close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+17°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը որևէ մարտավարություն չունի Արցախյան խնդրի վերաբերյալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հարցազրույց

4 Հոկտեմբերի 2018, 17:51
 Փաշինյանը որևէ մարտավարություն չունի Արցախյան խնդրի վերաբերյալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

-Արցախյան հարցի շուրջ բանակցային գործընթացները կարծես փակուղի են մտել: Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպումն ու զրույցը դրանց մեկնարկ կարելի՞ է համարել:

- Դժվար թե դա կարելի է բանակցությունների նոր սկիզբ համարել, բայց շփումների վերականգնելու փորձ` այո, որն էլ իր հերթին վտանգված է նոր վարչապետի հրաժարականի հեռանկարով: Ասեմ, որ, քանի դեռ Հայաստանի ներսում իշխանական գործընթացները հանգուցալուծված չեն, դժվար է ակնկալել, որ բանակցային գործընթաց կսկսվի: Պարզ է, որ Ադրբեջանը, որը մշտապես խուսափել է բանակցային գործընթացներից, ամեն ինչ արել է, որ իրավիճակը փոխի ոչ թե  բանակցային սեղանի  շուրջ, այլ առաջնագծում, տարբեր միջազգային կառույցներում և երկրների աջակցությամբ ժամանակ է ձգում: Այդ ժամանակը ձգելու լրացուցիչ առիթներ ու պատճառներ ունի հիմա Ալիևը: Այս պահի դրությամբ բանակցությունները վերսկսելու հնարավորություն, մեծ հաշվով, չեմ տեսնում:

- Այսինքն` հայաստանյան իրավիճակը խաղաքա՞րտ դարձավ Ալիևի ձեռքին:

- Միանշանակ, և ոչ միայն բանակցությունները հետաձգելու առումով: Նախկին իշխանություններին, այնուամենայնիվ,  հաջողվել էր որոշակի հաջողության հասնել բանակցություններում, և Ալիևն ինքն է դրա մասին խոստովանել: Բացի դրանից` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դրանից հետո նաև Ժնևում դրանց հաստատումը Ադրբեջանի իշխանությունների  սպասելիքները չէին արդարացնում, և Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմը չի կարող ճնշում գործադրել, և իրենք կհրաժարվեն այդ պայմանավորվածություններից: Այս տեսակետից` Ալիևը շահում է ոչ միայն բանակցային գործընթացի կասեցումից, այլ նաև նախկին ճնշումներից խուսափելու հնարավորություն է ստանում: Դուշանբեում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ի չիք են դարձնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ընդամենը մեկ խոստում տալով` Ալիևը կարողանում է  խույս տալ  հետաքննման մեխանիզմներ ներդնելու, սահմանին միջազգային ներկայությունը զգալիորեն մեծացնելու, դիպուկահարներին սահմանից  հեռացնելու պայմանավորվածություններից: Իր հետագա հնարավոր  ռազմական հանցանքները կոծկելու համար Ալիևն ամեն բան անելու է, և Դուշանբեում նա առաջին քայլը արեց:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իր և Ադրբեջանի նախագահի պայմանավորվածության, իր հանձնարարականների մասին շատերի կողմից  բնութագրվեցին որպես անփորձություն: Դա անփորձությո՞ւն էր:

- Ե'վ անփորձություն, և' բանակցային գործընթացի նրբություններին չտեղեկացվածություն, և' անտարբերություն կարելի է բնութագրել, որովհետև տեսնում ենք, որ վարչապետին ներկա պահին բացառապես արտահերթ խորհրդարանական ընտրություններն են հետաքրքրում, մնացած ամեն ինչը նա փորձում է իրենից հեռու տանել: Եկավ, ասաց` պայմանավորվել ենք, հիմա ամեն ինչ լավ է լինելու, ու ոչինչ չի խանգարի, որ հիմա սկսենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը: Սա ցույց է տալիս, որ վարչապետը չի ուսումնասիրել, այս ամենով չի զբաղվել, չի փորձել խորանալ, որովհետև նա այս պահին այլ առաջնահերթություններ ունի: Այսօր Արցախի հարցով բանակցությունները վերսկսելու անհրաժեշտ նվազագույն  պայմաններ չկան, և Հայաստանի խնդիրն այդ միջավայրի անհրաժեշտ պայմանների ստեղծումը պետք է լինի:

- Փաշինյանի վրա Ալիևը կրթված մարդու տպավորություն էր թողել: Փաշինյանի որոշումներում այդ հանգամանքը կարո՞ղ է դեր խաղալ:

- Հայաստանի այսօրվա վարչապետի որոշումներն այնքան անկանխատեսելի ու ռեակցիոնիստ են, որ դժվար է կանխատեսել: Գուցե նրա բնավորությունից է, որ այժմեական որոշումներ է կայացնում, այլ ոչ թե երկարաժամկետ: Բայց, դրանով հանդերձ, ես վստահ եմ, որ Հայաստանում չկա միամիտ մարդ, ով կարող է անվերապահորեն հավատալ ադրբեջանական իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի` Ալիևին տված գնահատականները, ըստ իս, քաղաքական գնահատականներ էին, որոնցով նա ուզում է ցույց տալ, որ Հայաստանը վատ չի տրամադրված, պատրաստ է բանակցությունների: Սա, իմ կարծիքով, ողջունելի է, և ես դեմ եմ համացանցում հնչող պախարակումներին: Նշելով հանդերձ, որ Փաշինյանը որևէ մարտավարություն չունի Արցախյան խնդրի վերաբերյալ, խորհուրդ կտայի դետալների վրա չկենտրոնանալ:

- Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանը հետագայում չի՞ օգտագործի Փաշինյանի դեմ՝ որպես Արցախի փոխարեն բանակցելու համաձայնություն:

- Իհարկե, անելու են նման բան: Այլ մտահոգիչ բաներ էլ կան, երբ վարչապետն ասում է, որ` մենք պայմանավորվել ենք ու էլ չենք անելու ոչ մի բան, ու սահմանին հանգիստ է, կարող է նաև տպավորություն ստեղծել, որ իրավիճակը լարողը, այնուամենայնիվ, երկու կողմերն էին: Դիվանագիտական բառապաշարը շատ զգույշ պետք է օգտագործել: Ամեն բառ կարող է օգտագործվել մեր դեմ: Վարչապետը մի քանի առիթներ տվել է` մեր դեմ հայտարարություններ անելու, այդ թվում` երևանյան հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել:

- Ի՞նչ սպասել  հակամարտող երկրների այն ղեկավարներից, որոնց որդիները ծառայում են բանակում, այն էլ, ասում են, առաջնագծում:

- Ինչ ասես կարելի է սպասել, որովհետև երկուսն էլ այսօր աշխատում են ոչ թե խնդրի կարգավորման ուղղությամբ, այլ հանրային սպասումներն արդարացնելու, հանրային ցանկություններին տուրք տալու  և իշխանությունը պահպանելու ուղղությամբ: Երկուսն էլ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը չունեն որպես առաջնահերթություն: Հասարակությունն էլ, ցավոք, ադեկվատ չէ իր պահանջների մեջ` ո'չ այստեղ, ո'չ, առավել ևս, Ադրբեջանում: Որդիների ծառայությունը կարելի է այլ կերպ մեկնաբանել. Ալիևը կարող է ասել, որ  Արցախն ազատագրելու ցանկությունն այնքան մեծ է, որ իր որդուն է ուղարկել ծառայության, հայկական կողմն էլ ասում  է` այնքան չի ուզում, որ պատերազմ լինի, որ իր որդուն է առաջնագիծ տանում: Սա հասարակության աչքին լավը և բարձր երևալու ցանկություն է, ոչ ավելին:

- Խոսվում է, թե իբր Ադրբեջանում մտավախություն կա, թե հայկական հեղափոխությունը կարող է հասնել նաև իրենց: Ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է:

- Մտավախություն, կարծում եմ, կա: Ի վերջո, սա նոր սխեմա էր, որ փորձարկվեց և աշխատեց: Մարդկությունը հիմա հեղափոխություն անելու ևս մեկ գործիք ունի, և հնարավոր է, որ որոշ ժամանակ անց դա փորձեն կիրառել նաև Ադրբեջանում, ընդ որում` հեղափոխություն անողը միշտ չէ, որ միայն ժողովուրդն է, այլ նաև շատ միջազգային  կազմակերպություններ: Ադրբեջանն էլ այս առումով հետաքրքիր երկիր է, որովհետև մենք այնտեղ օբյեկտիվորեն տեսնում ենք բռնապետություն, որը հասարակությունը չի սիրում, բայց հարմարվել է, և կան նաև ռեսուրսներ, որոնք կարելի է վերցնել և վաճառել: Քանի դեռ Արևմուտքը դա թույլ է տալիս  Ալիևին, այնտեղ ինչ-որ չափով հանդարտ է, բայց եթե առաջանան խնդիրներ, օրինակ` Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման պատճառով, չի բացառվում, որ այդ նույն գործիքները կարող են նաև այնտեղ կիրառվել:

- Ի՞նչ զարգացումներ պետք է սպասել Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից, երբ գործադիրի ղեկավարի հրահանգով շրջափակվեց օրենսդիրի շենքը:

- Կարծում եմ` Փաշինյանն իր առաջին ձախողումն ունեցավ այս ամբողջ ընթացքում, որովհետև օրենքը, այնուամենայնիվ, ընդունվեց, Փաշինյանը մտավ ԱԺ շենք` բանակցությունների, և դուրս եկավ առանց որոշումների: Հնարավոր է նաև, որ պահի թելադրանքով հայտարարություններ արեց, որոնք երկրի վիճակը բարդացնելու են, օրինակ` հրաժարական տալու որոշումը, և պարտավորություններ ընդդիմության վրա չթողեց` երևի հանրային ճնշման մասին մտածելով: Ես այս օրինագիծը ժողովրդի դեմ ուղղված օրինագիծ չէի համարի: Այն, ինչ արվեց խորհրդարանում, ընդամենը երաշխիքներ ստեղծել է, որ խորհրդարանի աշխատանքը խորհրդարանական երկրում չխաթարվի, պատգամավորներն իրենց ճնշումների ազդեցությամբ որոշումներ ընդունելուց ապահովագրեցին: Նրանք չասացին, որ չեն գնում խորհրդարանի լուծարման: Նրանք իրենց դիրքորոշումը չեն հայտնել դեռ, չեն ասել, որ ուրիշ թեկնածու են առաջադրելու, բայց նաև հասկանալի է օրինագծի` հենց այդ պահին ընդունելու առաջնայնությունը խմբակցությունների համար:

Զրուցեցին Ռոզա Խաչատյանն ու Նորա Հայրապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica