close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երազում տեսած Հայաստանս

Թեմա

19 Սեպտեմբերի 2018, 12:17
 Երազում տեսած Հայաստանս

Մտորումներ անկախության օրվա առիթով

Ես համոզված եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը, և դա շատ ուշ չի լինելու:

Բայց ստացվեց այնպես, որ ես այն ավելի վաղ տեսա: Տեսա իմ երազած Հայաստանը երազում: Հուսով եմ` դեմ չեք լինի, եթե պատմեմ, թե ինչպիսին էր այն:

Թվականը կարևոր չէ՝ գուցե մյուս տարի է, գուցե տասնամյակ անց: Երևանի օդակայանում եմ, չգիտեմ՝ որտեղից եմ վերադառնում, չգիտեմ՝ ինչու էի գնացել, չգիտեմ՝ որքան ժամանակ չեմ եղել հայրենիքում, բայց հասկանում եմ, որ հայտնվել եմ բոլորովին այլ իրականությունում: Առաջին տպավորությունս պայծառ մթնոլորտն է, իսկ առաջին բանը, որ գրավում է ուշադրությունս՝ ուրախ մարդիկ են: Նրանց դեմքին ժպիտ կա, պայծառություն, նրանք կանգնած են ձիգ ու հպարտ, քայլում են վստահ:

Ինչո՞ւ է այսպես՝ հարցնում եմ ինձ, ո՞ւր են նախկին մռայլությունը, գորշությունն ու անվստահությունը, ի՞նչ է փոխվել:
Հասկանալու համար իրավիճակը տարբեր մարդկանց հետ զրույցի եմ բռնվում:

Առաջինը, ում հանդիպում եմ, մի ծանոթ լրագրող է, ով առաջ քաղաքական թեմաներ էր արծարծում: Սովոր էի տեսնել նրան խոժոռ դեմքով, տհաճ բաների մասին հարցեր տալիս: Հիմա ուրախ է, աչքերը փայլում են, մոտենում է ու ողջունում:

Ի՞նչ կա, չկա՝ հարցնում եմ:

Ասում է, որ նյութ է պատրաստում միլիոներորդ սփյուռքահայի մասին, ով գալիս է հաստատվելու հայրենիքում:

Իսկապե՞ս՝ զարմանում եմ, բայց չէ՞ որ դու քաղաքական սկանդալներ էիր լուսաբանում:

Չկան այլևս սկանդալներ՝ ասում է, անցել են հին ժամանակները: Քաղաքական ուժերը համերաշխ են, ինչպես երբեք: Երկրի ներկա ու նախկին ղեկավարները, ազդեցիկ կուսակցությունների պատասխանատուները պարբերաբար հավաքվում են, կարևոր հարցեր քննարկում, միասնաբար փնտրում ու գտնում լուծումներ։ Այլևս չկան նախկին հակադիր ճամբարները՝ սևի ու սպիտակի, թալանչիների ու ազնիվների, հնի ու նորի։ Մի խոսքով` ազգի ներսում թշնամիներ չկան։ Թեպետ կան ճաշակների, մոտեցումների ու մտածողության տարբերություններ, սակայն առճակատումներ չկան, միմյանց դեմ անմաքուր պայքար չկա: Հետեւաբար և սկանդալներ չկան:

Դեռ զրույցս լրագրողի հետ չավարտված` օդակայանի ժամանման սրահում տեսնում եմ մեկ այլ ծանոթի՝ մրգավաճառ Պետրոսին, ով ժամանակին սեղանիկ ուներ մեր տան հարևանությամբ:

Ի՞նչ ես անում այստեղ՝ հարցնում եմ:

Ծովափից եմ վերադառնում՝ ասում է, ընտանիքիս հետ գնացել էի հանգստանալու:

Մնում եմ ապշած. մրգավաճառ Պետրոսը, ով մի կերպ էր օրվա հացի փող վաստակում, ինչպե՞ս կարող է ընտանիքի հետ գնալ արտասահման՝ հանգստանալու:

Փառք Աստծո, հիմա լավ են գործերս՝ ասում է: Սեղանիկն այլևս չկա, փոխարենը մի փոքր խանութ ունեմ, որը կայուն եկամուտ է ապահովում: Առաջ վարկերի պայմաններն այնպիսին էին, որ թվում էր թե վարկ են տրամադրում ոչ թե բիզնեսին նպաստելու, այլ գործը չսկսած կործանվելու համար: Այժմ տոկոսները տրամաբանական են, ցածր, և մենք էլ օգտվեցինք այդ առիթից: Բացի այդ, հիմա մեծ սուպերմարկետները տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր, այլևս կիրակի օրերն ու շուրջօրյա չեն աշխատում, և մեզ նման փոքր խանութների համար աշխատանքի դաշտ է բացվել:

Այնուհետև Պետրոսը սկսում է խոսել երկրում իրականացվող նոր տնտեսական ծրագրերի, ուղղությունների մասին։ Ըստ նրա փոխվել է տնտեսական քաղաքականությունը, օրինակ հարկային քաղաքականության հիմքում այժմ դրված է «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը, այսինքն` մեծ եկամուտ ունեցողը պետք է վճարի հարաբերականորեն ավելի շատ հարկ, քան փոքր եկամուտ ունեցողը:

Պետրոսի պատմածից հասկանում եմ, որ մենք այլևս ունենք իրական սոցիալական պետություն: Պետություն, ուր չկան աղքատներ, ուր յուրաքանչյուրն ունի աշխատելու, արարելու, ստեղծագործելու և արժանապատիվ ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Պետություն, որի հիմքը սոցիալական արդարությունն է, որն էլ իր հերթին երաշխավորում է հասարակության համերաշխությունը։ Պետություն, ուր խոհեմությամբ, համապատասխան օրենքներով, կարգ ու կանոնով ու յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծելով՝ գրեթե վերացվել են կոռուպցիան ծնող պատճառները:

Հրաժեշտ եմ տալիս նախկին մրգավաճառ հարևանիս, դուրս գալիս օդակայանի շենքից ու նստում առաջին պատահած տաքսին: Այն նոր է, մաքուր, վարորդը կոկիկ տեսք ունի, անգամ փողկապ է կրում: Նա ճանապարհ է ընկնում՝ չհարցնելով թե ուր եմ գնում։ Ասում եմ՝ ինչո՞ւ չես հարցնում ուր եմ գնում: Պատասխանում է՝ գիտեմ, էջմիածին ես գնում։ Ճիշտ էր էջմիածին էի ուզում գնալ:

Նույնիսկ երազում տաքսու վարորդները շատախոս են լինում և բավականաչափ տեղեկացված: Բացառություն չէր և այս մեկը: Չսպասելով իմ հարցերին՝ պատմում է, որ հիմա ժողովուրդը շատ ավելի հաճախ է եկեղեցի գնում, մասնավորապես Էջմիածին` հայոց հոգևոր կենտրոն։

Խելացի բաներ է ասում տաքսու վարորդը. ասում է, որ մեր ժողովուրդը ամուր կապերով կապված է հայկական եկեղեցու հետ, ոչ միայն որովհետև հավատացյալ է, այլ որովհետև հենց եկեղեցին է հայկական։ Ախր հայկական եկեղեցին ազգային կազմակերպվածություն է եղել, երբ պետություն չենք ունեցել, այն մեր հոգևոր անվտանգության խարիսխն է եղել, ազգային մշակույթի պահապանը, մեծ է եղել նրա դերակատարությունը և այսօր էլ շարունակում է մեծ լինել նաև ազգային անվտանգության առումով։ Բարեբախտաբար, նվազագույնի են հասել օտար ֆինանսավորմամբ ու ղեկավարությամբ ինքնակոչ եկեղեցիները:

Մի հարսանեկան ավտոշարասյուն է անցնում մեր կողքով, և տաքսու վարորդը ոգևորությամբ պատմում է, որ առավելագույնի են հասել եկեղեցական ամուսնությունները, սոցիալական վիճակի բարելավման շնորհիվ կտրուկ նվազել են ամուսնալուծությունները, երիտասարդությունը ավելի համարձակ է դարձել նոր ընտանիքներ կազմելու հարցում։ Յուրաքանչյուր երիտասարդ, ով ավարտում է զինվորական ծառայությունը պետական անմիջական հոգածությամբ լուծում է իր աշխատանքի և բնակարան ունենալու խնդիրը և հաստատուն արմատ գցում սեփական հայրենիքում։ Ի միջի այլոց, միշտ խոսքը տարբեր սեռերի ներկայացուցիչներից կազմված ընտանիքների մասին է՝ հատուկ շեշտում է տաքսու վարորդը և ավելացնում՝ չնայած բոլորն էլ ազատ են և ոչ ոք իր հավատամքի ու հակումների համար խտրականության ու հալածանքի չի ենթարկվում։

Մոմ եմ վառում եկեղեցում ու տաքսու վարորդին խնդրում ինձ Էջմիածնից Երևան տանել մի քիչ երկար ճանապարհով: Աջուահյակ ոսկեգույն արտեր են՝ մշակված ու արևաշող, խաղողի ու ծիրանի այգիներ՝ խնամված ու բերրի: Խնդրում եմ կանգ առնել մի տեղ ու զրույցի եմ բռնվում մի գյուղացու հետ: Չկա այլևս անմշակ մեկ քառակուսի անգամ՝ ասում է գյուղացին: Այն պահից, երբ պետությունը հասկացավ գյուղացու խնդիրները, սկսեց խանգարելու փոխարեն օգնել նրան՝ անմիջապես զարգացան հողագործությունը, պտղաբուծությունն ու անասնապահությունը:

Նայում եմ գյուղացու աչքերին ու հասկանում, որ նա իրեն տեր է զգում, իր հողի ու երկրի տերը, որ նա պատրաստ է արարել հանուն իր երկրի և իր բահով պահել իր երկիրը:

Երբ հասնում եմ արդեն Երևան, որոշում եմ մի քիչ քայլել փողոցներում: Լուսավոր ու պայծառ է մայրաքաղաքը: Բայց լույսն արհեստական չէ ու պայծառությունն էլ՝ կեղծ: Ամեն ինչ պարզ է, բայց՝ ճաշակով, չկա ավելորդ ճոխություն, բայց կա նկարագիր: Ու մարդիկ ժպտում են իրար: Այդպես ժպտալով ինձ է մոտենում մի հին ծանոթ՝ նախկին ազատամարտիկ, այժմ հայկական բանակի սպա:

Հիշո՞ւմ ես՝ ասում է, մի ժամանակ կային գեներալներ ու օլիգարխներ, որոնք իրենց ջիփերի շարասյունով շրջում էին այստեղ՝ ահ ու սարսափ տարածում շուրջ բոլորը։ Ու դրանից ելնելով` շրջանառության մեջ դրվեց մի բամբասանք, թե յուրաքանչյուր բանակի սպա պոտենցիալ գող է, թալանչի ու հանցագործ: Սկսեցին ստուգումներ անել, ենթադրյալ ու իրական մի քանի պարագանների մասին բարձրաձայնել, մի խոսքով` փորձում էին մինչև վերջ վարկաբեկել հայ սպային, հայ սպայով հայկական բանակին ու մեր դիմադրողականությունը: Բարեբախտաբար վերջ դրվեց դրան: Որովհետև ի սկզբանե հասկանալի էր, որ մի քանի սրիկայի պատճառով չի կարելի պախարակել բոլորին: Ու այլևս չկան այդ սրիկաներն ու իրենց շարասյունները, փոխարենը, հայ սպան արժանի հարգանք է վայելում հասարկության մեջ, բոլորի հպարտության առարկան է։ Հասարակության մեջ վերացած է փողի պաշտամունքը, քաղքենիությունը, օտարամոլությունը։ Հիմա մարդիկ այլևս երջանկությունն ու հաջողությունը չեն տեսնում շատ փող ունենալու մեջ։

Սպան ոգևորված պատմում է, որ այլևս անթերի է մեր բանակը, հզոր ինչպես միշտ, բայց այլևս անթերի: Ու չնայած, թվի, քանակի խնդիր ենք ունեցել միշտ, բայց արդեն ձևավորված է համաժողովրդական բանակը, բոլոր այն քաղաքացիները, որոնք զենք բռնելու ընդունակ են, իրենց ընթացիկ կյանքին, աշխատանքին զուգահեռ, ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են և կազմակերպված են, որ եթե անհրաժեշտություն լինի կարողանան պահեստային զորամիավորումների դերակատարություն ստանձնել։

Ու ես նայում եմ սպայի բոցկլտացող աչքերին ու հասկանում, որ նա իրեն տեր է զգում իր երկրին ու պատրաստ է իր զենքով պահել իր երկիրը:

Հրաժեշտ եմ տալիս սպային, քայլում առաջ ու հանդիպում մեկ այլ ծանոթի: Հրաշալի մի բանաստեղծի, ով ժամանակին ստիպված էր այստեղից-այնտեղից փող ճարել իր գրքերն հրատարակելու համար:

Փոխվել են ժամանակները, սիրելի բարեկամ՝ ասում է բանաստեղծը: Հիմա գրողն ընթերցող ունի, երաժիշտը՝ ունկնդիր, դերասանը՝ հանդիսատես: Հիմա գրողը գիրք է գրում և ստիպված չէ օրվա հացը հոգալու համար այլ աշխատանք փնտրել, հիմա նկարչի աշխատավայրն իր արվեստանոցն է, հիմա ժողովուրդն այլևս անճաշակ երաժշտություն չի լսում, ցածրարժեք շոուներ ու սերիալներ չի դիտում:

Ես նայում եմ բանաստեղծի խորունկ աչքերին ու հասկանում, որ նա իրեն տեր է զգում իր երկրին ու պատրաստ է իր գրչով պահել իր երկիրը:

Ինձ ընդառաջ է գալիս արցախցի մի հին բարեկամ: Ինչի՞ մասին պիտի խոսենք նրա հետ, եթե ոչ Արցախի:

Արցախում այժմ բնակչությունը մի քանի անգամ ավելացել է՝ ասում է: Նախկինում մեկնածները համախմբված վերադառնում են, Հյուսիսային Կովկասից հայերը տեղափոխվել են Արցախ, համահայկական ճիգ ու ջանքով բոլորի համար ստեղծվել են ապրելու ու արարելու նախանձելի պայմաններ:

Վաղուց արդեն կնքվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև ռազմական, ռազմավարական դաշինք։ Վերացած են երբեմնի տեղայնական, արհեստականորեն արծարծված ասեկոսեները․ Արցախի հարցը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության հարցն է ու վերջ:

Արցախի հարցում բան չունենք զիջելու, միտք չունենք զիջելու, ավելի ճիշտ՝ մենք ընդհանրապես խոսակից չենք, չենք քննարկում որևէ մեկի հետ Արցախի սահմանների հարցը, քանի դեռ դիմացինը չի ճանաչել Արցախի անկախության և հայկական պատկանելության փաստը:

Արցախը Հայաստանի Հանրապետության առանցքային օրակարգն է, ուրիշների հետ հարաբերություններ, առանձին միջազգային թե տարածաշրջանային հարցերում կողմնորոշումներ, նորանոր բարեկամություններ հաստատվում են՝ հիմք ունենալով Արցախի, իմա` Հայաստանի անվտանգության հույժ կարևոր հարցերը:

Արցախի հաղթանակը մեր սերնդի Հաղթանակն է, այն ապահով հարթակ է նորանոր հաղթանակների համար։ Արցախը մեր կյանքի հարցն է, ոչ մի վարանում, ոչ մի տատանում, ոչ մի նահանջ այսօրվա հաղթանակած Արցախի իրողությունից ոչ մեկի թույլատրված չէ:

Ահա այսպես խոսեց արցախցի բարեկամս:

Հետո հանդիպեցի դաշնակցական ընկերոջս: Ո՞նց ես՝ հարցրի, մերոնք ո՞նց են:

Շատ բան է փոխվել, ընկեր՝ պատասխանեց: Հիշո՞ւմ ես, այն ժամանակ հայկական եկեղեցու, հայկական բանակի, ընտանեկան արժեքների, ազգային արժեհամակարգի, միաժամանակ Դաշնակցության դեմ պայքար էր սանձազերծվել: Հիմա պայքարողները չկան, բայց մենք կանք՝ ավելի հզոր, քան երբևէ եղել ենք:

Ուրախությունից արթնացա քնից և հայտնվեցի մեր իրականության մեջ: Ձեզ եմ թողնում եզրակացությունները, բայց ես հասկացա, որ տեսել եմ իրական սիրո և համերաշխության Հայաստանը: Ես հավատացի, որ այն լինելու է, որ չպետք է ոչ մի իրականությունից հուսախաբ լինել, չպետք է երբևէ հուսախաբ լինել:

Մենք ստեղծելու ենք սիրո և համերաշխության մեր երկիրը: Ով հավատում է իմ երազին, թող մեզ իր գործակիցը համարի, և գործենք կողք կողքի, ով ոչ՝ Աստված իր հետ, միևնույն է, իմ երազի երկիրը նաև իրենցն է լինելու:

Մենք ստեղծելու ենք մեր սիրո և համերաշխության նոր Հայաստանը, որտեղ՝

– ամուր և անսասան է լինելու մեր բանակը,
– ամուր ու անսասան է մնալու մեր եկեղեցին,
– ամուր ու անսասան են մնալու մեր ընտանիքները,
– իշխելու է արդարությունը, սոցիալական արդարությունը,
– Արցախը միշտ մնալու է հայկական ու անվտանգ,
և վերջապես մեր մեջ թշնամիներ չենք փնտրելու, չենք ունենալու…

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica