close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ եմ` Դաշնակցությունը խորհրդարանում հետապնդելու է պարտադիր կուտակայինի վերացման հարցը. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

16 Նոյեմբերի 2018, 22:31
 Վստահ եմ` Դաշնակցությունը խորհրդարանում հետապնդելու է պարտադիր կուտակայինի վերացման հարցը. Արծվիկ Մինասյան

Նախկին իշխանությունների օրոք ՀՅԴ-ն հազարավոր երիտասարդների հետ մասնակցեց «Դեմ եմ» շարժման ակցիաներին` ուղղված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:  ՀՅԴ-ն անգամ Սահմանադրական դատարանում այդ բողոքը վիճարկեց,  իսկ հետագայում նոր իշխանությունը, որը նույնպես դեմ էր այդ համակարգին , դեռևս անորոշ ժամանակով կրկին հաստատեց պարտադիր կուտակային համակարգը:

«Իբրև Դաշնակցություն և սոցիալիստական հայացքներով քաղաքական ուժ` մենք չէինք կարող անտարբեր մնալ մի այնպիսի վատ և որևէ քաղաքացու լավ բան չխոստացող համակարգի նկատմամբ, ինչպիսին պարտադիր կուտակայինն էր»,- «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը` պատասխանելով «զիջե՞լ է այդ հարցում իր դիրքերը» հարցին:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով օրենսդրական այդ փաթեթի դեմ բողոքող երիտասարդներին` Մինասյանը հիշեցրել է ՍԴ-ում այդ հարցով իրենց ունեցած հաղթանակի մասին:

«Հետագայում այն ժամանակվա կառավարությունն ամբողջությամբ չիրացրեց ՍԴ-ի որոշումները: Բայց ամենակարևոր, սկզբունքային հարցերից մեկը նաև այն էր, որ, որպես սերունդների համերաշխություն երաշխավորող երկիր, մենք պետք է կարողանանք ապահովել բոլոր սերունդների համագործակցությունն ու համերաշխությունը: Յուրաքանչյուր սերունդ իր հաջորդ սերնդի համար պետք է ստեղծի անհրաժեշտ հիմքեր, պետք է կարողանա նաև հոգ տանել այդ ամենի մասին»,- ասել է Մինասյանը:

Որպես օրինակ` նա նշել է Չինաստանը,  որտեղ չեն հրաժարվել սերունդների համերաշխության համակարգից, թեև բնակչության թիվը շատ մեծ է:

«Չէ՞ որ մեր կենսաթոշակառուներին պետք է ապահովենք բարձր կամ նորմալ թոշակով, որպեսզի նրանք ունենան բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Եվ եթե այսօր մենք չենք կարողանում երաշխիքներ տալ մեր թոշակառուներին, կամ մեր տնտեսությունը չենք կարողանում զարգացնել, որովհետև այդ գումարների զգալի մասը դուրս է գալիս մեր տնտեսությունից, ինչպե՞ս կարող է 30 տարի հետո երկրում, որը վատ վիճակում է, մի խումբ հանկարծակի լավ ապրել:  Դա անհնար է , և միջազգային փորձն էլ դա ապացուցել է»,- նշել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից այս հարցի քննարկմանը` նա ասել է.  «Ես ուզում եմ արձանագրել, որ առաջին անգամ էր, որ Հայաստանի կառավարությունն ընդունեց`  այս հարցը քննարկման ենթակա է: Որևէ մեկը չի զիջել իր դիրքերը, մենք ընդամենը կարողացանք հասնել նրան, որ կառավարությունը, ի դեմս` վարչապետի, հրապարակավ հայտարարեց, որ սա քննարկման ենթակա հարց է, և մինչև վերջնական որոշում կայացնելը մենք պետք է փորձենք մեղմել վճարում կատարողների բեռը: Սակայն ուզում եմ նաև տեղեկացնել, որ մինչև իմ` կառավարության անդամի կարգավիճակի դադարեցնելը աշխատանքային բազմաթիվ քննարկումներ են եղել, նաև հայեցակարգ է դրվել, որում մենք ցույց էինք տալիս պարտադիր կուտակայինի թերի, սխալ կողմերը, դրա սոցիալական, իրավական բացասական կողմերը: Առաջարկում էինք, որպեսզի այս հայեցակարգն ընդունվի, որովհետև ծայրահեղ դեպքում , եթե անգամ կառավարությունն ի վիճակի չէ գնահատել դրա վատ լինելը  ( չնայած նախարարների մի մասը համոզված էր` սա վատ է), հանենք հանրաքվեի` թող հասարակությունը որոշի»:

Մինասյանը նաև հույս է հայտնել, որ  ներկայիս կառավարությունն այս գաղափարից չի հրաժարվել` նկատի ունենալով, որ վարչապետ Փաշինյանն ինքն այն ժամանակ դիմումի տակ ստորագրել է:

«Վստահ եմ` Դաշնակցությունը խորհրդարանում նաև հետապնդելու է նպատակ, որ այս արատավոր համակարգը հեռանա, և մենք ունենանք կենսաթոշակային մի այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարողանա վստահ լինել, որ պետությունն իր ուսերին է վերցրել ապագայում իր` բարեկեցիկ ապրելու հոգսը»,- նշել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica