close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման և վերականգնման տարին Հալեպում նոր թափ է ստանում

Հարցազրույց

13 Նոյեմբերի 2018, 11:04
 Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման և վերականգնման տարին Հալեպում նոր թափ է ստանում

Սիրիայի`յոթ տարի տևած պատերազմից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը, անկասկած, հայաբնակ Հալեպն էր:  2016 թվականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի ջանքերով Հալեպի ազատագրումից անմիջապես հետո սկսվեցին քաղաքի վերակերտման աշխատանքները: Քաղաքի վերականգնման աշխատանքների, վնասներ կրած ազգային կառույցների, հայ աշակերտության և խաղաղության հաստատումից հետո Հալեպ վերադարձողների մասին Yerkir.am-ը զրուցել է հալեպահայ գրող-վերլուծաբան Հարութ Օրտեքյանի հետ:

- Ի՞նչ վիճակում է Հալեպը ` ներկա պահի դրությամբ: Կարելի՞ է ասել, որ լիովին խաղաղություն է հաստատվել:

-Հալեպում ներկայումս համեմատական խաղաղություն է: Խաղաղությունն ամբողջական չենք կարող համարել, որովհետև Հալեպի արևմտյան արվարձաններում և հյուսիսարևմտյան արվարձաններում դեռ զինյալ ահաբեկչական խմբավորումներ կան, որոնք երբեմն ռմբակոծում են Հալեպի խաղաղ բնակչությանը, բայց ոչ` հայկական թաղամասերը:  Նրանք շարունակում են ռմբակոծել մեզանից ավելի հեռու գտնող շրջանները, որոնք քաղաքի հյուիսային հատվածում են և իրենց ավելի մոտ. այնտեղ հայահոծ թաղամասեր չկան:

-Ե՞րբ կարող ենք խոսել ամբողջական խաղաղության մասին:

- Ամբողջական խաղաղություն կհաստատվի, երբ վերջերս Սոչիում կայացած և հատկապես ռուս-թուրքական համաձայնությամբ  կայացված որոշումն ի կատար ածվի`  Հալեպ-Դամասկոս և Հալեպ-Լաթաքիա միջազգային մայրուղիների անվտանգությունն ապահովվի, և դրանք վերստին գործարկվեն: Դրա իրականացման համար նախ պետք է անվտանգությունն ապահովել: Այդ իսկ պատճառով նույն  որոշման մեջ  ներառվել է նաև ճանապարհի երկու կողմերում, այսպես կոչված, «ապահով գոտի» ստեղծելու գաղափարը, դրա համար հարկավոր է Հալեպի արևմտյան և հյուսիսարևմտյան արվարձաններն ամբողջությամբ մաքրել զինյալ խմբավորումներից: Միայն այդ դեպքում Հալեպ քաղաքն ամբողջովին խաղաղ և ապահով կդառնա: Մայրուղին վերագործարկելու առաջարկն եկավ թուրքական կողմից , և թուրքերը երաշխավորեցին, որ իրենք կիրագործեն այս որոշումը, սակայն խնդիրն այն է, որ «ապահով գոտու» ստեղծմանը խոչընդոտող զինյալ ահաբեկչական խմբավորումները վայելում են հենց թուրքական հովանավորություն…

Եվ քանի որ մինչ օրս թուրքերը չկարողացան կամ չցանկացան կատարել իրենց խոստումը, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այդ տարածքները ոչ թե բանակցային ճանապարհով, այլ պետական ուժերի կողմից ռազմական գործողությունների միջոցով ազատագրվեն:

- Տեղեկացանք, որ Հալեպում վերականգնման աշխատանքներ են մեկնարկել: Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում  այդ  ուղղությամբ: Հայերի հոսքը դեպի Հալեպ մե՞ծ է:

- Երբ վերոնշյալ գոտին ստեղծվի, և քաղաքն ամբողջովին ապահով դառնա, անմիջապես վերագործարկվելու է Հալեպի միջազգային օդանավակայանը, որը վերանորոգվել և պատրաստ է աշխատել: Քաղաքում նկատվում է տնտեսական շարժ: Մեծ թվով հայեր, որոնք պատերազմի ընթացքում զրկվել էին իրենց աշխատավայրերից, վերադարձել են` հիմնականում արդյունաբերական տարածքների իրենց աշխատավայրերը: Օրինակ` Արքուբի արդյունաբերական տարածք մեծ թվով հայեր են վերադարձել, վերանորոգել են իրենց խանութներն ու սկսել են աշխատել: Քաղաքի շուկաները աշխույժ են, մանավանդ` Թիլելում, Խանդակում:

-Ի՞նչ կասեք Հալեպի ազգային կառույցների մասին: Պատերազմի ընթացքում մեծապես տուժած հայկական եկեղեցիներն ու դպրոցները նույնպե՞ս կվերակառուցվեն:  Ի վերջո, նյութական մեծ աջակցություն է պետք:

- Վերանորոգման աշխատանքներն սկսվեցին քաղաքի ազատագրումից անմիջապես հետո, երբ Արամ Ա Վեհափառը 2017 թվականը հռչակեց Վերանորոգման և վերականգնման տարի: Հալեպահայության շտապօգնության և վերականգնման մարմինն առաջին իսկ օրվանից լծվեց հայության վնասված բնակարանները վերանորոգելու գործին: Հիմա Հալեպում արդեն նոր հանգրվան է` նույն մարմինն այս անգամ էլ լծվել է գործարանների, աշխատավայրերի վերանորոգման գործին, որպեսզի հայ արհեստավորն աշխատի և իր օրվա հացը վաստակի: Այս ամենն իրականացվել ու իրականացվում է վերոնշյալ մարմնի դրամաշնորհներով և փոխտվություններով: Ասեմ նաև, որ Բերիո Հայոց թեմի ազգային վարչության կալվածքների հոգաբարձությունն էլ իր հերթին հանդես եկավ տարբեր ծրագրերով, որոնցից մեկն էր հայկական վնասված թաղամասերին կամ ազգապատկան կալվածքներին վերադարձնել իրենց նախապատերազմական, խնամված և բնական տեսքը:

Շատ էական է նաև աշխարհասփյուռ հայության դերը, որը պատերազմի օրերին, նեցուկ կանգնելով Հալեպի հայ ժողովրդին, օգնել է, որպեսզի նա դիմանա այդ արհավիրքին և նախճիրի օրերին:  Սակայն հիմա ավելի լուրջ հանգրվան է, որպեսզի այդ պատերազմական նեցուկն ու օժանդակություններն ավելի «պտղատու» դառնան. առաջին հերթին կարիք ունենք աշխարհասփյուռ հայության բարոյական , ապա նաև` նյութական զորակցությանը:

Ինչ վերաբերում է հայկական դպրոցներին, ասեմ, որ պատերազմի ընթացքում Հալեպից չհեռացող աշակերտը, հայկականից բացի, երբեք ուրիշ դպրոց չհաճախեց: Դպրոցների վերանորոգման աշխատանքներ, բնականաբար, տարվում են: Օրինակ` Սիրիայի մեծագույն հայկական դպրոցը ` Քարեն Եփփե ազգային ճեմարանը,  պատերազմի տարիներին վնասվել էր , քանի որ հակամարտող կողմերի շփման գոտում էր: Ազգային առաջնորդարանի և դպրոցի խնամակալության ջանքերով  վերանորոգվեց ճեմարանի մասնաշենքը, որը նաև կոչվում է «Նոր շենք»: Այժմ այդ շենքում են աշակերտները ուսում ստանում: Շուտով կավարտվեն նաև ճեմարանի հին շենքի նորոգման աշխատանքները:

Պատերազմի ընթացքում Ազգային միացյալ վարժարանը, բարեբախտաբար, էական վնասներ չէր կրել: Ուսումնական տարվա սկզբին եղան վերադարձող աշակերտներ, որոնք եկան Շվեդիայից, Կանադայից, Հայաստանից կամ Սիրիայի` ավելի ապահով շրջաններից: Նրանց թիվը նկատելի է, բայց ոչ` մեծ:

Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, վերջերս լուրջ ուշադրության է արժանանում որոշակի վնասներ կրած Սուրբ Քառասուն Մանուկ Մայր եկեղեցին, որը նաև գաղութի աթոռանիստ եկեղեցին է և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված է որպես ավելի քան 5 դարի կյանք ունեցող պատմամշակութային կոթող: Դեռևս օրեր առաջ Սիրիայի գործող վարչապետը նախարարների հետ այցելեց այնտեղ: Հիմա ընթացքի մեջ են ոչ միայն վերանորոգման, այլ նաև եկեղեցին իր հնաոճ տեսքին վերադարձնելու աշխատանքները. եկեղեցին կվերադարձվի ոչ թե նախապատերազմական, այլ ավելի քան տասնամյակներ առաջվա` անտիկ տեսքին: Եկեղեցու պատերի վրայի ծեփերն ու մարմարե ծածկերը վերացնելով` դուրս են հանելու հնաոճ քարերը: Մոտ ապագայում ավարտին կհասցվեն վերանորոգման աշխատանքները, որոնցից անմիջապես հետո կկայանա եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Ի դեպ,  հայկական այս եկեղեցին, Հայ Երիտասարդական միությանը պատկանող կենտրոնը, ինչպես նաև հալեպահայ միությունների մյուս վնասված կենտրոնները վերանորոգվում են նախագահ Բաշար ալ Ասադի անմիջական օժանդակությամբ:

Զրուցեց Արազ Գայմագամյանը

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica