close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չի’ կարելի ասել՝ մենք շա’տ ենք, մենք մեծամասնությո’ւն ենք ճնշող, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է. Վահան Հովհաննիսյան

Քաղաքական

20 Օգոստոսի 2018, 22:31
 Չի’ կարելի ասել՝ մենք շա’տ ենք, մենք մեծամասնությո’ւն ենք ճնշող, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է. Վահան Հովհաննիսյան

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի (1956-2014) ելույթը՝ 2008 թ. մարտի մեկի ԱԺ նիստում

«Հարգելի խորհրդարան, իհարկե, քիչ առաջ բազմաթիվ հարցերի միջոցով մենք փորձեցինք պարզել «Արտակարգ դրություն մտցնելու մասին» հրամանագրին վերաբերող մանրամասներ, այդ թվում՝ նաեւ ես։ Իհարկե, այդ մանրամասները, ի վերջո, բոլորիս պարզ են։ Բնական է, որ հրամանագիրը կազմված է գրագետ, հրամանագրի մեջ, ի վերջո, հստակ է՝ ո՞վ ինչ կարող է անել, ով՝ չէ։ Ինչքան դա կտեւի, ցույց կտա ժամանակը։ Վերջապես խնդիրը բոլորովին դա չէ։ Ես շատ կարճ եմ խոսելու։ Միայն կուզեի սկզբի համար հիշեցնել, որ այստեղ մի հարց հնչեց պատգամավորերի կողմից, թե երբեւէ Հայաստանի պատմության մեջ նման բաներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Պրն Դանիելյանն իրեն բնորոշ համեստությամբ հիշեց միայն լոկալ միջադեպեր Մեղրիում կամ ինչ-որ ուրիշ տեղերում։ Իսկ 1996թ. եղել է այս նույնը՝ ոչ պակաս գե’շ դրսեւորումներով։ Եվ ինչպես այն ժամանակ, դժվար է ասել, եւ դժվար է, երբ ընդհանրապես միշտ ասել, որ միշտ մենակ մի կողմն է մեղավոր, նույնն էլ հիմա է։ Եվ 96 թվականին նույն այս վիճակն էր՝ եւ’ արտակարգ դրություն, եւ’ զորք քաղաքում, եւ’ ժողովրդի անվստահություն իշխանության նկատմամբ։ Արդարացվա’ծ անվստահություն, ճիշտ, ինչպես հիմա։ Իսկ դրանից առաջ, ահա, այս հրամանագրի մեջ նշված բազմաթիվ կետեր իրականացվում էին կուսակցությունների, մարդկանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների նկատմամբ՝ նույնիսկ առանց որեւէ այս նմանօրինակ հրամանագրի եւ արտակարգ իրավիճակի։ Կուսակցություններ էին փակվում, գրասենյակներ էին ջարդվում, թերթեր եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ այնպես չի, որ մեզ համար սա ինչ-որ նորություն է, մենք նման բան կյանքում չենք տեսել։ Ցավոք սրտի, տեսել ենք, պետք է որ սովոր լինեինք արդեն։ Բայց ամեն անգամ, երբ կրկնվում է վատը, նոր սկսում ես անալիզ անել, թե ինչո՞ւ այսպես եղավ։ Ես կարծում եմ, որ, այո’, այսօր, իհարկե, այս հրամանագիրը ժամանակին է։ Պետք է սա կանգնեցնել։ Պետք է սա կանգնեցնել, որովհետեւ, ցավոք սրտի, քաղաքական շարժումն արդեն վերածվում է բոլորովին այլ բնույթի, քաղաքական շարժումը, քաղաքական բողոքն արդեն մասսայական անկարգությունների է վերածվում։ Սա որեւէ քաղաքական շարժման համար ճիշտ ելք չէ։ Եվ, հավանաբար, դա մի շարք պրովոկատորների մեղքն է։ Ես չեմ կարծում, որ այդպես էին ծրագրել սկզբից հենց հեղինակները։ Ինչեւէ, մեղքը, միեւնույն է, նրանցն է։

Սակայն ելք կար, կարելի էր սրան չհասցնել, հարգելի գործընկերներ։ Դեռ նախընտրական փուլից մենք բազմիցս ասում էինք, որ այս շիկացումը վերջը բախման է բերելու։ Չէին լսում այն ժամանակ։ Մի կողմն իրա վրա շատ վստահ էր, մյուս կողմն իրա վրա շատ վստահ էր։ Եվ, ահա’, տեսաք, թե ինչի բերեց չափազանց ինքնավստահությունը, չհիմնավորված ինքնավստահությունը։ Երկուստեք բերեց, ահա, այս, ի վերջո, ողբերգությանը։ Ես չեմ ուզում հիմա խոսել քաղաքական հետեւանքների մասին, միջազգային կազմակերպություններում մեր վարկի։ Այդ լավը դեռ առջեւում է, այդ դեռ պիտի ուտենք, այդ հիմա դեռ եփվում է մեր առաջ։ Ես առաջարկել էի հասարակ ու պարզ օրակարգ։ Լավ, այս ամեն ինչը կվերջանա, ժողովուրդ, կհանդարտեցնեն, իրավիճակը կհանգցնեն՝ մի կերպ, զորքով, կհանգցնեն։ Մենք բոլորս կբացատրենք ժողովրդին, որ հայը հայի վրա չպիտի կրակի, փայտով չպիտի խփի, այդ ամեն ինչը կանենք։ Հետո, բայց… Հետո մի կողմը կարծելու է, որ հաղթեց, ջարդեց ու կարելի է շարունակել ոնց որ մինչեւ հիմա եղե՞լ է, ու էլի նորից իրեն հարց չի տա՝ բա, էս ո՞նց եղավ, որ այս ատելությունը ժողովրդի մեջ կա։ Ես կարծում եմ, որ պետք է… Ես կարդացել եմ Նյու Յորքի ոստիկանապետի զեկույցը 10 միլիոնանոց քաղաքի, որ ասում էր, որ 10 հազարանոց ցույցը կարող է կազմալուծել քաղաքի ամբողջ կյանքը։ Մեր քաղաքը 10 միլիոնանոց չի։ Երեք պարզ օրակարգ էի առաջարկում։ Ես կարծում եմ, որ երբ կրքերը հանդարտվեն, երբ իրավիճակը մտնի իր հունի մեջ, հուսով եմ, որ կմտնի ի վերջո։ Այդ օրակարգը մնում է ուժի մեջ։ Չի’ կարելի այսպես ապրել։ Հասկացանք, չէ՞, որ մեր ընտրական համակարգը հիվա’նդ ա։ Հիմա Սահմանադրական դատարանում հաղթի‘ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նո’ր ընտրություն նշանակեն, նո’ւյնը կլինի։ Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է խախտում կատարելու, նո’ւյնը կլինի։ Ուրեմն, հիվանդ ա ամբողջ համակարգը, պետք է փոխել, մեռանք ասելով։

2-րդ՝ մինչեւ փոքրամասնության իրավունքներն ամրագրած չեն օրենքներով, մինչեւ քաղաքական փոքրամասնությունը, օպոզիցիան իրավունքներով օժտված չի, նա փողոցում է ման գալու իր իրավունքները։ Եվ փողոցում ման գալով շատ հաճախ իր հետեւից տանելու է սկզբից գաղափարական զանգված, իսկ հետո՝ խուժաններ։ Դա անխուսափելի է, եւ դա մենք փողոցում տեսանք։

3-րդ՝ ինչքան սահմանափակենք մարդկանց արտահայտվելու հնարավորությունը, այդքան նրանք ձգտելու են դա անել փողոցներում։ Դրա համար էի առաջարկում 3-րդ առաջարկը։ Մեր հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նշանակումը, մի շարք այլ պաշտոններ, հիմա ես չեմ մանրամասնում, կսկսվեն բանակցություններ, կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ, այդ մասին կխոսենք։ Քիչ է, գիտե’ք, միտինգում ասել, բոլորին ձեռք ենք մեկնում։ Դե, մեկնե’ք, դե, մեկնեի’ք։ Պետք է վերջապես որոշ հարցեր լուծել կոնսենսուսով։ Չի’ կարելի ասել՝ մենք շա’տ ենք, մենք մեծամասնությո’ւն ենք ճնշող, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է։ Այդպես չի’ լինում, այդպես չի’ լինում, միշտ չէ’, որ մեծամասնության խոսքը ճիշտ է։ Շնորհակալություն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica