close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն առաջարկում է եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ, որոնցից մեկը համահարթ տարբերակն է

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 15:06
 Փաշինյանն առաջարկում է եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ, որոնցից մեկը համահարթ տարբերակն է

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրեց եկամտային հարկի` առաջարկվող փոփոխությունները: Նա նախ նշեց, որ գործող համակարգով` մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն դրամ ստացողները` 28 տոկոսով, 2 միլիոն դրամից ավելի ստացողները` 36 տոկոսով: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում փոխել հարկային համակարգը` այն համարելով վատը:

Փաշինյանի խոսքով` այն վատն է, քանի որ ծանր հարկային բեռ է նախատեսում քաղաքացիների համար: Բայց կա նաև մեկ այլ պատճառ` այս հարկային համակարգը խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը: Հայաստանում գոյություն ունի շահութահարկ` 20 տոկոս դրույքաչափով, գումարած` 5 տոկոս դիվիդենդի հարկ: Եվ Հայաստանի ռեզիդենտ տնտեսվարողների համար շահութահարկի ու դիվիդենդի հարկի գումարն ավելի ցածր է, քան եկամտային հարկը: Սա հանգեցնում է նրան, որ սեփականատերերը նախընտրում են հարկվել շահութահարկի ու դիվիդենդի դաշտում, աշխատավարձերը տալիս են ծրարով, այսինքն`մարդը կարող է ստանալ 250 հազար դրամ, բայց նրա անվան դիմաց ձևակերպված է` 100 հազար դրամ:

Վիճակը փոխելու համար Փաշինյանն առաջարկում է եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ: Առաջին տարբերակով, որպես աշխատավարձի շեմ, սահմանվում է ոչ թե 150 հազար դրամը, այլ 250 հազար դրամը, մասնավորապես` մինչև 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողները հարկվեն 25 տոկոս դրույքաչափով:

Երկրորդ տարբերակով` երբ սահմանվում է 23 տոկոս համահարթ եկամտային հարկ և շահութահարկ` գումարած դիվիդենդի հարկը, այսինքն` բոլոր աշխատավարձերի դեպքում ունենանք համահավասար եկամտային հարկ և շահութահարկ:

Համեմատելով այս երկու տարբերակը` վարչապետը կարծում է, որ շատերին առաջին տարբերակը կարող է ավելի լավը թվալ` սոցիալական արդարության տեսանկյունից, սակայն դա որոշակիորեն խաբուսիկ է: Քանի որ առաջին տարբերակի դեպքում, օրինակ` 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտը կավելանա 500 դրամով, իսկ 150 հազար դրամ ստացողներինը` 750 դրամով: «Սա այնքան էլ լավ արդյունք չէ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ առաջին տարբերակը շարունակելու է խրախուսել ստվերային աշխատավարձը:

Ինչ վերաբերում է երկրորդ` համահարթ տարբերակին, ըստ վարչապետի, այն ավելի լավն է, քանի որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար դա կարևոր հարց է: Բացի այդ` երկրորդ տարբերակը պարզեցնում է հարկային համակարգը, հաշվապահությունը: Համահարթ տարբերակը խրախուսում է, որ ստվերից դուրս գա աշխատավարձը: Վարչապետը միաժամանակ նշեց, որ համահարթ տարբերակն առավելությունների հետ մեկտեղ ունի թերություն, այն է` այս տարբերակից ամենաշատը օգտվելու են բարձր աշխատավարձ ստացողները` սկսած 250 հազար դրամ ստացողները:

Կառավարությունում այս թեմայով բազմաթիվ անգամ բուռն քննարկումներ են եղել, և ըստ վարչապետի` ռազմավարական առումով, հարկային համակարգի առողջացման համար ավելի ճիշտ կլիներ որդեգրել եկամտահարկի համահարթ տարբերակը: Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է ամեն տարի 0,5 տոկոսով շարունակել իջեցնել եկամտահարկի համահարթ տարբերակի տոկոսները` հինգ տարի անց այն դարձնելով միասնական 20 տոկոս:

Ըստ վարչապետի` այս առաջարկություններով շուտով կմեկնարկեն հանրային քննարկումներ, կամփոփվեն, կվերլուծվեն բոլոր առաջարկությունները, քննադատությունները:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica