close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ լրատվամիջոցը վերածվում է կեղտոտ տեխնոլոգիաների խողովակի

Բլոգեր

30 Օգոստոսի 2018, 17:16
 Երբ լրատվամիջոցը վերածվում է կեղտոտ  տեխնոլոգիաների խողովակի
ՀՅԴ ֆեյսբուքյան էջում գրված է.
 
«Նախընտրական ժամանակահատվածները նորանկախ Հայաստանում միշտ էլ աչքի են ընկել ներքին լարվածության մեծացմամբ և, հատկապես, կեղտոտ տեխնոլոգիաների կտրուկ ակտուալացմամբ: Քաղաքական պայքարը դառնում է ավելի թեժ, բայց քաղաքական ճամբարները ոչ բոլոր դրվագներում են կարողանում զերծ մնալ հակառակորդներին անխնա սևացնելու, նրանց վրա ցեխ շպրտելու գայթակղությունից` հուսալով, թե կկարողանան այդ կերպ մի քանի դիվիդենտ ճարել սեփական իմիջը դրական լույսի մեջ ցուցանելու համար:

Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ քաղաքական շրջանակների կիրառած կեղտոտ տեխնոլոգիաների շարժիչ ուժը գրեթե միշտ եղել են զանգվածային լրատվամիջոցները, որոնք նաև հրաշալի թաքստոց են ծառայում քաղաքական անփառունակների համար: Մամուլի հրապարակումներում նրանց դեմքը, սովորաբար, չի երևում: Մեջտեղում լրատվամիջոցն է` իր ընթերցողով և հենց այդ անմիջական շփման պահին էլ թաքստոցից նետված թույնը սահուն կերպով ներարկվում է ընթերցողին: Մեխանիզմը բավականին հուսալի է, բայց այնքան բարդ չէ, որպեսզի քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեցողը չզգա, թե ինչ է կատարվում իրականում:

Ահավասիկ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են և կրկին նույն պատկերն է մեզանում: Չխոսելով մասնակից առանձին ուժերի ու դաշինքների էության մասին` նշեմ միայն, որ արդեն իսկ ուրվագծվում է այն լրատվամիջոցների շրջանակը, որոնք ստանձնել են քարոզարշավն ու պայքարը մունդռելու «սուրբ» գործը: Շքերթը գլխավորողների մեջ է, բնականաբար, «Ժամանակ» թերթը` 1in.am էլեկտրոնային իր տարբերակով հանդերձ, որտեղ, չգիտես ինչ «պատահականությամբ» կենտրոնացած է սկանդալային անցյալով մարդկանց մի շրջանակ, որոնք այսօր խուսափում են անգամ իրենց սեփական անուն ազգանուններով հանդես գալ: «Մանր» խուլիգանություններով հայտնի են գլխավոր խմբագրից մինչև զանազան Արծրունինեն ու Կայծունիները, որոնք իրենց կյանքում լիուլի ճաշակել են հասարակական պարսավանքի դառը համը, սակայն միշտ փրկվել` ընտրած մասնագիտությունը սրա-նրա ոտքի տակ փալաս դարձնելու գնով:

Եվ ահա, «Ժամանակ» թերթը և 1in.am-ը կրկին հայտնվել են սկանդալի կենտրոնում, այս անգամ Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանի մասին մի ստահոդ հրապարակման պատճառով: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակն արդեն իսկ հակադարձել է «Առաջին» լրատվականի այդ հրապարակմանը և ամենայն մանրամասնությամբ հերքել ԶԼՄ-ի «փաստական» խեղաթյուրումներն ու զրպարտությունները, սակայն լրատվամիջոցը շարունակել է իր խոտոր ընթացքը` մեկ այլ հրապարակմամբ փորձելով արդարանալ, թե ինքն, իբր, ոչ վաղ անցյալի իրողություններն է ներկայացրել:

Ես միշտ մտածել եմ, որ «Առաջին» լրատվականում «ճարպիկներ», «աֆերիստներ», «քցողներ» են աշխատում: Բայց որ նրանք կարող են նաև, շատ «միամիտ» լինել, չէի մտածել: Տեսեք` իրենց առաջին հրապարակման մեջ գրել են. «Ուշագրավ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը քրեական անցյալ ունի: Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար»: Հետո, երբ ՀՅԴ-ից սրանց ասել են, որ դա զրպարտություն է, շուռ են եկել, թե` մենք հիմնվել ենք հավաստի աղբյուրների վրա: Լավ, իսկ այդ հավաստի աղբյուրները ձեզ չե՞ն պատմել, որ Միքայել Մանուկյանին ներկայացված մեղադրանքն այդպես էլ չի հաստատվել և նա մեկ տարի անց ազատ է արձակվել: Հիմա ո՞վ քրեական անցյալ ունի` Միքայել Մանուկյա՞նը, թե՞ այն ժամանակվա ԱԱԾ-ն ու երկրի ղեկավարությունը, որոնք իրենց թիրախն էին դարձրել ընդդիմադիր կուսակցությանն ու նրա անդամներին: Բա չե՞ք ասի, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ ինքն է «բռնել» Միքայել Մանուկյանին: «Առաջին» լրատվականի «ասերը» նախկին պաշտոնյայի` անսթափ վիճակում արած այս հայտարարությունը համարում են Միքայել Մանուկյանի «քրեական անցյալի» ապացույց` հույս ունենալով, որ հասարակ ընթերցողը կուլ կտա խայծը: Բայց ավաղ, ԶԼՄ-ի գրչակների տարիքն իրոք չի ներում, որպեսզի հիշեն 1994 թվականից Դաշնակցության դեմ սկսված տոտալ հարձակումը, որ պետք է իր անփառունակ վախճանին հասներ 97-98 թվականներին: 

«Առաջին» լրատվականը, եթե հավատանք իրենց խոսքին, «այսօրվանից սկսած անդրադառնալու է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ իրենց ծրագրերով ու թեկնածուներով, ինչպես նաև անդրադառնալու է քարոզարշավին՝ վերլուծելով 12 օրերի ընթացքը, հնչած գաղափարները, կուսակցությունների ու դաշինքների մարտավարությունը, նախընտրական խոստումները»: Եթե համարենք, որ Դաշնակցության թեկնածուին արդեն իսկ «անդրադարձել են», ապա կարելի է ասել, որ դա արել են թերի և շատ ապաշնորհ ձևով: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև Միքայել Մանուկյանին շատ-շատերը գիտեն Արցախյան հերոսամարտի օրերից, նրան ճանաչում են որպես հարուստ կենսափորձ ունեցող, բնավորությամբ զուսպ և շիտակ հայ մարդու, որին ոչ պետական և ոչ էլ կուսակցական ղեկավար մարմիններում ստանձնած պաշտոնները չփոխեցին: Երևանի քաղաքապետի այսօրվա լավագույն թեկնածուներից մեկի` Միքայել Մանուկյանի մասին ուրիշ ասելիք չունե՞ր «Առաջին» լրատվականը, թե՞ որպես լրատվամիջոց իր պարտքն է համարել հերթական ծառայությունը մատուցել ազգային արժեքներ չհանդուրժող և մեզանում արդեն 30 տարի մրափող նեոբոլշևիկական շրջանակներին»:

Էդիկ Անդրեասյան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica