close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լսածի՞ն հավատանք, թե՞ տեսածին

Հասարակություն

5 Սեպտեմբերի 2018, 13:12
 Լսածի՞ն հավատանք, թե՞ տեսածին

Օրերս կարդացի, հետո, կարդացածիս չհավատալով, նաև ուշադիր լսեցի նոր Հայաստանում քաղաքացու հաջողության հասնելու ՆՈՐ բանաձևը, որը հռչակում է Հայաստանի նոր կառավարությունը.

«… Հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել՝ յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է իրենից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ կարողանա ստեղծել հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը, որպեսզի յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և յուրաքանչյուրն ունի այդ դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու»:

Երկարատև սպասումից հետո ուրախությամբ արձանագրեցի, որ իմ ու իմ նման շատ այլ հասարակ քաղաքացիների անցած ճանապարհն այլևս դարձել է բանաձև, որի մասին ԱՅՈ՛ երազել ենք:
Ընկա պատրանքների գիրկը և հիշեցի, որ այս բանաձևի մասին միշտ ենք երազել, հատկապես, երբ, մեղմ ասած, ոչ արդար մրցակցության պայմաններում հանձնել ենք բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության քննություն, որը հետո ավարտել ենք բարձր առաջադիմությամբ, իսկ շատերն էլ՝ գերազանցության դիպլոմով: Մեղմ ասած՝ անառողջ մրցակցության պայմաններում և առանց «խնամի, ծանոթ, բարեկամի աջակցության»: Երբ այդ նույն ԲՈՒՀ-ում ասպիրանտուրա ընդունվելու համար գործերն ընդունող պատասխանատուները, տեսնելով մեր համառ ձգտումները, զարմացած ու զայրացած ասել են. «… կան անվճար ընդամենը մեկ-երկու տեղեր, այսինչ ամբիոնի վարիչի տղան կամ ռեկտորի բարեկամը և այլ «թիկունքավորներ» ևս դիմել են այդ տեղի համար, անիմաստ ժամանակ կկորցնես տղա ջան, եթե … ու բնականաբար դու չկաս ցանկում»: Երբ ասպիրանտուրայի քննությունը «պատահական մասնակցի» համար տևել է ժամեր, հանձնաժողովի անդամների խաչաձև հարցերով՝ մինչև հարցաշարի վերջին հարցը, իսկ մրցակցիդ՝ «թիկունքավորի» քննությունը անցկացվել է ամիսներ առաջ, տրված հարցատոմսով՝ ստանդարտ երեք հարց և հինգ րոպե: Ինչևէ …. Ստանում ես մասնագիտություն, գիտական աստիճան և կոչում:

Իհարկե, այդ ընթացքում հարյուրավոր դռներ թակելուց հետո գտնում ես աշխատանք, նաև՝ պետական համակարգում, համատեղությամբ դասավանդում ես քո հարազատ ԲՈՒՀ-ում: Սկսում ես սիրել քո գործը և նվիրվում ես քո աշխատանքին՝ անձնականը թողնելով մի կողմ, և տարիների ընթացքում գրանցում ես փոքր հաջողություններ՝ երազելով հաջողության հասնելու ՆՈՐ և ԱՐԴԱՐ բանաձևi մասին:

Հետո մտորումներից վերադարձա իրական կյանք և մի անգամից փաստեցի, որ հենցՀայաստանի առաջին օրերին էր, երբ ես ու իմ նման շատ այլ քաղաքացիներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են սիրով ու ջանք չխնայելով, և որ ամենակարևորն է՝ ազնիվ մղումներով ու ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ սպասումով:

Ինչու՞ «թացը խառնվեց չորին», ինչու՞ հետևողականություն չի դրսևորվում կադրային որոշումներում: Եվ վերջապես՝ ու՞ր մնաց ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Մինչև հաջողության նոր բանաձևի մասին լսելը մեզ համար գտել էինք պատասխանն ու հանգիստ անցել այլ աշխատանքի և գործունեության, որն ի դեպ՝ շատերի համար ավելի հարազատ է ու հետաքրքիր:
Բայց նոր բանաձևի պարագայում, կարծես, այդ նույն հարցի համար գտած պատասխանն այլևս անբավարար է, քանի որ առաջ եկավ մի նոր և այս անգամ արդեն առարկայական հարց. «լսածի՞ն հավատանք, թե՞ տեսածին»:

Եվ ուրեմն` ԱՅՈ՛, նորից երազում ենք, որ այս անգամ հարցի պատասխանը մի օր և իրականում դառնա՝ «հավասարապես՝ լսածին է՛լ, տեսածին է՛լ»:

Եվ վերջում. հեղափոխությունն արած ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է ասում՝ «տաշած քարը գետնին չի մնա»: Այս բանաձևը շատ ավելի հին է, բայց միշտ աշխատում է:

Արմեն Ավետիսյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica