close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում եմ` Երևանը լինի քաղաք, որով հպարտանում ենք. Գայանե Եղիազարյան

Հարցազրույց

20 Սեպտեմբերի 2018, 18:25
 Ուզում եմ` Երևանը լինի քաղաք, որով հպարտանում ենք. Գայանե Եղիազարյան

«Լոնդոն այ» միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, անկուսակցական Գայանե Եղիազարյանը Երևանի ավագանու ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուներից է: Եղիազարյանը մասնագիտությամբ լեզվաբան է, և նրա գործունեությունը չի սահմանափակվում միայն «Լոնդոն այ»-ի աշխատանքով, նա անգլերեն լեզվի թեստերի համահեղինակ է: Եղիազարյանը բազմիցս վերապատրաստվել է դրսում, հարուստ փորձ ունի, թեև համեստորեն շատ բան չի ասում այդ մասին: Ավելին` այն, որ այս տարի արժանացել է «Հայուհի 2018» տիտղոսին՝  «Հայաստանում միջազգային կրթության տարածման և կրթական համակարգում միջպետական կապերի ստեղծման համար», միայն հարցազրույցի վերջում եմ իմանում, երբ ուղղակի զրուցում էինք դեսից-դենից: Yerkir.am-ի զրուցակիցն է Գայանե Եղիազարյանը: 

Լինելով անկուսակցական և երբեք քաղաքականությամբ չզբաղվելով՝ ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

- Գալիս է մի պահ, և հասկանում ես՝ կայացել, հասել ես որոշակի սահմանի և պատրաստ ես հասարակությանը ծառայություններ մատուցել այն կոնտեքսից դուրս, որն արդեն իսկ անում ես: Երկար տարիներ աշխատել եմ որպես լեզվի ուսուցիչ, իսկ 2009-ից՝ որպես կառավարիչ եմ հանդես եկել՝ հիմնելով «Լոնդոն այ» միջազգային կրթական կազմակերպությունը: Համեմատելով դրսի փորձը, իրազեկ լինելով տեղի իրավիճակին՝ իսկապես կարող եմ իմ խոսքն ասել ու ներդրում ունենալ ավագանիում: Թող շփոթություն չառաջացնի իմ՝ ավագանու ցուցակում ընդգրկվելը, քանի որ գիտեմ՝ գործնականում կարող եմ կրթության ոլորտում բարեփոխումներ անել՝ հաշվի առնելով իմ միջազգային փորձը: Կա մի նրբություն՝ միջազգային փորձ ասելով՝ ես ըմբռնում եմ, որ այն պետք է ներդնել՝ հաշվի առնելով մեր բազմաթիվ առանձնահատկությունները, այսինքն՝ պետք է հարմարեցնել, ոչ թե ուղղակի ներդնել ու հետո տրտնջալ ձախողումից:

Դպրոցներն ու մանկապարտեզները քաղաքապետարանի ենթակայության ներքո են: Քաղաքապետարանն իր իրավունքների շրջանակում ի՞նչ փոփոխություններ պետք է անի դպրոցներում:

- Վերջին 30 տարիներին մեր դպրոցներն իներցիայով են առաջ  գնում, իսկ իներցիան իր հանգուցալուծումում միշտ մարում է: Դպրոցներում տեխնիկական հագեցվածության, գրադարանների, երեխաների զբաղվածության, սպորտային ակտիվության առումներով շատ անելիքներ կան: Ես միշտ հակված եմ ասելու, որ լավ ուսուցչին դպրոցի պայմաններն առանձնապես շատ չեն մտահոգում, նա կարող է բացօթյա շատ հետաքրքիր դաս անցկացնել: Շատ կարևոր է քաղաքը հարմարավետ դարձնելու մեր ուղին կրթությունից սկսել, այսինքն՝ դպրոցը, որտեղ երեխան ստանում է իր կրթությունն ու դաստիարակությունը, պետք է հարմարավետ լինի, բայց եկեք չմոռանանք, որ աշակերտների հոգսառատ մանկությունը պետք է փոխել՝ զբաղվածության հետաքրքիր տարրեր մտցնելով: Տեսեք՝ երեխաները 11 կգ-անոց պայուսակներով գնում են դպրոց, 5 ժամ անընդմեջ դաս անում՝ առանց որևէ խաղային ընդմիջումների, սպորտային միջամտության և աջակցման կենտրոնների, որոնք կարող են երեխաներին բազմակողմանի զարգացնել: Դպրոցը մեր երկրորդ տունն է, իսկ տունը պետք է լինի հարմարավետ, աջակցող, մեր զբաղվածությունն ապահովող, կրթող ու դաստիարակող, մեր հոգսը թեթևացնող: Իսկ ի՞նչ ունենք մենք: Մեր երեխաները 11 կգ-անոց պայուսակներով տուն են վերադառնում դպրոցից ու մինչև երեկոյան ժամը 11-ը տնային առաջադրանքները կատարում: Հանրակրթական ոլորտում շեշտը դպրոցական ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման վրա պետք է դրվի: Կարծում եմ՝ հարմարավետությունը մի քիչ կարող է սպասել:

- Որքանո՞վ է մեր տված կրթությունը հետաքրքիր աշակերտներին:

- Ինձ համար սա ամենացավալի հարցն է: Դրսում ուսանողին սովորեցնում են ուսումնառության հմտություններ՝ ինչպես սովորել, իսկ մենք մեր երեխաներին դեռ ստիպում ենք անգիր անել: Մարդը գիտելիքի կրողն է լինում, երբ դա իրենն է դառնում: Իհարկե, կարող ես անգիր անելով էլ այն քոնը դարձնել, բոլորս դրա ապացույցն ենք, բայց ժամանակները փոխվել են: Մենք պետք է կարողանանք ավելի հետաքրքիր դարձնել կրթությունը, քանի որ երեխաներ կան, որ այսօր ինտերնետով շատ գիտելիք են ստանում և մեր ուսուցիչներից ավելի ինֆորմացված են լինում: Երեխաների հետաքրքրությունն առարկաների նկատմամբ պետք է ավելացնել, ինչի համար մեզ ավելի գործնական մեթոդներ են պետք, քանի որ մենք, որ տարիքում էլ լինի, խաղալով սովորում ենք: Չմոռանանք նաև, որ գոյություն ունի սովորողի 4 տեսակ, և դասավանդողը պետք է կարողանա այդ 4 տեսակին էլ բավարարել:

Այսինքն՝ հանգում ենք այն կետին, որ մենք ունենք նաև մատուցմա՞ն խնդիր:

- Տեսեք՝ ամենամեծ փոփոխությունն ուսուցչի մոտիվացիան պետք է լինի, թե ինքն ինչի համար է մտնում դասարան, ինչի համար է դասավանդում: Այդ շարժառիթի կրողն էլ ինքը պետք է լինի, քանի որ երեխայի ապագան ինքն է կերտում, թեկուզ` այդ 45 րոպեների ընթացքում: Անուղղակիորեն ուսուցիչը դաստիարակում է իր վարած դասի ձևով: Մոտիվացվա՞ծ ես, կոկի՞կ, թե՞ փնթի ես մոտենում քո դասին` ամեն ինչն անուղղակիորեն դաստիարակչական թելերով կապված է երեխայի հետ:

Խոսեցիք հարմարավետությունից. մանավանդ դրսում ներառական կրթությունը մեծ նշանակություն ունի, իսկ մեզ մոտ ամենաթերի ու ամենացավոտ խնդիրներից մեկն է: Այս առումով ի՞նչ անելիքներ ունենք:

- Համատարած ներառականության անցնելու համար մեզ խանգարում են ոչ միայն շենքային պայմաններն ու կրթական  ծրագրերը, այլ նաև մեր ժողովրդի գիտակցության մակարդակը: Որպեսզի կարողանաս ներառական կրթությունը կիրառել և տեղայնացնել, նախ քո հասարակությունը պետք է գիտակցապես պատրաստ լինի, որ դասարանում կարող է լինել խնդիրներով երեխա: Հաշմանդամություն ունեցող երեխան չպետք է առանձնացվի, մեկուսացվի, մատնանշվի: Այսինքն՝ փոփոխությունը նախ գիտակցությունից պետք է սկսել, հետո նոր անցնել շենքային խնդիրները լուծելուն:

Բայց եթե սպասենք `մինչև հասարակությունն ինքն իրեն գա դրան, կարող է տևել տասնյակ տարիներ: Չպե՞տք է քայլեր իրականացնել, որպեսզի հասարակությունն ընդունի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության մի մասն են:

- Այո, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկել, բայց ոչ թե երեխաներին տրավմայի ենթարկելով: Այսինքն՝ դու կարող ես ուժային քայլ անել` ասելով, թե՝ վերջ, վաղվանից պետք է ներառական կրթությունը դառնա համընդհանուր, և՞… Դա ձևական բնույթ կկրի, իսկ ես կարծում եմ՝ խնդրին խորքային լուծում տալու համար այն չպետք է ձևական բնույթ կրի և ոչ էլ պարտադրված լինի: Միևնույն է, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված՝ մեր հասարակությունը դեռ որոշ խնդիրներ ունի հաղթահարելու:

Կրթության ոլորտում արդյո՞ք չունենք կրթության նախարարություն և քաղաքապետարան համագործակցության կարիք, քանի որ տպավորություն է՝ երկու կառույցները կրթության ոլորտում բոլորովին այլ նպատակներ ունեն:

- Ինձ թվում է՝ ոչ միայն կրթության ոլորտում, այլ նաև երկրի շենացման համար բոլորը պետք է համագործակցեն: Մենք չունենք թիմային աշխատանք կոչվածը, բոլորս գենետիկորեն լիդերներ ենք, ու մեզ թվում է՝ հենց մենք պետք է ղեկավարը լինենք:  Այդ իսկ պատճառով ես շատ եմ կարևորում համագործակցությունը և պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել, միայն թե կարողանանք առողջ դատողությամբ, կառուցողական մոտեցմամբ առաջ գնալ: Երևանի ավագանու շրջանակներում էլ կուզենայի, որ թիմային համագործակցության սկզբունքով աշխատեինք իրար հետ, այսինքն՝ եթե ավագանու մի ուժն ունի ինչ-որ ոլորտում լավ մասնագետ, ինչո՞ւ նա չպետք է համագործակցի մյուս ուժերի հետ, չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է՝ միասին` հանուն Երևանի:

-Այսինքն՝ ընտրված ավագանու թիմն ու քաղաքապետը պետք է համագործակցեն ավագանու մյուս խմբակցությունների հետ, քանի որ գուցե մյուսները հիանալի գաղափարներ ունեն, որոնք նույնպես պետք է իրագործել:

- Անշուշտ, քանի որ բոլորս պայքարում ենք Երևանի զարգացման համար: Մենք չենք պայքարում, որ ցույց տանք՝ ով է ավելի ուժեղ: Չեմ ուզում, որ ավագանու ընտրություններն իշխանության պայքարի վերածվեն, պետք է ավելի գիտակցական մակարդակով մոտենանք ամեն ինչին: Մենք պայքարում ենք Երևանի զարգացման համար, այլ ոչ թե պաշտոն ստանձնելու կամ մեր ուժը ցույց տալու համար:

Մանկապարտեզները մեզ մոտ բարձիթողի վիճակում են: Մանկապարտեզն այդպես էլ չի համարվում որպես կրթություն, իսկ դրսում մանկապարտեզ-դպրոց-ավագ դպրոց մի համակարգի մեջ են դիտվում, այսինքն՝ կրթական մակարդակը սկսվում է մանկապարտեզից: Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի հասնենք դրան:

- Սա էլ է հետևանքն այն բանի, որ մենք թիմային աշխատանք չունենք: Մենք անհրաժեշտ կապը չենք ստեղծում կրթական աստիճանների միջև, բայց չէ՞ որ երեխայի զարգացումը ծնված օրվանից է սկսվում: Մանկապարտեզը կրթություն չհամարելն էլ իներցիայից եկած թերություն է: Մանկապարտեզում մտածում են՝ դե, երեխան մեզ մոտ է, և ես եմ իր տերը, ինչ կանեմ-կանեմ, հետո թող տեղափոխվի դպրոց, դպրոցն էլ նույն բանն է մտածում՝ հույսը դնելով ծնողի վրա, որ ծնողը պետք է աշխատի երեխայի հետ: Այս մոտեցումը պետք է փոխվի՝ երեխայի զբաղվածությունը դպրոցում ապահովելով: Երեխան անընդհատ վազվզոցի մեջ է՝ լողի, շախմատի խմբակ գնալով, անգլերենի կրկնուսույցի մոտ պարապելով: Իսկ եթե մենք ունենանք այն համակարգը, որ երեխան դասերից հետո կարողանա ամբողջը մի տեղ համատեղել, ունենա աջակցման կենտրոն հենց դպրոցում, որը դասերից հետո կօգնի, որ նա իր դասապատրաստման հարցը լուծի, մենք խնդիրների լուծմանն ավելի շուտ կհասնենք:

Մեծ ծախսերի հե՞տ է կապված, թե՞ միայն լավ ցանկության:

- Կարծում եմ՝ լավ առաջարկի հետ է կապված: Ես, օրինակ, անհատ եմ, տարին 3-4 անգամ գնում ու միջազգային փորձն եմ տեսնում, բայց ինչքան էլ ուզում ես գալ ու դա մեզ մոտ ներդնել, ինչ-որ պատի ես հանդիպում: Անհրաժեշտության, առաջնայնության, գիտակցումի պակաս կա: Գուցե դեռ դրան պատրաստ չենք:

Ինչպիսի՞ Երևան կուզեիք տեսնել 4-5 տարի հետո:

- Մի լավ երգ կա, որտեղ ասվում է.«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»: Իսկ ինչպես ես դու քեզ զգում տանը՝ հարմարավետ, պաշտպանված, կարող ես հանգստանալ, քեզ ապահով ես զգում: Երևանում տանը լինելու զգացումը միշտ էլ կա, բայց չէ՞ որ քո անձնական տունն էլ ժամանակ առ ժամանակ կարգի ես բերում, վերանորոգում: Ես ուզում եմ Երևանը լինի մի քաղաք, որով հպարտանում ենք:  Չէ՞ որ Երևանը մեր ամենահարազատ քաղաքն է՝ այստեղ ենք ծնվել, մեծացել, և մենք հոգնել ենք ասելով՝ մենք ամենահին քաղաքն ենք, ու վերջ: Չի կարելի սահմանափակվել միայն նրանով, ինչ պատմությունը մեզ տվել է, պետք է այդ ամենը նաև ճիշտ մատուցենք: Օրինակ` երբ գնում ես հոլիվուդյան Փառքի ճեմուղի, մինչ տեղ հասնելը, քեզ այնպես են նկարագրում, որ ուղղակի երազանք է թվում այդ ամենը տեսնելը, իսկ  տեղում տեսնում ես՝ այնտեղ ոչինչ չկա, պատմական բլեֆ է պարզապես: Մենք Երևանում Ռադիոտան, «Մոսկվա» կինոթատրոնի առջև էլ աստղեր ունենք, բայց մենք չենք կարողանում ճիշտ ներկայացնել մեր ունեցածը: Ուզում եմ Երևանը ճիշտ ներկայացնենք` իր արժանիքներով, իր լավ կողմերով: Ես չեմ ասում՝ վատ կողմերը քողարկենք, այլ խնդիրները լուծելով՝ բաց ճակատով Երևանը ներկայացնենք:

Կ. Հ.

Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica