close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ Նարեկ Սարգսյան պետք չէ

Հարցազրույց

11 Նոյեմբերի 2011, 10:43
 Մեզ Նարեկ Սարգսյան պետք չէ

Չգիտես որ օրինաչափությամբ, բայց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի յուրաքանչյուր նախագիծ արժանանում է ճարտարապետների քննադատությանը: Նարեկ Սարգսյան-Ճարտարապետների միություն հակասությունը նոր չէ, բայց յուրաքանչյուր դեպքում Նարեկ Սարգսյանը հաղթող է դուրս գալիս:

 

Ինչո՞ւ ճարտարապետները չեն սիրում Նարեկ Սարգսյանին: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հայրը` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը, առաջարկում է վերացնել այդ պաշտոնը, ու բոլոր խոսակցությունները կվերանան:

 

- Պարոն Հասրաթյան, որքանո՞վ է այսօր ձեզ գոհացնում Երեւանի քաղաքաշինական վիճակը: Աղճատումները շա՞տ են:

- Մեր ճարտարապետության այս խառնիճաղանջ վիճակն ամենապատկերավորն է` որպես իլյուստրացիա, եւ իմ գնահատականը միանշանակ է` անպատվաբեր` բոլոր տեսանկյուններից: Այն, ինչ հիմա արվում է, պատիվ չի բերում մեր ազգին, ավելին` ամոթալի է: Տուրիզմից են խոսում, բայց այս վիճակով տուրիզմը չի աշխատի: Մի ֆրանսիացի ինձ մի անգամ ասաց` դուք բարբարոս ժողովուրդ եք` ունենալով այսպիսի ժառանգություն, չեք գնահատում, եղածն էլ փչացնում եք: Այսինքն` տուրիստն այստեղից գնում է մեր ազգի մասին մի սարսափելի կարծիք կազմած: Ամաչում ես ուղղակի: Երեւանցին այսօր գլխիկոր է ման գալիս, որովհետեւ չի ուզում տեսնել այդ այլանդակությունները, չի ուզում տեսնել, թե էս գյոզալ քաղաքն ինչ դառավ:

 

- Այդ վիճակի հիմնական պատասխանատուն ո՞վ է:

- Իհարկե, քաղաքի գլխավոր ճարտարապետը:

 

- Ձեր անհամաձայնությունը Նարեկ Սարգսյանի հետ միայն մասնագիտակա՞ն հողի վրա է, անձնական պատճառներ չունե՞ք:

- Թող որեւիցե մեկը չփորձի անձնավորել, ասել, որ ես անձնական շահեր ունեմ: Բայց ես ասում եմ ու կասեմ, որ մեզ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոն պետք չէ: Որեւէ զարգացած երկրի մայրաքաղաք չունի այդպիսի պաշտոն, բոլոր տեղերում էլ այդ պաշտոնին կամ իրավաբան է նստած, կամ պարզապես դիպլոմ ունեցող մեկը, որը գլխավոր հատակագծի գոտեւորման նախագծի թուղթ ստորագրողն է միայն: Մեզ մոտ գլխավոր ճարտարապետը նախագծողն է... Հասկանո՞ւմ եք` ինչ է տեղի ունեցել։ Նարեկ Սարգսյանը այսօր քաղաքաշինական խորհուրդ է մտնում ոչ թե գոտիավորման, այլ նախօրոք պատրաստածՙ ճարտարապետի էսքիզով: Դրանով պատվիրատուն դառնում է թելադրողը, ճարտարապետը` կատարողը:

 

- Առաջարկում եք փոխե՞լ Նարեկ Սարգսյանին:

- Իհարկե, պետք է փոխել, բոլոր էն մարդկանց, որ այսպիսի անօրինություններ են անում, պետք է փոխել:

 

- Կարծում եք` գլխավոր ճարտարապետին փոխելով հարցը կլուծվի՞:

- Հասարակությունը պետք է հասկանա, որ սա իր սեփականությունն է, որ ինքը հսկայական ժառանգություն է ստացել ու պետք է դրան տեր կանգնի: Ես մեկն եմ եղել այն մարդկանցից, որ ժամանակին պայքարել եմ ու ասել` մեզ հանրապետության գլխավոր ճարտարապետի պաշտոն է պետք, որը կմշակի հանրապետության քաղաքաշինության ռազմավարությունը: Գլխավոր ճարտարապետները պետք է լինեն այդ ստրատեգիայից բխող տակտիկական քայլերն իրականացնողները: Մենք հասանք նրան, որ ստեղծվեց այդ պաշտոնը: Բայց ի՞նչն է զավեշտը: Հենց այդ պաշտոնի մարդը դուրս եկավ (Նարեկ Սարգսյանը), որեւէ մեկի մտքով չանցավ այդ պաշտոնին այլ մարդ նշանակել: Բանից պարզվեց, որ սա էլ էր անձնավորված, անձի մասին էր խոսքը, ոչ թե քաղաքաշինության ստրատեգիայի: Այսինքն` այն ամենը, ինչի համար մենք պայքարեցինք, հօդս ցնդեց: Սա ցինիզմ է, ու ես սրանից լավ հոտ չեմ առնում: Այդքանից հետո մեզ փորձում են ներկայացնել իբրեւ բոբոներ... ոչ, մենք ամենապետականամետ մարդիկն ենք: Եվ այսպես վրդովված խոսում եմ, որ հասկանան եւ կանգնեցնեն որոշ մարդկանց... Չի կարելի, անցել են բոլոր սահմանները, դանակը ոսկորին է հասել:

 

- Որքանո՞վ է ձեր ձայնը տեղ հասնում:

- Ի՞նչ տեղ հասնելու մասին է խոսքը. մենք պատի հետ ենք խոսում: Իրենք, այսպես կոչված, քաղաքաշինական խորհրդում մի այնպիսի վիճակ են ստեղծել, որ տղամարդ տղա է, բոլորի դեմ է դուրս եկել: Բայց էդ տղամարդ տղեն չի հասկանում, որ մենք քաղաքը սիրող մասնագետներ ենք, բարի խորհուրդներ ենք տալիս: Քաղաքաշինական խորհրդում, ճիշտ է, ճարտարապետներ են, բայց իրենց ընտրած ճարտարապետներն են: Այս կամ այն հարցի առնչությամբ էլ ասում են` ճարտարապետները միաձայն կողմ են: Բայց իրականում այդպես չէ. էդ քաղաքաշինական խորհրդի կեսից ավելին աշխատավարձ է ստանում, մի հատ ուրիշ բան ասեն, գործից կհանեն:

 

- Ինչպե՞ս է ստացվում, որ Նարեկ Սարգսյանի բոլոր նախագծերին ճարտարապետների մեծ մասը դեմ է արտահայտվում:

- Երեւի մի բան կա, էլի: Մեր ճարտարապետական դպրոցը ԽՍՀՄ-ում համարվել է զուսպ, շատ առնական, պինդ եւ իր հստակ ազգային ոգին ունեցող. ամենաժամանակակից շենքն էլ ունեցել է իր ուրույն հայեցակարգը: Էսօր, ինչպես այլ բնագավառներում, ճարտարապետության մեջ էլ է ռաբիսը մտել: Սա աներեւակայելի բան է:

 

Զրուցեց Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica