացիան հացի ու ջրի պես անհրաժեշտ է, կամ, ասենք, այն պնդումը, որ այսպես մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ։ 21-րդ դարի բանակը  չի կառուցվում տեխնիկայի կամ սպառազինության այս կամ այն  տեսակի կամ տեսակների ձեռք բերումով։ Բանակը սոցիալական փակ, ավտորիտար համակարգ է, որը 19-րդ կամ 20-րդ դարից 21-րդի վերակազմավորելու համար անհրաժեշտ է նախ ողջ համակարգը համապատասխանեցնել 21-րդ դարի պահանջներին և դրանից հետո միայն մտածել նորագույն տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու մասին, որը մեր բանակը  կդարձնի 21-րդ դարի բանակ։ Ես կոնկրետ այս առումով լսել եմ մեր փորձագետների կարծիքը, թե ինչ առավելություններ է մեզ տալիս բազմաֆունկցիոնալ ավիացիան։ Միանգամայն համաձայն եմ նրանց բերած բոլոր փաստերի հետ, բայց… Այստեղ կա «բայց»-ը, որն ամբողջությամբ չեմ կարող բացել, որովհետև հարցեր կան, որոնք բարձրաձայնման ենթակա չեն։ Ուղղակի կասեմ՝ շատերի մոտ առաջին հերթին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը կուլ է տվել խայծը և ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ` թե ով ավելի ուժեղ, ավելի հեռահար, ավելի ժամանակակից միջոց ձեռք կբերի։ Իհարկե, դա այդպես չէ, բայց սա հասկանում է միայն մարդականց շատ նեղ շրջանակ»։

Ըստ ռազմագետի` կարևոր է նաև հասկանալ, որ ցանկացած ԶՈւ-ի առջև դրված են մարտավարական, օպերատիվ և ռազմավարական խնդիրներ, և յուրաքանչյուր օղակում խնդիրներ լուծելիս անհրաժեշտ են այդ օղակին համապատասխան միջոցներ։

«Այստեղ կարևոր և երկրորդական օղակներ չկան, բայց կա մեկ կարևոր հարց, այն է՝ մարտական գործողություններ վարողը  մարտավարական օղակն է։ Եվ եթե մենք մարտավարական օղակի տեխնիկայի և սպառազինության հարցը չենք լուծել, դրա փոխարեն գնում ենք ռազմավարական օղակի որոշ միջոցների սահմանափակ քանակության ձեռք բերման ճանապարհով, ապա կարող ենք ունենալ խնդիրներ։ Ռազմարվեստը ճշգրիտ գիտություն չէ։ Ռազմարվեստի տեսությունը մեզ հուշում է հնարավոր տարբերակները։ Այդ հնարավոր տարբերակը տեսականում ցույց է տալիս, որ որոշակի քանակությամբ բազմաֆունկցիոնալ ավիացիայի առկայությունը կարող է ապահովել գերիշխանություն օդում, բայց նույն տեսությունը նաև ստիպում է չթերագնահատել հակառակորդին և հաշվի առնել այն, որ նա, տեղյակ լինելով մեր ունեցած հնարավորություններին, կարող է հակաքայլեր ձեռնարկել, որի արդյունքում իրական մարտական գործողությունների ժամանակ մենք օդում ոչ թե գերիշխանություն ստանանք, այլ ստացվի ուղիղ հակառակը։ Այսինքն՝ ռազմարվեստի տեսությունը միշտ ստիպում է սպառազինության և տեխնիկայի փորձադաշտերում ցուցադրած հնարավորությունները հիմք չընդունել, քանի որ գոյություն ունի «մարդկային գործոն» ասվածը։ Հետևաբար՝ պնդել, որ սպառազինության և տեխնիկայի տեսակներ կան, որոնք մենք պարզապես պարտավոր ենք ձեռք բերել, որովհետև դա մեզ տալու է գերիշխանություն, ես համարում եմ սխալ տեսակետ»,- ասաց Պետրոսյանցը:

Նա առավել սխալ է համարում, երբ ռազմարվեստում բոլոր երեք օղակների համաչափ զարգացում չի ընթանում, իսկ այս դեպքում առկա է հենց այս անհամաչափ զարգացման գործընթացը, որի իրական արդյունքներն անհնար է պարզել բանավեճերի կամ կարծիքների ներկայացման պրոցեսում, դա կերևա միմիայն մարտական գործողությունների ժամանակ։ «Ռազմարվեստի տեսությունը հստակ հուշում է մեզ, որ այն ոչ միշտ է իրականություն դառնում։ Եվ այս համոզմունքից ելնելով` փաստարկներ բերելիս ոչ ոք չի կարող գոնե 50 տոկոսով ապացուցել, որ ինքը ճիշտ է, իսկ հակառակ կարծիքի կողմնակիցները՝ սխալ»,- նշեց ռազմագետը։

Խոսելով պաշտպանական համակարգի սոցիալական խնդիրների մասին` Հրաչյա Պետրոսյանցն ասաց, որ  բանակը սոցիալական համակարգ է, ուստի պետք է լինի անհրաժեշտ սոցիալական ապահովվածություն: «Դրա մեջ բազմաթիվ հարցեր են մտնում, ինչպիսիք են զինված ուժերի անձնակազմի սոցիալական պաշտպանվածության հարցերը։ Կարծում եմ, որ այս առումով մենք ոչ միայն 21-րդ դարի, այլև նույնիսկ 20-րդ դարի մակարդակի բերելու խնդիր ունենք։ Սոցիալական խնդիրների լուծման հարթակում զինծառայողների խնդիրների լուծումը  պետք է առաջնահերթ համարվի: Այս դեպքում զինված ուժերը չեն ունենա այն քանակությամբ և այնպիսի խնդիրներ, որոնք  կան այսօր, և հույս ունեմ, որ չեն լինի վաղը»,- խոսքն ամփոփեց ռազմական փորձագետը:

 

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica