close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաընկերությանը

Քաղաքական

28 Օգոստոսի 2018, 19:07
 Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաընկերությանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը։

- Դուք ԽՍՀՄ նախկին տարածքի երկրների նախկին նախագահներից առաջինն եք, որ քաղաքական լարվածության և կալանավորման սպառնալիքի պարագայում չլքեցիք երկիրը։ Հայտնի են Վրաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի դեպքերը։ Դուք կալանավորում չէի՞ք սպասում, թե՞ այլ պատճառով որոշեցիք չգնալ Հայաստանից։

- Ես ոչ թե չգնացի երկրից, այլ վերադարձա երկիր։ Ես Հունաստանում էի, հաղորդեցի իմ վերադարձի օրը։ Ես վերադարձա՝ լիովին հստակ հասկանալով, որ կարող եմ կալանավորվել։ Բացարձակապես ակնհայտ է, որ, այսպես ասենք, իմ տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում։ Եվ, այդուհանդերձ, ինչ-որ հույս կար, որ դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ, և դատարանների ինքնուրույնության թեկուզ մի աստիճան դեռևս գոյություն ունի։ Ես եկա իմ պատվի և արժանապատվության համար պայքարելու։

- Ինչ վերաբերում է 2008 թվականի այդ քրեական գործին։ Այն ժամանակ՝ նախագահական ընտրություններից հետո, բողոքի ակցիաներ եղան, անկարգություններ սկսվեցին, 10 մարդ մահացավ։ Ինչպե՞ս եք Դուք կառուցելու պաշտպանությունը։ Հիմնվե՞լ նրա վրա, որ որպես պետության նախկին ղեկավար՝ անձեռնմխելի եք, ունեք անձեռնմխելիություն, թե՞ Դուք պատրաստ եք ներկայացնել այդ պատմության բոլոր մանրամասները։

- Գիտե՞ք, անձեռնմխելիությունը պաշտպանության ընդամենը մի փոքր մասն է։ Ես այստեղ վերադարձա իմ արժանապատվությունը պաշտպանելու ոչ միայն այն պատճառով, որ անձեռնմխելիություն ունեմ, այլև որովհետև ողջ քրեական գործը պարզապես կարված է սպիտակ թելերով։ Այնտեղ ընդհանրապես քրեական գործ չկա։

-Ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում։

- Որովհետև ես դրան ծանոթ եմ։ Ցավոք սրտի, կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք։ Մենք այս շրջանում, քանի դեռ քննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների մասին խոսելու իրավունք չունենք։ Սակայն ինձ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։ Պատկերացնո՞ւմ եք։ Նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, տապալել է ինքն իրեն... շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։ Գիտեք, դա խոսում է այն մասին, որ խոսք է գնում ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին։

- Այսինքն՝ Դուք դա քաղաքական վենդետա եք անվանում։

- Անկասկած։ Ինչու հանկարծ ես թիրախ դարձա ոչ նախագահական աթոռին և ընդհանրապես իշխանությունից դուրս 10 տարվա հանգիստ կյանքից հետո։ Հասկանո՞ւմ եք։ Իսկ տասը տարի առաջ ընտրություններ էին։ Ինձ ընդամենը մեկուկես ամիս էր մնում մինչև իմ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտելը։

Ընտրություններ անցկացվեցին։ Դրանք ավարտվեցին առաջին փուլով։ Ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ձայների 53 տոկոսը։ Երկրորդ տեղում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ ձայների 21,5 տոկոսով։ Ձայների 21.5 տոսկոսը հավաքած թեկնածուն իրեն ընտրված նախագահ հայտարարեց։ Հրապարակավ հայտարարեց, որ ինքը հավաքել է ձայների մոտ 60 տոկոսը և Երևանի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, բողոքի շարունակական ակցիաներ սկսեց։

Հանրահավաքները արտոնված չէին և այդ բոլոր հանրահավաքների կարգախոսները հետևյալ միտքն էին արտահայտում՝ “մենք պետք է կազմաքանդենք պետական իշխանությունը”։ Բանակին, ուժային կառույցներին քաղաքական գործընթացներին ներգրավելու ակնհայտ փորձեր, կոչեր եղան։ Այսինքն՝ այս ամենը բավականին երկար շարունակվեց՝ 7 օր։ Այդ իրադարձությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինական ճանաչեց ընտրությունների արդյունքները, հաստատեց, որոշում ընդունեց ընտրությունների արդյունքների մասին։

Հետո Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Միջազգային դիտորդների եզրակացությունը դրական էր։ Բոլոր հիմնական դիտորդները՝ ինչպես խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի, այնպես էլ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի, այսինքն՝ ընտրական ողջ ցիկլը հաջող էր ավարտվել։

Սակայն այս ամենն ավարտվեց ցուցարարների և ոստիկանների բախումով։ Այդ բախման հետևանքով 10 մարդ մահացավ, նրանցից երկուսը՝ ոստիկաններ։ Ահա այսպիսին է իրավիճակը։

Սակայն 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։ Դրա համար էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին։ Այսինքն՝ տասը տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ, այսպես ասենք, պարտվեցին ընտրություններում։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը զբաղված են նրանով, թե ինչպես մաքրել հաշիվներն այն մարդկանց հետ, ում նրանք թշնամի են համարում։

- Ամեն դեպքում այստեղ հանրային հետաքննություն է հարկավոր։

- Դե, դրա համար քրեական գործ են հարուցել, որը ոչ մի հիմնավորում չունի, այսինքն՝ ես նախագահ էի, և ես չեմ հասկանում՝ ինչպես ես կարող էի նախագահ լինելով՝ տապալել սահմանադրական կարգը, և մի բան էլ մեկ ամիս անց ինքս հեռանալ։

- Իսկ կարո՞ղ եք այժմ վերլուծել՝ ինչու այս տարի տեղի ունեցավ մայիսյան հեղափոխությունը։ Դա նախագահ Սերժ Սարգսյանի սխա՞լն էր, կարող էր պատճառ լինել կոռուպցիան, կամ նրա՝ նախագահական երկու ժամկետից հետո վարչապետ դառնալու ցանկությունը։ Դուք վերլուծե՞լ եք՝ ինչու տեղի ունեցան այս իրադարձությունները։

- Իհարկե, վերլուծել եմ։ Ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ։ Այն ժամանակ հրապարակայնորեն քննադատել եմ այդ բարեփոխումները։ Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ անցնելով վարչապետի աթոռին։

- Դուք մի քանի օր առաջ հայտնեցիք, որ վերադառնում եք քաղաքականություն։ Ի պատասխան՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դուք շանսեր չունեք։ Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում։ Կհաջողվի՞ վերադառնալ։

- Ես արդեն վերադարձել եմ։ Այսինքն՝ ես հայտնել եմ ոչ այն մասին, որ պատրաստվում եմ վերադառնալ։ Ես հայտնել եմ այն մասին, որ վերադարձել եմ։

-Տեսեք, որպեսզի ընդդիմության միջուկը դառնաք, Ձեզ էլիտաների մի մասի բաց աջակցությունն է պետք, Ձեզ ռեսուրսներ են պետք, ընտրական բազա։ Այս ամենը Դուք ունե՞ք։

- Տեսեք, ես 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել։ Այդ տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ մեծացել է։ Հինգը ռեկորդային թիվ է։ Իսկ բյուջեն մեծացել է 8 անգամ։ Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր վերակառուցված, կառուցվել է այն տարիներին։ Գիտեք, մենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում։ Փոքր և միջին բիզնեսների մասը իմ նախագահության մեկնարկին բարձրացավ 15 տոկոսով՝ հասնելով 46-ի։ ՀՆԱ-ի մասնավոր ճյուղի բաժինն 80 տոկոսն անցավ։ Կյանքի որակը պարզապես արմատապես փոխվեց։ Եվ մենք պետք է հիշեցնենք այս մասին։ Ես տասը տարի քաղաքականությունից դուրս եմ եղել, հնարավոր է՝ բոլոր մարդիկ չեն հիշում այս մասին։ Մենք կհիշեցնենք այս մասին։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ, ովքեր մասնակցել են այս ողջ գործընթացին, բիզնես են ստեղծել և առաջ տարել տնտեսությունը, նրանք էլ կդառնան հենց այդ ընտրական բազան։

- Դուք պատրաստվում եք Ձեր կուսակցությունո՞վ հարթակ գալ, թե՞ ինչ-որ կոալիցիա կլինի։ 

-Ես հարցը թողել եմ բավականին բաց։ Հասկանում եմ, որ կարող եմ լուրջ համախմբող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները։

- Իսկ ինչպե՞ս եք Դուք տեսնում ներկայիս իրավիճակը։ Այժմ այսպես է դասավորվել Հայաստանի քաղաքական դաշտը. կա նոր վարչապետ և նոր կառավարություն, ովքեր իշխանության են եկել մայիսյան իրադարձություններից հետո։ Այո, հնարավոր է, նրանք բավարար փորձ չունեն, սակայն կառավարման բոլոր մեխանիզմները և լծակներն աշխատում են։ Եվ կա խորհրդարան, որը սպասողական դիրքորոշում ունի։ Արդյ՞ոք սա քաղաքական դաշտում բախման չի հանգեցնի։ Ինչո՞վ կարող է ավարտվել այս ամենը։ Եվ ի դեպ, խորհրդարանը ինքնալուծարվելու ցանկություն չունի...

- Ինչու՞ լուծարվել, ինչի՞ համար։ Իրավիճակը չափազանց հետաքրքիր է։ Ես ուշադիր հետևում եմ։

Շատ մեղմ է ասված “իշխանությունների փորձի բացակայություն”։

Պատկերացրեք իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում երկրի կառավարումը։ Հենց վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարվում է այն մասին, որ Հայաստանում դե ֆակտո ստեղծվել է կառավարման նոր համակարգ: Պետական կառավարում։ Եվ հեղափոխական հրապարակը հայտարարվում է ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին։ Ես ցիտում եմ, սա կատակ չէ։ Մեր սահմանադրությունում այդպիսի բան չկա։ Այդպիսի հասկացություն, որ հրապարակը դառնա բարձրագույն մարմին։ Հետո, հենց իրենց տեքստով, - Կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին։ Եվ ներքին քաղաքական ու տնտեսական բոլոր կարևորագույն հարցերը կքննարկվեն այդ հրապարակում, ու որոշումները կկայացվեն այդ հրապարակում։

- Դուք հնարավոր չե՞ք համարում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչպես և շատ քաղաքական գործիչների, պարզապես պոպուլիզիմի տարրեր կան։

- Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է, որի հետևանքները, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ կսահմանափակեն երկրի զարգացումը։ Ես նույնիսկ մտածեցի, հետաքրքիր է, իսկ էլեկտրաէներգիայի, ջրի, կենսաթոշակի, աշխատավարձի թվերը, հարկային օրենսգիրքը նո՞ւյնպես կքննարկեն այդ հրապարակում, դա շատ հետաքրքիր կլինի, շատ հետաքրքիր պատկեր, այսինքն՝ սա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա ամբողջապես չհասկանալ է, թե ինչ է կառավարման պետական մեխանիզմը, ինչ է իշխանությունների բաժանումը, ինչ են գործադիր և օրենսդիր իշխանությունը, նրանց փոխհարաբերությունները։

Կա հեղափոխական էյֆորիա, սակայն դրա հետ միասին ես հասկանում եմ, որ այդ էյֆորիան չի կարող երկար տևել։ Դուք գիտե՞ք հեղափոխության թեկուզ մեկ օրինակ, որից հետո մարդկանց կյանքը ավելի է լավացել։ Օրինակ բերեք։

Միգուցե Եգիպտո՞ս, Թունի՞ս, միգուցե Սի՞րիա։ Գուցե դա Լի՞բիան է... մարդկանց կյանքը բազմակի վատացավ, բազմակի։ Միգուցե Ուկրաի՞նան։ Տարածքներ կորցնելուց բացի, մարդկանց կյանքը նկատելիորեն վատացավ։ Վրաստա՞ն՝ տարածքի կորուստ։ Ինձ ասեք թեկուզ մեկ օրինակ, ես առիթ չեմ տեսնում, թե ինչու պետք է մեզ մոտ ավելի լավ լինի։

 - Իսկ դուք վարչապետի հավակնություններ ունե՞ք։

- Ես չեմ ցանկանում խոսել այդ հավակնությունների մասին, չեմ ցանկանում խոսել ապագայի մասին։ Ինչո՞ւ որոշեցի վերադառնալ քաղաքականություն։ Ես այժմ մեր հարցազրուցում  մի շարք անհանգստություններ արտահայտեցի։ Ես չեմ կարող այս ամենի մի կողմում մնալ, և ես դա չէի անի, եթե անհանգստությունն ինձ քաղաքականություն չմղեր:

- Շնորհակալություն, որ ժամանակ գտաք և պատասխանեցիք մեր հարցերին։

- Ձեզ նույնպես շնորհակալություն։ 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica