Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտով ծեփռտել, պետք է վաղուց անեին. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում Երևանի զարգացման տեսլականի և արդյունավետ կառավարման մասին:
«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը խոսքը սկսեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությանն անդրադարձով` ասելով, որ այն անմիջականորեն կապված է Հայաստանում քաղաքական իրադարձությունների և ավագանու ընտրությունների հետ:
«Թվում էր, թե կապված չէր, և մենք շատ ուրախ կլինեինք, որ կապված չլիներ, որովհետև ինձ թվում է` մենք արդեն ձևավորել ենք նոր իշխանություն Հայաստանում, որոնց պարտականությունն էր բացահայտել այն ապօրինությունը, որը տեղի ունեցավ: Պետք չէ այն կապել ընտրությունների հետ՝ մթնոլորտն ավելի շիկացնելով: Ով դա արել էր, պետք է բերման ենթարկվեր, և եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփռտել, վաղուց պետք է արած լինեին»,- ասաց Խուրշուդյանն ու ավելացրեց. «Հույս ունեինք, որ ավագանու ընտրություններն արդեն նոր Հայաստանում տեղի կունենան գաղափարական նոր միջավայրում: Այս մթնոլորտը բարենպաստ չէ ավագանու ընտրությունների անցկացման համար»:
Խուրշուդյանի խոսքով` պետք չէ ավելի շիկացնել մթնոլորտը: Վերադառնալով թեմային` նա ասաց, որ Երևանը վերջապես պետք է ժպտա: «Ես վստահ եմ, որ Երևանը ժպտալով կմասնակցի ընտրություններին և ճիշտ ընտրություն կանի: Եվ կարիք չի ունենա ամեն անգամ փողոց դուրս գալու և լարվածության մթնոլորտ ստեղծելու»,- նշեց նա: