close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում. Կանադայի վարչապետ

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2018, 20:25
 Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում. Կանադայի վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ, 
ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով այցելում է Հայաստանի Հանրապետություն, և մենք գործ ունենք պատմական հնարավորության հետ: Ես կարծում եմ` Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ողջույնի համար: Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող առաջին վարչապետն եմ: Բայց նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է: Շնորհակալ եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին է նվիրել նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը: «Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ», - նշել է վարչապետը:

Ջասթին Թրյուդոն շնորհակալություն է հայտնել գրքի համար` նշելով, որ տեղյակ չէր թարգմանության մասին, և շատ ուրախ է այդ առիթով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը: «Հայասատանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին», - ընդգծել է Ջասթին Թրյուդոն: Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի տնտեսական զարգացման մասին, ընդգծել է, որ կառավարության նպատակն է` փոխել տնտեսական կառուցվածքը` Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր ևւ վստահություն հայտնել, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրել կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-կանադական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica