close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երաժշտական գործիքը սեռ չի ճանաչում

Հարցազրույց

6 Դեկտեմբերի 2012, 13:27
 Երաժշտական գործիքը սեռ չի ճանաչում

Աննա եւ Անահիտ Մխիթարյաններին շատերն են ճանաչում` որպես «դուխով» երաժիշտներ, քանի որ Աննան դուդուկահար է, իսկ Անահիտը` դհոլահար. մի առիթով Վիկ Դարչինյանի մարզիչը` Վազգեն Բադալյանը, աղջիկների կենացը խմելիս ասել է. «Խմում եմ ձեր դուխի կենացը… ձեր ընտրած գործիքներն արդեն խոսում են ձեր ուժեղ կամքի ու բնավորության մասին»: Երաժիշտները նշում են, որ սկզբնական շրջանում շատ դժվար էր, քանի որ ընկերները, հարազատները, շրջապատը խորհուրդ էին տալիս «կարգին գործով» զբաղվել, որն ավելի վայել է աղջկան, սակայն քույրերը որոշել էին անտեսել բոլոր դժվարությունները եւ ցույց տալ, որ երաժշտական գործիքը սեռային պատկանելություն չունի: Նրանք նշում են, որ հասնելու են նրան, որ ինչ-որ ժամանակ անց, երբ իրենք բեմ բարձրանան, այլեւս զարմացողներ չլինեն: Երաժիշտները շատ են ցանկանում իրենց կարիերան շարունակել Հայաստանում, ապրել ու ստեղծագործել հայրենիքում, ինչին սակայն մի կողմից խոչընդոտում են դրսից հրավերները, մյուս կողմից` Հայաստանում առաջ գնալու պայմանների բացակայությունը:

 

-Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ երաժշտությամբ զբաղվեք:

Աննա

-Ես հաճախել եմ երաժշտական դպրոց, բայց սովորել շվի նվագել, դրանից հետո ամեն ինչ խորացավ: Սկսեցի սիրել գործիքը ու որոշեցի դուդուկ նվագել էլ սովորեմ եւ այդպես սովորեցի Մանկավարժական համալսարանում, հետո Կոնսերվատորան ավարտեցի: Ու եկավ մի պահ, որ հասկացա` արդեն պետք է ինքս ինչ-որ քայլ անեմ ու որպես մենակատար հանդես գամ:

Անահիտ

-Ես նույնպես հաճախում էի երաժշտական դպրոց, բայց դաշնամուրային բաժինն եմ ավարտել, իսկ հետո արդեն Ագրարային համալսարան ընդունվեցի: Սակայն ինչ-որ բան խանգարում էր մասնագիտությամբ աշխատել, մանավանդ, երբ Աննան տանը դուդուկ էր նվագում, մեջս մի բան էր խլրտում: Հետագայում Նորայր Դավթյանը աղջիկների ժողնվագարան բացեց, որտեղ Աննան նվագում էր: Իմացա, որ խմբին նաեւ դհոլահար էր անհրաժեշտ, եւ որոշեցի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել: Հետո, ցավոք, խումբը լուծարվեց:

 

-Սկզբից վախ չկա՞ր հանդիսատեսի կողմից ճիշտ չընկալվելու, քանի որ թե՛ դուդուկը եւ թե՛ դհոլը Հայաստանում տղամարդիկ իրենց «ձեռքի տակ են վերցրել»:

Աննա

-Սկզբնական շրջանում շատ դժվար էր, բայց համբերել էր պետք մինչեւ միջավայրը քեզ հասկանա ու սովորի: Սկզբում, միանշանակ, դժվար էր` միջավայրը, շրջապատը, անգամ քո ընկերներին ու մտերիմները զարմանում էին ու շատ անգամ ավելորդ խոսակցությւոնների կծիկն էր կծկում: Նախկինում շատ էին կոմունիստական մտածելակերպով մարդիկ, չնայած հիմա էլ կան մարդիկ ովքեր մտածում են, որ աղջիկը աղջկան վայել մասնագիտությւոն պետք է ընտրի` բժշկություն, մանկավարժությւոն: Պետք է առաջ նայենք, փոխենք մարդկանց մտածելակերպը: Մեր վարպետներն էլ պետք է աղջիկ երաժշտի պահանջարկը մեծացնեն, քանի որ չնայած նրան, որ տղաներն ավելի շատ են մեր ասպարեզում, բայց երբ բեմ ենք դուրս գալիս նրանց հետ միասին, հանդիսատեսը միանգամից մեզ վրա է ուշադրություն դարձնում: Այնպես որ, մենք հաղթեցինք:

Անահիտ

-Մենք շատ ռիսկային փոփոխությունների ենք գնում կյանքում, դրա համար էլ մեզ համար հեշտ էր հաղթահարելը սկզբնական դժվար փուլը: Մենք ի սկզբանե էլ գիտեինք, որ հեշտ չի լինելու, որ մարդիկ, լսելով, որ դհոլահարը կամ դուդուկահարն աղջիկ է, լուրջ չէին վերաբերվելու նրանց աշխատանքին: Դրա համար էլ հաճախ մեր առջեւ ինչ-որ նպատակ ենք դնում եւ ասում` պետք է անենք ու վերջ: Այո, պետք է անենք մի բան, որը ոչ բոլորն են անում, բայց, իհարկե, գեղեցիկ, ճաշակով ու որակի մեջ, այսինքն` չանենք` ուղղակի մյուսներից տարբերվելու համար: Սովորաբար, քննադատողներն այն մասսան են լինում, ով ոչինչ չի հասկանում: Սակայն այսօր արդեն խնդիրներ, ներքին հուզում չկա, քանի որ երբ բեմում ինձ դհոլով են տեսնում, միանգամից ինչ-որ շարժ է առաջանում, ոչ թե ինչպես նախկինում` երբ բեմ էիր բարձրանում, քեզ թվում է` դու հանցագործություն ես գործում, որ աղջիկ «հալովդ» դուդուկ կամ դհոլ ես նվագում:

 

-Իսկ, առհասարակ, որքանո՞վ է ճիշտ գործիքների` սեռային բաժանումը, որ ասենք` դաշնամուրի անպայման պետք է աղջկան տանեն, իսկ դուդուկի կամ դհոլի` տղայի:

Աննա

-Երբ գործիքները ստեղծվել են, սեռային ոչ մի բաժանում չի եղել: Դա մեծերի մտածելակերպն է. երբ երեխան հասնում է ինչ-որ մի տարիքի` ասում են` աղջկաս տանեմ ջութակի, իսկ երբեւիցե լսել եք, որ ասեն` աղջկաս տանեմ դուդուկի: Դե, եթե ծնողն այդպես մտածի, երեխային արդեն վաղ հասակից տրամադրի, թե այսինչ գործիքը նախատեսված է աղջկա, այսինչը` տղայի համար, պարզ է, որ նրանք էլ պետք է ծնողների մտքերի կրողը լինեն հետո: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց մարդկանց մտածելակերպը կփոխվի, քանի որ մենք այժմ դասավանդում ենք եւ ունենք մի շարք աշակերտներ, որոնց համար երաժշտական գործիքների սեռային բաժանումը ծիծաղելի է թվում:

Անահիտ

-Շատերը մտածում են, որ աղջիկն այդ ինչքան ուժեղ պետք է լինի, որ դհոլ նվագի: Բայց ո՞վ ասաց, թե պարտադիր է ֆիզիկապես ուժեղ լինել, որ դհոլ նվագես: Ամեն ինչ ուժով չի որոշվում. դու կարող ես լինել գրագետ երաժիշտ` յուրովի ներկայացնելով յուրաքանչյուր ստեղծագործություն: Կյանքում էլ է այդպես` ամեն ինչ ուժով չէ որոշվում:

 

-Կա՞ ինչ-որ հնչյուն, մեղեդի, որ դուդուկը չի կարող արտաբերել, եւ հենց այդ ժամանակ էլ նրան «օգնության է հասնում» դհոլը եւ հակառակը:

Աննա

-Շատ երաժիշտներ երազում են, որ իրենց տանը դհոլահար լինի, որ նվագակցի իրենց: Դհոլն օգնում է բոլոր գործիքներին` ապահովելով ռիթմը. չէ՞ որ երաժշտության հիմքում հենց ռիթմն է ընկած: Եթե ռիթմ չկա, երաժշտությունը մի քիչ թերի է հնչում: Չնայած, մյուս կողմից, կան ստեղծագործություններ, որ առանց ռիթմի ենք նվագում` դամի ուղեկցությամբ, որն էլ մեկ այլ կերպ է հնչում: Իհարկե, մեր համագործակցության միջոցով երբեմն շունչդ կտրվելու չափ գեղեցիկ հնչյուններ ենք ունենում:

Անահիտ

-Դհոլը երաժշտության համն ու հոտն է ապահովում, եւ այս դեպքում դհոլն է լրացնում դուդուկին. արդյունքում միգուցե դուդուկի ձայնն ավելի թովիչ հնչի, բայց այդ թովչությունն ապահովում է հենց դհոլը: Մյուս կողմից, կան հանգիստ գործեր, որտեղ դհոլը լրիվ երկրորդական պլան է մղվում: Բայց, այնու, յուրաքանչյուր գործիք իր տեղն ունի:

 

-Կա նաեւ թյուր ընբռնում, թե դուդուկը տխուր առիթի լավ ընկեր է, իսկ դհոլը` հակառակը. սա ինչի՞ց է գալիս:

Աննա

-Այո, կա նման բան: Մարդիկ նաեւ կարծում են, թե դուդուկահարները պետք է բնավորությամբ մելամաղձոտ լինեն, իսկ դհոլահարները` հակառակը, ավելի աշխույժ եւ էներգիայով լցված: Այդպես չէ. մենք շատ աշխույժ ենք, եռանդով լցված: Սա նույնպես կարծրացած մտածելակերպ է, որը կամացժկամաց կոտրել է պետք: Բանն այն է, որ մենք ուրախ-տխուր ինչ-ինչ առիթները մեծ արարողություններ ենք մեզ համար ստեղծում եւ դրանք «ճոխացնելու» համար էլ երաժշտության օգնությանը դիմում, ինչից էլ գալիս է մարդկանց մոտ նման կարծիքի ձեւավորումը:

Անահիտ

-Այո, իհարկե, կա նման կարծիք, բայց պետք է հասկանալ, որ երաժշտական գործիքը չի կարող ինչ-որ արարողության ուղղակի մի մասը լինել. չէ՞ որ երաժշտությունն արվեստի մի մաս է, հոգեւոր արժեք` ինչպե՞ս կարող են երաժշտական գործիքներն ասոցացվել տխուր կամ ուրախ դեպքերի հետ:


-Ի՞նչ է փոխում երաժշտությունը մարդու մեջ եւ ի՞նչ փոխվեց ձեր դեպքում:

Աննա

-Երաժշտությունը շատ բան կարող է փոխել մարդու մեջ. դու կարող ես լսել այն, ինչ-որ բան փոխվի արդյունքում, իսկ դու չիմանաս էլ, որ դա երաժշտությունն արեց: Աշխարհայացքդ, մտածելակերպդ` փոխում է ամեն ինչ: Երբ բեմ ես դուրս գալիս, մինչեւ ելույթդ պետք է կենտրոնանաս, մի կողմ թողնես ներսումդ կատարվող ինչ-որ մտահոգություններդ, որ հանդիսատեսին ճիշտ էներգիա փոխանցես: Այս առումով կենդանի կատարելը շատ դժվար է, դրա համար էլ պետք է մինչեւ ելույթը «մաքրես» քեզ: Իդեպ, կյանքում օգնողները շատ քիչ են, բայց կա մի մեծ ամբոխ, որը անում է ամեն ինչ, որ խոչընդոտի քո աշխատանքին:

Անահիտ

-Երաժշտությունը ստիպում է քեզ փոխվել` թողնելով իր դրական հետքը: «Արգելված» գործիքներ նվագելը նպաստեց նրան, որ մենք ավելի ուժեղ մարդ լինենք: Ասում են` պետք է զգաս, որ կարողանաս փոխանցել, եթե քո ներսում երաժշտությունն ալիք չի բարձրացնում, դու չես կարող հանդիսատեսին ինչ-որ բան փոխանցել: Երաժշտությունը մաքրում է մարդուն: Ճիշտ էներգիա հանդիսատեսին փոխանցելուն հմուտ երաժշտի համար կարող է խոչընդոտ հանդիսանալ միայն տեխնիկական կամ այլ` երկրորդական պայմանները, օրինակ, ցուրտը, կողքից խոսակցությունները:

 

-Այսինքն` մրցակցությո՞ւն կա բնագավառում:

Աննա -Չէ, ոչ այնքան մրցակցություն, որքան` չուզողություն: Երբ մարդ ինչ-որ լավ բան է անում, ոչ մեկի մտքով չի անցնում, որ ինքն էլ փորձի եւ միգուցե իր մոտ էլ է ստացվում. հակառակը, չարությունից միանգամից սկսում են մարդու համար արհեստական խոչընդոտներ ստեղծել:

Անահիտ

-Նախանձը մրցակցություն չի, այլ` բնավորության գիծ, ինչն էլ գերակշռում է մարդկանց մոտ. իրենք ոչինչ չեն անում` բավական չի, մի բան էլ քեզ են ուզում խանգարել:

 

-Քաղաքական, հասարակական կյանքի խմորումների շուրջ ձեր բողոքը հնարավո՞ր է երաժշտության միջոցով բարձրաձայնել:

Աննա

-Այո, իհարկե, դու չես կարող անտարբեր լինել, երբ ասենք` ժողովրդին ինչ-որ հարց է հուզում: Սակայն կա նաեւ մի խոսք չէ` «Музыкант не интересует в политике»: Եթե մեզ հրավիրեն ինչ-որ մեկի քարոզարշավին նվագելու, ես սիրով կգնամ` ապահովելով երաժշտական կողմը, բայց դա չի նշանակում, որ ես կդառնամ այդ քաղաքակն ուժին հարող մարդ:

Անահիտ

-Այն, ինչ հուզում է շատերին, քեզ էլ է հուզում, քանի որ դու ժողովրդի մի մասն ես կազմում: Այո, կարող ենք ինչ-որ գործով մեր ասելիքը փոխանցել: Մենք նաեւ ելույթ ենք ունեցել ինչ-որ քաղաքական ուժի համար, բայց դա ոչինչ չի նշանակում. դու ուղղակի քո գործն ես անում: Դա ամբողջ աշխարհում է ընդունված եւ դրա համար երաժշտին քաղաքականացնել չի կարելի:

 

-Մշակութային կյանքում տիրող վիճակը գոհացնո՞ւմ է ձեզ:

Աննա

-Չէի ասի` գոհ եմ, քանի որ ունենք լավ երաժիշտներ, որոնց ընդամենը հնարավորություն է պետք տալ, որպեսզի առաջ գնան, սակայն Հայաստանում ոչ ոք չի մտածում քեզ համար ճանապարհ հարթելու մասին, պայմաններ չկան: Պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ Հայաստանում աճող, զարգացող սերունդը Հայաստանում էլ մնա ու իր երկրի համար աշխատի, իր երկիրը ներկայացնի: Պետք է նաեւ ունկնդրին պատրաստի, որ ասենք` առաջին անգամ դասական երաժշտության համերգի գնալիս եւ ոչինչ չհասկանալուց հետո չհիասթափվի: Պետք է հասկանալ, որ միանգամից ոչինչ էլ չի լինում. մեկ-երկու այց, եւ մարդն արդեն այնպես է կապվում դասականի հետ, որ զարմանում է, թե ինչպես է այսքան ժամանակ առանց դրա է ապրել:

Անահիտ

-Դրսում, որ լսում են Հայաստանից դուդուկահար եւ դհոլահար են եկել, միանգամայն ուրիշ կերպ են քեզ վերաբերվում, իսկ դահլիճները միշտ լեփ-լեցուն են լինում: Միգուցե այստեղ նաեւ հայրենիքի հանդեպ կարոտն է խոսում, բայց կուզենայի, որ Հայաստանում էլ երաժշտության հանդեպ նույն պահանջարկը լիներ, ինչ դրսում: Ի դեպ, երբ որակյալ երաժշտություն ես լսում, ճաշակդ էլ է բարձրանում: Բայց երաժիշտը չի կարող միայն իր աշխատանքով ապրել. կողքից անպայման երկրորդ աշխատանք է պետք, որ քո գործում առաջ գնաս: Բայց բանն այն է, որ Հայաստանում շատ առաջ գնալ էլ չես կարող. հասնում ես մի կետի, որտեղից այն կողմ գնալ չես կարող, ու այդտեղից էլ առաջ են գալիս հիասթափություններ եւ երկրից գնալու միտքը:

 

-Վերջերս Վրաստանում մի հետաքրքիր ծրագրի մասնակցեցիք. կբարձրաձայնե՞ք այդ մասին, թե՞ դեռ շուտ է:

Աննա

-CNN-ը ֆիլմ էր նկարահանում Վրաստանի մասին, որտեղ մենք ելույթ ունեցանք` ներկայացնելով հայկական համայնքը: Մենք Վահան Տերյանի տանն էինք, Ջավախքում, որտեղ էլ տեղի ունեցան նկարահանումները: Ֆիլմը կցուցադրվի 2013-ի փետրվարին` ԱՄն-ում:

Անահիտ

-Մենք որոշել էինք մի ստեղծագործություն կատարել, բայց ֆիլմի ռեժիսորն անընդհատ ասում էր, թե էլի, էլի նվագենք: Նա լարված մեզ էր լսում, ուզում էր երաժշտությունը հասկանալ, եւ մենք հպարտ էինք, որ հայկական երաժշտությունը գերում էր ամերիկացուն:


Աննա, Անահիտ

Վերջաբանի փոխարեն` կցանկանայինք ավելացնել` Լոռին մեծ հանճարներ է տվել աշխարհի, ի դեմս Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, եւ մեծ հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես Լոռվա արժանի զավակներն ենք…

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica