close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը հայության հավաքական իմունային համակարգն է. Արթուր Եղիազարյան

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2018, 16:19
 Դաշնակցությունը հայության հավաքական իմունային համակարգն է. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին շրջանում հայտնվել է հումանոիդ «թութակի» մի տգետ տեսակ, որը տեղին անտեղին իրեն իրավունք է վերապահում քննադատել Դաշնակցությանը՝ 20-րդ դարի սկզբին թուրքերի հետ համագործակցելու համար։ Դժվար է բանավիճել նմանների հետ, որոնք պատմական ժամանակաշրջանի զգացում չունեն, այսօրվա առկա պայմաններով «վերլուծում» են անցյալը։

Այս մարդաբանական տեսակը հավանաբար չգիտի, որ այդ ժամանակ «Հայաստան» հասկացություն չկար։ Կար Օսմանյան կայսրություն, որում կային հայաբնակ արևելյան 6 վիլայեթներ, որոնցում թեև հայերը հիմնականում ամենամեծ էթնոսն էին, բայց 19-րդ դարի 20-30-ական թվականներից սկսած, ավարտած 90-ականների «Զուլումի» ջարդերով, որին զոհ գնաց ավելի քան 300 000 - 350 000 հայ բնակչություն՝ հայերը «Տաճկահայաստանում»՝ Արևմտյան Հայաստանում, «Էրգրում», արդեն կազմում էին ողջ բնակչության 30-50 տոկոսը։ Եվ կար Ռուսական Կայսրություն, որի Կովկասյան փոխարքայության ենթակայությամբ կային խառն ազգային բաժանումով նահանգներ, որոնցում Արևելյան Հայաստանը բաժանված էր հիմնականում Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Երևանի և Բաթումի նահանգների մեջ։

Հետևաբար, քանի որ չունեինք ազգային պետություն, ուզեինք չուզեինք՝ Օսմանյան կայսրության տարածքում քաղաքական համագործակցությունը կամ հակամարտությունը պետք է ունենայինք այդ կայսրության տիրապետող էթնոսի՝ թուրքերի ու իր քաղաքական ու պետական ուժերի հետ, բա էլ ու՞մ հետ պետք է լիներ։ Իսկ ինչ վերաբերում է հենց կոնկրետ «Իթթիհադ վե թերաքքի (Միություն և Առաջադիմություն)» կուսակցության հետ համագործակցությանը (այսպես ասած՝ երիտթուրքերի), այդ ժամանակաշրջանում նրանք դիտվում էին որպես փտած սուլթանական համակարգի դեմ պայքարող ալտերնատիվ առաջադիմական ուժ, որոնց հետ համագործակցելով՝ կարելի է տապալել մշտապես հայերի ջարդեր իրականացնող սուլթանական կառավարությանը։

Հիշեցնեմ, որ մինչև այդ համագործակցությունը՝ միայն վերջին սուլթանների, մասնավորապես սուլթան Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան։ Այդպես էին անվանել՝ իր արյունարբու բնույթի, ձեռքերը կայսրության այլ ազգերի արյան մեջ թաթախված լինելու համար) իշխանության տարիներին, սկսած 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև 1909թվականը՝ սպանվել էր կես միլիոն հայություն, որից 300 000-ից ավելին՝ միայն 1894-1896թթ.-ին, իսկ հարյուր հազարավոր հայեր, փրկվելու համար յաթաղանից՝ բռնել էին կամավոր ուծացման՝ իսլամացման ուղին։ Ու այս իրադարձություններից հետո միթե՞ նորմալ չէր համագործակցելը թուրքական մի քաղաքակն ուժի հետ, որն ուզում էր տապալել այս իշխանակարգը և հաստատել դեմոկրատական իշխանություն՝ խորհրդարանական ու սահմանադրական միապետության տեսքով, որի խորհրդարանում կայսրության բոլոր մեծաթիվ ազգերը պետք է լուրջ ներկայացվածություն ունենային։ Ուրիշ հարց, որ հետո աշխարհաքաղաքական մեծ իրադարձությունների ազդեցությամբ այլ ընթացքներ եղան և արևմտահայության համար հատկապես առաջին համաշխարհային պատերազմը ողբերգական դարձավ՝ հայրենիքի կորստով ու ցեղասպանությամբ։ Բայց նախապես ոչ մեկ մատերից հոտ չէր քաշել ու անլուրջ է մեղադրել հետագա ընթացքների համար, երբ հատկապես այլևս համագործակցություն էլ չկար։

Մի պահ պատկերացրեք, որ այդ թվականներին Դաշնակցություն չլիներ. ավելի լա՞վ վիճակ էր լինելու։ Վստահությամբ կարող եմ ասել, որ ո՛չ։ Դաշնակցությունը ծնունդ առավ հենց ամենավատ շրջանում, երբ հայի ֆիզիկական գոյության խնդիր կար։ Դաշնակցությունը դա հայության կարող ուժերի համախմբումն էր, այն հենց հայության իմունիտետն էր, որ հակադրվեց ջարդարարներին և մի շարք ապստամբություններից ու ահաբեկչական գործողություններից հետո հարկադրեց սուլթանին՝ դադարեցնել զանգվածային ջարդերը։ Դաշնակցությունը մինչ այդ ծնունդ առած ազգային-ազատագրական և ընկերվարական (սոցիալիստական) խմբակների միավորումն էր մեկ միասնական կառույցի մեջ, դառնալով մեկ միասնական բռունցք։
Ի հակադրության սուլթանական կառավարության` արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների, սկզբնավորվել է ֆիդայական շարժումը` որպես ազգային – ազատագրական պայքարի յուրատեսակ ձև Արևմտյան Հայաստանում: Բայց հատկապես արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մահմեդականների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արեւմտահայության ազգային – ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չվերածվեց:
Թվում էր, թե 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումը, որ իրագործվեց «ազատություն, հավասարություն, եղբայրություն» նշանաբանով և որի հաջողությանը մեծապես սատարեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությանը, բայց Ադանայի հայերի կոտորածը (1909 թ.) վկայեց, որ երիտթուրքերն Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության ընթացքի հավատարիմ հետևորդներն են: 1911 թ. երիտթուրք պարագլուխների Սալոնիկի ԳԱՂՏՆԻ խորհրդակցությունը վճռել է Հայկական հարցը լուծել՝ հայերին բնաջնջելով:
1912-13 թթ. Բալկանյան պատերազմների ընթացքը և արեւմտահայերի համար ստեղծված մղձավանջային կացությունը հայությանը հարկադրեց դիմել ռուսական կառավարությանը և վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը:

Ռուսական կառավարության ներկայացրած բարենորգումների ծրագիրը դարձել է դիվանագիտական երկարատև սակարկումների առարկա: 1914 թ. հունվարի 26 – ին ստորագրված ռուս – թուրքական համաձայնագրի համամաձայն` Արեւմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), մյուսը` Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին: Սակայն վերահաս առաջին համաշխարհային պատերազմն ի չիք դարձրեց այդ համաձայնագիրը:

Դաշնակցությանը մեղադրելուց առաջ՝ մի լավ ուսումնասիրեք պատմությունը։ Օրինակ ուշադրություն դարձրեք, թե գերազանցապես ինչ կառույցներ էին ցեղասպանության տարիներին կազմակերպում հայկական ինքնապաշտպանությունները, ովքեր էին հիմնականում այն անձիք, որոնք դերակատար եղան հայության բեկորները փրկելուն, որի արդյունքում ողջ արևմտահայությունը չոչնչացավ ու նրանց մի մասը հաստատվեց Արևելյան Հայաստանում, իսկ մնացածը՝ սփռվեցին աշխարհով մեկ։ Արևմտահայությունը հիմնականում փրկվեց այնտեղ՝ որտեղ ինքնապաշտպանություն եղավ։ Տեսեք, թե ովքեր էին այդ ինքնապաշտպանության կազմակերպիչները, ես չասեմ, ինքնուրույն տեսեք։ Եվ տեսեք, թե ում գերբնական ջանքերի շնորհիվ հայությունը դարեր անց, այդ անմարդկային պայմաններում կրկին պետականության տեր դարձավ, որի շնորհիվ այսօր ուրախությամբ տոնում ենք Մայիս 28 ու Սեպտեմբերի 21։
Երկար կարելի է խոսել ու մանրակրկիտ պատմել այս մասին, բայց հետո, հիմա չհոգնեցնեմ։

Ի դեպ, 1920 թվականի մարտի 27-ին, ՀՅԴ Բյուրոյի որոշումով էր, որ Արշավիր Շիրակյանը գնդակահարեց դավաճան Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանն այն անձն էր, ով թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) հայ այն մտավորականների ցուցակը, որոնք սպանվեցին 1915թ.-ին:

(1915թ. Ապրիլի 24-ը (հին տոմարով՝ ապրիլի 11-ը), խորհրդանշանակորեն ընդունվեց որպես 1914-1923թթ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, քանի որ հենց այդ օրը Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), մեկ գիշերվա մեջ, ձերբակալվեց ու հետո դաժանաբար սպանվեց արևմտահայ մտավորականության զգալի մասը, թվով՝ 861 անձ, որով գլխատվեց արևմտահայությունը: 861 անձից 409-ը ՀՅԴ անդամ էին, 327-ը՝ հոգևորականներ): Կարծում եմ հասկանում եք, թե ինչու է դաշնակցականների թիվը մեծ։ Թուրքերն էլ էին հասկանում, թե ով ամեն գնով կփորձի խանգարել իրենց հակամարդկային ծրագիրն ու ովքեր կղեկավարեին հայության ինքնապաշտպանությունը։

Եվ ՀՅԴ Բյուրոյի որոշումով էր, որ ստեղծվեց երիտթուրքերի պարագլուխների անխտիր ոչնչացման «Նեմեսիս» վրեժխնդրական ծրագիրը, որը հաջողությամբ իրագործվեց ու այսօր բոլորս հպարտությամբ ասում ենք, որ դա դա հայության արժանապատվության հարց էր։ Բայց դա տարերային ու ինքնաբուխ գործընթաց չէր, այլ ՀՅԴ-ի կողմից մտածված, կազմակերպված ու հաջողությամբ իրականացված։ Այնպես որ, երբեք պատիվներից բան չի ընկնի, անկախ կուսակցական պատկանելիությունից, երբ երգելուց հպարտությամբ ասեք.՝ «Դաշնակցություն ժողով արեց՝ շուն Թալեաթին մահ որոշեց», ոչ թե խեղաթյուրեք ու անորոշ ու անհասցեական ասեք.՝ «հայությունը ժողով արեց» ...

Հ.Գ. Ի դեպ, կրկին հիշեցնեմ, որ հայ իրականության մեջ, սիրո երգերից հետո, ամենաշատ երգերը նվիրված ու ձոնված են ՀՅԴ-ին, նրա գործողություններին ու անդամներին։ Դա անտեղի չի լինում ...

Դաշնակցությունն էր, որ տարագրության մեջ լծվեց սփյուռքի հայապահպանությանը, հայոց պետականության անկախության գաղափարը պահելուն, իր և հիմնադրած հարակից՝ ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, «Համազգային»-ի և այլ ուղեկից կառույցների միջոցով գլխավերևում բարձր պահել - պահպանելով Հայոց Անկախ Պետականության Եռագույնն ու Զինանշանը, երբ այլոք ծաղրում ու ոտատակ էին տալիս այն՝ սովետական բոլշևիկներին դուր գալու համար։

Հ.Հ.Գ. Մի խոսքով, ով չգիտի, թող իմանա, որ Դաշնակցությունը իմն է, քոնն է ու աշխարհասփյուռ հայությանն է, նա հայության հավաքական իմունային համակարգն է՝ կանգնած համայն հայության ու հայկական պետականության թիկունքին՝ անկախ ընդդիմադիր կամ իշխանություն լինելուց ու որի չգոյությունն առաջին հերթին երազում է թուրքն ու ադրբեջանցին՝ իրենց պանթուրքական ու պանթուրանական երազախաբությամբ ...»

Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica