close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մշակույթն ինքներս մեր մասին մտածելու որակն է. Արա Խզմալյան

Հարցազրույց

6 Սեպտեմբերի 2018, 16:41
 Մշակույթն ինքներս մեր մասին մտածելու որակն է. Արա Խզմալյան

Ամեն անգամ, երբ մշակույթի նոր նախարար ենք ունենում, ֆիքսվում է այն փաստը, որ մշակութային քաղաքականություն չենք ունեցել: Խոսք է լինում ռազմավարություն մշակելու մասին, բայց այն այդպես էլ կյանքի չի կոչվում: Թե որո՞նք են պատճառները, կամ ի՞նչ ճանապարհով պետք է հասնել խնդրի լուծմանը, Yerkir.am-ը զրուցել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի հետ:

- Պարո'ն Խզմալյան, ո՞րն է պատճառը, որ մշակութային քաղաքականություն այդպես էլ չենք ունենում: Բացի այդ՝ մշակութային քաղաքականությունն ի՞նչ դրույթների հիման վրա պետք է կազմվի, ովքե՞ր պետք է ներգրավվեն այդ գործում:

- Ինձ թվում է՝ պատճառների պատճառը վերաբերմունքն է մշակույթի հանդեպ, մշակույթի թյուրընկալումը և մշակույթի դերի թերագնահատումը՝ գլոբալ քաղաքականության համատեքստում: Այս թեմայի վերաբերյալ վերջին շրջանի իմ հրապարակային ելույթների նպատակն է հարցի շուրջ քաղաքական քննարկում կազմակերպելը: Հարցը պետք է դուրս բերել միայն մշակութային դիսկուրսից և դնել առավել լայն կոնտեքստի մեջ: Կարո՞ղ եք հիշել վերջին տարիներին ԱԺ-ի որևէ նիստ, երբ մշակույթին առնչվող ինչ-որ հարց է քննարկվել: Չի եղել նման բան: Տարիներ շարունակ մշակույթը դուրս է մնացել քաղաքական քննարկումների դաշտից, թերագնահատվել է որպես պետական կառավարման, միջպետական հարաբերությունների կարևոր օղակ: Սրա պատճառն այն է, որ մշակույթի կարգավորմամբ զբաղվել են ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, և մշակույթի գործիչներն իրենք իսկ տարիներ շարունակ վարկաբեկել են իրենց հասարակության աչքերում: Հիշեք՝ ինչեր են ասել նրանք քաղաքապետերի, նախագահների, վարչապետերի մասին, ինչ հեշտ են փոխել իրենց հայացքները փոփոխվող իշխանությունների հետ: Մենք ունենք տաղանդավոր ու վաստակաշատ արվեստագետներ, որոնք, ցավոք, արժեզրկված քաղաքացիներ են ու անկշիռ, հանրային հեղինակությունից զուրկ մտավորականներ. տեսել ենք նրանց քստմնելի պահվածքը, իսկ պահանջատիրությունը տեսել ենք միայն աշխատավարձին, կոչումներին, պաշտոնին վերաբերող խնդիրներում: Եզակիներն են եղել վերանձնական հարցեր բարձրացնողները: Անհրաժեշտ է նաև գիտական մոտեցում ներարկել մշակույթի կառավարման ոլորտին: Սրանք պարզապես խոսքեր չեն: Մեզ անհրաժեշտ են, ի վերջո, հստակ վիճակագրական տվյալներ, հստակ տեղեկատվական համակարգ, չունենք նաև այդ տվյալները վերլուծելու հնարավորություն: Այսինքն՝ ինստիտուցիոնալ մոտեցման խնդիր ունենք:

-Այսինքն՝ մշակութային քաղաքականության ծրագիրը պետք է մշակվի ոչ միայն մշակութային գործիչների կողմից: Տեսնո՞ւմ եք այդ պոտենցիալը, որպեսզի այդ ծրագիրն, ի վերջո, կյանքի կոչվի, որպեսզի, անկախ նրանից, թե ով կլինի նախարարը, փորձենք շարունակել ոլորտում տարվող քաղաքականությունը:

- Տեսեք՝ հազարավոր դիմումներ են գնում մշակույթի նախարարություն, և մեր ստեղծագործողներից յուրաքանչյուրին թվում է՝ ամենահանճարեղ ծրագիրն իր ծրագիրն է, ու եթե մերժում են ինչ-որ հայտ, դա ընկալվում է որպես կամայական կամ քմահաճ վերաբերմունք: Իրավիճակը մնալու է նույնը, քանի դեռ չկա այն հանգուցային փաստաթուղթը, որը կդառնա նաև ծրագրերի ֆինանսավորման կողմնորոշիչը: Մշակույթի ռազմավարության, կառավարման խնդիրը պետք է դուրս դրվի անհատական որոշումների համատեքստից: Սա անհրաժեշտ է առաջին հերթին մշակույթի կառավարմամբ զբաղվող գերատեսչությանը: Ես շատ եմ կարևորում, այսպես կոչված, խարիզմատիկ մշակութային քաղաքականության գաղափարը: Պարզ է, որ  չունենք մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ և պետք է ընտրենք կազմակերպություններ, մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն միջազգային ճանաչելիություն և հեղինակություն: Նրանց միջոցով էլ երկիրը պետք է դուրս բերենք արտաքին աշխարհ ու այն դարձնենք ճանաչելի, դիրքավորվենք ոչ միայն որպես հարուստ մշակութային ժառանգություն ունեցող պետություն, այլև այսօր իսկ արժեք ստեղծող երկիր: Այսինքն՝ երկրի դեսպանների ինստիտուտը պետք է ձևավորել՝ ստեղծագործական կապիտալը ճիշտ օգտագործելով: Դրսում աշխատող մեր տաղանդավոր տղաները մեր արտաքին կապիտալն են, որ կարող են ծառայել մեր պետական շահերին: Նման մոտեցումը կարող է ունենալ ոչ միայն մշակութային, այլև ընդգծված տնտեսական-զբոսաշրջային ազդեցություն:

-Ստացվում է՝ եթե մենք ունենանք ռազմավարություն, որը կմշակվի ոչ միայն մշակույթի գործիչների կողմից, դրանով իսկ կլուծե՞նք մեկ այլ խնդիր՝ քայլ կանենք` մշակույթը դուրս բերելու այն կաղապարից, որ մշակույթը պետք է միայն մշակույթի գործիչներին, և ցույց կտանք մշակույթի դերի տարողունակությո՞ւնը:

-Հարցը հետևյալն է՝ մշակույթն ածանցյա՞լ է, թե՞ առաջատար: Նպաստավոր պայմաններ են հարկավոր ստեղծագործողների համար, սակայն մի բան է գեղարվեստական արդյունք ստեղծելը, մեկ այլ բան՝ այդ արդյունքը հանրայնացնելն ու պետական շահերին ծառայեցնելը, իսկ դա ոչ թե հնարավոր, այլ անհրաժեշտ բան է: Մշակույթի ռազմավարություն մշակելը լուրջ գիտական, ինստիտուցիոնալ, միջգերատեսչական աշխատանք է, սա ստեղծագործական զրույցի տեղ չէ, էկրանային ամենօրյա քննարկումների առարկա չէ: Բազմաթիվ մարդիկ կան, ում տեղը չգիտենք, որոնք ունեն իմացության լայն սպեկտր և կարողանում են երևույթներն արժևորել, գնահատել ու տեսնել միջազգային պրոցեսների համատեքստում: Եվրոպայի տնտեսական ծանրաքարշը՝ Գերմանիան, մշակութային քաղաքականությունը դարձրել է արտաքին գլոբալ քաղաքականության բաղադրիչ, և պատահական չէ, որ մշակութային ծրագրերի զգալի մասը տրվում են արտաքին գործերի համակարգմամբ զբաղվող գերատեսչությանը: Մենք չունենք այդ ռեսուրսը, բայց եղած ուժերը կարող ենք առավել նպատակաուղղված կիրառել:

-Խնդրի լուծմանը հասնելու համար ի՞նչ ճանապարհ է պետք անցնել:

- Հասարակական սպասումներն այսօր վերելքի վրա են, և անկախ նրանից՝ ով ում է համակրում, ով որ քաղաքական ուժն է նախընտրում, կա իրողություն, և այդ իրողության մեջ յուրաքանչյուրս առավելագույնն անելու, մեր ոլորտը կարգավորելու և առաջ տանելու պարտավորություն ունենք: Չեմ ուզում բավարարվել` միայն հարցերը բարձրաձայնելով, քանի որ խորապես համոզված եմ՝ ժամանակն է զբաղվել հարցերը կարգավորելով: Հանդիպումներ են պետք կոմպետենտ մարդկանց հետ, որպեսզի կարողանանք այս գաղափարների ներուժն ու հեռանկարները դիտարկել տարբեր տեսանկյուններից: Համոզված եմ, որ հանդիպումների և ընդհանուր քննարկումների արդյունքում մի շարք հարցերի վերաբերյալ կունենանք համակողմանի մոտեցում: Հարցի լուծմանը հասնելու համար մեզ խանգարում է չափից ավելի անհատակենտրոն լինելը: Մենք համայնական չենք, դժվար ենք համախմբվում մի գաղափարի, ծրագրի շուրջ: Մեզանից յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն ամենախելոքն է և բավարարվում է` կարծիք հայտնելով, իսկ գործնական քայլերի անցնելու հարցում բարդություններ ենք ունենում:

-Ֆինանսական մեխանիզմների փոփոխության կարիք չկա՞. ֆինանսական մեխանիզմներից բոլորը դժգոհ են, անգամ ֆինանսավորվող կողմը մինչև վերջ գոհ չի լինում: Ի՞նչ անելիքներ կան այստեղ, ի՞նչը պետք է փոխվի:

-Ամենալուրջ խնդիրը մշակույթի ֆինանսավորման պետական մենիշխանությունը վերացնելն է: Եթե մշակույթի ոլորտը սնուցվում է միայն պետական միջոցներով, նշանակում է՝ կամա, թե ակամա կաշկանդված է ստեղծագործական ու քաղաքացիական ազատությունը: Իշխանական դիրքորոշմանը հակառակ մի դրսևորում, և կարող ես զրկվել ֆինանսական աղբյուրներից: Նույնիսկ մասնավոր հովանավորությունն էր պետական հսկողության տակ: Ինքնակամ հովանավորություններ քիչ էին լինում: Մի կարևոր բան էլ՝ հրաժարվենք պետական ֆինանսավորման համահարթեցման և համահավասարեցման սկզբունքից:

-Իսկ մշակույթի նախարարության դերակատարումը ո՞րը պետք է լինի, այստեղ էլ վերանայումների կարիք արդյո՞ք չկա:

-Հարցն այն է, թե ի՞նչ ֆունկցիաներ ենք ուզում տեսնել լիազոր մարմնի գործունեության մեջ, ի՞նչ պետք է անի նախարարությունը: Իմ կարծիքով՝ մշակույթի նախարարության և ստեղծագործողների հարաբերությունները պետք է լինեն առավելագույնս միջնորդավորված: Որքան ավելի սահմանափակ լինի նախարարության՝ ուղղակի որոշումներ կայացնելու իրավունքը, այնքան ավելի լավ: Մշակույթի նախարարությունը, ըստ իս, մի քանի կարևոր գործառույթ ունի իրականացնելու՝ պատմամշակութային ժառանգության պահպանություն, այսպես ասած՝ մշակույթի միջազգային ճակատի ձևավորում, բարենպաստ օրենսդրական դաշտի ստեղծում և մասնագիտական կադրերի պատրաստման խնդրի համակարգում, հատկապես` համայնքներում:

-Մշակույթի միջոցով ի՞նչ խնդիրների լուծմանը կարող ենք հասնել, ի վերջո, մշակույթը նաև տալիս է, չէ՞, նման հնարավորություն:

-Մեր հասարակությունը տևապես ապրել է ազգային նիհիլիզմի, ոչնչապաշտության խավարում: Մշակույթը պետության դրական իմիջի ձևավորման հարցում ունի իր հստակ դերը: Սա միայն ստեղծագործական աշխատանք չէ: Հենց մշակույթի միջոցով կարող ենք հաղթահարել հանրային հոռետեսությունը, հատկապես` մարզերում: Երևույթն այնտեղ հասել է ծայրահեղ աստիճանի. լքվածության, աշխարհից կտրված լինելու, միասնական դաշտից դուրս մնալու զգացողություն կա: Անհուսության հաղթահարման զորեղ գործիք է մշակույթը: Մշակույթն ինքներս մեր մասին մտածելու որակն է, նաև տեղեկատվական քաղաքականություն է: Եթե առավոտից երեկո խոսում ենք ազգի արատների մասին, որ մեր ազգը ազգ չէ, երկիրը երկիր չէ, նշանակում է՝ մշակույթը հսկայական բան է բաց թողել կրթական և տեղեկատվական դաշտում: Երբ ասում ենք` հայ, ես, օրինակ, հասկանում եմ միջնադարյան լուսամիտ հեղինակներին, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, Չարենցին, Մատենադարանը, Գրականության և արվեստի թանգարանը, Վիկտոր Համբարձումյանին, մեր կողքին ստեղծագործող տաղանդավորագույն մարդկանց՝ Սերգեյ Խաչատրյանին, Նարեկ Հախնազարյանին, Լիպարիտ Ավետիսյանին և այլոց: Իսկ մեզանում առկա հետին ասիական բարքերը պատմության հարկադրական պատվաստումներն են  քաղաքական վայրիվերումների ընթացքում: Ինքնամաքրագործման հսկայական մեխանիզմ է մշակույթը: Այն կարող է մաքրել մեր գիտակցությունն աղբից ու կեղտից, մեր մեջ վերականգնել ազգային արժանապատվությունը, հայ լինելու գիտակցումն ու դրա ամբողջ պոտենցիալն ապագայի համար: Այս կոնտեքստում պետք է դիտվի մշակույթը, ոչ թե՝ միջոցառումների ֆինանսավորման:

Հարցազրույցը՝ Կարինե Հարությունյանի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica