close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+13°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլոր հեղափոխություններն էլ հասնում են դիկտատուրայի. Տիրան Լոքմագյոզյան

Հարցազրույց

30 Օգոստոսի 2018, 12:20
 Բոլոր հեղափոխություններն էլ հասնում են դիկտատուրայի. Տիրան Լոքմագյոզյան

Կարծիքներ, տեսակետներ


Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ստորև ներկայացվող հարցազրույցում անդրադառնում է ոչ միայն իրեն, այլև այս օրերին բազմաթիվ քաղաքացիների մտահոգող հարցերի`դրանց վերաբերյալ արտահայտելով սեփական տեսակետներն ու մոտեցումները:

- Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրներից, Ձեր կարծիքով, որո՞նք են առաջնահերթ:

- Կան շատ փոքր բաներ, որոնք կարող են ազդել ժողովրդի առօրյայի վրա, սակայն ես դեռևս չեմ տեսել այդ ուղղությամբ աշխատանք: Ժողովուրդն այնքան էր հիասթափված նախկին ղեկավարներից և այնքան է ոգևորված նրանցից ազատվելու մտքից, որ ամեն ինչին նայում է վարդագույն ակնոցով: Եթե Նիկոլը ոչ մի բան էլ չանի, նրա գոյությունը նախկինների բացակայությունն է նշանակում, և դա լիովին հերիք է ժողովրդի երջանկության համար:

- Տիրող բարոյական մթնոլորտը բավարարո՞ւմ է  Ձեզ, այսինքն` մեկը մյուսի դուրը  չի գալիս, կամ ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով պահանջում է վերջինիս հրաժարականը:

- Այն ամեն ինչը, որով մենք անցանք այս իշխանափոխության ճանապարհին, ժողովրդավարության հետ ոչ մի կապ չուներ, և հակաժողովրդավար ճանապարհով կարելի չէ հասնել ժողովրդավարության: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ հեղափոխությունով կարելի է ստեղծել ժողովրդավար երկիր, սխալվում են: Ժողովրդավարության մեջ հեղափոխությունը տեղ չունի: Հեղափոխությունը ուժի և ճնշման գործողություն է, և բոլոր հեղափոխություններն էլ հասնում են դիկտատուրայի: Բնույթը այդպես է: Հիմա դրա պտուղներն ենք սկսել քաղել: Ով տեղից վեր է կենում, ճանապարհ է փակում, հրաժարական է պահանջում: Կան բաներ, որ Նիկոլի քաղաքականությանը հարիր չեն, բայց ինչ անի, արգելի՞ այն, ինչն իր գլխավոր զենքն էր:

- Կրթության նախարարի կողմից տեսակետ է հնչեցվել, թե այնքան էլ վտանգավոր չէ մարիխուանայի օգտագործումը, կամ էլ մտքեր են զարգացվում այն ուղղությամբ, որ մեզանում ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտություն չկա: Միևնույն ժամանակ արտառոց երևույթ չէ՞ այն, որ մայրաքաղաքում միասեռականները հարձակում են գործում ոստիկանական տեղամասի վրա: Մեր երկիրը կդիմանա՞ այս մարտահրավերներին:

- Հետաքրքիր է, որ նոր նախարարներից ոմանք իրենց գործունեությունն սկսեցին լրիվ ուրիշ ոլորտների խնդիրների մասին մտքեր արտահայտելով: Մարիխուանայի օգտագորխման խնդիրը մտնու՞մ է կրթության նախարարի ոլորտի մեջ կամ եկեղեցու խնդիրները` առողջապահության նախարարի: Թվում է, թե այս մարդիկ եկել են ինչ-որ ուրիշ խնդիրներ լուծելու նպատակով: Ինչ ունեցանք նոր նախարարներ և նոր կառավարություն, կարծես չորս կողմից հարձակման ենթարկված լինենք: Ընտանիքի ու բարոյական արժեքների, եկեղեցու և ազգային արժեքների դեմ արշավ է սկսվել, և այս ամեն ինչի առաջնորդներն են կառավարության անդամները: Այն, ինչ կցանկանային օտար շրջանակները, և ինչին մենք դեմ էինք, այսօր պարտադրվում է ներսից: Դա ավելի վտանգավոր է, քան դրսի ճնշումը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ առողջ ուժեր կան դեռ մեր ազգի մեջ, սակայն ես վախենում եմ առճակատումից, ազգի` երկու մասի բաժանումից:

- Առաջ քաշված կամ հանրության ուշադրությանը օրերս ներկայացված տնտեսական ծրագրի հիմնական ուղղությունները որքանո՞վ են  բավարարելու  ժողովրդի սպասումները:

-  Ժողովուրդը դեռևս ուրախացած է մաքսային անարգել աշխատանքից, սակայն տնտեսական առումով դեռ ուրիշ բան չենք տեսել: Կարծում եմ, որ մենք այն խնդրի հետ գործ ունենք, երբ ընդդիմություն լինելն ու ամեն ինչ քննադատելն ավելի հեշտ է, քան` անելը: 100 օր անցավ, և տնտեսական ծրագրի գործադրում չտեսանք, ավելին, տնտեսական ծրագրի մասին բան չլսեցինք, բացի նախկին ղեկավարներին «թափ տալով» գանձարանը լցնելուց: Այդպես, իհարկե, տնտեսություն չես զարգացնի, դա «ծրագիր» չի կարելի կոչել: Ժողովուրդն ընդհանուր ոգևորության մեջ այս ամենը բանի տեղ չի դնում, բայց դա էլ երկար չի տևի: Ի՞նչ է լինելու հետո:

- Առկա բարոյահոգեբանական և այլ կարգի խնդիրների լուծման համար արդյունավե՞տ ուղի է Անցումային արդարադատության մարմինների ստեղծումը` ակնկալվող սահմանադրական փոփոխություններով հանդերձ:

-  Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «Անցումային արդարադատության մարմին» հասկացությունը: «Անցումային արդարադատություն», թե՞ «անցումային մարմին»: Եթե արդարադատություն է լինելու, ինչու՞ է «անցումային»: Բա ի՞նչ ենք անելու մեր «մնայուն» արդարադատության մարմինների հետ: Այն ինձ  հիշեցնում է հեղափոխություններից հետո կազմված տխրահռչակ «անցումային-ժամանակավոր» եռյակ դատարաններն` իրենց անբեկանելի որոշումներով:

- Մեր հասարակության մեջ, մի կողմից, կարծես միանշանակ է ընդունվում, որ պետք է արդարություն հաստատվի, պետք է կոռուպցիայի դեմ վճռական պայքար տարվի, պետք է բացահայտվեն նախկին հանցագործությունները, մյուս կողմից, արտահայտվում են մտահոգություններ, թե այս ամենը չի՞ վերածվելու քաղաքական հալածանքների: Բացի այդ, չի՞ խախտվում մարդու անմեղության կանխավարկածը, երբ հրապարակային հայտարարություններ են արվում` հնչեցվում են միանշանակ մեղադրանքներ:

-  Այո′, նույն մտքերն իմ մեջ էլ են առաջացել, բայց եթե քաղաքական նպատակներ իրագործելու համար հեղափոխական ճանապարհ ենք ընտրում, մնացած ամեն ինչում  էլ «հեղափոխական» գործելակերպ ընդունելն անխուսափելի է: Դա շատ վտանգավոր ճանապարհ է, և հույս ունեմ, որ անվտանգ կկարողանանք դուրս գալ այս ամենից: Չէ՞ որ հեղափոխությունների ժամանակ առկախվում են մարդու իրավունքները: Արդեն վաղուց հայհոյանքի ու կախել-վառել-սպանելու կոչերի մշակույթ է ձևավորված, սոցցանցերը նայելը հերիք է դրանում համոզվելու համար:

- Ձեր կարծիքով` ներհայաստանյան կյանքը չի՞ կորցնում ընդհանուր համերաշխության մթնոլորտը, և արդյո՞ք դուռ չի բացվում պառակտումների ու առճակատումների համար:

-  Իհարկե, լավ բան է, երբ  ազգը պաշտպանում է իրեն և հայրենիքը, սակայն շատ վտանգավոր է ձեր նշած երևույթ, որը կարող է հանգեցնել ամենասարսափելիին` քաղաքացիական պատերազմին: Ես կարծում եմ, որ մեկից ավելի անգամներ մենք կանգնեցինք այդ շեմին, սակայն բարեբախտաբար կարողացանք խուսափել: Այժմ վտանգը ներսից է, և Աստված տա այդ աստիճանին չհասնենք:

Հարցազրույցը՝ Մարիամ Հովսեփյանի

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica