close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեղափոխական «անտրամաբանություն»

Քաղաքական

29 Օգոստոսի 2018, 13:13
 Հեղափոխական «անտրամաբանություն»

ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով «Հրապարակի իշխանությունը» ցանկանում է վերջնականորեն լեգիտիմացնել «Սիրո հեղափոխության» արդյունքները: Մինչ այդ, Երևանի ավագանու ընտրություններն ընկալվում են, որպես լակմուսի թուղթ, որոնք պետք է ցույց տան քաղաքական դաշտում ուժերի ներկա հարաբերակցությունը: Եվ այս տրամաբանության մեջ պետք է գնահատել գործող վարչապետի «100-օրյակի» ելույթը: «Հրապարակն է որոշողը» թեզը ակամայից ընկալվում է ամբոխավարական, թվում է, թե նսեմացվում են Սահմանադրությունն ու պետական համակարգը: Միաժամանակ քննադատվում է, որ «Հրապարակի ժողովուրդը» սահմանազատվում է մնացյալ ժողովրդից: Բայց սա միայն հնարք է, որ գործադրվում է «Հրապարակի առաջնորդի» կողմից: Ակնհայտ է, որ մինչև ընտրական գործընթացների ավարտը գործող վարչապետը ցանկանում է պահպանել «Հրապարակի էներգետիկան», որպես ճնշման գործիք՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար:

Զուգահեռաբար, «Հրապարակի ուժը» սահմանազատվում է ԵԼՔ դաշինքից, կառավարության իր գործընկերներից, նաև՝ «Հին Հայաստանի» քառորդդարյա ժառանգությունից: Վերջինիս առերևույթ «հնեցումը», փաստացի ուղեկցվում է ստեղծված հիմնաքարերի վրա նորի կառուցման գործընթացով: Եվ դա տրամաբանական է. վակումի վտանգն ու գոյություն ունեցածի անմիտ փլուզումը կարող է ավերակել ամեն ինչ և ոչինչ չթողնել «թագավորելու»:

«Քաղաքացիական պայմանագիրը» ակնհայտորեն ցանկանում է դառնալ Հայաստանի ապագա քաղաքական համակարգի հիմնական առանցքը: Այս ճանապարհին բոլոր մրցակիցները թիրախ են՝ այս կամ այն ձևով, և «Հրապարակի» ու մնացյալ ամբողջ տարածության սահմանազատումն այս տրամաբանության մեջ է, քանզի «Հրապարակում» միայն համախոհներն են, որի առաջնորդը կապ չունի մնացյալ «արատավորների» հետ: «Սևի ու սպիտակի», «հեղափոխության և հակահեղափոխության», «նորի ու հնի» պատկերացումներն այս իրողության գունավորումներն են:

Միաժամանակ, գործադրվում է ոչ միայն «Հրապարակի էներգետիկայի» պահպանման ճիգ՝ մինչև իշխանափոխության  վերջին արար, այլ նաև «Հրապարակից» դուրս գտնվող ուժերի ատոմիզացման գործընթաց, որպեսզի տեղի չունենա ընդդիմախոսների այս կամ այն մոդելով համախմբում: «Հրապարակի» սպառնալիքները,  ուժայինների ու ՊԵԿ-ի գործողությունները, ակամայից կամ գիտակցված, այս տրոհման գործիքն ու երաշխիքն են:

«Հրապարակի լոկոմոտիվ» գործող վարչապետի մտահղացումը՝ ազգային (ոչ կոալիցիոն) համաձայնության կառավարության ձևավորման հարցում, ուղղված է ոչ միայն ներկա համաձայնության կառավարությանը, այլև ապագա ձևավորվելիք իշխանության մոդելին: Ասել է թե՝ ՔՊ-ն բոլորին ասում է՝ հույսներդ կտրեք, որ ապագայում իշխանությունը կոալիցիոն կլինի, մենք գնում ենք վերցնելու ամբողջ իշխանությունը և որևէ մեկին ոչ պարտական ենք, ոչ էլ պատրաստվում ենք կիսել իշխանությունը: Սա, կարծեք, մաքսիմում պլանն է: Մինիմում պլանը կարող է լինել՝ «Մեկ առանցք՝ կառավարելի արբանյակներ» մոդելը. ԵԼՔ-ի երկատումը, ՀԱԿ-ի, «Ժառանգության», «ՕԵԿ»-ի, «Սասնա ծռերի» ակտիվացումը կարծեք կառուցված է հենց այս երկրորդ տրամաբանության վրա. նրանք պատրաստ են դառնալու ՔՊ-ի ապագա արբանյաները:

Խութերի շրջանցման և իշխանության ղեկն ամբողջությամբ վերցնելու ներկայիս գործընթացն ուղեկցվում է նաև «նախկիններին» սնող աղբյուրների ու անձանց չեզոքացմամբ՝ վերին և տեղական մակարդակներում. հարվածներ են ստանում, այսպես ասած, «ձայն բերողները»: Վերջիններիս մի մասը, իհարկե, արդեն հավատարմության երդում են տվել «նորերին», բայց հերթի մեջ դեռ շատերն են կանգնած: Ակնհայտորեն, մի իրավիճակ է Հայաստանում, երբ «նախկինները» լիարժեքորեն չեն զիջել իրենց դիրքերը, իսկ «նորերը» լիարժեքորեն չեն ամրապնդել իրենց ուժերը. սա «դիրքային պատերազմ» է՝ իշխանության համար, որի արդյունքում ցանկալի է, որ վերջնականորեն խորտակվի օլիգարխիկ մոդելը:

Երկրորդ կարևոր խութը, ամբողջական իշխանափոխության ճանապարհին, Սահմանադրությունն է. ԱԺ-ն ոչ ոք չի կարող լուծարել, ինչպես որ ԱԺ-ն չի կարող ինքնալուծարվել: Իսկ վարչապետի հրաժարականն ու կրկնաքվեարկությունները, ներկա իրողություններում, անվտանգ երաշխիք չեն նոր ընտրությունների ճանապարհին, քանզի ԱԺ-ն «պատահաբար» կարող է ընտրել նոր վարչապետի: Սեփական հագով նոր Սահմանադրությունն էլ «կարկատելը» չի կարող հարթ ընթանալ, ավելին՝ դա ավելի դժվար և խնդրահարույց գործընթացի կարող է վերածվել: Բոլոր պարագաներում «Հրապարակը» պետք է մնա ակտիվ ու պատրաստ՝ ճնշելու Խորհրդարանին և ստիպելու գնալ արտահերթ ընտրությունների: Սա էր, թերևս, «Հրապարակի առաջնորդի» 1.5-ժամյա ելույթի առանցքային տրամաբանությունը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտել նաև «Անցումային արդարադատության» թեզի մեջտեղ բերելը. սա  «սև ու սպիտակ» Հայաստանի թեզի շարունակությունն է՝ շոփափելի «դամոկլյան» գործիքակազմով: Իհարկե, այս ամենը չեն կարող հանգիստ ընկալվել հանրության  ոչ էյֆորիկ մասի կողմից, քանզի տրամաբանությունը թելադրում է հարց տալ՝ այս ամենը տեղավորվու՞մ է ՀՀ Սահմանադրական կարգի ներքո, թե՞ այն տանում է նոր մենիշխանության և դատական գործող համակարգի չեզոքացման: Այս գործողությունները նման են ՀԱԿ-ի՝ «ավազակապետության կազմաքանդման» թեզին և այս պարագայում թացն ու չորը կարող են միախառնվել: Հնի մեջ ամեն ինչի վատը տեսնելը՝ մերժողականությամբ ինքնահաստատման երևույթ է, որը լավ հնի ու լավ նորի ներդաշնակեցման անտեսում է, և այս երևույթի խորացումը կարող է ավելի խաթարել հանրային համերաշխությունը: Հանրահայտ փաստ է՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն և այս սրացումից է, որ պետք է խուսափել: «Կախարդական փայտիկի» զորության չարաշահումը կարող է արժեզրկել «հեղափոխության» սիրո հատկանիշը, և ամեն տեղ, այդ թվում պետական ապարատում աշխատող մասնագետների շարքերում, համատարած գող ու ավազակների փնտռտուքը կարող է կաթվածահար անել հաստատությունների արդյունավետ ռիթմը և նոր դժգոհությունների առիթ դառնալ:

Բացի սահմանազատումներից տեղի են ունենում նաև համախմբումներ՝ դեռևս ոչ ֆորմալ, սակայն տեսանելի: Քոչարյանի քաղաքական հարթակ վերադառնալը շատերն ընկալեցին, որպես «նոր հովանոցի» հնարավորություն, չգիտակցելով, որ «Հրապարակը» այսքան շուտ չի մարի: Ի վերուստ տրված ինքնապաշտպանության բնազդը դժվար թե խաթարի Հայաստանի նոր ընթացքը: Ավելին, առողջ տրամաբանությունը հուշում է, որ ժողովրդի արդարացի ընդվզումը պետք է միս ու արյուն ստանա՝ վերջ դնելով հին արատավոր երևույթներին, միաժամանակ չստեղծելով նորերը: Ժողովրդի մեջքին իջնող հին մտրակը չպետք է փոխել նորով և համոզել, որ այն սիրո նոր փորձություն է և ևս երեք տասնամյակ պետք է գոյություն քարշ տանք անարդարության և աղքատության մեջ:

Մեկ այլ ակնառու համախոհություն է նկատվում «Հրապարակի» և ՀԱԿ-ի միջև: Այստեղ առկա է պատմական կապ գործող վարչապետի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև. անցյալի նրանց միասնությունը միշտ հիշեցման նյութ է հանրությանը և, ինչպես ասում են՝ կենդանի վկաները չափազանց շատ են՝ այն հերքելու համար: Մյուս կողմից ՀԱԿ-ը, 2008-ի իր չկայացած «հեղափոխության» շարունակությունն ու հաղթանակը, կարծեք, տեսնում է նոր իշխանության մեջ: Կարելի է ասել, որ ԼՏՊ-ն քաշում է «Հրապարակի առաջնորդի» ոտքերից, իսկ վերջինս էլ իր քայլքի ընթացքում քաշելով տանում է ՀԱԿ-ին՝ գուցե փորձելով չկրկնել և սրբագրել նախկին սխալները: Միաժամանակ, «Հրապարակի առաջնորդը» իրեն ցանկանում է ազատագրել նախկին և նոր կապանքներից՝ իր գործողությունները չկաշկանդելով նաև սեփական ժառանգությամբ:

Իշխանափոխության ներկա գործընթացի ամենամեծ վտանգները, թերևս, արտաքին միջամտություններն ու իշխանության նոր գերկենտրոնացման միտումներն են: Հայկական ամրոցը ներսից գրավելու և ներազգային համախմբմանը խոչընդոտելու փորձերն ակնառու են և չափազանց կարևոր է, որ Հայաստանի ներքաղաքական և միջազգային հավասարակշռությունը դուրս չգա հունից և շարժվի անհայտ ու անկանխատեսելի ուղղություններով: Անմիջական հարևանների և ոչ հեռու տարածաշրջանների շուրջ ընթացող «տաք և սառը» պատերազմներն ուղակիորեն սպառնում են մեզ վերածվելու կայսերական հակամարտության սրվող նոր թատերաբեմի՝ ներքին անկայունությամբ գայթակղելով թշնամիներին ու գերտերություններին: Իսկ Ազատ Արցախը՝ մեր սերնդի առանցքային ձեռքբերումը, դեռևս չմարած հրաբուխ է և գործիք, որի միջոցով կառավարվում է մեր տարածաշրջանը: Այս վտանգներն իրական են և «Հրապարակի ուժը» պետք է խոհեմաբար չեզոքացնի առկա սպառնալիքները, միաժամանակ էյֆորիկ ընտրություններով չստեղծի փողով ընտրությունների նույն՝ անկայունության և զարգացման ապախթանիչի էֆեկտը:

Ա. Արմենակյան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica