close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

25 տարի առաջ այս օրը ազատագրվեց Մեծ Հայքի Սյունիք նահանգի Կովսական գավառը

Արցախ

2 Նոյեմբերի 2018, 14:59
 25 տարի առաջ այս օրը ազատագրվեց Մեծ Հայքի Սյունիք նահանգի Կովսական գավառը

Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ազատագրման ռազմական գործողության ժամակագրությունը

Ֆիզուլիի ուղղությամբ հարձակմանը զուգահեռ` հայկական բանակը հաջողությամբ առաջանում է նաև Ջաբրայիլի ուղղությամբ։ Օգոստոսի 23-ին Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ, նախ ազատագրում են Հադրութի մի շարք բռնազավթված բնակավայրեր, ապա դուրս գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի։ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ, սկսելով իրենց հարձակումը Սարինշենի բարձունքներից, ճեղքում են թշնամու պաշտպանությունը, ազատագրում Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, ապա մտնում Ջաբրայիլի շրջան։

Օգոստոսի 23-ին Կենտրոնական և Հադրութի պաշտպանական շրջանների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ազատագրում են Լենքորանի գումարտակի և տեղի աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ջաբրայիլ քաղաքը, իսկ երկու օր հետո` նաև համանուն շրջանի մեծ մասը։

Օգոստոսի 26-ին թշնամուց լիովին մաքրվում է նաև Հադրութի շրջանի ամբողջ տարածքը։ Հայկական ստորաբաժանումները կանգ են առնում Արաքսից մոտ 15 կմ հեռավորության վրա։

Ֆիզուլիի և Ջաբրայիլի ազատագրումից հետո Կուբաթլուի շրջանը մնացել էր սեպի պես խրված պաշտպանության բանակի հարավային ռազմաճակատում։ Այդպիսով` եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, Կուբաթլուն, որտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար՝ հարվածելով թիկունքից։ Իր հերթին Կուբաթլուն բավականին խոցելի վիճակում էր, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքների հետ կապված էր 15 կմ-ոց մերձարաքսյան նեղ շերտով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՊԲ կենտրոնական շտաբը որոշում է ոչնչացնել Կուբաթլուի ռազմական հենակետերը։ ՊԲ կենտրոնական շտաբի ցուցումով՝ Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվում 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Կուբաթլուի ուղղությամբ հարձակումը ենթադրում էր, որ սկզբում Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ, Քիրս լեռան շրջանից պիտի մտնեն Կուբաթլուի շրջան։ Իրենց հերթին շրջան պիտի մտնեին նաև Հադրութի պաշտպանական շրջանի` Խծաբերդի ու Տումիի վաշտերը։ Սակայն այս առաջին հարձակումն անհաջողություն է կրում, և հայկական ուժերը, կորուստներ տալով, վերադառնում են ելման դիրքեր:

Կուբաթլուի ուղղությամբ հաջորդ հարձակումը սկսվում է մոտ մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում Մարտակերտի պաշտպանական շրջանից մեկ գումարտակ և Շուշիի Առանձին հրաձգային գումարտակից մեկ վաշտ է տեղափոխվում Լաչինի շրջան՝ հարձակմանը մասնակցելու նպատակով, իսկ Մարտունու, Հադրութի և Կենտրոնական պաշտպանական շրջանները ձևավորում են հարձակողական 3 խմբավորումներ։ Կուբաթլուի ուղղությամբ նոր հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին` այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։ Հարձակողական երեք խմբավորումները, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։

Նույն օրը Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվում Արցախի և Ադրբեջանի միջև։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրում են ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի ԳԽ նախագահ Ա Ջալիլովը։

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ Այդ հաղթանակների շնորհիվ վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ` հայկական վերահսկողության տակ անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ։

Իրավիճակը տարածաշրջանում և հետագա զարգացումները

Հայկական բանակի հաղթանակներից հետո տարածաշրջանում իրադրությունը բավականին լարվում է։

Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի հարցը միջազգայնացվի։ Մեծանում է նաև հակամարտությանը այլ կողմերի ներգրավման վտանգը։ Այսպես օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Բուլենթ էջևիթը կոչ է անում իր կառավարությանը` Հայաստանի դեմ օդային հարձակումներ սկսել։ ՀՀ սահմանի երկայնքով տեղակայվում են թուրքական 3-րդ դաշտային բանակի ուժերը, իսկ Թուրքիայի զինված ուժերի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադները տեղաբաշխվում են Գյումրիի ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տեղամասում։ Իր հերթին Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը սկսում է 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարա-շտաբային զինավարժություն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս արձագանքում է իրավիճակի փոփոխությանը՝ ընդլայնելով և լիակատար ռազմական պատրաստության բերելով սահմանի երկարությամբ տեղակայված մի խոշոր ռազմական խմբավորում։ Բացի այդ` Իրանը ռազմական գործողությունների թատերաբեմի անմիջական հարևանությամբ սկսում է «Մոխանդ» արտապլանային զորավարժությունը։ Ավելին` սեպտեմբերի 2-ին Իրանը զինված ստորաբաժանումներ է մտցնում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ` փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար անվտանգ պայմաններ ստեղծելու պատրվակով։

Չնայած լարվածության այսպիսի մեծացմանը, այնուամենայնիվ, հաջողվում է խուսափել պատերազմի ընդլայնումից, իսկ հաստատված հրադադարն էլ պահպանվում է մինչև 1993 թ.-ի հոկտեմբերի 10-ը։ Այդ ընթացքում Ադրբեջանը սկսում է պատրաստվել նոր ռազմական գործողությունների. 1993 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ան-124 Ռուսլան» ինքնաթիռներով Ուկրաինայից Ադրբեջան է բերվում 40 միավոր Տ-55 տանկ։ Ադրբեջանական բանակը համալրվում է աֆղան, չեչեն և արաբ վարձկաններով։ Բացի այդ` Հեյդար Ալիևին հաջողվում է նաև կայունացնել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։

Ռազմական գործողությունները սկսվում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։

Հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլի` իր հսկողության տակ գտնվող հատվածից ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում է սկսում Հադրութի շրջանի ուղղությամբ։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանցիները հարձակում են սկսում նաև ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածում և Աղդամի ու Ֆիզուլիի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ։

Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը, ընթացքից անցնում հակահարձակման և ազատագրում Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի ու Կուբաթլուի շրջանների` մինչ այդ չգրավված տարածքները, Ֆիզուլիի շրջանի Հորադիզի ենթաշրջանը։

Հակառակորդը, կորցնելով մեծաթիվ կենդանի ուժ և ռազմական տեխնիկա, նահանջել է դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահմանները։ Զանգելանի ռազմական գործողության հաղթանակով վերացվել են Արցախի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան սահմանամերձ գոտուց մշտապես սպառնացող վտանգները։

Արտաշես ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀՅԴ ԳՄ Ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica