close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունենք փաստեր, որոնք ցույց են տալիս դեպքերի կապն իշխանության հետ. «Ադեկվադ»-ը՝ Մարալիկում կատարվածի մասին

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2018, 14:37
 Ունենք փաստեր, որոնք ցույց են տալիս դեպքերի կապն իշխանության հետ. «Ադեկվադ»-ը՝ Մարալիկում կատարվածի մասին

«Ադեկվադ»-ի հեղինակներն այսօր լրագրողների հետ հանդիպեցին՝ քննարկելու երեկ Մարալիկում տեղի ունեցած քաշքշոցը: Նրանցից Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք արդեն 2 ամիս է՝ լուսաբանում են բոլոր այն իրադարձությունները, որոնք կա'մ թերի են լուսաբանվում, կա'մ ընդհանրապես չեն լուսաբանվում: Նրա խոսքով՝ իրենք մարալիկցիներից 10 օր առաջ տեղեկատվություն էին ստացել, որ համայնքում 2 ամիս է՝ պարալիզացված է համայնքապետարանի աշխատանքը: «Մեզ ասել էին, որ մի խումբ մարդիկ՝ 15-20 հոգի, որոնք աչքի են ընկնում իրենց` ոչ ադեկվատ լինելով, շրջափակել են համայնքապետարանը: Համայնքապետարանի պարալիզացմամբ պարալիզացվել է նաև նոտարի ինստիտուտը, ու նոտարը չի կարող շապիտո կրկեսի նման քոչել այլ վայր: Գնացինք Մարալիկ՝ նկարահանումներ իրականացնելու: Նկարահանման ժամանակ մեր օպերատորը նկատեց, որ մեզ երկու երիտասարդ տղամարդիկ են հետևում»,- պատմեց Մալյանը՝ հումորով նշելով, որ իրենք էլ ենթադրել են, թե ֆուտբոլասեր հասարակությունից են իրենց հետևողները:

Նրա խոսքով՝ իրենց են մոտեցել 15-20 հոգի և ասել, որ իրենք հավաքվել են, որպեսզի հաշվեհարդար տեսնեն «Ադեկվադ»-ի անդամների հետ: «Մենք էլ ասացինք՝ սիրով, քանի որ այս ընթացքում իշխանական ֆեյքերով մեզ գրում էին, որ գալու են մեզ սպանեն: Մենք լայվը միացրեցինք, ու անմիջապես թիրախ դարձավ մեր օպերատորը: Հարություն Ուռուտյանը փորձեց հարձակվել օպերատորի վրա, ջարդել տեսախցիկը: Նրանք ասացին, որ մենք հակահեղափոխականներ ենք, այսինքն՝ իրենք հեղափոխականներն էին: Մեզ ասացին, որ Մարալիկից ողջ չենք դուրս գա»,- պատմեց Մալյանը:

Նա հայտնեց նաև, որ այնուհետև Գյումրի-Երևան մայրուղում իրենց է մոտեցել քաղաքացիական հագուստով մի մարդ ու հարցրել, թե ինչի մասին է խոսքը: Այնուհետև, ըստ Մալյանի, այդ մարդը նշել է, որ ինքը ոստիկան է ու փորձել է հանդարտեցնել հավաքվածներին: «Սակայն նրանք ոստիկանության բաժանմունքի պետին չլսեցին, և նա փորձեց մեզ դուրս տանել, որպեսզի մեր կյանքին վտանգ չսպառնա: Այդ ընթացքում Հարություն Ուռուտյանը 2 անգամ հարվածեց մեր օպերատորին, օպերատորի շտատիվի ներքևի հատվածը պոկեց, տարավ: Հետո մեզ տարան ոստիկանություն, իսկ այնտեղ շատ ադեկվատ մարդիկ էին: Ընթացքում նույնիսկ գալիս ու մեզ ասում էին՝ մենք ադեկվատ ենք ու նայում ենք ձեր հաղորդումները»,- ասաց Մալյանը:

Նրա գնահատմամբ՝ խուլիգանախումբը ոչ մի կապ չունի մարալիկցիների հետ, ավելին՝ մարալիկցիները նորմալ, ադեկվատ մարդիկ են:

Ըստ Մալյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավարչությամբ է տեղի ունեցել միջադեպը: «Մարալիկցիները շատ ադեկվատ ու կարգին մարդիկ էին: Մենք կդնենք տեսանյութը, ու դուք կտեսնեք, թե նարդու սեղանի շուրջ ինչերից ենք զրուցել՝ Գորբաչովից մինչև Փաշինյան: Տեղի ունեցածն իշխանական, նիկոլական ֆեյքերի հարձակում էր: Հարձակումը կազմակերպված էր, և մենք պահանջում ենք ոստիկանությունից` բացահայտել ոչ թե «լնգուլավազներին», այլ նրանց կազմակերպչին, ինչի միջոցով էլ մենք կհասկանանք իրադարձության ուղիղ կապը Փաշինյանի հետ: Խուլիգանախմբի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ում իրական հենարանը ոչ թե դմփ-դմփ-հու-ներն են, այլ նման խուլիգանախմբերը»,- ասաց նա:

Մալյանի խոսքով՝ եթե իրենք լայվ չմտնեին, հետո կասեին, որ իրենք խմած գնացել են Մարալիկ ու, ասենք, ուզեցել այն գրավել: Նրա մեկնաբանմամբ՝ եթե լայվն անջատեին, տեղի էր ունենալու ծեծկռտուք: «Երեկ ցույց տվեցին Փաշինյանի իրական դեմքը, սա փաշիզմ է այլակարծության դեմ: Մենք ունենք որոշակի փաստեր, որոնց ցույց են տալիս երեկվա դեպքերի կապն իշխանության հետ: Մենք կհրապարակենք մեր փաստերը»,- նշեց Մալյանը:

Խոսելով այն մասին, որ երեկ Հրանտ Բագրատյանն ու Դավիթ Շահնազարյանը հայտարարություն են տարածել՝ ասելով, որ իրենց աջակցությունն են հայտնում իրենց՝ Մալյանը նշեց, որ իրենք էլ շնորհակալ են նրանց, սակայն իրենք տարբեր կարծիքներ ունեն: «Նրանք ասացին, որ Նիկոլ Փաշինյանը չէ այս ամենի հետևում կանգնած, ես էլ ասում եմ՝ Փաշինյանն է: Խուլիգանախմբին, կարծում եմ, շուտով պետական պաշտոններում կտեսնենք»,- կարծիք հայտնեց նա:

Հարցին, թե արդյո՞ք վտանգ զգում են իրենց կյանքի նկատմամբ, Մալյանը պատասխանեց` այո, սակայն չեն անհանգստանում: «Ես տղամարդ եմ, իմ ծառայությունը շատ տարիների պատմություն ունի, ես նման նարկոմանների, խուլիգանների հետ շփման երկար փորձ ունեմ, կարող եմ նրանց հայրերին էլ դաս տալ: Մեր օպերատորից ուզում էին խլել տեսախցիկը, որպեսզի շարունակեն իրենց ժողովրդական, թավշյա խուլիգանությունը»,- ասաց նա:

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք քաղաքական որևէ ուժ հովանավորում է իրենց, Մալյանը հեգնանքով պատասխանեց` այո, կենտ օրերին Սերժ Սարգսյանն է իրենց հովանավորում, զույգ օրերին՝ Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողներից մեկն էլ նշեց, որ երեկվանից, «Ադեկվադ»-ի թիմին նկատի ունենալով,  «Ֆեյսբուք»-ում շրջանառվում են ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի այն խոսքերը, թե՝ ձեզ այնքան կծեծեն դալաններում: Մալյանն արձագանքեց` թող փորձեն դալաններում ծեծել և կտեսնեն՝ ով ում կծեծի: «Ադեկվատ մարդիկ Հայաստանում շատ են, ուղղակի իրենց խուլիգանավարի չեն պահում: Մենք էլ բեյսբոլի բիտաները կվերցնենք ու կդիմավորենք մեզ դալաններում սպասողներին: Մենք չենք պատրաստվում նստել- սպասել: Մարալիկում էլ 25 հոգով հավաքվել, նստել-սպասում էին, որ ծեծեն, կարողացա՞ն մի բան անել, չէ: Ոհմակային քայլ էր ուղղակի»,- հավելեց նա:

«Ադեկվադ»-ի հեղինակներից Արթուր Դանիելյանի գնահատականով՝ կատարվածն իրենց լռեցնելու փորձ էր: Ըստ նրա՝ սա սկիզբը չէ, քանի որ այս տարվա ապրիլին սկսված պրոցեսը զուգորդվում էր հոգեկան և ֆիզիկական ճնշումներով: «Սա տրամաբանական շղթա է, եթե դու ատելություն ես քարոզում, չեն կարող նման դեպքեր չլինել: Ես կանխատեսում եմ, որ արյունալի դեպքեր էլ են լինելու: Տեսեք՝ հանրապետությունում կրիմինալ վիճակը կտրուկ փոխվել է վերջին մի քանի ամսվա ընթացքում: Իրավիճակ է փոխվել»,- ասաց նա:

Դանիելյանը հույս հայտնեց, որ երեկվա դեպքերն իրենց արժանի գնահատականը կստանան, ինչն էլ հույս կներշնչի, որ հնարավորություն կա երկիրը ճիշտ գծերի վրա դնելու: «Անձամբ ճանաչելով հեղափոխականներին՝ կարող եմ ասել՝ ինչքան տեղ տաս, այնքան առիթավորվելու են: Ինչպես կասեր Փաշինյանը՝ սրանց քաղաքական հայրերը պետք է պատասխանատվություն կրեն: Ես էլ վստահ եմ, որ մարալիկցիները չեն կանգնած այս ամենի հետևում, քանի որ երկրում առկա իրավիճակին մեզ հետ զրույցում ամենասթափ գնահատականները հենց մարալիկցիներն են տվել»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք էլ մասնակցեն, Դանիելյանը պատասխանեց, թե ընտրություններին մասնակցելու որևէ ցանկություն չունեն, և խիստ կասկածում է, որ մոտակա 2 ամիսներին այդ ցանկությունը կառաջանա:

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս կվերաբերվեն այն հանգամանքին, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գնացել է Մարալիկ՝ կատարվածի մանրամասների հետ տեղում ծանոթանալու, Դանիելյանը պատասխանեց, թե Սանասարյանը չի գնացել մանրամասներ պարզելու, այլ այդ քայլը կատարողներին սատարելու համար է այնտեղ: «Հասկանո՞ւմ եք՝ խոսքը գնում է վարչապետի վերահսկողության ծառայության պետի մասին»,- ասաց նա:

Տղաները նշեցին, որ այժմ սպասելու են կատարվածի իրավական գնահատականին և շատ ավելի մոտիվացված են շարունակելու իրենց գործունեությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica