close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրությամբ երկրի գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին

Հարցազրույց

31 Օգոստոսի 2018, 11:48
 Սահմանադրությամբ երկրի գերագույն իշխանությունը պատկանում է  ժողովրդին

Կարծիքներ, տեսակետներ   

 Ներհայաստանյան կյանքում կատարված և առաջիկայում սպասվելիք կարևոր փոփոխությունների շուրջ այսօր իր խոհերն է արտահայտում բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը:

- Պարոն Բախչինյան, առաջնահերթ ի՞նչ խնդիր կառանձնացնեիք:

- Հայաստանի առջև ծառացած խնդիրներից առաջնահերթը թավշյա հեղափոխությունը վերջնական հաղթանակի հասցնելն է, այն է՝ որքան հնարավոր է շուտ իրագործել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, առանց ընտրակեղծիքների, և ժողովրդի վերահսկողությանը հանձնել նաև օրենսդիր ու դատական իշխանությունը: Այս նպատակն է հետապնդում գործադիր իշխանությունը՝ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող ղեկավարի առաջնորդությամբ:

- Բարոյական մթնոլորտը բավարարո՞ւմ է Ձեզ այն առումով, որ հրաժարականների պահանջներ են պարբերաբար դրվում:

Տիրող բարոյական մթնոլորտը ավելի քան բավարարում է ինձ, քանի որ այն ստեղծվել ու ձևավորվել է ժողովրդի կամքով, և միայն ժողովրդի, որպես երկրի գերագույն իշխանության, կամարտահայտությամբ կարող է պահանջվել այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը՝ դպրոցի տնօրենից ու համայնքապետից սկսած մինչև երկրի նախագահ ու վարչապետ:

- Ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ որոշ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող անհարգալից վերաբերմունքը, կամ մարիխուանայի օրինականացված օգտագործման հետևանքների անտեսումը, կամ էլ միասեռականների ակտիվ հակաօրինական գործողությունները, ըստ Ձեզ,  վտանգներ չե՞ն պարունակում:

-  Մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է մեր հարևան Վրաստանում, բայց ես կողմնակից չեմ դրան: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն անհրաժեշտ է, եթե այն կատարվի նորովի, ոչ ազգային սնապարծության և ուռռա-հայրենասիրության հենքի վրա, այլ մեր ժողովրդի պատմության հերոսական էջերի խոր ուսուցմամբ: Անշուշտ, արտառոց երևույթ է, որ մայրաքաղաքում միասեռականները հարձակում են գործում ոստիկանական տեղամասի վրա, սակայն, մյուս կողմից, արտառոց երևույթ է, երբ բռնություններ են գործադրվում սեռական փոքրամասնությունների վրա: Այս խնդիրը պետք է կարգավորվի կրթական-դաստիարակչական և իրավական մակարդակներում:

- Այս առումով որքանո՞վ են արդյունավետ Հայաստանի պետական համակարգում կատարվող կադրային փոփոխությունները:

Կադրային խնդիրը պետական կառավարման մեջ ամենաբարդ հիմնահարցերից է, և դրա լուծումը երբեք էլ չի կարող բոլորի համար ընդունելի լինել, սակայն կարևոր է, որ պետական համակարգում հիմնականում հանդես են գալիս երիտասարդ ու կոռուպցիայի մեջ չթաթախված անձինք: Կարևոր է նաև, որ նրանց շուրջը լինեն փորձառու մասնագետներ:

- Առաջ քաշված կամ հանրության ուշադրությանը օրերս ներկայացված տնտեսական ծրագրի հիմնական ուղղությունները որքանո՞վ են կարողանալու բավարարել ժողովրդի սպասումները:

Ներկայացված տնտեսական ծրագիրն, ըստ էության, հեղափոխական ծրագիր է, որ ներկայացնում է քանդվող քաղաքական հակաժողովրդական բուրգի հետ միասին նրա մեջ սերտաճած քրեաօլիգարխիկ տնտեսակարգի կազմաքանդումը: Դրանից հետո է միայն հնարավոր կառուցել տնտեսական նոր համակարգի շենքը՝ ըստ արևմտյան լավագույն մոդելների և ըստ ազգային առանձնահատկությունների:

- Ինչպե՞ս կգնահատեք առկա տարաբնույթ խնդիրների լուծման համար ընտրված ուղին, այն է` անցումային արդարադատության մարմինների ստեղծումը:

-  Քանի որ օրենսդիր և դատական իշխանությունները, ցավոք, դեռևս հիմնականում չեն համապատասխանում նոր՝ ժողովրդավարական գործընթացներին, ապա համապատասխան իրավական մթնոլորտ ստեղծելու և բազում կարևոր խնդիրների արդարացի լուծում տալու համար շատ արդյունավետ եմ համարում անցումային արդարադատության մարմինների ստեղծումը: Նշված իշխանությունները ժողովրդի վերահսկողությանը ենթարկելու համար կարող են լինել նաև սահմանադրական փոփոխություններ՝ իրական հանրաքվեի միջոցով: Հիշենք, որ նույն սահմանադրությամբ ժողովրդին է պատկանում երկրի գերագույն իշխանությունը, ուստի դրական եմ գնահատում առաջիկայում հնարավոր սահմանադրական փոփոխությունների անցկացման գաղափարը՝ համոզված լինելով, որ այդ փոփոխությունները կարող են ճանապարհ հարթել կառավարության կողմից առաջնային համարված խնդիրների լուծման համար, և դա, բնականաբար, չի խաթարի գործող սահմանադրական կարգի տրամաբանությունը:

- Մտավախություն չկա՞, որ արդարության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման գործընթացները հնարավոր է վերաճեն ինչ-որ առումով քաղաքական հալածանքների:

- Մեր հասարակության մեջ միանշանակորեն ընդունվում է, կասեի՝ համաժողովրդական հրամայական է, որ պիտի արդարություն հաստատվի, պիտի կոռուպցիան արմատախիլ արվի, պիտի բացահայտվեն նախկին բոլոր հանցագործությունները: Դա ամենևին էլ չի տանում և չի տանի քաղաքական հալածանքների, քանի որ խոսքը համընդհանուր արդարադատության և օրենքի գերակայությունը վերականգնելու մասին է: Եվ եթե դատական համակարգն առողջացվի, ամեն ինչ ընթանա օրենքի սահմաններում, ապա ամենևին չի խախտվի մարդու անմեղության կանխավարկածը: Գործընթացներն այսօր, դրանց դեմ հարուցվող դժվարություններով հանդերձ, այդպես էլ ընթանում են, և մտահոգվելու կարիք չեմ տեսնում բնավ:

- Ընդունելի՞ է Ձեզ համար ժողովրդավարության ներկայիս այն ձևը, որի համաձայն` երևույթին բացասական գնահատական չի կարելի տալ, եթե դա չի հիմնավորվել հրապարակային հարթակում:

-  Մեզանում հաստատվել և գնալով պիտի խորանա իսկապես ժողովրդավարության մի նոր ձև, երբ գործելու է համազգային հրապարակային հարթակում արտահայտված ժողովրդական բացարձակ կամքը, երբ բացասական գնահատական կտրվի միայն հակաժողովրդական և հակազգային երևույթներին: Դա վտանգներ է պարունակում միայն նախկին հակաժողովրդական վարչակազմի սպասավորների համար:

- Ի՞նչ եք կարծում, առաջիկայում հնարավո՞ր են առճակատումներ, բախումներ:

-  Տասնամյակներ անց ներհայաստանյան կյանքը վերագտնում է իր համընդհանուր համերաշխության մթնոլորտը: Վկան մեր վերագտնված ժպիտներն են: Անշուշտ, ում համար մեր ժպիտները հաճո չեն, կփորձեն պառակտումների ու առճակատումների համար դուռ բացել, բայց դրանք բոլորն այլևս դատապարտված են ձախողման:

Հարցազրույցը՝ Մարիամ Հովսեփյանի   

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica