close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչով ստացած բողոքները

Հասարակություն

27 Օգոստոսի 2018, 11:38
 Պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչով ստացած բողոքները

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:

Դրանցից 27 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։

Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

  • բողոքների քննարկման շրջանակում գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններ։ Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների, զինկոմիսարիատների ծառայողների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ.
  • Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար ՀՀ կառավարության որոշումներով 6 քաղաքացու տրամադրվել է տարկետում.
  • Պաշտպանի առաջարկների հիման վրա իրականացվել են լրացուցիչ բժշկական հետազոտություններ, նշանակվել կրկնակի փորձաքննություններ, որոնց արդյունքում 4 քաղաքացի առողջական վիճակի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, 2 քաղաքացու տրամադրվել է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով: 7 քաղաքացի սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար: 3 քաղաքացի բողոք ներկայացնելուց հետո խնդրել է բողոքը թողնել անհետևանք, քանի որ բարձրացված հարցերը ստացել են դրական լուծում (տրամադրվել է տարկետում): 6 քաղաքացի զինվորական ծառայության մեկնելուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, ներկայում անցնում է բժշկական հետազոտություն և ստանում բուժում:

Զորակոչի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ բողոքներ ներկայացվել են նաև զորակոչի ավարտից հետո: Առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացվել է 3 բողոք, որոնց կապակցությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Բողոքներում բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելուն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, եղբայրների միևնույն զորամասում ծառայելու իրավունքին:

Պաշտպանը բարձր է գնահատում զորակոչի ընթացքում համատեղ աշխատանքը Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության հետ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica