close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը թվեր մանիպուլացնելով` փորձում է թաքցնել արտագաղթի փաստը. վերլուծաբան

Քաղաքական

19 Օգոստոսի 2018, 21:42
 Փաշինյանը թվեր մանիպուլացնելով` փորձում է թաքցնել արտագաղթի փաստը. վերլուծաբան
Քաղաքագետ, վերլուծաբան  Արմեն Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է վերլուծություն այն մասին, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018 թվականի առաջին կիսամյակում իրականում Հայաստանից մեկնել է 50 796-ով (հիսուն հազար յոթ հարյուր իննսունվեց) ավել ՀՀ քաղաքացի, քան վերադարձել է:

«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց Նիկոլ Փաշինյանն իր ամենակարևոր ձեռքբերում է համարում արտագաղթի կանխումը.
«…Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Ուրեմն, ուշադրություն, հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավել է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Նիկոլ Փաշինյանի պնդումները քննադատության չեն դիմանում: Եվ ահա՝ ինչու:
Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել է մոտ 6 անգամ և կազմել -6 146 (Աղյուսակ 1): Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ:
 
Բայց առաջ անցնել չարժե: Փորձենք հերթով վերլուծել միգրացիայի ու տուրիզմի վիճակը տարվա առաջին 6 ամսում:
Իհարկե, անշնորհակալ գործ է տարվա կեսին, այն էլ՝ եռամսյա ժամանակահատվածի կտրվածքով, խոսել միգրացիայի կամ տուրիզմի ծավալների մասին, քանզի դրանք սեզոնայնության գործոնով էականորեն փոփոխական են, այդուհանդերձ գործող վարչապետի սին պնդումներից հետո ստիպված ենք որոշակի վերլուծություն կատարել և հասկանալ, թե ինչն ինչոց է:
Եվ այսպես, վարչապետն ու իր թիմը պնդում են, որ Հայաստան ուղևորափոխադրումների ծավալն աճել է, ըստ որում՝ ժամանումներն առաջանցիկ տեմպով: Պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ իսկապես սահմանահատումների քանակն ավելացել է 8.3 տոկոսով, ըստ որում՝ ժամանումներն ավելացել են 9.6, իսկ մեկնումները 7.1 տոկոսով: Սակայն, ի հեճուկս հեղափոխական կառավարության պնդումների, այս ցուցանիշն առաջին հերթին նախորդ կառավարության գործունեության արդյունքն է, քանզի տարվա առաջին եռամսյակում սահմանահատումները նախորդ տարվա համեմատ աճել են 14.5 տոկոսով, իսկ ահա երկրորդ եռամսյակում՝ ընդամենը 3.5 տոկոսով: Ըստ որում՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի վերջին տաս տարվա պատմության ընթացքում մեկնումների ու ժամանումների թիվը գրեթե հավասարվել է, իսկ դրանից հետո կրկին վատթարացել:
 
Կարապետյանի կառավարության արդյունքների յուրացումը միակ մեթոդաբանական սխալը չէ միգրացիայի ոլորտում քարոզչության մեջ: Գլխավոր սխալը, որ թույլ են տալիս Փաշինյանն ու իր թիմը, միգրացիայի և տուրիզմի ցուցանիշների միահյուսումն է, ինչի արդյունքում ստացվում է, որ Հայաստանից արտագաղթ չկա: Մինչդեռ պարզվում է, որ ՀՀ քաղաքացի, ավելի ճիշտ՝ ՀՀ փաստաթղթերով երկրից դուրս եկածները շատ ավելի շատ են, քան ժամանածները:
Այսպես, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2018-ի առաջին կիսամյակում Հայաստանից ՀՀ փաստաթղթերով մեկնել է 839.0 հազար մարդ, ժամանել է 788.2 հազար մարդ: Այլ կերպ ասած՝ մոտ 50.8 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել երկրից և չեն վերադարձել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը Նիկոլ Փաշինյանի: Հատկանշական է, որ բացասական սալտոն Կարեն Կարապետյանի օրոք անցած տարվա համեմատ բարելավվել էր մոտ 82 տոկոսով, իսկ ահա Փաշինյանի կառավարման օրոք այն կրկին վատթարացավ (տես Աղյուսակ 2):
Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՀՀ մոտ 50 հազար քաղաքացիներ այս տարի ևս հեռացել են երկրից և պարզ չէ մինչև տարվա վերջ կվերադառնան, թե նրանց բանակը կհամալրվի:
Ինչ վերաբերում է Հայաստան ժամանած օտարերկարցիներին, ապա այս հարցում ևս գործող իշխանության քարոզչությունը սին է: Բանն այն է, որ արձանագրված ցուցանիշները, որ հիմնականում պայմանավորված են ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղ գտած իրողություններով, որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հետ: Այսպես՝ Փաշինյանը պնդում է օտարերկրացիների մուտքերի աճի մասին, վկայակոչելով 34000 թիվը, բայց չի խոստովանում, որ առաջին կիսամյակի կտրվածքով պաշտոնական թիվը 75 000-ն է, ինչն ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից, մոտ 12 տոկոսով, և այդ ցուցանիշի ապահովման մեջ առյուծի բաժինը՝ մոտ 38 000 գրանցվել է մինչ հեղափոխությունը (տես՝ Աղյուսակ 3): Ըստ որում՝ Կարեն Կարապետյանին հաջողվել էր Հայաստան օտարեկրացիների այցելության ցուցանիշը բարելավվել մոտ 18 տոկոսով, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կոտրել աճի այդ տեմպը՝ նվազեցնելով մինչև 8 տոկոսի: Ի դեպ կարծիք կա, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցուցանիշի բարելավումը ևս պայմանավորված է նախկին իշխանության որոշումներով, քանի որ օտարերկրացիների՝ մասնավորապես ՌԴ քաղաքացիների այցելությունները պայմանավորված են մուտքի ռեժիմի ազատականացմամբ, ինչը ոչ մի կերպ Փաշինյանի հետ կապ չունի:
Ինչ վերաբերում է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալին, ապա Փաշինյանի կառավարությունը նախ պետք է հոգ տանի, որպեսզի Քաղավիացիայի վարչությունը, Միգրացիայի պետական գործակալությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն այս հարցում ընդհանուր հայտարարի գան (բոլոր երեքի սքրինները կցված են նյութին): Բայց բոլոր դեպքերում, եթե հիմք ընդունենք ԱՎԾ հրապարակած տվյալները, ապա իրոք 2018-ին ուղևորափոխադրումներն ավելացել են: Բայց զավեշտն այն է, որ առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան երկրորդ եռամսյակում: Ասել է թե՝ սա ևս Կարեն Կարապետյանի արձանագրած արդյունքն է ու դրա իներցիան (տես աղյուսակ 4): Ըստ որում՝ աճը հիմնականում պայմանավորված է «Շիրակ»օդանավակայանի ցուցանիշներով, ինչն էլ իր հերթին՝ մասնագետները պայմանավորում են միջինասիացի գաստարբայթերների մեկօրյա այցելություններով:
 
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից յուրացնում է տուրիզմի ու ավիափոխադրումների ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության գրանցած հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը:
P.S. Հրապարակեմ նաև պաշտոնական աղբյուրներից տեսապատճեներ՝ կանխելու համար հարցերը և սակարկությունները:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica