close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+12°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ փաստաբանի՝ Արտաշատի ԲԿ-ի տնօրենին հեռացրել են ՔՊ թիմի անդամ չլինելու համար. աուդիտ է արվել

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2018, 16:45
 Ըստ փաստաբանի՝ Արտաշատի ԲԿ-ի տնօրենին հեռացրել են ՔՊ թիմի անդամ չլինելու համար. աուդիտ է արվել

Սեպտեմբերի 4-ին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սոկրատ Հախվերդյանն ազատվել է պաշտոնից, իսկ մեկ այլ կարգադրությամբ` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է ն նշանակվել Հայկ Համբարձումյանը։ Մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արտաշատում առողջապահությունն ապահով ձեռքերում է»։ Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հայկ Համբարձումյանն «Արտ-Ստոմ»՝ Արտակ Համբարձումյանի անվան ատամնաբուժական կլինիկայի տնօրենն է:

Բուժկենտրոնի նախկին տնօրենը՝ Սոկրատ Հախվերդյանը, ԲԿ տնօրեն էր 1,5 տարի, մինչ այդ  27 տարի եղել է նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչը։ ԲԿ-ում օրերս իրականացվել է աուդիտ, սակայն արդյունքները դեռևս հայտնի չեն: Այսինքն՝ աուդիտն իրականացվել է ինչպես Հախվերդյանի՝ աշխատանքից ազատվելուց առաջ, այնպես էլ` հետո:

Yerkir.am-ի հետ զրույցում ԲԿ-ի՝ արդեն նախկին տնօրենն ասաց, որ դիմել է դատարան՝  կարգադրությունը չեղյալ համարելու ու իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով։ Դատական հայցում ներկայացրել են` որպես հայցի ապահովման միջոց արգելել Արարատի մարզպետին` բուժկենտրոնի գործադիր տնօրենի հաստիքում այլ անձի նշանակել: Դատարանն այդ միջնորդությունը մերժել է: Դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Նշենք նաև, որ դեռևս մրցույթ չի հայտարարվել ԲԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար:

Սոկրատ Հախվերդյանի փաստաբանը՝ Դիանա Գրիգորյանը, տեղեկացրեց, որ իրենք ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի իրենց հայցը /ԲԿ տնօրենի պաշտոնում այլ անձ չնշանակելու/, հակառակ դեպքում, փաստաբանի գնահատականով, հնարավոր բարենպաստ դատական ակտի կատարումն ավելի կդժվարանա, և դրան հասնելու հարցում իրավական հարթության մեջ խնդիրներ կունենան:

«Այսօր էլ միջնորդություն ենք ներկայացրել, սակայն դատարանը դեռ չի արձագանքել, ընդ որում՝ երկու անգամ ենք միջնորդություն ներկայացրել: Ուրբաթ գրություն գրեցինք դատարանին՝ պարզելու, թե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի կողմից այս գործով իրենց զանգ եղե՞լ է, թե՞ ոչ: Այսինքն՝ ուզում ենք հասկանալ՝  նրանց գործողություններն ինչո՞վ են պայմանավորված՝ անմիջական զա՞նգ է եղել, թե՞ Փաշինյանի՝ պարբերաբար դատավորների վրա մատ թափ տալն ու «խելքներդ գլուխներդ հավաքեք»-ի կոչերն են ազդել, որ նման որոշումներ են կայացրել»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ստացվում է, թե քանի որ մարզպետը բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով իրավունք ունի մարդկանց հանելու աշխատանքից, նա էլ հանում է՝ առանց որևէ հիմնավորման: Փաստաբանի խոսքով՝ հաշվի չի առնվել, որ պետությունը կաշկանդված է Սահմանադրությամբ և մարդու իրավունքներով. Սահմանադրությամբ ամրագրված է՝ պետությունը պարտավոր է պաշտպանել ու հարգել անհատի իրավունքները:

«Սա նաև խտրական վերաբերմունք է. Փաշինյանն էլ ասում է՝ մերոնքական-ձերոնքական, կադրային ջարդ չի լինելու, բայց սա վառ ապացույց է, որ կադրային ջարդ ու մերոնքական-ձերոնքական են անում: Սոկրատ Հախվերդյանին աշխատանքից հեռացնում են, քանի որ նա ՔՊ-ի անդամ չէ: Եթե մենք որևիցե հիմնավորում չունենք նրա՝ աշխատանքից ազատվելու որոշման մեջ, ապա սա ի՞նչ է, եթե ոչ` կադրային ջարդ: Առանց որևէ հիմնավորման անձին աշխատանքից ազատելն արդեն իսկ խտրականության վառ դրսևորում է»,- ասաց փաստաբանը:

Նրա գնահատականով՝ ԲԿ-ի նախկին տնօրենի հանդեպ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել նաև այնքանով, որ առանց աուդիտի արդյունքներն իմանալու են նրան հեռացրել աշխատանքից:

Ըստ Գրիգորյանի` քանի որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ ցանկացած ապօրինի գործողության մասին կարող են գրել ինձ, մամուլի միջոցով բարձրաձայնել խնդիրը, իրենք էլ դիմել են թե' մամուլին, թե' վարչապետի էջին են տեղեկատվություն ուղարկել, բայց որևէ արձագանք չեն ստացել: «Իմ տեղեկություններով՝ իշխանական հատվածում տեղյակ են այս ամենի մասին, սակայն սխալն ուղղելու հետ կապված որևէ քայլ չարվեց: Փաշինյանն ասում է՝ մենք եկել ենք` մարդու իրավունքները պաշտպանելու, և ես էլ ունեմ նման ակնկալիք, որ նրա խոսքերն իրականություն են, ու մարզպետի անտեղյակության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում անհատի իրավունքների խախտման մասին հասանելի դառնալու դեպքում իշխանության ներկայացուցիչները ձեռնամուխ կլինեն դա վերացնելուն»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց նաև, որ իրենք պատրաստվում են նաև գրություն ուղարկել մարզպետարան և բժշկական կենտրոն՝ պահանջելով իրենց տրամադրել աուդիտի արդյունքները:

Առողջապահության նախարարությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ յուրաքանչյուր որոշում քննարկվում է նախարարի հետ, սակայն քանի որ բուժհաստատությունը գտնվում է մարզպետարանի ենթակայության ներքո, ապա ցանկացած որոշման պատասխանատվությունը մարզպետի վրա է:

Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ասպրամ Բաբայանի խոսքով՝ երբ մարզպետն աշխատանքից ազատում է ԲԿ-ների տնօրեններին, կարող է առաջնորդվել ոչ թե Աշխատանքային օրենսգրքով, այլ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի, 5-րդ կետով: «Ընդ որում՝ տնօրենի հետ կնքած պայմանագրի լուծման հարցի վրա չեն տարածվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Հարցի վերաբերյալ նույնիսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում ունենք, այսինքն՝ մարզպետն ունի  ԲԿ տնօրենին աշխատանքից ազատելու իրավասություն»,- ասաց նա:

Ի դեպ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ մարզպետարանի հղում տված հոդվածում նշված է.«Ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը»:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կամ թերացումներ են եղել, որ բուժկենտրոնի տնօրենին ազատել են աշխատանքից, Բաբայանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկատվություն կտրամադրեն բուժկենտրոնում աուդիտի արդյունքներն ամփոփելուց հետո: Նրա խոսքով՝ Արտաշատի ԲԿ-ում աուդիտորական ստուգումներն ավարտվել են: «Այժմ ստուգումների արդյունքներն են քննարկում և շուտով կամփոփեն դրանք»,- հայտնեց Բաբայանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Արարատի մարզպետարանը դեռևս միայն հայցադիմում է ստացել, բայց դատարանում որպես  պատասխանող կողմ հանդես գալու համար որևէ գրություն դեռ չեն ստացել:

Դեպքի հետ կապված մանրամասները կներկայացնենք հետագայում:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 7-ին աշխատանքից ազատվել էր Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը: Նա նույնպես ՀՀ վարչական դատարան է դիմել՝ պահանջելով վերանայել մարզպետի որոշումը։ Մասիսի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է «Արմենիա» բժշկական կենտրոնի նախկին բժիշկ Հայկ Հովհաննիսյանը։ 

Կարինե Հարությունյան

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica