close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի Հանրապետությունում գերագույն իշխանությունը ժողովուրդն է

Հարցազրույց

17 Սեպտեմբերի 2018, 14:31
 Հայաստանի Հանրապետությունում գերագույն իշխանությունը ժողովուրդն է

Ի՞նչն է այսօր մտահոգում մեր հայրենակիցներին` պատմական դասեր քաղելու տեսանկյունից, ի՞նչ ենք մտածում պետական-հանրային կյանքը փոխելու` առաջ քաշված գաղափարների վերաբերյալ, ի՞նչ ենք  ակնկալում: Պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արամ Սայիյանը ներկայացնում է իր մոտեցումները խնդրահարույց մի շարք հարցերի վերաբերյալ:    

- Արա'մ, Ձեր կարծիքով, որքանո՞վ է Հայաստանում անհրաժեշտ և տեղին  «անցումային արդարադատության» կիրառումը:

-  Ես իրավաբան չեմ և «անցումային արդարադատության» մասին ունեմ ոչ խորը պատկերացումներ: Այն ամենը, ինչ գիտեմ դրա մասին, ինձ հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ որոշ դեպքերում այն կիրառելի է Հայաստանում, քանի որ նախկին իշխանությունների կողմից այնքան են խեղաթյուրվել Սահմանադրությունն ու օրենսգրքերը, որ առանց նման միջոցառումների հնարավոր չէ:  Կարևորն այստեղ այն է, որ «անցումային արդարադատության» կիրառման ժամանակ խստորեն պահպանվեն մարդու իրավունքները և ՄԱԿ-ի ամրագրած սկզբունքները: Այլապես մեր երկիրը և կառավարությունը կդառնան շատ խոցելի դրսի ուժերի համար, և հեղափոխության շնորհիվ իրականացված իշխանափոխության լեգիտիմությունը մի վայրկյանում կփոշիանա: Կարծում եմ, որ Ն. Փաշինյանը և նրա կառավարության անդամները լավ գիտակցում են այս հարցի նրբությունը և աշխատելու են ամեն ինչ անել, որ այդ գործընթացը մնա իրավական հունի մեջ: Որպես ասածիս ապացույց` կարող եմ գոհունակությամբ նշել, որ սկսվել են խորհրդակցություններ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (կարծում եմ` հետագայում այլ ուժեր ևս կմիանան) միջև, այսինքն` Փաշինյանը գնում է «հաշտեցման կոմիտեներ»-ի ճանապարհով, ինչն, իհարկե, շատ ողջունելի է, քանի որ կարևորագույն խնդիրը, որ մենք ունենք հիմա, երկրի կայունությունն է:

- Համամի՞տ եք, որ Արցախի հարցում նոր իշխանությունների մոտեցումներն ու արված հայտարարությունները  քաղաքական ոչ բոլոր ուժերի կողմից են միանշանակ ընկալվում` դրանցում  նշմարվող որոշակի վտանգների պատճառով:

- Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը փորձում է ուղղել այն սխալը, որը եղել է Ռ. Քոչարյանի կառավարության օրոք, այն է՝ Արցախը որպես բանակցային կողմ դուրս հանելը: Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, առավել ևս, որ դա նախկինում ամրագրված է եղել Բիշքեկում՝ 1994 թ. մայիսին կնքված զինադադարի փաստաթղթում և վերահաստատված հաջորդ՝ 1995 թ.: Մենք պետք է օր առաջ շտկենք այս իրավիճակը: Միևնույն ժամանակ իրատեսորեն պետք է փաստել, որ Արցախին որպես բանակցային կողմ վերադարձնելը լինելու է շատ ծանր խնդիր, քանի որ ո′չ Ադրբեջանը, ո′չ էլ վերոնշյալ ուժերը չեն ցանկանալու այդ բանը: Սակայն հմուտ, սառնասիրտ և արհեստավարժ մոտեցման դեպքում, կարծում եմ, կարելի է այս հարցը լուծել:

- Օրեցօր չե՞նք համոզվում, որ «հրապարակի» դերը հասարակական-քաղաքական կյանքում չպետք է գերագնահատել, քանզի Լինչի դատաստանի ուրվականն է սկսելու շուտով Հայաստանում վախի մթնոլորտ ստեղծել:

- «Հրապարակի» որոշիչ դերի գերագնահատմանն ու դրա վտանգների առումով նշեմ, որ ինձ համար անհասկանալի ինչ-որ բան մնաց: Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված ժողովրդավարության այդ սկզբունքն ընդունելի է, բայց պետք է փաստել, որ հին հունական ժողովրդավարությունը կիրառել այստեղ, իմ կարծիքով, այդքան էլ տեղին չէ, և ահա թե` ինչու: Հունական քաղաք-պետություններում կենտրոնացած էր բնակչության մեծ մասը, և Ագորայում որոշումներն ընդունվում էին բոլոր ազատ, զենք կրելու ունակ տղամարդկանց քվեարկությամբ: Իսկ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ կազմում են մեր երկրի բնակչության ամենաշատը 10%-ը: Հասկանալի է, որ այժմ, հեղափոխության ազդեցության տակ, ժողովրդի մեծ մասը հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի քայլերին, սակայն հետո, երբ կյանքն իր բնականոն հունի մեջ մտնի, ինչպե՞ս է որոշվելու`  ժողովուրդը համաձայն է կառավարության այս կամ այն որոշման հետ, թե՝ ոչ: Եվ բացի այդ, այս ձևը, իմ կարծիքով, խիստ խոցելի է դառնում, և ներսի ու հատկապես դրսի ուժերը կարող են կասկածի տակ դնել այսպիսի «քվեարկությունների» արդյունքները: Ստեղծված իրավիճակից (երբ իշխանության բոլոր ճյուղերը գտնվում են իրար հանդեպ դիմակայության փուլում) դուրս գալու լավագույն տարբերակը, ըստ իս, համաժողովրդական հանրաքվեն է, որի արդյունքների օրինականությունը կասկածի տակ չի համարձակվի դնել ոչ ոք:

- Եկեղեցու հանդեպ ոտնձգությունները, Ձեր կարծիքով, չե՞ն կապվում մեր պետության անվտանգության, ներքին հիմքերի խաթարման ցանկության հետ:

 - Այս խնդիրը շատ բարդ և բազմաբովանդակ է, այդ իսկ պատճառով էլ հարկ է այն ուսումնասիրել բազմաթիվ տեսանկյուններից: Այն փաստը, որ Հայ առաքելական եկեղեցին կարիք ունի բարենորոգումների, համենայն դեպս, ինձ համար անվիճելի է: Այնպես որ, կարծում եմ,  Հայ առաքելական եկեղեցին պետք է բաց լինի արդիականացման համար: Այստեղ, սակայն, կա մի մեծ բայց... Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և եկեղեցին անջատված է պետությունից: Հայ առաքելական եկեղեցին անկախ կառույց է, և եթե խնդիրը չի վերաբերում պետությանը, ապա վերջինս իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին հարցերին:  Խնդրի բարդությունն այստեղ այն է, որ այս հակակաթողիկոսական շարժմանը միացել են մի շարք աղանդավորական կազմակերպությունների անդամներ (ամենայն հավանականությամբ` իրենց դրսից ֆինանսավորողների հրահանգով), որոնք նպատակ ունեն  ծանր հարված հասցնել Հայ առաքելական եկեղեցուն: Սա վտանգավոր երևույթ է, ես կասեի, սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, քանզի մեր ազգային ինքնագիտակցության հիմնասյուներից մեկը Հայ առաքելական եկեղեցին է, և որի կործանումով` կվերանա հայ ազգը օտարածին, ապազգային և հակապետական գաղափարախոսություններից պաշտպանող վահաններից մեկը:

Միաժամանակ մենք պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և նրա քաղաքացին ազատ է դավանելու այն կրոնը, որը նա ցանկանում է, կամ` ընդհանրապես ոչինչ չդավանել: Կարևորը, որ նրա խոսքերն ու գործերը չհակասեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև համամարդկային և ազգային բարոյական նորմերին:  

- Համաժողովրդական շարժման ընձեռած մի շարք հնարավորություններ ի չարս են օգտագործվում հանրային որոշ շերտերի և մասնավորապես օտարածին գաղափարախոսություններ կրողների կողմից` քանդելու կամ կազմալուծելու համար հասարակության հենասյուներից առաջնայինը` մեր ընտանիքները: Ինչո՞ւ  դրա դեմը չի առնվում պետական քարոզչամեքենայի կողմից` առնվազն դրանց պարունակած վտանգների մասին խոսելու և ներկայացնելու տեսակետից:

- Հայ ազգի և հայոց պետականության համար հայ ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցու հետ միասին, հարատևության հիմքեր են: Ակնհայտ է, որ այն ընտանիքները, որոնք հայկական ավանդույթների փոխարեն հագուրդ են տվել այլ ազգերի ավանդույթներին, կարճ ժամանակ անց, ձուլվել են այդ ազգերի մեջ: Հայաստանի անկախացումով թվում էր, թե ազգային հիմնական հարցերը՝ ազգային պետականության ստեղծումը և հայ ազգի ինքնության պահպանման հարցը լուծված են: Այժմ, սակայն, է՛լ ավելի վտանգավոր իրադրություն է ստեղծվել: Անկախ Հայաստանը, դառնալով միջազգային հանրության մի մասնիկը, ընդունում է տարբեր քաղաքական, քաղաքացիական, բարոյական, կրոնական գաղափարախոսություններ և հոսանքներ, որոնց մեջ կան նաև վտանգավոր ուղղություններ: Եթե դրան գումարենք այն փաստը, որ մեր երկիրը գտնվում է փաստացի պատերազմական վիճակի մեջ, ապա ակնհայտ  կդառնա, որ մենք ամենայն լրջությամբ պետք է վերաբերվենք դրսից եկող յուրաքանչյուր նոր երևույթի: Ներկայիս հիբրիդային պատերազմներում առաջնային տեղը չի հատկացվում ռազմական դիմակայությանը, այլ հակառակորդ երկրի տնտեսության, քաղաքական կառուցվածքի և բարոյահոգեբանական դիմագծի ոչնչացմանը:  Թյուր կարծիք է ստեղծվում, թե հեղափոխությունն իրականացրած ուժերը եկել են իշխանության, որպեսզի քանդեն ամեն ազգայինը և ներդնեն ապազգային բարքեր: Իհարկե, դա այդպես չէ: Կա՞ն արդյոք այդ ուժերի ներկայացուցիչները (կամ կամակատարները) Ն. Փաշինյանի թիմում: Չեն կարող չլինել, ինչպես նաև չեն կարող չլինել հակառակ ճամբարում: Ներկա կառավարությունը պարտավոր է ձերբազատվել այդ մարդկանցից, այլապես նա կկորցնի ժողովրդի վստահությունը և, ի վերջո, նաև`իշխանությունը, ճանապարհ բացելով հերթական քաղաքական անկայունության համար: Մեր երկրի իշխանությունները պարտավոր են պայքար մղել գլուխ բարձրացրած ամեն տեսակ կրոնական, սեռական փոքրամասնությունների, այսպես կոչված «պացիֆիստների», «ինտերնացիոնալիստների» դեմ:   

- Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելանում և բարդանում են, իսկ ժողովրդի դժգոհությունները առավել  քան հասցեական են: Ի՞նչն է խանգարում դրանց լուծմանը, գուցե հիմնամշակված ծրագրի բացակայությո՞ւնը:

- Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերը, ուղղված տնտեսության ազատականացմանը, բոլորին անխտիր հարկային դաշտ բերելուն, մենաշնորհների վերացմանը, խիստ ողջունելի են: Խիստ ողջունելի են նաև կառավարության ծրագրերը՝ ուղղված աշնանը բանկային տոկոսադրույքները իջեցնելուն: Խնդիրն ունի նաև բացասական կողմ: Ես դեռ չեմ տեսնում տնտեսության զարգացման ռազմավարություն: Պետության խնդիրը միայն ազատ շուկայական հարաբերություններ և մրցակցային պայքար ապահովելը չէ: Նա պետք է մշակի տնտեսության զարգացման ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայի համար: Պետք է հստակորեն նշվեն զարգացման նպատակները, ուղիները, միջոցները և այլն:

- Ի՞նչ եք կարծում, երկրի սահմանադրականության, ժողովրդավարական արժեքների և խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները չպե՞տք է դառնան քննադատության թիրախ: 

 -   Լիովին համամիտ եմ: Ամեն ինչ պետք է արվի օրենքի տառին համապատասխան: Ժողովրդավարական արժեքների պահպանումը մեր երկրում պետք է դառնա համար մեկ գերխնդիրը:

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա, ըստ իս,խնդիրը մի փոքր այլ է: Ոչինչ անփոփոխ չէ՝ փոխվում են ժամանակները, հասարակարգերը, և, ըստ այդմ էլ` պետք է փոխվի Սահմանադրությունը: Աշխարհի բոլոր երկրները ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկել իրենց մայր օրենքները: Սակայն բոլոր սահմանադրություններում անփոփոխ պետք է լինեն հետևյալ սկզբունքները՝ ժողովրդավարություն՝ խոսքի, խղճի, հավաքների, ԶԼՄ-ների ազատություն և կյանքի, արժանապատվության ու մասնավոր սեփականության պաշտպանություն: Իմ համոզմամբ` այժմ, երբ մեր երկիրը անցում կատարեց քրեաօլիգարխիկ հասարակարգից դեպի ժողովրդավարական հասարակարգ, մենք անպայման պետք է ունենանք նոր Սահմանադրություն, որը լիովին կապահովի քաղաքացիների բոլոր ազատություններն ու իրավունքները: Իմ կարծիքով` դա կարելի է կատարել՝ հրավիրելով Սահմանադիր ժողով, որտեղ, բացի հայտնի իրավաբաններից, պետք է ներկայացված լինեն քաղաքական հիմնական ուժերը, ինչպես նաև` հասարակական կազմակերպությունները (գիտական, բնապահպանական, մշակութային, մարդու իրավունքների և այլն): Կազմված Սահմանադրությունը անպայման պետք է դրվի  համաժողովրդական հանրաքվեի, քանզի գերագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն է:

 

 Հարցազրույցը  վարեց Մարիամ Հովսեփյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica