close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պլանավորվում է ձեռք բերել բազմաֆունկցիոնալ ավիացիա. ՀՀ պաշտպանության նախարար

Հասարակություն

28 Օգոստոսի 2018, 19:35
 Պլանավորվում է ձեռք բերել  բազմաֆունկցիոնալ ավիացիա. ՀՀ պաշտպանության նախարար

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանը պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է անընդհատ սովորելու, բարեփոխվելու և բանակն ավելի տարաշարժուն՝ մանևրային դարձնելու իրողությունը: «Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուկների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Վերացնելու ենք փոխգործակցությունը արգելակող կամ լրջորեն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով այսպես ասած՝ «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միավորող ընդհանուր մտահղացումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Չափազանց կարևորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման և անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռք բերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա:

«Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:

Դասախոսության առանցքում նաև առաջնագիծը արդիական տեխնիկական միջոցներով համալրելու և մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերն էին: Այս առումով պաշտպանության նախարարն ընդգծել է, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փոխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

ԶՈՒ-երի առջև դրված գերակա խնդիրների շարքում նախարար Տոնոյանը առանձնացրել է նաև մարտական հերթապահության կրման ձևերի կատարելագործման առաջնահերթությունը՝ շեշտելով, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը: «Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով պաշտպանական համակարգում որդեգրված ռազմավարական մյուս մոտեցումներին՝ Դավիթ Տոնոյանը մատնանշել է զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, նյութական ու բժշկական ապահովման և սոցիալական պաշտպանվածության մակարդակի առավել բարձրացման, ռազմակրթական համակարգի կատարելագործման, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնման առաջնահերթությունները:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica