close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ. Իրանի շուրջ կրքերը շարունակելու են թեժ մնալ

Թեմա

10 Նոյեմբերի 2018, 22:16
 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ. Իրանի շուրջ կրքերը շարունակելու են թեժ մնալ

2018 թվականի՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն արդեն պատմություն են: Դրանց արդյունքում Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը ստացան դեմոկրատները, իսկ հանրապետականներին էլ հաջողվեց պահպանել Սենատի վերահսկողությունը:

Այսպես կոչված՝ երկփեղկված Կոնգրեսն անկասկած առաջիկա 2 տարիներին ԱՄՆ գործող նախագահի համար նոր խոչընդոտներ եւ մարտահրավերներ է ենթադրում: Մասնավորապես՝ դեմոկրատները լուրջ լծակների են տիրապետում, որոնք կօգնեն խանգարել կամ անգամ կասեցնել Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները:

Արտաքին աշխարհում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքին բացառիկ ուշադրությամբ էին հետեւում, ինչն էլ հիմնականում պայմանավորված էր Դոնալդ Թրամփի կերպարով, աշխատանքային ոճով ու քաղաքականությամբ, որով կտրուկ տարբերվում է ԱՄՆ գրեթե բոլոր նախկին նախագահներից:

Բոլորին հետաքրքրում էր այն հանգամանքը, թե ընտրությունների արդյունքներն ինչպես են կարող ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության ընթացքի վրա: Ուշադրությունը մեծ էր հատկապես Իրանում, որը լուրջ առճակատման մեջ է Սպիտակ տան հետ:

Իրանի համար առանցքային նշանակություն ունեին հատկապես Միջուկային գործարքի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) եւ հակաիրանական պատժամիջոցների թեմաները, որոնց հետ կապված բազմաթիվ դեմոկրատների կարծիքները կտրուկ տարբերվում էին հանրապետականներից:

Ակնհայտ էր, որ եթե դեմոկրատներին հաջողվեր լիակատար վերահսկողություն սահմանել Կոնգրեսի նկատմամբ (Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ), ապա կտրուկ կխստացվեր Թրամփի գործողությունների նկատմամբ վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի հետ հնարավոր կապերի եւ հարկերի հետ կապված խնդիրները կարող էին անգամ գործող նախագահի նկատմամբ անվստահություն հայտարարելու պատճառ դառնալ:

Այժմ, սակայն, առանց Սենատի Թրամփին իմպիչմենտ հայտնելու հնարավորությունը գործնականում բացառված է, իսկ Սպիտակ տան վարած ագրեսիվ արտաքին քաղաքականությունը շարունակելու է վայելել Սենատի կարեւորագույն առանցքներից մեկի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աջակցությունը, ինչը գոնե տեսանելի ապագայում կբացառի Սպիտակ տան արտաքին քաղաքականության շրջադարձային փոփոխության հնարավորությունը:

Այս համատեքստում ուշագրավ է հատկապես ընտրությունների ավարտից անմիջապես հետո ՀԳՀԾ-ից ԱՄՆ միակողմանի դուրս գալու քննադատներից մեկի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ Ներկայացուցիչների պալատը կոնկրետ Իրանի եւ Չինաստանի հարցերով Սպիտակ տան քաղաքականության վրա ազդելու հնարավորություն չի ունենալու: Սա նշանակում է, որ պետք է բացառել տեսանելի ապագայում ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու եւ հակաիրանական պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը:

Իհարկե, այս բոլորը դեռեւս չեն նշանակում, որ ամեն ինչ անհույս կորած է: Չպետք է աչքաթող անել այն իրողությունը, որ բազմաթիվ դեմոկրատներ, ինչպես նաեւ հանրապետականներ սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի սկանդալային սպանության արդյունքում խիստ քննադատական մոտեցում ունեն ԱՄՆ-ի՝ Սաուդյան Արաբիայի հետ կապված քաղաքականության նկատմամբ: Նրանց մտահոգում է Էլ Ռիադի հետ Վաշինգտոնի հարաբերությունների աննախադեպ սերտացումը: Այժմ նրանք հնարավորություն ունեն որոշակի խոչընդոտներ ստեղծելու Սաուդյան Արաբիային ԱՄՆ սպառազինության մատակարարման ընթացքի համար եւ, Եմենի պատերազմի հետ կապված, ճնշում բանեցնել այդ երկրի վրա, որն էլ կարող է Էլ Ռիադին ստիպել վերանայել այդ հարցում իր ռազմավարությունը, ինչն Իրանի տարածաշրջանային անմիջական շահերից է բխում:

Բացի այդ՝ դեմոկրատներին մտահոգում է Իրանի խնդրի վերաբերյալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում ստեղծված անհամաձայնությունն ու որոշակի լարվածությունը: Այս կապակցությամբ դեմոկրատների ցանկացած նախաձեռնություն կարող է թուլացնել ԵՄ-ի նկատմամբ Սպիտակ տան դիրքերը, ինչը նույնպես բխում է Իրանի անմիջական շահերից, որն ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու գործում հատուկ կարեւորում է ԵՄ-ի վճռականաությունն ու աջակցությունը:

Արամ Շահնազարյան

«alikonline»-ի պատասխանատու խմբագիր՝ հատուկ «yerkir.am»-ի համար

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica