close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին անգամ է, որ Սևանից ջրառի որոշում է կայացվում, ու հանրային քննարկում չի լինում

Հասարակություն

24 Օգոստոսի 2018, 16:15
 Առաջին անգամ է, որ Սևանից ջրառի որոշում է կայացվում, ու հանրային քննարկում չի լինում

Երեկ կառավարության նիստում որոշվեց Սևանից 40 մլն խմ ջրառի թույլտվություն տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ եթե կա հնարավորություն սեզոնը փակելու առանց այդ հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, ապա այդպես լուծվի խնդիրը, իսկ եթե բերքը ոչնչանա, ապա պետք է կատարեն այդ ջրառը: «Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ. կա որոշակի ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից կրկնակի փակուղային է կառավարության համար, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ՝ այն քաղաքական, քաղաքացիական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարայի, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք»,- ասել էր Փաշինյանը:

Ի դեպ, 2017-ին, երբ ընդունվեց  Սևանա լճից 100 մլն խորանարդ ջրառի մասին օրենքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր քվեարկվել:

Երեկ Սևանից ջրառ կատարելու որոշմանը հաջորդեց տասնյակ ՀԿ-ների միավորում հանդիսացող «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը, ըստ որի՝ երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, հիմնականում ներկայացվել են ոռոգման ջրի  խնդիրները, և ոչ մի գնահատական չի տրվել սպասվող ջրառի արդյունքում Սևանա լճին սպառնացող վտանգներին: «Չներկայացվեցին ՀԿ-ների, գիտնականների և փորձագետների հիմնավորումները Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված` լճի ճահճացման ռիսկերի վերաբերյալ, որոնք արդեն «S.O.S Սևան» նախաձեռնության կողմից բաց նամակով ներկայացված են եղել ՀՀ վարչապետին: Կառավարությունը չանդրադարձավ Սևանա լճի ափամերձ համայնքներին սպառնացող ռիսկերին, որոնք կապված են լճի էկոլոգիական վիճակով պայմանավորված` զբոսաշրջային բիզնեսի անկման և սոցիալական վիճակի վատացման հետ, ինչին ականատես եղանք այս տարի: Քննարկման ընթացքում նշվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի անթույլատրելիության մասին, սակայն ոչ ոք չասաց, որ Սևանա լիճը 2018-ի հունվարից մինչ օրս ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի և այս օրենքից բխող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այս փաստը վկայում է, որ կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում»,- նշված է բաց նամակում:

Նշենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը օգոստոսի 28-ին ներկայացվելու է ՀՀ ԱԺ քննարկմանը` արտահերթ նիստում: «S.O.S Սևան»-ը, դիմելով ԱԺ նախագահին, պատգամավորներին՝ կոչ է անում մերժել կառավարության ընդունած վերոհիշյալ օրենքի նախագիծը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հավաքում են փաստեր, որոնք վկայում են, որ որոշումը սխալ հիմնավորումների վրա է կայացվել:  «Մենք գիտնականների, բնապահպանների հետ քննարկումներ ենք իրականացնում, զրուցում՝ հասկանալու համար, թե ինչ ռիսկեր կարող են պարունակել նման որոշումները: Եթե մենք չկարողանանք կանխել այս տարվա որոշումը, միևնույն է, մենք մեր աշխատանքն անում ենք, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ տարի այս խնդրի առջև չենք կանգնի՝ նույն հիմնավորումներով»,- ասաց նա:

Զարաֆյանի խոսքով՝ արդեն 5-րդ անգամ է, որ Սևանից ջրառ են կատարում, և  Ջրային պետական կոմիտեի 4 տարբեր ղեկավարներ են եղել, որոնց, բացի այս տարվանից, միշտ հրավիրել են քննարկման: «Այս տարի էր միայն, որ հանրային քննարկում չեղավ, և շահագրգիռ հասարակության կարծիքն անտեսվեց: Ջրառի վերաբերյալ նրանց հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում: Հույս ունենք, որ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը գոնե այդ քննարկումը կկազմակերպի, քանի որ առանց հանրային քննարկման չեն կարող օրենքում փոփոխություն կատարել, որի շահագրգիռ կողմերն ամբողջ Հայաստանն է: Սևանա լիճն ազգային հարստություն է, և  լճի վերաբերյալ բոլոր հարցերին ու փոփոխություններին հանրությունը պետք է մասնակից լինի»,- ասաց բնապահպանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica