close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոլիկլինիկայի բուժաշխատողները պետք է առողջապահական ապահովագրություն ունենան. Լևոն Գրիգորյան

Հարցազրույց

19 Սեպտեմբերի 2018, 16:50
 Պոլիկլինիկայի բուժաշխատողները պետք է առողջապահական ապահովագրություն ունենան. Լևոն Գրիգորյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը:

-Ձեր բազմազբաղ առօրյայով ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Երբ քննարկվում էր մեր թեկնածուների ցուցակը, որոշեցինք յուրաքանչյուր մասնագիտությունից մարդ ընդգրկել այդ ցուցակում, մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են ու գիտակ: Բացի այդ՝ մեր ցուցակը նույնպես գլխավորում է պրոֆեսիոնալ ու փորձառու ընկեր, որն ունի օրինակելի կենսագրություն: Մենք որոշեցինք գնալ ընտրության պրոֆեսիոնալ կազմով, քանի որ, ըստ էության, ոչ թե քաղաքական, այլ տնտեսության համար ենք մենեջեր ընտրում: Իսկ նորընտիր քաղաքապետի կողքին պետք է լինեն մարդիկ, ովքեր լավ են տիրապետում իրենց աշխատանքին: Այդ պատճառով էլ ես և մյուսները համաձայնել ենք ընդգրկվել ցուցակում: Ես ղեկավարում եմ ՀՅԴ ԳՄ մարմնին կից առողջապահության ֆրակցիան, 32 տարվա փորձ ունեմ, և կարծում եմ՝ իմ փորձով պետք կգամ ավագանուն:

-Առողջապահության ոլորտում ի՞նչ առաջնային փոփոխությունների կարիք եք տեսնում:

-Ոլորտի ծրագրային փոփոխությունները երկրում մշակում են կառավարությունն ու նախարարությունը, իսկ քաղաքապետարանը պետք է այդ ծրագրերն իրագործի իր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում: Քաղաքապետարանը ծրագրային փոփոխություններ չի կարող անել, սակայն պետք է կարողանա բարձր մակարդակով կազմակերպել այն բոլոր ծրագրերն ու ռեֆորմները, որոնք կմշակվեն կառավարության և նախարարության կողմից: Իսկ մեզ նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, որպեսզի այդ ծրագրերը տեղայնացվեն, չէ՞ որ դրանք միտված են երևանցիների առողջապահության բարելավմանը: Պոլիկլինիկաներում, առաջին հերթին, լաբորատոր դիագնոստիկան պետք է զարգանա, որպեսզի քաղաքացին մտնի պոլիկլինիկա, ստանա իրեն անհրաժեշտ սպասարկումն ու դուրս գա: Թե չէ՝ փոքր պոլիկլինիկաներում` հատկապես, չկան այն սարքավորումները, որոնք հաճախ պետք են լինում:

-Պոլիկլինիկաների մեծ մասի շենքային պայմաններն ահավոր վիճակում են: Խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

-Պոլիկլինիկաներում, այո, շենքային պայմաններն այնքան էլ բարվոք չեն, սակայն վերջին 2-3 տարիներին լուրջ ներդրումներ արվեցին, վերանորոգման, ջեռուցման աշխատանքներ կատարվեցին, և բուժսարքավորումների խնդիրն ինչ-որ չափով լուծվեց: Բայց շատ անելիքներ կան: Գիտենք, որ պետության կողմից հատկացված գումարը դեռևս այն գումարը չէ, որի միջոցով կկարողանանք ապահովել և՛ զարգացումը, և՛ վերանորոգումը: Այս հարցում քաղաքապետարանը պետք է ունենա հստակ ծրագիր: Մենք, օրինակ, նախատեսում ենք, որ քաղաքապետարանն իր բյուջեում պետք է լուրջ գումարներ հատկացնի առողջապահության ոլորտին, բայց ոչ թե հիվանդների բուժման, այլ հիմնարկների նյութատեխնիկական բազայի ամրապնդման, բարելավման համար: Սրանք պետք է լինեն առաջին քայլերը, որ նոր քաղաքապետը պետք է անի:

-Ճիշտ է, պետպատվերը քաղաքապետարանի ենթակայության ներքո չէ, բայց քաղաքապետարանն այս առումով ինչ-որ անելիքներ պե՞տք է իր վրա վերցնի, գոնե` պոլիկլինիկաների առումով, որպեսզի այդ տարաձայնությունները չլինեն բնակիչ-բուժաշխատողների միջև:

-Այո, պետպատվերի գումարները չեն բավարարում: Կառավարությունը հիմա նոր մեթոդոլոգիաներ է մշակում, որպեսզի կարողանան այդ գումարների չափը մոտեցնել անհրաժեշտ շուկայականին: Եթե դա հաջողվի անել, ձեր նշած խնդիրները կվերանան: Սովորաբար առողջապահության տոկոսը ՀՆԱ-ի մեջ այլ երկրներում կազմում է 10 տոկոս, մեզ մոտ 1.5 տոկոս է, մանավանդ՝ մեր ՀՆԱ-ն էլ ցածր է: Երբ մեր ՀՆԱ-ն բարձրանա, առողջապահության՝ ՀՆԱ-ում առկա տոկոսն էլ կբարձրանա, և ինքնաբերաբար շատ հարցեր կլուծվեն: Քաղաքապետարանն էլ իր հերթին պետք է մի շարք հարցեր իր վրա վերցնի: Ապահովագրության ներմուծումն առողջապահության ոլորտ հիանալի մտահղացում էր: Բայց տեսնենք, թե ինչ է ստացվել՝ առողջապահության ոլորտը սպասարկում է մի այլ պետական համակարգի աշխատողների, իսկ բուժաշխատողներն իրենք ապահովագրված չեն: Կարծում եմ՝ սա պետության խնդիրն է: ՀՅԴ ծրագրով՝  նախատեսում ենք, որ գոնե առաջին փուլով ամբուլատոր պոլիկլինիկ համակարգի աշխատողները քաղաքապետարանի կողմից առողջապահական ապահովագրություն ունենան: Քաղաքապետարանն ունի փորձ այդ ուղղությամբ՝ մանկապարտեզների, թաղապետարանների աշխատողների հետ կապված. շուրջ 3000 մարդ առողջապահական ապահովագրություն ունի քաղաքապետարանի կողմից: Երևանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում էլ մոտ 3000 մարդ է աշխատում, և կարծում եմ՝ մեծ գումար չէ նրանց նույնպես առողջապահական ապահովագրություն տրամադրելը: Մեկ անձի ապահովագրության համար անհրաժեշտ գումարը կազմում էր 52-53 հազար դրամ, այսինքն՝ տարեկան 150 մլն գումարի մասին է խոսքը, ինչը չեմ կարծում, որ շատ է:

-Իսկ կադրերի վերապատրաստման, թարմացման կարիք տեսնո՞ւմ եք, քանի որ լինում են դեպքեր, երբ այցելուները գոհ չեն մնում իրենց ցուցաբերած բուժօգնության որակից:

-Մեր բնակչության մոտ, առհասարակ, նման կարծիք կա՝ եթե ստացիոնարի բժիշկ է, ուրեմն պոլիկլինիկայի բուժաշխատողից  լավն է: Ստացիոնարի բժիշկը միշտ շփվում է ծանր հիվանդի հետ, վերջնական բուժումն այնտեղ է իրականացվում, դրա համար էլ մտածում են, որ ստացիոնարի բժիշկները լավն են: Ինչ խոսք, պետք է լավը լինեն, բայց դրանք երկու տարբեր կատեգորիաներ են՝ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժօգնություն: Այնպես չէ, որ ստացիոնարի լավ բժիշկը կկարողանա պոլիկլինիկայում աշխատել՝ շատ կդժվարանա, քանի որ սա էլ այլ աշխատանքային ոլորտ է: Ես այն կարծիքի չեմ, որ պոլիկլինիկայում լավ մասնագետներ չկան, շատ լավ մասնագետներ կան: Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, այո, մասնագիտական գիտելիքների բարելավման համար քաղաքապետարանը կարող է կազմակերպել պոլիկլինիկաների աշխատակիցների մասնակցությունը սեմինարների, կոնֆերասների՝  համագործակցելով քույր քաղաքների հետ: Եթե տարեկան 15-20 մարդ գործուղենք տարբեր կլինիկաներ, բնականաբար, ավելի բարձր մակարդակի գիտելիքներ ձեռք կբերեն ու կգան, կտեղայացնեն դրանք: Կարծում եմ՝ այլ ծախսեր կրճատելով՝ քաղաքապետարանը պետք է կարողանա բժիշկներին ուղարկել վերապատրաստման:

-Հաճախ է բարձրաձայնվում պոլիկլինիկաներում կոռուպցիոն ռիսկերի մասին, ասենք՝ անվճար է բուժօգնությունը, բայց բժիշկը որոշակի գումար է ուզում: Սա որոշ առումով կապ ունի նաև բուժաշխատողների վարձատրության հետ, բայց ի՞նչ պետք է անել, որպեսզի կոռուպցիան նվազագույնի հասնի այս ոլորտում:

-Կոռուպցիա տերմինը մի քիչ լայն է առողջապահության համակարգի համար, ավելի լավ է ասենք՝ ոչ օրինական վճարներ: Չեմ ժխտում, եղել են նման դեպքեր, բայց հիմա մինիմալի են հասել, քանի որ իրավիճակ է փոխվել: Բացի այն, որ բոլորն ավելի զուսպ են դարձել, նաև քաղաքացիներն են ավելի իրավագիտակից դարձել, գիտեն՝ ինչ պետք է անել: Աշխատավարձերի հետ կապված էլ՝ օգոստոսի 1-ից պոլիկլինիկ համակարգում աշխատավարձի բարձրացում եղավ՝ 20-25 տոկոսով: Չէի ասի՝ դա այն թիվն է, որից պետք է բոլորը խանդավառվեն, բայց, միևնույն է, հարցին աստիճանական լուծում են փորձում տալ: Մեկնարկը տրված է: Ասում են՝ հաջորդ տարի առողջապահության բյուջեն պետք է ավելանա, ինչը չի կարող չանդրադառնալ աշխատավարձերի վրա: Իմ կարծիքով, սակայն, յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է նաև ինքն այլընտրանքային ֆինանսավորման ինչ-որ ձևեր գտնի: Չպետք է անընդհատ խնդրենք, որ գումար տան մեզ, քանի որ խնդրող մարդը միշտ կախյալ է լինում: Բացի այդ՝ մենք ունենք մասնագիտություններ, որոնք ծերացած են: Օրինակ` մանկաբույժներ մենք չունենք արդեն, 2-3 տարի հետո մեր բոլոր մանկաբույժներն արդեն թոշակի են անցնելու, չնայած բժշկական համալսարանը հիմա, կարծես, զբաղվում է այդ հարցով:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդիկ դիմում են բժշկի, երբ դանակը ոսկորին է հասնում: Այս առումով մշակույթի փոփոխման խնդիր տեսնո՞ւմ եք:

-Այո, մենք նման սովորություն ունենք, բայց չպետք է վախենալ բժշկին կամ բուժհիմնարկ դիմել: Այնպես չէ, որ անպայման պետք է գումար ունենաս, որ նոր դիմես բժշկի: Ես անգամ կոչ եմ անում` եթե խնդիր ունեք, անպայման դիմեք բժշկի, քանի որ չեմ կարող պատկերացնել բժիշկ, ում կդիմի հիվանդն ինչ-որ խնդրով, ու նա չի սպասարկի հիվանդին՝ ասելով, թե նախ պետք է վճարել: Երբ 90-ականներին առողջապահության համակարգում վճարովի ծառայություններ ներդրվեցին, մարդկանց մոտ վախ առաջացավ ու հիմա մտածում են՝ դե, ոչինչ, կսպասեմ, թող, օրինակ, ճողվածքը լավ մեծանա, նոր գնամ վիրահատելու, մեկ է, նույն գումարն եմ վճարելու: Ոչ, մեծացած ճողվածքն էլ իր բարդություններն ունի, դրա համար էլ պետք է կանխավ դիմել բժշկի: Ես չգիտեմ մարդ, որ իրեն բուժսպասարկում պետք եղած լինի ու ստացած չլինի: Պետք է ժամանակին դիմել բժշկի, որպեսզի և՛ բժշկի, և՛ հիվանդի գործը հեշտանա:

-Առողջ ապրելակերպի անցնելու համար Երևանը հարմա՞ր քաղաք է:

-Այսպես ասեմ՝ եթե 10 բալանոց համակարգով գնահատեմ, 5 բալ կտամ: Ինչպե՞ս կարող է Երևանն առողջ ապրելակերպի համար հարմար լինել, եթե մի տեղից մյուսը գնալու համար 3 ժամ է անհրաժեշտ, կամ կենտրոնն այնքան է ծանրաբեռնված, որ շնչելու օդ չկա, իսկ շենքերն իրար վրա են շարել: Չէ, հարմար չէ Երևանն առողջ ապրելակերպի համար, և դրա համար էլ պետք է կանաչ գոտիներ ստեղծենք, ինչի շնորհիվ կշնչի քաղաքը: Սակայն ես առողջ Երևան ունենալու ոչ միայն հույս ունեմ, այլ նաև ձգտում եմ տեսնում: Եվ չեմ կարող ասել, թե դա երբ կլինի, բայց կլինի: Պետք է ինքնակրթվենք, այլ ոչ թե աղտոտենք ու կեղտոտ քաղաք ունենալուց բողոքենք: Ուրիշին մեղադրելն ամենահեշտ բանն է:

Կ. Հ. 

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica