close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն ու տրանսպորտի նախարարությունը նախաձեռնել են հոբելյանական նամականիշի մարում

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2018, 13:24
 ԱԱԾ-ն ու տրանսպորտի նախարարությունը նախաձեռնել են հոբելյանական նամականիշի մարում

Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում, որի հանդիսավոր արարողությունը այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ պատմության թանգարանում: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա ի թիվս այլ կառույցների ներկայացված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքը՝ ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և  ՀՀ ԱԱԾ լուսավորվող զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը:

Մեկ դար առաջ, Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինների, մասնավորապես հետախուզության և հակահետախուզության կազմավորումը, ընթանում էր ծանրագույն ռազմաքաղաքական և տնտեսական իրավիճակում: Հանրապետության կառավարությունն իր համեստ բյուջեից որոշակի գումար էր հատկացնում երկրի  անվտանգության ապահովման  գործի կազմակերպման համար` գիտակցելով, որ մշտապես ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող Հանրապետությանը կենսականորեն անհրաժեշտ են  թշնամու ուժերի և հնարավորությունների մասին ստույգ տվյալներ, ինչպես նաև զավթողական քաղաքականությանը հակազդելու արդյունավետ միջոցներ:

Դեռ 1918թ. օգոստոսի 13-ին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը քննարկում է ավիացիայի, հետախուզության և ռադիոհեռագրի ծախսերը հոգալու համար ռազմական նախարարությանը միջոցներ հատկացնելու հարցը: Որոշում է կայացվում հավանություն տալ ձեռնարկված քայլերին, ինչպես նաև կառավարության վարկի հաշվին բաց թողնել 6 միլիոն ռուբլի, այդ թվում` 20 հազարական ռուբլի՝ հետախուզության և հակահետախուզության համար: Հետագայում բանակի Գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքին հատկացվող գումարներն անընդհատ աճել են` 1920թ. մայիս ամսվա համար հասնելով 657 հազար ռուբլու:

Մինչև վերջերս հասարակությունը գործնականում գրեթե ոչինչ չգիտեր այն  հայորդիների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայ և համաշխարհային հետախուզության պատմության մեջ` պահպանելով Հայրենիքի անվտանգությունը: Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմիններում ծառայող սպաներն եղել են անձնուրաց և հայրենանվեր մարդիկ, ովքեր, անգամ ծայրահեղ սուղ պայմաններում, արել են հնարավորը, իսկ երբեմն էլ՝ անհնարինը իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար:

Պատմական փաստերը վկայում են, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմիններն եղել են տարածաշրջանի հատուկ ծառայությունների առաջատարներից: Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինները ևս աչքի են ընկել  իրենց արհեստավարժությամբ, գործելաոճով ու աշխատանքի արդյունքներով:

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պատվով շարունակում են Հայրենիքի անվտանգության պահպանման առաքելությունը` իրենց վրա վերցնելով նաև ներքին, մասնավորապես տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկի դերը և մարված նամականիշը կհավերժացնի ՀՀ ազգային անվտանգության մարմինների 100-ամյա հոբելյանը:

ԱԱԾ մամուլի ծառայություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica