close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազատություն` չի նշանակում սանձարձակություն

Հարցազրույց

18 Սեպտեմբերի 2018, 17:05
 Ազատություն` չի նշանակում սանձարձակություն

Խոսքի և գործողությունների չափազանցված կամ չհասկացված ազատության պայմաններում ականատեսը եղանք մեր հոգևոր կառույցներից հիմնասյունի` Հայ առաքելական եկեղեցու  և նրա հոգևոր սպասավորների վրա հարձակումների ու ոտնձգությունների: Եկեղեցու բարեփոխման պահանջների անվան տակ փորձ է արվում ժողովրդի մեջ կոտրել հավատը հոգեւոր կառույցի նկատմամբ: Առաջին հերթին դա փորձ է վտանգելու մեր ավանդական արժեքները: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտանիքին: Այս հարցերի շուրջ զրուցեցի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

-  Տեր Եսայի, մեր հասարակության մեջ որոշակի խմորումներ են, տեղի են ունենում տեսակետների բախումներ ընտանեկան արժեքների նկատմամբ ոտնձգությունների հետ կապված, որոնք մասնավորապես ակտիվացել են  «թավշյա» հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում: Որպես հոգևորական, ի՞նչ գնահատական կտաք այս երևույթին:

-   Ընտանիքը մեր հասարակության ամենակարևոր այն օղակներից մեկն է, որով պայմանավորված են նաև մեր պետականությունը, հոգևոր և ազգային կյանքը:  Ընտանիքում են ծնվում մեր զինվորն ու հոգևորականը, մեր նախարարն ու վարչապետը, բանվորն ու պարզ աշխատավորը: Այս պատճառով  բոլոր ժամանակներում եկեղեցին  հատուկ ուշադրություն է կենտրոնացրել ընտանիքի վրա, որպեսզի այն լինի առողջ, այնտեղից դուրս եկող մեր հայրենակիցները հոգևոր իմաստով լինեն ամուր և ազգային պատկանելության տեսանկյունից` գիտակից: Այսօր ընտանեկան ինստիտուտի նկատմամբ պարտադրվում է այն մոտեցումը, որ, ինչպես տեսանք ընտանեկան բռնության հետ կապված օրենքի նախագծի քննարկումների ընթացքում, խրախուսվեն ազատ բարքերը և մեզ հրամցվող  նմանատիպ օտար արժեքները:  Ավանդական արժեքների ֆոնի վրա, որոնք սխալ են մեկնաբանվում շատ հաճախ, բերվում են փաստարկներ, թե անհրաժեշտ է, որ ընտանիքում բոլորը լինեն ազատ, իրավահավասար և այլն: Այստեղ ավանդական մոդելն է խեղաթյուրվում: Երբ ասում ենք` ընտանիքի ավանդական մոդել, նկատի չունենք այն, որ ընտանիքի հայրը ձեռքով պիտի խփի սեղանին, կարգադրություններ անի, բռնություն կիրառի: Ընտանիքի ավանդական, քրիստոնեական մոդելը սա չէ:

-Օրինակի հիման վրա կարո՞ղ եք դա ներկայացնել:

- Ավանդական մոդելը քրիստոնեական արժեքներով ձեւավորված ընտանիքն է, որտեղ հայրն ու մայրը, նրանց զավակներն ունեն իրենց տեղերը: Երբ ընտանիքի ավանդական մոդելը ներկայացվում է սև գույներով կամ սխալ մեկնաբանությամբ, դրան իբրև հակադրություն բերելով «եվրոպական արժեքները», հաճախ մարդիկ ասում են, թե ինչ լավ է, որ այսպիսի ազատ մտածելակերպ կա, մոռանալով, որ այստեղ թիրախ է վերցված ոչ թե այն ընտանիքը, որտեղ կա բռնություն, այլ` առհասարակ ընտանիքի խորհուրդն ու գաղափարը, որոնց նկատմամբ է կատարվում այդ ոտնձգությունը: Զավակ-ծնող, եղբայրներ-քույրեր հարաբերությունների, այսպես կոչված, ազատականացման գործընթացում մեկը մյուսի համար պատասխանատու չէ, ամեն մեկը կարծում է, թե ինքն ազատ է ու արհամարհում է դիմացինի ազատությունը, այսինքն` ես ինչ ուզեմ, կանեմ, շատ էլ, որ այս ընտանիքի անդամ եմ: Ազատության գաղափարի սխալ կամ թյուր պատկերացումն է մեզ հրամցվում:  Այնինչ, քրիստոնեությունը 2000 տարի է` խոսում է այս արժեքների մասին եւ սովորեցնում, որ  ազատություն՝ չի նշանակում սանձարձակություն:

- Ազատության սխալ մեկնաբանություններին  նաև հանրային կյանքում ենք ականատես: Համահայկական շարժման օրերին, թվում էր, թե սիրո և ազատության մթնոլորտ պիտի տիրեր, սակայն տեսանք հակառակը՝  շատ դեպքերում  գլխիվայր շուռ եկած էին այդ հասկացությունները, խեղաթյուրված էին սիրո ու մասնավորապես ընկերասիրության մասին պատկերացումները: Դա նաև քրիստոնեական բարոյական արժեքներից հեռացվածության հետևա՞նքը չէ:

-  Իհարկե: Ամբողջ խնդիրն այն է, որ մարդու եսն ու էգոիզմն են շեշտադրվում.  դու ես, քո ցանկություններն են, ինչ ուզես, կարող ես անել, ո՞վ է ասել, թե որևէ մեկը քեզ պիտի սահմանափակի, դու ազատ ես: Այնինչ, խղճի ազատությունը չի նշանակում ստեղծել ամեն օր նոր կրոնական ուղղություններ և այլն: Կրոնի ազատությունը չի նշանակում Աստված ստեղծել. ես այս Աստծուն չեմ հավանում, չեմ ուզում, ես ինձ համար նոր Աստված եմ ստեղծում, այսինքն` ինչպես անում են աղանդավորները: Խոսքի ազատությունը չի նշանակում բոլորին զրպարտել ու հայհոյել և չկրել պատասխանատվություն: Ազատությունն այսօր սխալ է մեկնաբանված մեր իրականության մեջ: Իհարկե, մարդիկ շատ լավ գիտեն, որ քրիստոնեությունն ազատության լավագույն կրողն է: Քրիստոնեությունից ավելի լիբերալ համակարգ գոյություն չունի աշխարհում, երբ իմ ազատությունը չի սահմանափակում ուրիշի ազատությունը: Սա ամենաիդեալական, կարևոր պայմանն ու չափանիշն է մեզ համար: Այսօր, սակայն, դիտավորյալ սա աղճատվում  և սխալ է մեկնաբանվում, որպեսզի բերեն այն հակադարձումը, թե` տեսե′ք, այսպես վատ է, ձեզ խանգարում են, ձեզ արգելում են, իսկ դուք պետք է լինեք ազատ:

Հայ ընտանիքում երբեք որևէ մեկի ազատությունը չի սահմանափակվել բռնի կերպով կամ դիմացինի ազդեցությամբ: Եթե ես խուսափել եմ  ինչ-որ բան ասելուց, այսպես կամ այնպես խոսելուց, չի նշանակում, որ ես կաշկանդված եմ եղել կամ էլ` իմ վրա բռնացել են: Սա իմ հարգանքի դրսևորումն է: Աղանդավորական ուղղվածություններն ընտանիքի անդամներին կիսում են երկու բանակի և քայքայում են ընտանիքը հենց այս ձևով: Ասենք` մեկը գնում է այս աղանդի կողմը, մեկը չի գնում, ու դրանից ծնվում է կոնֆլիկտ, ինչի հետևանքով, մեծ մասամբ,  ընտանիքները բաժանվում են:

Սոցիալական խնդիրն է հաջորդ մարտահրավերն ընտանիքի համար, երբ փոխվում են տղամարդու և կնոջ դերերը: Սա արդեն ոչ թե որևէ կրոնական կազմակերպության կամ կրոնական հողի վրա է կատարվում, այլ, ավելի շուտ, դաստիարակության ու համընդհանուր` և′ բարոյական, և′ իրավական, և ′ մարդկային  արժեքների խեղաթյուրման հետեւանք է: Ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ տղամարդն իր տեղն ընտանիքում չունի կամ չի կարողանում գտնել: Կարող ենք բերել բազմաթիվ սոցիալական պատճառներ, օրինակ` տղամարդը չի աշխատում, կինն է աշխատում և նրա փոխարեն ընտանիքը պահում, ու դոմինանտն այդ տեսակ ընտանիքում դառնում է կինը, բայց դրանք արդարացումներ չեն: Եթե ընտանիք է, այստեղ կարևոր չէ, թե ով ինչքան է վաստակում: Տղամարդն ունի իր տեղն ընտանիքում, կինը` իր տեղը: Այստեղ ոչ թե դերերը նսեմացված են, մեկը մյուսին զիջում են կամ մեկը մյուսից առավել է, այլ ամեն մեկն իր գործառույթն ունի:

- Սոցիալական արդարության հաստատման` հրապարակում հնչեցվող կամ կառավարությունում մշակվող ծրագրերը բավարա՞ր են: Դրանք և նոր իշխանությունների կողմից առաջարկվող մոդելները կկարողանա՞ն հարթել հայ ընտանիքների առջև ծառացած խնդիրները:

-  Սոցիալական մասով ես չգիտեմ, թե որքանով կհաջողեն: Համենայն դեպս, հույս ունենք, հավատում ենք, որ կհաջողեն: Ես այդքան էլ ծրագրերին չեմ հավատում:  Այստեղ շատ կարևոր է մարդկային գործոնը: Կարող է հրաշալի ծրագիր գրվել, բայց գործադրողներն այն պարտաճանաչորեն կամ բարեխղճորեն  չիրականացնեն: Մենք այդ օրինակներն ունենք մեր պատմության մեջ և մեր անկախացումից հետո. թղթով ցուցանիշներում ամեն ինչ լավ է, բայց տեսնում ենք, թե, օրինակ,  սոցիալական խնդիրներն ինչքան են խորանում մեր իրականության մեջ, կամ ինչպես է քայքայվում ընտանիքը: Որքան էլ մարդուն ասում ես` հավատա, որ վաղը լավ կլինի, նրա համար կարևոր է ներկան: Սոցիալական խնդիրները բազմաթիվ դժբախտությունների, ընտանեկան խեղված ճակատագրերի պատճառ են դարձել:

- Մեր երկրում սոցիալական խնդիրներն ուժեղ քաղաքական ցնցումների չե՞ն տանի հասարակությանը:

-  Ես կարծում եմ` ազգովի քաղաքականությամբ զբաղվելն ամենամեծ բացթողումը կլինի: Իհարկե, պետք է գնալ ընտրությունների, մասնակցել ակտիվ, բայց անընդհատ հետաքրքրվել, եզրակացություններ անել: Կան մարդիկ իրենց պաշտոններում, թողե′ք աշխատեն: Եթե ուզում ենք սոցիալական իրավիճակը մեր երկրում շտկվի, եկեք ամեն մեկս բարեխղճորեն մեր գործը կատարենք:

Հոգևորականի խոսքը  նույնպես կարևոր է, թեև հնչում են կարծիքներ, թե եկեղեցին անկախ կառույց է և չպետք է խառնվի երկրում տեղի ունեցող փոփոխություններին: Եկեղեցու կամ հոգևորականի նկատմամբ հարձակումները յուրատեսակ բռնություն չե՞ն:

-  Ընտանեկան խնդիրներին եկեղեցին չի կարող չմիջամտել, և սա չի նշանակում, որ եկեղեցին խառնվում է պետական գործերին: Եթե, օրինակ, Ազգային ժողով է ներկայացվում որևէ օրինագիծ, որի մեջ եկեղեցին վտանգ է տեսնում ընտանեկան, մարդկային, բարոյական արժեքների հարցերում, շատ բնական է, որ  եկեղեցին  դիրքորոշում հայտնի և նույնիսկ առաջարկի վերանայել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես եղավ ընտանեկան բռնությանը վերաբերող կամ խղճի ազատության մասին օրենքների և այլ  դեպքերում: Այստեղ բացարձակապես միջամտության հարց չկա: Այդպես են ներկայացնում այն մարդիկ, ովքեր լավ են հասկանում, որ եկեղեցին մեր հոգևոր-ազգային կառույցներից ամենագլխավորն է: Ինչքան էլ պայքարում են եկեղեցու դեմ, հասկանում են, որ անզոր են, որովհետև ոչինչ չի ստացվելու: Կարող են որոշ ժամանակահատված խռովություններ, ներքին անհանգստություններ և ընդվզումներ առաջացնել, բայց եկեղեցու դեմ ոչ ոք չի կարող պայքարել, որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և այդ ժայռին պիտի բախվեն ու  իրենք պիտի կործանվեն: Հասկանալի է, որ եկեղեցին, լինելով կրողը ազգային, հոգևոր, բարոյական արժեքների, միակ ինստիտուտն է, որը երաշխավորն  է այն բանի, որ այս արժեքները մեր հասարակության մեջ պահպանվեն: Մեր եկեղեցին,  ինչքան ազատական, նույնքան էլ պահպանողական է: Մենք մեր եկեղեցու հայրերի շնորհիվ գտել ենք ոսկե միջինը: Բայց կան մարդիկ, ովքեր լավ հասկանում են, որ եկեղեցին շատ ու շատ հարցերում խանգարում է իրենց ծրագրերին: Եվ դրա համար  փորձում են հեղինակությունը ստվերել, զրպարտություններ, բամբասանքներ, կեղծ տեղեկատվություններ տարածել, բայց հիմնականում մարդիկ հավատացյալ են և հավատում են Աստծուն ու առաքելական մեր սուրբ եկեղեցուն:

Զրուցեց Մարիամ Հովսեփյանը

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica