close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մնացել եմ 20-րդ դարում` իմ ''Մշո ղռի'' ու ''Բիթլզների'' հետ

Հարցազրույց

7 Օգոստոսի 2012, 14:19
 Մնացել եմ 20-րդ դարում` իմ ''Մշո ղռի'' ու ''Բիթլզների'' հետ

Օգոստոսի 11-ին ճիշտ Նավասարդի օրը Ռոլանդ Շառոյանը կդառնա 60 տարեկան: Երբ զանգահարեցի եւ խնդրեցի այդ առիթով զրուցել չուզեց:Ասաց թող մնա 70- ում կխոսենք: Հետո համաձայնվեց եւ հանդիպեցինք: Հարցազրույց որպես այդպիսին չստացվեց: Ավելի շուտ զրուցեցինք և այդ զրույցից մի հատված ներկայացնում եմ հարցազրույցի ձեւով

 

- Երբ 24 տարի առաջ ծանոթացանք հասարակական քաղաքական ակտիվգործունեության մեջ էիր: Ավելի հեղափոխական ավելի ակտիվ ավելի վճռական էիր: Ի՞նչ է փոխվել անցած տարիների ընթացքում եւ 60 տարեկանում ինչպե՞ս է իրեն զգում այն ժամանակվա 36 տարեկան Ռոլանդ Շառոյանը


-Ճիշտն ասած` բան չի փոխվել, նույնն եմ, ինչպես այն ժամանակ` 36 տարեկանումՄիայն տարիքս է առաջացել: Կյանքը շատ է փոխվել, արագ փոխվեց: Այսօր ես իմ հասարակական-քաղաքական գործունեության մասին նույն կերպ եմ մտածում: Եթե այսօր հարկ լինի նորից սկսել, կրկին նույն ձեւով եմ սկսելու, բայց, դժբախտաբար, նույն ավյունով չեմ կարող շարունակել: Դա է վատը: Ես իմ մեծանալը, տարիքս զգում եմ: Ճիշտը որ ասեմ, էդ քո նշած 24 տարի առաջ ես շատ էի ուզում արագ մեծանալ: Կյանքը, որ արագ փոխվում էր, ես էլ կյանքի հետ ուզում էի արագ մեծանալ: Չգիտեմ` ինչու, բայց այդ զգացումը հիմա էլ մեջս կա: Ուզում եմ շուտ 70 դառնամ, շուտ 80, 90: Կապ չունի` մեռած, թե` կենդանի վիճակում: Ուզում եմ` այդ տարիները շուտ գան, շուտ: Ինձ թվում է, որ ինչ-որ բան եմ տեսնելու ու վախենում եմ, որ չտեսնեմ: Դրա համար շտապում եմ մեծանամ, որ շուտ տեսնեմ: Ես լավատես մարդ եմ ու վստահ եմ, որ լավ բան եմ տեսնելու: Լավի ակնկալիքով է, որ ուզում եմ շուտ մեծանամ:

 

-Քո հեղափոխականությունը ակտիվությունը պայքարը ինչի՞հանգեցրեց:Դու գո՞հ ես ներկա վիճակից:

 

 

-Եթե խոսքը վերաբերում է իմ կուսակացական, հասարակական-քաղաքական  գործունեությանը, գոհ չեմ:  Գոհ եմ միայն մի բանից, որ երկրում հաստատվեց ազատամտությունը, բայց այդ ճանապարհը շատ սանձարձակ ձեւով տեղի ունեցավ: Ինձ համար սարսափելի է, երբ կարդում եմ, որ տղան սպանեց հորը կամ տղան  սպանեց մորը, թոռը տատիի հետ է եղել եւ այլն: Ինձ թվում է` ես եմ մեղավոր, որ այդպիսի բաներ են տեղի ունենում մեր կյանքում:

 

 

-Բայց նման բաներ նախկինում էին լինում,ուղղակի քո նշած ազատամտության արդյունքում որ մատնանշածդ տհաճ երեւույթների մասին այսօր բարձրաձայնվում գրվում եւ ;տարածվում: Քո գոված ազատամտության հաղթանակը արդյոք չի՞ հակասում արտահայտածդ մտահոգությանը:

 

 

- Իմ ասածը հետեւյալն է` Աստված  մարդուն տվել է մեծ, շատ մեծ, սքանչելի  նվեր եւ պատգամ: Դա մտածելու ընդունակությունից անսահմանորեն օգտվելու հանգամանքն է: Այ,  ես այդ տեսանկյունից եմ ասում: Մարդը պարտավոր է մտածելու ազատությունից անսահմանորեն օգտվել: Աստված մարդուն շշմելու նվեր է տվել բայց չի ասում, որ այդ ազատությունը օգտագործես մերձավորդ դեմ,  երկրիդ դեմ: Մտածելու ազատությունը սահման ունի: Ճաշակը, օրինակ, սահման չունի,  բայց մտածելու ազատությունը, սահման ունի:

 

- Վերջերս մի հարցազրույցում լրագրողին ասել էիր, որ  մնացել ես 20-րդդարում:

 

 - Մարդկային հարաբերությունները 21 դարում վերածվել են բիզնեսի: Նորմալ մարդկային հարաբերությունները երկրորդ պլանում են: Եթե առաջ համալսարան կարելի էր ընդունվել 10 կգ բուրդ կամ մի քանի վերմակ նվեր կամ, ինչպես ընդունված է ասել, կաշառք  տալով, հիմա այդպես չես կարող: Հիմա  դու պիտի փող տաս: Ավելի ցայտուն օրինակ ասեմ: Այսօր ամբողջ աշխարհում` ամենաքաղաքակիրթ, ամենահզոր երկիրը իրեն համարող Միացյալ Նահանգներից սկսած, ընտրությունները կատարվում են միմիայն փողի միջոցով: Բոլոր երկրներում ընտրությունը կատարում է դրամագլուխը: Մարդկային հարաբերությունները, մտածողությունը, չի գնահատվում:  Էն, որ ասում են «քվեն ուժ է», վաղուց այդպես չէ: Քվեն չի կարող ուժ դառնալ, եթե այդ քվեն փող է: Միացյալ Նահանգներում նախագահները ընտրվում են միմիայն փողի ուժով:

 

-Միմիա՞յն:

 

-Միմիայն: Որովհետեւ իրենք գտել են այդ ձեւը եւ կուսակցություններով այդ հարցը կարգավորում են:

 

-Այնտեղ փող ծախսում են, բայց չեն բաժանում:

 

-Դա տեխնոլոգիաների հարց է: Ես չեմ ասում, որ 20-րդ դարում ընտրությունը այդ ձեւով չէր լինում, բայց  20-րդ դարում ընտրության չէինք էլ գնում, սակայն մարդկային արժանապատվությունը, հոգեկերտվածքը չէր արատավորվում: Գնային, չգնային` ընտրվում էր: Էն ժամանակ էլ ուրիշ ուժ էր: Միակուսակցականությունը, ռեժիմը կոմունիզմի ուրվականն էր ընտրում ու էլ չգիտեմ, թե՝ ինչ:

 

-Դրա համար քեզ համարում ես կորսվա՞ծ  21րդ դարում:

 

-Հիմա ես ինձ այդպես եմ զգում, այդպես եմ ապրում: Ես մնացել եմ 20-րդ դարում`  իմ  Մշո ղռիե ու Բիթլզների հետ: Ես, որ հիմա էլ չորացած ծառ եմ տեսնում, սիրտս ցավում է: Սիրտս ցավում է, բայց չեմ կտրում, իսկ  21-րդ դարի մարդը այդ չորացած ծառը չի էլ նկատում եւ գնում կտրում է կանաչ ծառը: Կտրում է` տարբեր պատճառներից ելենելով: Մեկը կտրում է, որ  դրա տեղում առեւտրի տաղավար դնի, մեկ ուրիշը` որովհետեւ գազի գինը չի կարողանում վճարել եւ գերադասում է տունը տաքացնել հենց այդ ծառով: Տե'ս, հիմա նստած ենք եւ «ՆՈՅ» ենք խմում: 20-րդ դարում ես չէի պատկերացնում, որ կգա մի օր, եւ մենք ջրին փող կտանք: Ես հասկանում էի, որ ջուրը կյանք է, բայց ես չէի պատկերացնում, որ կյանքը փող է: 

 

- Մեր մեծերը` Հովհանես Թումանյանը եւ մյուսները, 19-րդ դարից եկան 20-րդ դար, բայց երբեք  չասացին, որ իրենց  կորսված են զգում:

 

-Թե' Թումանյանը, թե' Դուրյանը, թե' Մեծարենցը, եւ թե' մյուսները, եթե երկար ապրեին, իրենք էլ կասեին: Թումանյանը 54 տարեկանում մահացավ: Ես հիմա նրանից չորս տարով մեծ եմ: Դա սարսափելի բան է: Իմ ասածները Թումանյանի բոլոր հոդվածներում կա: Թե կուզես իմանալ` այդ ինքնագնահատականը, որ ես տալիս եմ, Թումանյանից եմ սովորել: Որ կարդաս Թումանյանի «Տիեզերքի ընթերցումը», կտեսնես, որ եթե Աստված տար, եւ Թումանյանը մի քիչ էլ երկար ապրեր, կասեր այդ նախադասությունը: 

 

-Մի առիթով ասել էիր՝ «Ես գրում եմ մորս խոսքով, հորս ուժով»:

 

-Իսկապես այդպես է: Ես լեզվին շատ ուշադրություն եմ դարձնում: Լեզուն ամենազորեղ միջոցն է: Ընդհանրապես, ազգերի գոյապահպանության թիվ մեկ միջոցը լեզուն է: Ես կրոնին, այդ հասկացությանը առաջնություն չեմ տալիս, բայց հավատին տալիս եմ: Սակայն ամենակարեւորը ինձ համար լեզուն է: Մայրս այնպիսի լեզու ունի, որ…. Սասնա բարբառն էլ, որ միջին հայերենի ու գրաբարի խառնուրդ է, սքանչելի լեզու է. այդ լեզվով այնպիսի  նախադասություններ է ասում, այնպիսի շրջուն մտքեր կառուցում, որ ապշել կարելի է եւ ցանկացած լեզվաբանի նախանձը կշարժի:

 

-Սասնա բարբառի եւ գրաբարի մոտ լինե՞լն է պատճառը, որ  առիթի դեպքում գրաբարով ազատ Նարեկացի  ես կարդում: 

 

-Չէ: Անկեղծ եմ ասում, ես չիէ ուզենա,որ Նարեկացին ժամանակակից հայերենով թարգմանված լիներ

 

- Ինչու՞:

 

-Որովհետեւ ինչ- որ մի  բան լեզվամտածողության մեջ  կորչում-անհետանում է: Նարեկացու ոգու ներքին ռիթմը, պոռթկումը կորչում է: Օրինակ, Չարենցը ամբողջությամբ ճիչ է, պոռթկում: Նարեկացու մոտ ոգու պոռթկում է: Թող քսան մարդ լիներ աշխարհում, եւ կամաց-կամաց սովորեցնեին երեսունին  եւ ինքը միշտ գրաբարով ընթերցվեր: Թող թարգմանեին անգլերեն, այլ լեզուներով: Օրինակ, իմ հրաշալի ընկերը Օքսվորդի համալսարանից` Թեո Վան Լինթը, երբ թարգմանեց Նարեկացի,  կորուստները հասկանալի էին, բայց հայերենում պետք է  նրան  գրաբարով կարդալ:

 

-Մեր մեծագույն գրողը:

 

-Կարծում եմ` Թումանյանն է: Ես Նարեկացուն գրող չեմ համարում: Նարեկացին երկնքի ու երկրի կապն է,  տիեզերական մտածողության արդյունքը: Դա ուրիշ մի բան է, բայց գրող` երեւի Թումանյանը:

 

-Մի առիթով   «Թե ուզում ես `երգդ լսեն,  ժամանակիդ շունչը դարձիր»Չարենցի խոսքերը փոխել էիր «ժամանակիդ շունը դարձիր»-ով:

 

-Դա կատակ էր, որի հեղինակը ես չեմ, բայց այնպես եղավ, որ մեր սերնդի գրողներս այդ կատակը հաճախ ենք օգտագործում: Իրականում դրա հեղինակը Միլիտոնյան Էդիկն է, ով մի հավաքույթի ժամանակ ոչ թե կատակ, այլ իրեն վայել հումոր արեց:  Զրուցում էինք, ու մեր ընկերներից մեկը ասաց`«Այ մարդ, ընենց մի պահ է, որ մարդ ուզում է «դրանց շունը դառնա», ու Էդիկը էքսպրոմտեց Չարենցի վրա` ասելով. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունը դարձիր»

 

- Ռոլա'նդ, ներկա արձակագիրներին բաժանում են երկու`  գալշոյանական եւ  մաթեւոսյանական թեւերի, ընդունու՞մ ես: Ավելի շատ ասում են՝ Ռոլանդ Շառոյանը գալշոյանական թեւն է:

 

- Չէ: Նման մոտեցումը ճիշտ չէ, անշուշտ, ամեն մեկն էլ իր տեղն ունի: Մուշեղը հորս ընկերն էր եւ կատակով ասում էր` այ մարդ, գյուղում քո հետ եմ ընկերություն անում, քաղաքում` տղուդ հետ, եւ հորս ձեռքերի մեջ մահացավ` Թալինի հիվանդանոցում:Դա ճիշտ չէ, մենք ունենք այսօր շատ լավ արձակագիրներ, գրող` Վրեժ Իսրայելյան, որ կենդանի վարպետ է եւ իր պատմվածքների մեջ էդ ամբողջը դրել է: Եթե գրողական ազդեցությունից պետք է խոսենք, ես վերջին շրջանում ավելի շատ ազդեցություն ունեմ կրած Վիլյամ Սարոյանից, Հրանտը Մաթեւոսյանից, Վրեժն էլ բան ունի գրած, որ կարդաս, կասես` Սարոյանն է գրել: Ավելի շատ Հրանտից, Խաչիկ Դաշտենցից բաներ ունեմ, որ սովորել եմ: Բայց իմ վարպետը, որպես գրող, Ակսել Բակունցն է, իմ բանաստեղծը` ազդեցությունների, Թումանյանը բոլորի բանաստեղծն է` ապրողների եւ ննջեցյալների, նահատակների ու հերոսների, բայց իմ տեխնիկայի ազդեցությունը Դանիել Վարուժանն է, որ շատ սիրում եմ:

 

- Զույգ տղաներիդ անունն էլ այդպես կնքել ես` Դանիել եւ Վարուժան:

 

- Այո, հորս անունն էլ էր Դանիել, դա իմ սիրած անունն է: Կոպիտ մի բան ասեմ, ես կենսագրություն սիրող մարդ եմ, մարդկային կենսագրություններ եմ սիրում, շատ եմ սիորւմ Թումանյանի, Դանիել Վարուժանի, Խաչիկ Դաշտենցի կենսագրությունները: Չարենցի կենսագրությունը ինձ ցավ է պատճառում. ոչ թե սիրում եմ, այլ ողբում եմ: Էդպիսի կենսագրությունը չեմ կարող սիրել: Մեջս շատ ողբ կա, Չարենցի կենսագրությունն էլ է շատ ողբերգական: Նույն ողբերգությունը Վարուժանի կենսագրությունն է, բայց իր կենսագրությունը սիրում եմ, մեծ բան կա: Բակունցի կենսագրությունն էլ եմ շատ սիրում, որովհետեւ ամեն դեպքում այն հողեղեն է: Ավելի ճիշտ` այդ հողեղեն կենսագրությունն եմ շատ սիրում:

 

- Ռոլա'նդ, մի հետաքքիր բան կա. ցանկացած գրող, երգահան,  գուսան ինչ-որ տարիքում անդրադառնում է այս թեմային, օրինակ` Նորայր Ժամհարյանը գրեց «50 տարի» երգը, Ռուբեն Հախվերդյանը` «50-ից հետո», Ջիվանին գրեց «Սպիտակ մազերը»: Քո 60-ամյակի նախօրեին տպագրվել է  «Հովն ընկավ» ժողովածուն:

 

- Մեջը մի փոքր վիպակ կա, կոչվում է «Հովն ընկավ»: Վրեժն  Իսրայելյանն է գրքի միջից ընտրել այդ վերնագիրը: Այդ հերոսի կերպարը շատ եմ սիրում: Մինչեւ հիմա մեջս է, մի հովիվ մարդ` ոչ «չոբան» հասկացությամբ, որ ոչ երեխա ունի, ոչ ընտանիք, բայց իր կյանքը քարերի մեջ է, իր բարձը Գելի բարձերն են` էդ կանաչ բարձերը` մի քիչ փշոտ, որի վրա քնել է սաղ կյանքը, բայց հենց քարի հետ շփվում է` հանկարծ նորածին երեխայի գլխի հոտ է առնում: Էդ տեսակ հերոսի կենսագրությունը շատ եմ սիրում, շատ եմ ուզում, որ մենք երեխաներ շատ ունենանք:

 

- Գրող, արձակագիր, հրապարակախոս, քաղաքական-հասարակական գործիչ, մանկավարժ: Ո՞րն է ավելի հոգեհարազատ, որտե՞ղ  ես ավելի լավ քեզ զգում եւ  քոնը համարում: 

 

- Ամբիոնում միասին ենք աշխատում, շախմատի եւ հեռուստալրագրության ամբիոնն է: Շախմատ խաղալ չգիտեմ, բայց վերլուծել գիտեմ, այսինքն խաղում եմ, բայց վերլուծելն եմ ավելի սիրում, գրքեր եմ գրել, հանրագիտարաններ եմ կազմել: Աշխատանք է, եւ կարծում եմ, որ այստեղ ես անելիք ունեմ: Մեծ սեր եմ ունեցել եւ ժամանակին պարապել եմ տարբեր բաներ` եւ' ըմբշամարտ, եւ' ֆուտբոլ, եւ' բավականին լավ տվյալներ եմ ունեցել մինչեւ համալսարան ընդունվելը, սպորտը շատ եմ սիրել, որովհետեւ կարծում եմ, որ սպորտը, որպես այդպիսին, անհրաժեշտ է մարդկության համար: Այդ առումով աշխատում եմ, փորձում բան անել, լավ սաներ ունենք եւ հպարտանում եմ, որ իմ ու քո եւ մյուս սաները լավ բանի են հասնում, լավ լրագրող են դառնում, լավ մարզիկ են: Չուրախանա՞նք, որ մեր մագիստրոսը` իմ ու քո մագիստրոս Արսեն Ջուլֆալակյանը, արծաթե մեդալակիր է դառնում Oլիմպիական խաղերին, կամ Հռիփսիմե Խուրշուդյանը: Դա մեզ շատ է ոգեւորում: Սա շատ ուրախալի բան է, իրենք են մղում մեզ ոգեւորության: Լացի տեսակ կա, պետք է ճիշտ լացի տեսակը ընտրես:

 

- Կանայք

 

- Կանայք: Ես, ճիշտը որ ասեմ, կին գրող  չեմ սիրում, հատկապես` կին արձակագիր չեմ սիրում, կին նկարիչ սիրում եմ, բայց կին արձակագրի գրածին չեմ հավատում, այդ տողերի մեջ մի հատ 15-նոց մեխ չկա, որ դնես ու մեխես: 

 

- Հա՞յ, թե՞ համաշխարհային:

 

- Երկուսն էլ: Չեմ հավատում ես կին գրողներին: Կին մտածողը հետաքրքիր է: 

 

- Իսկ կին պոե՞տը:

 

- Էլի մի կերպ տանելի է, որովհետեւ կանանց գնահատելով, սիրունիկ-միրունիկ, քաղցր-մեղցր բառերը իրանց սազում են, բայց ավելի լավ է կին պոետ ունենաս, քան` նման տղամարդ-պոետ:

 

- Կանայք քո կյանքում շա՞տ են եղել:

 

- Ես սիրահարվող եմ, շատ արագ սիրահարվում եմ, կարող է մի հասարակ բանին սիրահարվեմ, բայց ես մի ընտանիքի դաստիարակությունն ունեմ, որն անցել է իմ հորից: Մի քիչ հորս նմանվող եմ եղել, բայց ես ընտանիքը շատ բարձր եմ գնահատում ու կարծում եմ, որ, թերեւս, երկրորդ զորեղ բանը մարդու կյանքում ընտանիքի հավասարակշռված, իր մի պատառիկ երջանկությունը բռնած ամրությունն է: Գիտե՞ս, 60 տարեկանում ես իմ կնոջը... համարյա իրանից թաքուն եմ սիրել, իրենից թաքուն, այլ ոչ թե բառերով, բանով` «ես քեզ սիրում եմ... »: Ես չեմ էլ հիշում` ասե՞լ եմ նման բան, թե՞ չէ, որ ամուսնացել ենք: Կարող է` մի երկու բաժակ խմած` ասած լինեմ, բայց չեմ հիշում: Կնոջը պետք է իրենից թաքուն սիրես… երեւի:

 

- Խմա՞ծ ժամանակ ես ավելի լավ:

 

- Չէ, հիմա շատ եմ երկար-բարակ խոսում խմած ժամանակ: Իմ հիշողության գրատախտակը լցվել է, մի քիչ դժվար եմ գնում-համեմատեմ, եթե չհամեմատեմ` չեմ կարող խոսել: Հետո` մի նյութից, ասենք կնոջից, երբ խոսում եմ, ենթագիտակցությամբ նրա կերպարը գրականության մեջ պետք է գտնեմ, նոր ինձ համար ընկալելի դառնա ինքը: Ես երբ Ռասպուտինի «Живи и помни»-ն կարդացի, հասկացա, որ Ռասպուտինին Աննա Կարենինայի կերպարն այնքան է խեղդել, ճնշել ու այնքան է հիմա իր կերպարը կարեւորել, որ գրեց դա նոր ժամանակի մեջ, նոր մտածողությամբ եւ գրեց հանճարեղ գործ: Աննա Կարենինան ռուս գրականության մեջ պետք էր, չկար, փնտրում էին, գտավ Ռասպուտինը ու գրեց: Ոնց որ Հրանտը դրեց ու գրեց իր մոր կերպարը «Օգոստոսում»: Էդ կերպարը մեզ պետք էր, էդ կերպարը չկար: Գալյա Նովենցը, լույս իջնի հոգուն, երբ մահացավ, նոր հասկացանք, որ էդ կերպարը միակն էր, չկար:

 

-Ռոլանդ, ամենաերկարակյաց մշակույթի նախարարն ես եղել, ես գիտեմ, որ չես սիրում  խոսել էդ թեմայից, բայց ուզում եմ մի երկու բառով գնահատես մեր վիճակը: Քեզ համար դժվար է էդ թեմայից խոսել, բայց ի՞նչն է պակասում մեզ, որ մենք մեր մշակույթը կարողանանք ավելի լավ ներկայացնենք եւ ավելի լավ վիճակի մեջ լինենք:

 

-Պետք է նախ խթանել սերնդափոխությունը, սերնդափոխություն պետք է լինի, եթե երկրում հաստատվում է ստեղծագործական գործունեության ազատություն, պետք է այդ ազատությանը հետեւի սերնդափոխություն, որը շատ կարեւոր պայման է, պետք է այդպիսի բաները խթանես: Մշակույթի մարդկանց մեջ հատուկենտերը կան, որ իշխանությունների հանդեպ չունեն քծնողական վերաբերմունք: Լավ քծնելու իմիջ ունեն, որ«ապրեն»: Պետք է այդ երեւույթը վերացնել եւ իսկապես լավագույններին, որ նվիրյալ են էդ գործին, որոնց տաբատները մաշված է, նստում են ու աշխատում ռանչպարի կյանքով, պետք է առաջ մղեն:

 

-Բայց  այսօր  առաջ են  գնում քծնողները:

 

-Դա սովետական շրջանից է անցել, բայց հատուկենտ մարդիկ են, որ էնտեղ էլ են իրենց պահել, այստեղ էլ: Ես չեմ ասում բոլորից պահանջենք նույն բանը. տասը Սոս Սարգսյան չունենք, որ բոլորից նույն բանը սպասենք, բայց կարելի է այդ ուշադրությամբ ընդհանուր մթնոլորտը ղեկավարել, ու թույլ չտալ, որ, ասենք, մեկը դիսիդենտի հոգեբանությամբ սովետական շրջանից տեղափոխվի 21-րդ դար եւ շարունակի իր դիսիդենտությունը օգտագործել ինչ-որ բաների հասնելու համար, իսկ կողքի նստածը, որ նույն տառապանքն ունի, նույն քանդակն է անում կամ նկարում, անտեսվի ու հետ փախչի: Ինչի՞ց է առաջանում նոստալգիան՝ երբ դու ինչ-որ ժամանակ քեզ լավ ես զգացել, անկախ նրանից, թե ինչ ռեժիմ է եղել, ինչ-որ բանի հասել ես` խնդրելու, քծնանքի, պահանջելու, դրա դիմաց խոսք ասելու` սրան-նրան փնովելու միջոցով:

 

- Այո, այդ տեսակը կար Սովետի ժամանակ, բայց  կար նաեւ ըմբոստ տեսակը:

 

- Ըմբոստը ուժեղ էր:

 

- Գրողների միությունը եւ, ընդհանրապես, ստեղծագործական միությունները շատ ավելի հարգանք ունեին, ավելի արժեքավոր էին, քան հիմա:

 

- Ստեղծագործական միություններն այն ժամնանակ սոցապի, արհմիության դերն ունեին: Այսօր չեն կարող, որովհետեւ պետական ֆինանսավորում ունեին նախկինում:

 

- Էն ժամանակ պետությունը տալիս էր, պետության դեմ կարողանում էին խոսել, հիմա չի տալիս` չեն կարողանում: Ո՞րն է այսօր Գրողների միության առաքելությունը

 

- Գրողների միությունը, հատկապես, որպես այսպիսին, ինչ-որ չափով օգնություն է տարեց գրողներին, հիվանդ գրողներին, որ ոչ եկամուտ ունեն, ոչ բան, ու չեն աշխատում:

 

- Այսինքն` սոցապ է, հասարակության մեջ խնդիր ձեւակերպելու, կարծիք ստեղծելու միտք չի դրել:

 

- Այդ միտքը դրած է, բայց այդ խնդիրները չես կարող զարգացնել, որովհետեւ դու այն ուժը չունես, որ ժամանակին ուներ «Գրական թերթը»,«Գարուն» ամսագիրը: Պատճառն այն է, որ վարչահրամայական մեթոդները փոխվեցին, բայց նոր մեթոդ չդրվեց, չորդեգրվեց: Ուզում էին` հին մեթոդներով գործել, բայց այս հասարակության մեջ գրողների միությունը չէր կարող հին մեթոդները գործադրել: Ուժ չունեն, իշխանությունն իրենց այդ ուժը չի տալիս: Գրողների միությունն այսօր համարյա մի արհմիության դեր է տանում: Անշուշտ, էսօր գրողների միությունը խթանում է, երիտասարդ գրողների գործեր են տպում, բայց կան առանձին խմբեր, որոնք իրենց ամսագիրն ունեն, ինտերնետային կայքերն ունեն, ստեղծագործում են, իրար կարդում են, քննարկում են: Շատ լավ է, բայց գրողների միությունը այսօր հիմնական ուշադրությունը պետք է դարձներ երիտասարդ գրողներին խթանելու, նրանց հնարավորությունները մեծացնելու վրա: Ինչ-որ չափով անում են, բայց ոչ բավարար: Միությունը մի օր զբաղվում է Թումանյանի տան վաճառքի հարցերով, մի օր ուրիշ հարցով... Բայց այսպես չի կարող  լինել: Այլ ֆորմատ պետք է լինի:

 

- Երեւանը գրքի մայրաքաղաք է հռչակվել, համապաստախանու՞մ է:

 

- 21-րդ դարում մի պարկ ցեմենտն ավելի ընդունելի է, քան մի պարկ գիրքը: Գիրքն արժեք չունի: Ես գնից բան չեմ հասկանում, բայց արժեքներից եմ հասկանում: Այդ արժեքը չկա, գիրքը կորցրել է իր արժեւորումը: Սովետական վերջին շրջանում էլ լավ, սիրուն ձեւավորված գիրքը կահույքի, գրադարանների համար ցուցադրական բան էր:

 

- Բայց աշխարհում ընթերցու՞մ են:

 

- Այո:

 

- Իսկ Հայաստանում ինչու՞ չեն ընթերցում:

 

- Առաջին պայմանը` լավ գիրք չկա:

 

- Լավ գրող էլ չկա:

 

- Լավ գրողներն էլ են քիչ: Որովհետեւ, եթե լավ գիրք եղավ, մեր ժողովուրդը կգնի, կկարդա, կսիրի: Նույնը մանկական գրականույթունն է: Իմ «Իշուկ-գորշուկը», որ գնում էր աշխարհ՝ տեսության, այդ գրքի միայն ձայնապնակը կարծեմ 140 հազար տպաքնակ ուներ: Հիմա ես արել եմ մի հատ Ռաֆայել Քոթանջյանի կատարմամբ, կարծեմ` երկու հարյուր օրինակ է, որ իմ մերձավորներին նվիրեմ: Գիրքը կորցրեց իր արժեւորման կոնցեպցիան: Լավ գրողները քիչ են: Երիտասարդ գրողների մեջ կան, որ կարդում եմ: Ես լավ գրող-վատ գրող չեմ ընդունում, ես սիրում եմ լավ մտածող-վատ մտածող գրող հասկացությունը: Լավ մտածող գրողներ այսօր, կարծեք թե, կան ու կարդում եմ:

Այսօր այդ «Նարցիս» պարբերականում լավ, ճաշակով գործեր հանդիպում են, բայց քիչ են: Երիտասարդ գրող է, բայց ունի լավ տեխնիկա, դիալոգը զգում է` ոնց գրի այդ երկխոսությունը: Ավելի փորձառու են: Ճիշտ է` շատ է իրենց վրա օտար գրականության ազդեցությույնը: Մեր ժամանակ էլ էր այդպես: Ազդվում էի Լեոնիդ Անդրեեւից, Կոնստանդին Բալմոնտից կամ ամերիկյանից, Մարկեսից եւ այլն, որ մի հրաշք մտածողություն է: Շատ գրողներ կան, որ ինձ համար ընդունելի են, սիրում եմ, շատ հրաշք գրողներ է աշխարհը ծնել, բայց մեր երիասարդների ազդեցությունները, մանավանդ տեխնիկայի առումով, մի քիչ շատ է երեւում: Ես դեմ չեմ, որ Մարկեսից ազդվեն-գրեն, բայց եթե Մարկեսից ազդեցություն են կրում ու գրում են, գոյության ազատությունը զգում են, մոգական ռեալիզմը զգում են, պետք է լավ գործ գրեն, վատ գործ իրավունք չունեն գրել: Հրաշք են, գրելու մտածողության սքանչելի կատարումներ կան, կամ Խորխե Լուիս Բորխեսի մտածումները... Շատ բան կա սովորելու, ազդվելու, կարդալու, դրա համար աշխարհում կարդում են, էլեկտրոնային գրադարան է, թե ինչ է` կապ չունի, բայց կարդում են: Մենք ո'չ Չարենց ենք կարդում, ո'չ Թումանյան, ո'չ էլ թարգմանում ենք: Էլ աշխարհը ո՞նց կարդա: Ես չգիտեմ, եթե Սարոյանը հայերեն մտածեր-գրեր, կլինե՞ր այդ հանճարը, կկարդայի՞ն, թե՞ չէ: Բայց հակառակն էլ է լինում. Շահան Շահնուրի ֆրանսերենը այնքան էլ չընդունվեց:

 

- Քեզ որտե՞ղ է ես լավ զգում` Աշնակու՞մ, թե՞ Երեւանում:

 

- Ամենալավ տեղը, որ ինձ զգում եմ, Աշնակն է. ոչ թե նրա համար, որ այնտեղ եմ ծնվել: Այնտեղ ինձ լավ եմ զգում, որովհետեւ իմ հոգեկերտվածքն այնտեղ անընդհատ կոնտրոլի տալ է: Երեւանում, եթե հացը ձեռքիցս ընկնի, չեմ վերցնում մորս պես փչում, համբուրում, ասում` մեղա Աստծու ու տանում տուն: Բայց եթե  այնտեղ  ընկնում է, վերցնում եմ, համբուրում, փչում-հեռացնում փոշին, չնայած հացը փոշի չի վերցնում, ու դնում պատին, որ ճնճղուկներն ուտեն: Երեւանում այդ ստուգողականը էությանս վրայից կորցնում եմ, այն ստուգողականը, որ մանկությունից մեջս եղել է:

 

- Վերջերս գնացել էիր պապերիդ երկիրը:

 

- Դա ուրիշ բան էր, սարսափելի բան էր: Չգիտեմ, բայց երեւի ճիշտ արեցի, որ գնացի: Գտա մեր տունը, իշխան Շառոյի գերեզմանը` Սուրբ Պետրոս առաքյալ եկեղեցու բակում, բայց այդքանից հետո մի պահ, քանի դեռ էնտեղ էի, կորցրել էի երկիրը: Իմ սասունցի ընկերը Սասնո բարբառով ասաց. «Էդ ա երկիրը, որ ասում էի` շուն կապես էնտեղ,  չի մնա, կփախնի»: Չես կարող արդեն մնաս էնտեղ, ապրես, էլի քո երկիրն է, բայց չես կարող: Երբ այդ Մեծ Մայրը, անունը` Ախու, ով 14 տարեկանից հայերեն չի խոսել, ողնաշարը կոտրած, պառկած իր տեղաշորի մեջ, հանկարծ 107 տարեկանում Սասնո բարբառով խոսում է: Եւ խոսում է, որովհետեւ իր քուրդ զավակը, ասում է` «էս տները ծախեմ ձեզ, որպես տան տիրոջ, առեք», Մեծ Մայրը հանկարծ Սասնո բարբառով ասում է` «Լաո, չառնիք, ըդրոնք քուրդ ին, քուրդ, ըսօր կծախին ձեզի, գիշեր քնիք` ձեր տուն կգան, մորթին ձեզի»: Դրանցի հետո չհարցնեմ` ու՞ր եմ, ու՞ր, ու՞ր եմ գնացել, ո՞ր երկիրն եմ գնացել, ու՞մ երկիրն եմ գնացել: Չգիտեմ: Բայց հենց հասանք Երեւան, Վրեժ Իսրայելյանի ու Սասուն Իսրայելյանի հետ մտածում էինք` նորից մի ծրագիր կազմենք-գնանք: Իսկ այնտեղ ես կորցրեցի այդ Սասունը, ամեն վայրկյան կորցրեցի: 

 

- Այստեղ քո Սասունն ունես ու ապրում ես դրանով,  իսկ Սասունում այն կորցրեցիր:

 

- Ճիշտ բնորոշեցիր: Որպեսի Էրգիրը  չկորցնենք, պարտավոր ենք  մեր ունեցածը պինդ պահել

 

Զրուցեց` Հարություն Հարությունյանը

 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica