close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+13°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեղափոխությունների օրինաչափությունները

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2018, 14:06
 Հեղափոխությունների օրինաչափությունները

Հեղափոխությունից առաջ տիրող վարչակարգերի դեմ գաղափարական պայքարի տրամաբանության մեջ է մտնում իշխանության քարոզած արժեհամահարգի դեմ պայքարը, դրա տարբեր հիմնասյուների հիմքերի սասանումը, անհատական վարքագծով ընդունված վարքականոններին ցուցադրական հակադրումը։ Այսպես է եղել ամբողջ աշխարհում եւ Հայաստանը բացառություն չէ։ Որքան երկար է տեւում վարչակարգերի հոգեվարքը, հասարակության առավել արմատական շերտի կարճ ժամանակում որպես վարքագծային տարբեր դրսեւորումը աստիճանաբար հանգեցնում է «գաղափարական» այլընտրանքային մոտեցումների համակարգի ձեւավորմանը։ Այս համակարգի առանցքը կազմում են առաջին հերթին իշխանության կրողների կողմից անարդարության, կոռուպցիայի, անպատժելիության, հղփացածության, համատարած ստի ու կեղծիքի եւ այլ հոռի երեւույթների դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությունը։ Այսպիսի դրսևորումների ամենաակնառու օրինակն է հիպիական շարժումը, որը սկիզբ է առել 60-ականներին ԱՄՆ-ում, սակայն այս գաղափարները տարածվել են ամբողջ աշխարհում։ Ոչ քաղաքական հիպպիական, իր էությամբ հասարակական գոյություն ունեցող արժեքների մերժման վրա ստեղծված շարժումը չէր կարող չդրսևորվել նաև քաղաքական համակարգի մերժման մեջ, և այստեղ հիպպիական շարժման միջից ծնունդ է առնում յիպպիական շարժումը, որը մերժելով քաղաքական գոյություն ունեցող համակարգը, ինքը չձևավորվելով որպես քաղաքական շարժում կազմակերպում է ցույցեր և երթեր իշխանությունների դեմ և նույնիսկ առաջադրում է նախագահության իր «թեկնածուին»՝ Պեգասուս անունով խոզին։ Այդ շարժումների շարքին կարելի է դասել նաև 1968 – ին Ֆրանսիայում սկիզբ առած ուսանողական շարժումնը, որի ծագման պատճառը սոցիալական էր, սակայն գաղափարական առումով իր մեջ ներառում էր քաղաքական ամբողջ ներկապնակը՝ ուլտրաաջերից մինչև կոմունիստներ, անարխիստներից մինչև պացիֆիստներ։

Սակայն արժեհամակարգի համատարած մերժողականությունը հաճախ հանգեցնում է նաեւ իշխանության կողմից քարոզչության ընթացքում օգտագործվող, իրականում հասարակության գոյատեւման եւ զարգացման համար իսկապես անհրաժեշտ արժեքների (ընտանիք, հայրենիք, հավատ, անկախություն, բանակ, հայրենասիրություն, բարոյականություն) եւ դրանց մասին խոսող ոչ միայն իշխող վարչակարգի կարկառուն ներկայացուցիչների, այլեւ քաղաքական, մտավորական, գիտական եւ այլեւայլ շրջանակների վարկաբեկմանն ու մերժմանը։ Այս արժեքների ցուցադրական վարկաբեկումը հաճախ նույնացվում է «արմատական հեղափոխականության» հետ եւ հասարակության մի զգալի մասի կողմից սկսում են ընկալվել որպես «ռեժիմի» դեմ անհաշտ պայքարի արտահայտություն։ Հասարակության ներսում առկա՝ իշխանության դեմ խոր եւ խուլ դժգոհության «պահանջարկը» հաճախ սկսում է բավարարվել բացահայտ հայհոյանքի «առաջարկով» եւ այդ հասարակության ամբողջ արժեհամակարգը թիրախավորողները սկսում են ընկալվել որպես հասարակության սպասելիքների եւ ակնկալիքների արտահայտողներ։
(շարունակելի)

 

(շարունակություն) մաս 2-րդ
Թե ինչքան կշարունակվի նման իրավիճակը, կախված է հիմնականում իշխանությունների վարքագծից, մասամբ նաեւ ընդդիմության գործելակերպից։ Հաճախ իշխանությունը ձեռնարկում է քայլեր՝ կուտակված հասարակական լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Դրանց արդյունավետությունը կախված է առաջին հերթին այն հանգամանքից, թե ինչքանով են այդ քայլերը համապատասխանում հասարակության ակնկալիքներին։ Եթե իշխանությունը իրավիճակը գնահատում է վերահսկելի, նրա կողմից ձեռնարկված քայլերը կրում են իմիտացիոն բնույթ, նպատակ ունենալով հնարավորինս պահպանել ստատուս քվոն, դրանով իսկ շարունակելով առավելագույնս օգտվել իրենց իսկ ստեղծած քաղաքական, տնտեսական եւ հասարակական հարաբերությունների համակարգի՝ իրանց եւ իրենց մերձավոր շրջապատի առավելագույն օգուտներ ստանալու հնարավորությունից։ Նման համակարգերում կարեւորագույն դերակատարություն է վերապահված ներքին անվտանգության, իրավապահ համակարգերին, որոշ դեպքերում նաեւ բանակին կամ ռազմականացված միավորումներին։
Հասունացող հեղափոխության վտանգը առավել իրատեսորեն գնահատող իշխանության մարմինները փորձում ենք լարվածությունը չեզոքացնել վերեւից նախաձեռնելով համակարգային որոշակի փոփոխություններ, կատարելով նաեւ որոշ, առավել վարկաբեկված անձանց և պաշտոնյաների կադրային փոփոխություններ, միեւնույն ժամանակ հնարավորինս անխախտ պահելով «համակարգի» հիմնասյուները»։ Այս գործելակերպի ամենավառ դրսևորումը եղավ խոր ճգնաժամում հայտնված Խորհրդային Միությունը, որի նոր, երիտասարդ առաջնորդ Միխայիլ Գորբաչյովը փորձեց կոսմետիկ, լոզունգային փոփոխություններ իրականացնելով կասեցնել երկրի փլուզումը։ Նույն բանն արդեն արել էին Անգլիական Կարլ 1-ին և Լյուդովիկոս 16-րդ թագավորները։ Գրեթե նույն գործելակերպը որդեգրեց Հայաստանում Սերժ Սարգսյանը։ Սա կարող է որոշ ժամանակով երկարացնել ռեժիմի հոգեվարքը, բայց այս քայլերը չեն կարող կասեցնել հասարակության արմատականացման, հեղափոխական կոչերի եւ գաղափարների տարածման, առավել անհանդուրժողական հակահամակարգային կոչերով հանդես եկող գործիչների ժողովրդականության աճին։ Սկսում է ձեւավորվել դասական իրավիճակ, երբ «վերեւներն այլեւս չեն կարող ապրել հին ձեւով, ներքեւներն էլ չեն ուզում ապրել հին ձեւով»։
(շարունակելի)

 

(շարունակություն) 3-րդ մաս

Հեղափոխական այս իրավիճակի հանգուցալուծումը սովորաբար կատարվում է խարիզմատիկ առաջնորդի կողմից ժողովրդի համար առավել ընդունելի ու հասկանալի կարգախոսներով վճռական պայքարի դուրս գալով։ Այս պայմաններում իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ ուժի գործադրմամբ, ճնշումների գնալով, ամեն գնով պահել իշխանությունը (որը հայտնի չէ կհաջողվի, թե ոչ), կամ էլ ինքնակամ հեռանալ։ Ուժի գործադրմամբ իշխանության պահպանումը, եթե դրանից անմիջապես հետո չեն կատարվում արմատական, համակարգային և իրական փոփոխություններ, միայն կարող են ժամանակավորապես հետաձգել հեղափոխությունը։ Ուժի գործադրմամբ իշխանությունը պահելու փորձերը բազմաթիվ են՝ սկսած Բուրժուական առաջին հեղափոխությունից Անգլիայում, վերջացրած Մարտի 1-ի իրադարձություններով Հայաստանում։ Բոլոր այն դեպքերում, երբ ուժի գործադրմանը չեն հետևում արմատական ռեֆորմներ, հեղափոխությունը հետաձգվում է կարճ ժամանակով։ Ուժի գործադրումից առաջ սկսված և հետո շարունակված արմատական բարեփոխումներով հեղափոխության հետագա զարգացման օրինակ կարող է հանդիսանալ Չինաստանը, որը 1989թ. Տյանանմին հրապարակում ուսանողական ցույցերը դաժանաբար ճնշելուց հետո կարողացավ իրականացնել տնտեսական հարաբերությունների ապագաղափարականացման, շուկայական տնտեսության արտոնմանն ուղղված լայնածավալ բարեփոխումներ, որը դարձավ այսօրվ չինական «հրաշքի» սկիզբը։
Սկզբում արդեն նշեցի, որ նախահեղափոխական շրջանում հասարակական պահանջներին համահունչ կարգախոսների հետ միաժամանակ հնչում են նաև հասարակության տարբեր դժգոհ շերտերի ու խմբերի իրենց կողմը գրավելու, հեղափոխական ընդհանուր, հնարավորինս հուժկու ալիք ձևավորելուն ուղղված կոչեր։ Այսպիսով ակնհայտորեն մարգինալ, իշխանության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր քայլի վարկաբեկմանն ու մերժմանն ուղղված կարգախոսներով հանդես եկող ուժերն սկսում են իրենց իդենտիֆիկացնել որպես հեղափոխության հիմնական շարժիչ ուժ, իսկ իրենց կարգախոսները՝ հեղափոխության հիմնական կարգախոսների անբաժանելի մաս։ 

Այսպիսով հեղափոխական շարժման մեջ, մինչև դրա հաղթանակը միաձուլվում են տարբեր, հաճախ իրարամերժ գաղափարական կողմնորոշումներ, տարբեր արժեհամակարգեր կրող ուժեր ու լիդերներ։ Սա արվում է մի տրամաբանությամբ՝ «առաջնահերթը իշխող ռեժիմի հեռացումն է, իսկ մեր տարբերությունների մասին մենք կմտածենք հեղափոխության հաղթանակից հետո»։ Այսպիսի «էկլեկտիկ» հեղափոխական ղեկավարությունների օրինակները բազմաթիվ են՝ Ֆրանսիայում կոմս Միրաբոյից մինչև Մարատ և Ռոբեսպիեռ, Ռուսաստանում՝ Օկտյաբրիստերից ու կադետներից մինչև Էսէսռներ ու բոլշևիկներ։
Հեղափոխության հաղթանակից հետո իշխանության մեջ են ընդգրկվում դրա ընթացքում քիչ թե շատ աչքի ընկած տարբեր գործիչներ։ Ստեղծված էյֆորիկ մթնոլորտում հնչող հեղափոխական, հասարակական սպասելիքների բավարարմանն ուղղված պահանջները՝ նախկին արատավոր համակարգի ամբողջական կազմաքանդման, հակաօրինական գործողություններով աչքի ընկած օդիոզ դեմքերին օրենքով նախատեսված պատասխանատվության կանչելու, անօրինական միջոցներով կուտակած հարստությունը պետական գանձարան վերադարձնելու մասին, սկսում են ուղեկցվել նախահեղափոխական շրջանում «բողոքային վարքականոն» ունեցող անձանց հայտարարություններով, որոնք փորձում են, արդեն որպես իշխանության կրողներ, հասարակությանը պարտադրել իրենց դավանած մերժողականությունը նաև ավանդական արժեքների, հեղինակությունների, վարքականոնի, փոխհարաբերությունների նկատմամբ, դրանք ներկայացնելով որպես հեղափոխական արժեքներ և հեղափոխության ձեռքբերումներ։ Բավական է հիշել բոլշիկյան հեղաշրջումից առաջ և հետո «պատերազմում սեփական երկրի պարտության գնով հեղափոխություն սկսելու», թշնամուն տարածքներ հանձնելու գնով իրենց իշխանության ամրապնդման փորձ անելու, եկեղեցին որպես հասարակության հիմարացման գործիք, ընտանիքը, որպես անցյալի մնացուկ ներկայացնելու փորձրը։ Նման ծայրահեղ դրսևորումների մենք, ցավոք ականատես ենք լինում նաև Հայաստանում։
(շարունակելի)

 

(շարունակություն) 4-րդ մաս

Հեղափոխության հաղթանակից հետո, տարբեր արժեհամակարգեր դավանող, երկրի զարգացման տարբեր պատկերացումներ ունեցող, պետական կառավարման համակարգին անծանոթ անհատների ներգրավումը պետական համակարգ, մինչ այդ իրենց կողմից ամենասուր քննադատության ենթարկված ոլորտների համար պատասխանատվության ստանձնումը ամենամեծ փորձությունն է հեղափոխության առաջնորդների համար։ Առաջին իսկ պահից սկսած փորձ է արվում գործերով ապացուցել իրենց հեղափոխականությունը, մերժելով տարիներով ստեղծված, օբյեկտիվորեն անհրաժեշտ, հասարակության կենսագործունեությունն ապահովող ու կարգավորող օրենքներն ու կանոնակարգերը։ Դրանք հայտարարվում են անցյալի մնացուկներ, իշխանությունների կողմից իրենց հասարակությունները կեղեքելու համար ստեղծված հատուկ գործիքներ։ Առաջացած հսկայական բացը փորձ է արվում լրացնել անձնական պատկերացումներով ու նախասիրություններով, պահի անհրաժեշտությամբ թելադրված մոտեցումներով, իսկ դրանց համար որպես հիմնավորում է դիտարկվում հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակն ու հեղափոխական անհրաժեշտությունը։ Դրա վառ օրինակ են Ֆրանսիայում 1793-ին ստեղծված Հասարակության փրկության կոմիտեն, Սովետական Ռուսաստանում հայտարարված ռազմական կոմունիզմի ժամանակաշրջանը, Չինաստանում Մաո Ցզեդունի կողմից իրականացված «կուլտուրական հեղափոխությունը»։ Շատ դեպքերում այս որոշումները ոչ միայն չեն բերում իրավիճակի բարելավմանը և հասարակության սպասելիքների արդարացմանը, այլև ստեղծում են անորոշության, խառնաշփոթ իրավիճակի։ Հեղափոխությանն աջակցած, տապալված ռեժիմները մերժած հասարակության մեջ աստիճանաբար սկսում են ճեղքեր առաջանալ։ Հասարակությունն իր ամբողջության մեջ մնում է հեղափոխության արդյունքների աջակիցը, սակայն արդյունքների սպասող և արագ փոփոխություններ ակնկալող մարդիկ սկսում են դժգոհել կոնկրետ քայլերից, դրանց անհասկանալիությունից ու անարդյունավետությունից։ 
Իշխանության եկած անհատները, ունենալով տարբեր տեսլականներ ու պատկերացումներ զարգացման ուղղությունների մասին, գործնական քայլերի մեջ ընկնում են խարխափումների ու անորոշության մեջ, իսկ ամենավտանգավորը՝ իրենց կատարած քայլերի անարդյունավետությունը փորձում են բացատրել ինչ որ դավադրությամբ, սաբոտաժով։ Անհրաժեշտություն է առաջանում նոր տերմինի՝ «հակահեղափոխության»։ Հեղափոխությունների մարդասիրական կարգախոսները՝ «Արդարություն, հավասարություն, եղբայրություն», «Հաց և խաղաղություն», սկսում են աստիճանաբար մոռացվել։ Առաջնահերթություն է հայտարարվում «հակահեղափոխականների» բացահայտումն ու պատիժը։ 
(Շարունակելի)

 

(շարունակություն) 5-րդ մաս

Հեղափոխության առաջին թշնամիները բնականաբար հռչակվում են նախկին ռեժիմն անձնավորող, հասարակության մեջ ամենաբացասական երևույթների մարմնավորումը հանդիսացող, կամ այդպիսին ներկայացվող գործիչները։ Նրանք նոր իշխանության կողմից առաջինն են թիրախավորվում, վերցվում վերահսկողության տակ (Կառլ2-րդ թագավորն Անգլիայում, Լյուդովիկոս 16-րդը Ֆրանսիայում, Նիկոլայ 2-րդը Ռուսաստանում, Աբյուլ Համիդ 2-րդը Օսմանյան կայսրությունում)։ Նրանք դիտարկվում են որպես անմիջական վտանգ հեղափոխության անիվը ետ պտտելու հարցում։ Ռեժիմի հեռացումն իշխանությունից առաջացնում է նրանց դաշնակից պետությունների հակազդեցությունը, որը երբեմն դրսևորվում է արտաքին միջամտության փորձերով։ Զինված հակահեղափոխական պայքարի սանձազերծման դեպքում հեղափոխության հաղթանակին ուղեկցող հայրենասիրական վերելքը, ժողովուրդների համախմբումը դառնում է պայքար հեղափոխության նվաճումների, իսկ այն դեպքերում երբ առկա է նաև ատաքին միջամտությունը՝ նաև Հայրենիքի պաշտպանության համար։ Արտաքին միջամտության հետևանքով ժողովրդային աննախադեպ միասնության օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ֆրանսիական մեծ հեղափոխությունից, Ռուսաստանում արտաքին ինտերվենցիայով ուղեկցվող քաղաքացիական պատերազմից մինչև Թուրքիայի 1920-24 թթ. քեմալական շարժումը։

Իրական հակահեղափոխության դեմ պայքարի առաջին փուլն ավարտվում է առաջին «արյամբ»՝ հակահեղափոխության խորհրդանիշը չեզոքացվում է (սպանվում է, բանտարկվում է, վտարվում է երկրից)։ Սա արվում է նաև հասարակության՝ նախկին կեղեքիչներին պատժելու հասարակական պահանջը բավարարելու համար, ապացուցելու համար, որ փոփոխություններն անդառնալի են, իրենք էլ վճռական են։ Շոուն ավելի լիակատար դարձնելու, նախորդների հետ տարբերություններն ավելի ցայտուն դարձնելու համար վերացվում են նախկին արտոնությունները, փոխվում է դիմելաձևը, նոր ղեկավարությունը ձգտում է հնարավորինս «ժողովրդական» դարձնել իր վարքագիծը, կենցաղը, նույնիսկ հագուստը։ Ֆրանսիայում իրար են սկսում դիմել «քաղաքացի», Ռուսաստանում՝ «Ընկեր», Մի տեղ արգելվում են կեղծամները, մի ուրիշ տեղ մինչ այժմ շարունակում են հեղափոխական ղեկավարները ֆրենչներ կրել։

Սակայն առաջին փուլի ավարտը սովորաբար չի բերում իրական փոփոխությունների ժողովուրդների կյանքում, որի պատճառները բազմաթիվ են՝ ռեֆորմների միասնական հայեցակարգի բացակայությունը, գաղափարական տարաբնույթ հոսանքների առկայությունն իշխանության մեջ, պետական կառավարման փորձի բացակայությունը և այլն։ Իրենց անհաջողություններն արդարացնելու համար հեղափոխական իշխանությունները սկսում են փնտրել ներքին հակառակորդներ, ներքին «հակահեղափոխականներ»։ Երկրորդ փուլում որպես այդպիսին սկսում են ներկայացվել նախորդ ռեժիմների ժամանակ իշխանության համակարգում եղած, նրանց հետ համագործակցած անձիք։ Սկսվում է նրանց «մերկացումը», «հակահեղափոխական գործունեության բացահայտումը», «հանցավոր ռեժիմի հետ համագործակցությունը»։ Այս մեղադրանքներն ուղեկցվում են «հեղափոխական» զանգվածների մասսայական աջակցության հրապարակային դրսևորումներով։

(շարունակելի)

 

(շարունակություն) 6-րդ մաս

Նախորդ ռեժիմի ներկայացուցիչների, ռեժիմի հետ համագործակցողների հետ հաշվեհարդարը ուղեկցվում է երկրում առկա բոլոր պրոբլեմներում նրանց մեղադրելով։ Երկրում առկա իրավիճակում զգալի փոփոխություններն ուղեկցվում են աղմկալից մեղադրանքներով ու հաշվեհարդարներով։ Հակահեղափոխության ուրվականի դեմ անհաշտ պայքարը հաճախ վերածվում է հեղափոխության հիմնական գործառույթի։ Ստեղծվում են հատուկ այս նպատակին ծառայող պատժիչ մարմիններ, նախորդ ռեժիմի օրենքները, որոնք նախատեսված չէին հակահեղափոխականներին պատժելու համար հայտարարվում են ճամանակավրեպ, դատարանները՝ նախորդ ռեժիմի սպասարկողներ, մեղադրանքի առաջադրումն ու դրա ապացուցումը՝ ժամանակի կորուստ և ձևականություն։ Ստեղծվում են դատական գործառույթներ իրականացնող, հեղափոխությանն իրենց նվիրվածությունն ապացուցած անձանցից բաղկացած հատուկ մարմիններ, որոնք արդարադատությունն իրականացնում են ոչ թե նախկին օրենքներով, այլ իրենց հեղափոխական խղճին ու գաղափարներին համապատասխան։ Հակահեղափոխության դրսևորում են սկսում դիտարկվել ոչ միայն այլ գաղափարների դավանումն ու հրապարակային արտահայտելու փորձը, այլև հեղափոխության առաջնորդների յուրաքանչյուր գործողությանն ու արտահայտած մտքին հրապարակային հավանություն չտալը։ Շարունակ ընդլայնվում է հակահեղափոխության մեջ մեղադրվողների շրջանակը։ հակահեղափոխականներ են հայտարարվում հասարակության նորանոր շերտեր։ Մեղադրենքների բովանդակությունը գնալով ծայրահեղանում են, իսկ պատիժները և դրա մեթոդները հարմարեցվում են հեղափոխական մասսաների՝ արյունոտ տեսարաններին ականատես լինելու պահանջին։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում նույնիսկ կիրառվեց հեղափոխության առաջին առաջնորդներից մեկի՝ կոմս Միրաբոյին գերեզմանից հրապարակային հանելն ու որպես դավաճան՝ նորից թաղելը, իսկ Հեղափոխության հարպարակում հասարակության մասնակցությամբ գիլիոտինի գործարկումը կրում էր հարահոսի (կոնվեյերի) բնույթ։ Սկսվում է քաղաքական այլ կուսակցությունների և հոսանքների չեզոքացումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Հասարակությունն աստիճանաբար վարժեցվում է «արյան համին», հեղափոխությանը հերթական զոհի մատուցումը ներկայացվում է որպես զանգվածների պահանջի կատարում։ Մասսայական ֆանատիկացումը դառնում է իշխանության հիմնական խնդիրներից մեկը, հասարակությունը ներգրավվում է «վհուկների որսում»։ Հեղափոխական իշխանությունը արյունահեղության մեջ որպես «գործընկեր» ներգրավում է հասարակության մեծամասնությանը, փոքրամասնությանը վերապահվում է լավագույն դեպքում անխոս վկայի, վատագույն դեպքում՝ զոհի կարգավիճակ։ Մարդասիրական կարգախոսները անդառնալիորեն անցնում են անցյալի գիրկը։

Հակահեղափոխականության մեղադրանքների ծավալի մեծացման համեմատ դրանց հասցեատերերի թփում սկսում են հայտնվել հեղափոխությունը նախաձեռնած, իրականացրած, նոր իշխանության մեջ կարևոր դիրքեր գրավող անձիք։ Սկսվում է հեղափոխության 3-րդ փուլը՝ պայքարն իշխանության համար, որն ուղեկցվում է հեղափոխության առաջնորդների փոխադարձ ոչնչացմամբ։

(շարունակելի)  

(շարունակություն) 7-րդ մաս, վերջին

Իշխանությունը վերցնելուց հետո «հակահեղափոխական» կամ այդպիսին հռչակված ուժերի դեմ պայքարին զուգահեռ, որը հաճախ ուղեկցվում է նրանց ֆիզիկական չեզոքացմամբ, իշխանության մեջ առանցքային դարակատարություն ստանձնած անհատների միջև սկսում է քողարկված պայքար միանձնյա անսահմանափակ իշխանության, հեղափոխական թիմի համար անառարկելի հեղինակություն հռչակվելու համար։ Արդեն հիշատակեցինք, որ հեղափոխությունից առաջ ռեժիմի դեմ միասնական ճակատի ձևավորումն իրականանում է առանց գաղափարական, աշխարհայացքային, ծրագրային տարբերությունների հաշվի առնելու, այդ ճակատի մեջ են ընդգրկվում նախորդ ռեժիմի նկատմամբ անհաշտ դիրք ունեցող բոլոր գաղափարական, իսկ երբեմն նույնիսկ անգաղափար, ուղղակի նախկինի անհաշտ մերժմամբ հանդես եկող անհատներն ու ուժերը։ Իշխանության համար պայքարն ուղեկցվում է հաճախ ավելի «արյունալի» տեսարաններով։ Հակահեղափոխականներ են հռչակվում երեկվա դաշնակիցնեը, հեղափոխությունը միասին իրականացրած անհատները։ Գաղափարական, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումները, հասարակական զարգացման ուղղությունների մասին նրանց տարբերվող րատկերացումները հայտարարվում են ոչ բավարար արմատականության դրսևորում, հեղափոխության արդյունքների վերանայման, նախորդ ռեժիմը վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ պայքարի զոհ են դառնում նույնիսկ այն գործիչները, որոնք հեղափոխության ժամանակ իրենց գործունեությամբ թվում է պետք է ապահոված լինեին «արմատական հեղափոխականի» վարկը։ Դրա ամենավառ ապացույցն իհարկե Ֆրանսիական մեծ հեղափոխության այնպիսի գործիչներ, ինչպես Ժորժ Դանտոնն ու Քամիլ Դեմուլենը (1789թ հուլիսի 14-ին առաջինն է հնչեցրել «Ի զեն» կոչը, որն ավարտվել է Բաստիլի գրավումով)։ Քաղաքական թատերաբեմից մրցակիցների հեռացումը դեռևս չի երաշխավորում նրանց հեռացնողների երկարակեցությունը իշխանության ղեկին։ Դանտոնին ու Դեմուլենին մահապատժի դատապարտած Ռոբեսպիեռն ու Սեն-Ժյուստը ընդամենը 3 ամիս անց մահապատժի ենթակվեցին՝ առանց դատի։ Նման պայքարում շատ հաճախ հաղթում է հեղափոխության խարիզմատիկ ղեկավարը, որը դառնում է երկրի անսահմանափակ իշխանության տերն ու կրողը, դառնում է պաշտամունքի առարկա (Օլիվեր Կրոմվել, Լենին, Մաո Ցզեդուն)։ Սակայն նրա ստվերում պայքարը շարունակվում է ժառանգորդ հայտարարվելու իրավունքի համար, որը նոր ուժով բորբոքվում է առաջնորդի մահից հետո, և ուղեկցվում է նոր բռնություններով ու զոհերով՝ Ստալինի պայքարը Տրոցկու դեմ, հետագայում այդ պայքարում իր դաշնակիցների՝ Կամենևի և Զինովևի, Բուխարինի դեմ, Դեն Սյոպինի պայքարը Մաոյի կնոջ՝ Ցզյան Ցինի և «չորսի բանդայի» դեմ Չինաստանում։ Այս ամենը սովորաբար ավարտվում է ոչ միայն հեղափոխության կարգախոսները, այլև հեղափոխության գաղափարախոսությունը մոռացության մատնելով և բովանդակային առումով նախահեղափոխական նույնատիպ ռեժիմի վերականգնումով, ինչպես այժմ Ռուսաստանում, որոշ չափով նաև Չինաստանում, իսկ շատ հաճախ հեղափոխական «թոհուբոհից» հոգնած ժողովուրդը չի ընդդիմանում, հաճախ նույնիսկ գոհունակությամբ է ընկալում ու ընդունում Ռեստավրացիան՝ հին կարգերի ամբողջական վերականգնումը, ինչպես Ֆրանսիայում և Անգլիայում։ Սա արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է։

Բագրատ Եսայան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica