close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԴԱՀԿ-ն արգելք չի դնի պարտապանի բոլոր հաշիվների վրա. նախագիծը պետաիրավականն ընդունեց

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2018, 13:08
 ԴԱՀԿ-ն արգելք չի դնի պարտապանի բոլոր հաշիվների վրա. նախագիծը պետաիրավականն ընդունեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Հայկ Կոնջորյանը:

Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը նշեց, որ գործող իրավակարգավորմամբ` երբ քաղաքացին` պարտապանը, մի քանի բանկերում ունենում է հաշիվներ, ԴԱՀԿ-ն արգելանք է դնում այդ բոլոր հաշիվների վրա: Իրենք առաջարկում են արգելանք դնել միայն մեկ հաշվի վրա:

Նախագծով առաջարկվում  է` պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին: Իսկ ահա ԴԱՀԿ-ն այս տեղեկությունը ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այն բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:

Հարցով հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ սա այն հարցն է, որը քաղաքացիների 80%-ին հուզում է: Նրա խոսքով` ԴԱՀԿ-ն ասում է, որ տեխնիկապես չունի հնարավորություն միայն  մեկ բանկի հաշվի վրա արգելք դնելու և արգելանքը տարածում է բոլոր բանկերի վրա:

Գորգիսյանն էլ նշեց, որ ԴԱՀԿ կողմից հարցում է գնում այն բանկը, որտեղ կա նման գումարը, և ընդամենը անհրաժեշտ է, որ բանկի կողմից ուղարկվի հետադարձ պատասխան: «Այս տեխնիկական լուծման համար անհրաժեշտություն կա օրենքի ընդունումը մի քիչ հետաձգել, բայց մեծ լուծման կարիք չկա` ընդամենը պետք է բանկն էլ հետադարձ պատասխան տա»,- ասաց նա և հավելեց, որ կառավարության կողմից առաջարկ կա` թույլ տալ քաղաքացուն ինքը ընտրի, որ բանկի հաշվի վրա դնել կալանք, ինչն ընդունելի է:

Մախմուդյանն էլ ասաց, որ սա շատ կարևոր նախագիծ է և մեր իրավակիրառական դրսևորումների ամենահաջող փորձն է: «Երկրից դուրս եկած քաղաքացին, ով ունի այստեղ միլիոններով հաշիվներ, վերադառնում է երկիր այն հույսով, որ գումար ունի, սակայն տեսնում է, որ 5000 դրամի պատճառով բոլոր հաշիվների վրա արգելք կա: Պետք է ողջամիտ ժամկետ սահմանենք, որ սա գործարկվի: Քաղաքացուն բանկի ընտրության հնարավորություն տալը նույնպես ընդունելի է, եթե քաղաքացին գրավոր դիմումով ինքն է ներկայացնում` արգելանքը դնել այսինչ բանկի վրա: ԴԱՀԿ-ն կարող է մեկ կոճակի սեղմամբ այդ հարցը լուծել»,- ասաց նա և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:  

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի համար էլ էր նախագիծը ողջունելի: Նա կառավարությանն առաջարկեց մեկ ամսվա ընթացքում ապահովել օրենքի` գործողության մեջ մտնելը և խնդրեց պարզաբանել` որքան ժամկետ է պետք կառավարությանը, և ինչու մեկ ամիսը բավական չէ:

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ կառավարությունն էլ տեսնում է այս օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, և առաջարկում են մինչև առաջինից երկրորդ ընթերցում քննարկե: Նա ներկայացրեց առաջարկություններ կառավարության կողմից: Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է, որ եթե քաղաքացու վրա կա պարտավորություն, ապա պետք է ավտոմատ բացառել ավանդային հաշվի արգելքը: «Ավանդային հաշվի վրա արգելանք դնելու իրավունք չպետք է տրվի, որովհետև քաղաքացին տոկոսներ է կորցնում: Բացի այդ` եթե կան արտարժույթով և դրամով հաշիվներ, ապա հստակ պետք է կարգավորվի, որ արտարժույթով հաշվի վրա արգելք չդրվի, որովհետև արտարժույթը տատանումներ է ունենում, և քաղաքացին կարող  է տուժել: Սրանց համար պետք է հստակ մեխանիզմներ ներդրվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներին, Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրային փոփոխություններ ապահովելու ժամանակ կա, պետք է մրցույթով ընտրվի ծրագրային ընկերությունը, ուստ անհրաժեշտ կլինի 5 ամիս ժամանակ:

Գորգիսյանը հակադարձեց, որ 5 ամսվա հետ համաձայն չէ, քանի որ այդ համակարգերը սպասարկող կազմակերպություն կա, և գուցե մրցույթի կարիք չլինի: «3 ամիսը բավական է»,- ասաց նա:

Կոստանյանն էլ հարցադրում արեց` իսկ եթե մրցույթում ոչ ոք չհաղթի, այդ դեպքում ի՞նչ կլինի: «Դա կնշանակի, որ այս իրավական հարաբերությունները չենք կատարվում, որովհետև կառավարություն տեխնիկական մասը չի՞ ապահովում: Ոչ: Ես առաջարկում եմ, որ այս օրենքն ընդունենք առաջին ընթերցմամբ, բոլոր առաջարկները, որ կառավարությունն արեց, թող հեղինակի հետ քննարկեն, երկրորդ ընթերցման ժամանակ մեր գնահատականը կտանք»,- ասաց նա:

Նախագիծը և կառավարության առաջարկները դրվեցին քվեարկության և ընդունվեցին միաձայն: Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica