close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ «Ռեգնում»-ի՝ Ստանիսլավսկու անվան թատրոնը կփակվի. ՀՀ մշակույթի նախարարությունը պատվեր է համարում լուրը

Մշակույթ

15 Հոկտեմբերի 2018, 14:50
 Ըստ «Ռեգնում»-ի՝ Ստանիսլավսկու անվան թատրոնը կփակվի. ՀՀ մշակույթի նախարարությունը պատվեր է համարում լուրը

Գրեթե մեկ տարի առաջ՝ 2017-ի հոկտեմբերի 31-ին,  կյանքից հեռացավ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Նրա մահից հետո շուրջ 8 ամիս թատրոնում գեղարվեստական ղեկավարի հաստիքը թափուր էր մնացել: Խնդիրն այն էր, որ այդ շրջանում թատրոնում սկսեցին բաժանվել մի քանի խմբերի ու, առանց որևէ պաշտոնական հայտարարության, իրենք իսկ իրենց թեկնածուներն ունենալ: Հիմնական պայքարը գնում էր Ալեքսանդր Գրիգորյանի դստեր՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի ու դերասան Ռոբերտ Հակոբյանի միջև: Թատրոնի տնօրենը կանգնել էր փաստի առաջ՝ շրջանառվող անուններից որևէ մեկի ընտրության դեպքում թատրոնում վեճեր էին սկսվելու՝ առանց այդ էլ լարելով իրավիճակը թատրոնում:

Հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց` թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին` մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեին իրենց ծրագրերը, ինչի հիման վրա էլ թատրոնի տնօրենը պետք է ընտրություն կատարեր: Այսօր ռուսական լրատվամիջոցներից  «Ռեգնում»-ը հրապարակմամբ է հանդես եկել, ըստ որի՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի համար այս թատերական շրջանը կարող է վերջինը լինել, քանի որ ՀՀ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունն ակնհայտորեն նպատակ է հետապնդում փակել թատրոնը:

Ըստ թերթի` այլ կերպ չի կարելի բացատրել թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին նշանակելու ցանկությունը, ով վստահ է, որ այդ շենքում պետք է թատրոն լինի, բայց ոչ ռուսական: Թերթը նշում է, որ ռուսական թատրոնի շենքը իսկապես շատ ձեռնտու վայրում է գտնվում, շատերն են տարիների ընթացքում ցանկացել տեղակայվել այնտեղ, «սակայն թատրոնը չի փակվել անգամ 90-ականներին` հակառուսական սուր հիստերիայի տարիներին»: Թատրոնի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի նաև այլ թեկնածու Կարեն Ներսիսյանը, ով երկար ժամանակ աշխատել է Մոսկվայում, նա պատրաստակամություն է հայտնել վերադառնալ հայրենիք և օգնել թատրոնին: «Ակնհայտ է, որ, հավակնող 5 թեկնածուներից ընտրելով այդ երկուսին, նախարարությունը փորձում է թափանցիկ ընտրությունների տպավորություն թողնել: Տպավորություն, քանի որ որևէ սթափ մտածող մարդ չի հավատա նրան, որ Երևանի կենտրոնում ռուսական թատրոնի գտնվելը աբսուրդ համարող մեկը կարող է լինել թատրոնի ղեկավարի արժանի թեկնածու: Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունն առաջ մղում Սուրեն Շահվերդյանին: Որովհետև նրա ծրագրերը համապատսխանում են նախարարության շահերին»,- գրում է գործակալությունը:

Ըստ կայքի՝ իշխանությունը Լիլիթ Մակունցին նշանակել է նախարարի պաշտոնին մշակույթի ոլորտը քանդելու համար:

Նշենք, որ օրերս թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նախարարությունում տեղի էր ունեցել քննարկում:

Իսկ թե որքանով է համապատասխանում իրականությանը ռուսական լրատվամիջոցի լուրը, որ թատրոնն ուզում են փակել, Yerkir.am-ը պարզաբանում ստացավ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանից:

Ըստ փոխնախարարի՝ լուրը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ուղղակի ծիծաղելի է: Ղարիբյանի գնահատմամբ՝ ընդամենը քաղաքական պատվեր են կատարել: Նա հավաստիացնում է՝ նախարարության ծրագրերում կամ աշխատակիցներից որևէ մեկի մտքով անգամ չի անցել ռուսական թատրոն փակել, թատրոն, որն ունի տասնամյակների ավանդույթ, վաստակ, մեծ ներդրում հայկական թատերական կյանքում: «Բացի այդ՝ մենք ունենք ծանրակշիռ ռուսախոս հասարակություն և մեծ թվով ռուսախոս զբոսաշրջիկներ: Ինչպե՞ս, ի՞նչ հիմքով, առհասարակ, կարող է խոսք գնալ թատրոնը փակելու մասին»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, թե օրերս նախարարությունում տեղի է ունեցել թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի վերաբերյալ քննարկում է, ի՞նչ է որոշվել, Ղարիբյանը պատասխանեց, որ արդյունքում Ֆրեդ Դավթյանը չի ընտրել ներկայացված 5 թեկնածուներից որևէ մեկին: «Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշանակովի պաշտոն է, և նրան պետք է պարոն Դավթյանը նշանակի: Լսումներ լինում են, երբ տնօրեն ենք ընտրում, և հայտարարվում է մրցույթ: Այս դեպքում թատրոնի կանոնակարգը չէր համապատասխանում ՊՈԱԿ-ի օրենքին, քանի որ կանոնակարգում գրված է, որ գեղարվեստական ղեկավար նշանակում է նախարարը, իսկ ՊՈԱԿ-ի օրենքն ասում է՝ ՊՈԱԿ-ի տնօրենն է նշանակում նրան: Ու մինչ սա կկանոնակարգենք, նախարարին ասել էին, որ ինքը պետք է նշանակի գեղարվեստական ղեկավար, իսկ նախարարը նշել էր, որ չի ուզում ինքը նշանակել, թող թատրոնի տնօրենին դիմեն: Այնուհետև սկսվեցին խնդիրներ»,- ասաց փոխնախարարը:

Սրան հաջորդել է այն, որ մի շարք մարդիկ սկսել են ուղղակի դիմել նախարարություն՝ իրենց թեկնածությունը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում  առաջադրելու համար, և արդյունքում` 5 հայտ է նախարարությունը ստացել: Փոխնախարարի խոսքով՝ իրենք էլ որոշել են` քանի որ իրավունք չունեն լսումներ անելու, կհավաքեն բոլորի ներկայացրած նյութերը և նախարարություն կհրավիրեն Ֆրեդ Դավթյանին,  քանի որ նա խնդրել էր օգնել իրեն: «Բոլորն էլ գիտեն, որ Ալ. Գրիգորյանի մահից հետո բավական անառողջ վիճակ էր. մի մասը պաշտպանում էր նրա դստերը, մյուս մասը չէր ուզում, որ նա լինի գեղարվեստական ղեկավար, ու, դրան գումարած,  դերասանների մի մասն էլ ուզում էր Կարեն Ներսիսյանի տեսնել այդ պաշտոնում, իսկ մյուսներին դա ձեռք չէր տալիս: Մենք էլ որոշեցինք խորհրդաժողով անել ու լսել թեկնածուներին: Խնդիրն այն է, որ 3.5 ժամանոց քննարկման արդյունքում կրկին դժվար էր ընտրություն կատարել, քանի որ ցանկացած թեկնածուի ընտրության դեպքում խնդիր էր առաջանում: Դավթյանն առաջարկեց 6 ամիս էլ սպասել, իսկ մենք չհամաձայնեցինք, քանի որ թատրոնի վիճակն այնքան էլ լավ չէ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ փոխարենն առաջարկել են այդ 5 թեկնածուներից ընտրել ամենաարժանավորներին՝ իրենց կատարած աշխատանքի, միջազգային վարկանիշի, կարողությունների հիման վրա, և նրանց հնարավորությունն տրվի բեմադրելու մի փոքրիկ ներկայացում կամ արար: «Այդ ընթացքում պարզ կլինի՝ նրանք ինչպիսի ռեժիսոր են, ինչպես են աշխատում դերասանական կազմի հետ, թատրոնի հետ՝ բանվորից սկսած մինչև տնօրեն, և արդեն իսկ պարզ կլինի՝ կարո՞ղ են ստանձնել այդ պաշտոնը, թե՞ ոչ: Առավելագույն ժամկետը տրվել է մինչև փետրվարի վերջը, սակայն նախարարն ասել է՝ որքան հնարավոր է շուտ բեմադրեն այն: Ներկայացված թեկնածուներից երկուսին՝ Սուրեն Շահվերդյանին ու Կարեն Ներսիսյանին՝ մարդկանց, ովքեր ամենամեծ հետագիծն ունեին միջազգային հարթության մակարդակով և արված աշխատանքով, հնարավորություն տրվեց մինչև փետրվար աշխատելու, ու հետո պարոն Դավթյանը կկատարի իր ընտրությունը»,- հայտնեց Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ Սուրեն Շահվերդյանը որևէ կապ չունի նախարարության հետ, և նրան անձամբ ո'չ ինքը, ո'չ էլ նախարարը չի ճանաչում: Բացի այդ, ըստ փոխնախարարի, ի վերջո, ընտրությունը կատարելու է թատրոնի տնօրենը, ոչ թե նախարարը:

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica