close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+23°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունն ուրվագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրույթները. Թադևոս Ավետիսյան

Հասարակություն

13 Օգոստոսի 2018, 16:49
 Դաշնակցությունն ուրվագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրույթները. Թադևոս Ավետիսյան

Դաշնակցությունն ուրվագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրույթները. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության  թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը` ներկայացնելով նախագծի մանրամասները:

-Պարոն Ավետիսյան, ի՞նչ նպատակով է մշակվել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը:

-Նախագիծի մշակումը նախաձեռնել է ՀՅԴ Բյուրոն՝ նախորդ տարվա ավարտին: Նախագիծը մշակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը: Անցել է ներքին քննարկումների առաջին փուլը և դրվում է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, ինչպես նաև պետական ու հանրային հատվածից, մասնագիտական ու փորձագիտական շրջանակներից առաջարկներ ստանալու նպատակով:

Իհարկե, նախագծով առաջարկվող որոշ մոտեցումներ, դրույթներ, առանձին լուծումներ կարող են վիճելի լինել քաղաքական և մասնագիտական շրջանակներում:

Ուստի, նպատակ ունենք հանրային լայն իրազեկումից բացի, առաջիկա շահագրգիռ քննարկումների արդյունքներով, էլ ավելի բարելավել Դաշնակցության կողմից առաջ քաշված հիմնադրույթները: Դրա համար է, որ այն հրապարակվել է՝ որպես նախագիծ: Հետևաբար, հավասարապես կարևորում և ակնկալում ենք շահագրգիռ բոլոր կողմերի լայն մասնակցությունը նախագծի հանրայնացմանն ու առաջիկա քննարկումներին:

Լրամշակված նախագծի վերջնական տարբերակը ևս կհրապարակվի և ՀՀ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ՝  կարող է հիմք հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար:

-Ի՞նչ հիմնական բովանդակություն ունի այն:

-Նախագիծը բովանդակում է Հայաստանի անկախացումից ի վեր վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության ընդհանրացված հիմնախնդիրները, վերջիններիս սոցիալական բացասական ազդեցության մարտահրավերները, մյուս կողմից էլ, հաշվի առնելով նաև վերջին շրջանի քաղաքական զարգացումներն ու նոր իրողությունները, օրակարգ են բերվում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:

-Խնդրեմ մանրամասնեք կոնկրետ ի՞նչ հիմնախնդիրներ և մարտահրավերների մասին է խոսքը:

-Մասնավորապես վեր են հանվել տնտեսական հետևյալ հիմնախնդիրները՝ պետական սեփականության առավելագույն մասնավորեցում և կրճատում, տնտեսության ուղղակի կարգավորումից դեպի անուղղակի մեթոդների գործադրում, ազգային արժույթի դրամական զանգվածի սահմանափակման սկզբունքի արմատավորում, արտաքին առևտրային հովանավորչական գործիքների կրճատում, տարածքային համաչափ զարգացման ոչ բավարար գործիքակազմ, սոցիալական նվազագույն երաշխիքների ապահովման ոչ բավարար արդյունքներ, աշխատաշուկայի պետական կարգավորման անհամարժեքություն:

Եվ, բնականաբար, այս հիմնախնդիրները առաջ են բերել երկրի տնտեսության զարգացման սոցիալական ներառականությանը վերաբերող մի շարք մարտահրավերներ, որոնք առանձնացրել ենք երեք հիմնական ուղղություններով՝ Նեոլիբերալ մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում պետության մասնակցային, խթանիչ և կարգավորիչ դերը էապես նվազում է:

Աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված մարտահրավերներ, որոնք օբյեկտիվորեն կախված են նաև արտաքին միջավայրային ազդակներով՝ տնտեսական շրջափակում, դեպի ծով ելքի բացակայություն, պատերազմի սպառնալիք ու ռիսկ, դրանով պայմանավորված նաև՝ ռազմական ծախսերի պարտադրված ավելացում և այլն:

Միկրոտնտեսական մակարդակում զարգացման մարտահրավերները հիմնականում կապված են ձեռնարկությունների տնտեսական արդյունավետության և մրցունակության,  սահմանափակ մրցակցության  խնդիրների լուծման հետ:

-Որո՞նք են Դաշնակցության սկզբունքային մոտեցումները այս մարտահրավերների պարագայում տնտեսության զարգացման սոցիալական ներառականությունն ապահովելու ուղղությամբ:    

-Որպես սոցիալական՝ պետությունը պետք է լիարժեք ստանձնի իր քաղաքացու սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը: Դաշնակցությունն այս հիմնարար նպատակի իրացման հիմքում դնում է հետևյալ արժեքները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն:

Այսպես՝ իրական ազատության կարելի է հասնել, եթե ապահովված են տնտեսական նախադրյալներն ու հավասար հնարավորությունները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը: Արդարությունը պահանջում է տնտեսական արդյունքի արդար բաշխում և վերաբաշխում: Սակայն այն չի ենթադրում խորհրդային բացարձակ «հավասարություն»: Չի հակասում նաև աշխատանքն՝ ըստ քանակի ու որակի վարձատրելու շուկայական սկզբունքին: Արդարությունը սոցիալական պետության հիմքն է և երաշխավորում է հասարակության համերաշխությունը։

Իսկ համերաշխությունը լոկ բարեգործություն չէ, այն գոյատևման և ազգի տեսլականին հասնելու գրավականն է, կյանքի որակի և կայուն զարգացման ապահովման նախապայմանը:

Ինչ վերաբերում է տնտեսական մոդելին, ապա հարկ է նշել, որ կարգավորվող շուկայական տնտեսությամբ, սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու Դաշնակցության հայեցակարգի հիմքում առաջ են քաշվում երեք հիմնական սկզբունքներ՝առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականություն և արդարություն, կայուն զարգացում:

-Կարող եք որոշակիորեն մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ լուծումներ են առաջադրվել այս հիմնական սկզբունքներն ապահովելու համար:

-Փորձեմ հակիրճ ներկայացնել նշված սկզբունքների ներքո մեր կողմից առաջարկվող հավաքական լուծումները:

Նախ առաջին սկզբունքի ներքո.

Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական, տարերային կերպով, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ ու նպատակային մասնակցությամբ. շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով:

Տնտեսության ներուժը պետք է ունենա երկրի համեմատական առավելությունների ամրապնդման և նորարարական լուծումներով ընդլայնման կայուն հիմքեր: Իսկ սոցիալական ներառականության և կյանքի որակի տեսանելի փոփոխության համար անհրաժեշտ է տնտեսության առավելագույն ներուժին ձգտող կայուն տնտեսական աճ:

Հարկային քաղաքականության հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը: Այսինքն՝ հանրային բարեկեցությունից առավել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պետք է հարաբերականորեն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի հասարակության առաջ:

Մրցակցային զարգացման միջավայրի ձևավորումը իր հերթին պահանջում է՝ մեծացնել տուգանքները գերիշխող դիրքի չարաշահումների համար, նախատեսել հակամրցակցային գործողության վնասի փոխհատուցման մեխանիզմ և հզորացնել հակամենաշնորհային պայքար իրականացնող պետական մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները:

Սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության հիմնական ենթակառուցվածքային մակրոգործոն են բնական մենաշնորհները, որոնք պետք է ոչ միայն անուղղակի կարգավորվեն պետության կողմից, այլև՝ ունենան ուղղակի պետական մասնակցություն, որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթով:

Ենթակառուցվածքային մեծ ծրագրեր նախաձեռնելիս անհրաժեշտ է խուսափել «ենթակառուցվածքային ծուղակից», երբ ծրագրի փաստացի ժամկետն ու բյուջեն բազմապատիկ անգամ գերազանցում են նախահաշիվը և չի ապահովվում ծրագրի արդյունքը:

Արտաքին ռիսկերի կառավարման ճկուն համակարգ ունենալու համար անհրաժեշտ է արտաքին տնտեսական տարբերակված քաղաքականություն՝ տնտեսության ինովացիոն զարգացման և մարդկային կապիտալում արդյունքահեն ներդրումների ներգրավման հիմնական նպատակներով:

Արտաքին և ներքին ներդրումների ներգրավման հիմնական երաշխիքներից է նաև միջազգային չափանիշներով՝ արդար, անկախ և արդյունավետ դատաիրավական համակարգի ձևավորումը, ներառյալ արբիտրաժային դատարանները:

Այս նպատակադրումների համատեքստում հայկական սփյուռքը պետք է դիտվի՝ որպես հենասյունային մակրոգործոն և այդ ներուժը պետք է լիարժեք իրացվի սփյուռքի հետ տնտեսական կապերի զարգացման ռազմավարությանը համապատասխան:

Արտահանման խթանման համար (հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում) անհրաժեշտ են՝ ակտիվորեն և ծրագրված օգտագործել ՀՀ դեսպանատների և առևտրային ներկայացուցչությունների հնարավորությունները, արտահանման սուբսիդավորումից ու ապահովագրությունից բացի՝ ներդրնել պետական երաշխիքով առևտրի ֆինանսավորման արդի գործիքներ:

Մյուս կողմից, ներմուծման փոխարինման գործիքակազմը չի կարող արդյունավետ լինել, եթե գոնե պետական գնումներում նախապատվություն չտրվի տեղական արտադրողին:

Տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև աճի առաջնային բևեռների ձևավորմանը՝ ՓՄՁ, աշխատատար և գիտելիքահեն ճյուղեր, զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար բնագավառներ, խոշոր ներդրումներով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկություններ, հատկապես՝ սահմանամերձ, բարձր լեռնային բնակավայրերում:

Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ապահովագրված, կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ տնտեսվարման պայմանների լիարժեք ձևավորում՝ «անապահովությունից դեպի կայուն զբաղվածություն» սկզբունքով:

Երկրորդ սկզբունքն ապահովելու համար տնտեսական աճը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Զուգահեռաբար և փոխադարձության սկզբունքով՝ տնտեսական զարգացումը պետք է անշեղորեն ուղենշվի սոցիալական ներառականությամբ և արդարությամբ:

Նախ՝ ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, ներկայիս մոտ 12 տոկոսի փոխարեն, սահմանված թիրախներին ու առաջնահերթություններին համաչափ, պետք է ուղղվի սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներին:

Պետական միջոցների կայուն ավելացմանը զուգահեռ պետք է իրականացվեն պետական և համայնքահեն արդիական ծրագրեր՝ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն սոցիալական կարիքների բավարարման վերջնանպատակով:

Զուգահեռաբար, առաջնային կարևորություն ունի աշխատաշուկայի պետական կարգավորումը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծախսված պետական միջոցները վերադարձվեն նրա եկամտահարկով:

Պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման գործիք:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովման համար, ի լրումն, անհրաժեշտ են նաև՝ խոշոր գործատուների կողմից պարտադիր ապահովման աշատատեղերի քվոտայի լիարժեք կիրառումը, պետական աջակցությամբ սոցիալական ձեռնարկատիրության կայացումն ու զարգացումը:

Նվազագույն աշխատավարձը պետք է շարունակաբար բարձրացվի սոցիալական գործընկերության հարթակում, իրական բանակցությունների հենքի վրա՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին համաչափ, նվազագույն/միջին աշխատավարձ հարաբերակցությունը պահելով՝ 50-60 տոկոս միջակայքում:

Իսկ սոցիալական գործընկերության արդյունավետ զարգացման հիմնական պայման են՝ իրապես անկախ, ներկայացուցչական և հզոր արհմիությունները:

Մյուս կողմից, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ անհրաժեշտ է ամբողջականացնել աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգը՝ բարձրացնելով արդյունավետությունը, բացառելով առկա և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ պետք է պարբերաբար վերանայվեն անապահովության նպաստի չափերը՝ հիմք ընդունելով պետական բյուջեի աճող հնարավորությունը և կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը:

Սակայն անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ, իսկ աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն:

Կենսաթոշակային նոր համակարգի ձևավորման համար առաջարկվում են հետևյալ հիմնական սկզբունքները՝ պետության պոզիտիվ պարտավորություն, միջսերնդային և ներսերնդային համերաշխություն, գործատու – աշխատող – պետություն ամբողջական մասնակցություն, համարժեքություն՝ կենսաթոշակի չափի համար ելակետ պետք է հանդիսանա կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կամ երկրի միջին աշխատավարձի առնվազն 40%-ը, օրինական և կայուն աշխատանքի խթանում՝ աշխատանքային ստաժի հաշվառում թոշակի չափի որոշման համար:

Եվ վերջում նաև կայուն զարգացման ապահովման նպատակադրման վերաբերյալ:

Կայուն զարգացումը պահանջում է, որ քաղաքականությունը միտված լինի կյանքի որակի առաջանցիկ բարելավմանը, նաև՝ վաղվա բարեկեցության հիմքերի ապահովմանը:

Այստեղ հենասյունային են՝ ժողովրդագրությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:  

Ծայրահեղ վիճակի հասնող ժողովրդագրական խնդիրների լուծման համար տնտեսական աճն ու սոցիալական լարվածության թուլացումը ինքնին բավարար չեն: Անհրաժեշտ է պետական համակարգված մոտեցմամբ ձևավորել ժողովրդագրական զարգացման ռազմավարական աջակցություն, հետևյալ հիմնական ուղղություններով՝ ծնելիության խթանում, արտագաղթի կանխում և ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում ու կյանքի որակի բարելավում:

Կրթական քաղաքականությունը պետք է բխի ոչ միայն աշխատաշուկայի առկա պահանջարկից, այլ նաև՝ առաջանցիկ լուծումներով, որակյալ կադրերի պատրաստումը պետք է դառնա գիտելիքահեն և ինովացիոն տնտեսության զարգացման հիմքը:

Ծառայությունների որակի ու մատչելիության երաշխիքների լիարժեք ներդրմամբ և պետական ֆինանսավորմամբ՝ պետք է  անվճար ապահովվեն նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը և մասնագիտական կրթությունը:

Առողջապահության ոլորտում բարեփոխումները պետք է ուղղված լինեն՝ նվազագույն բազային փաթեթով պարտադիր պետական ապահովագրության փուլային ներդրմանը, ինչպես նաև ծառայությունների արդիականացմանը, որակի ու մատչելիության բարձրացմանը, համակարգի ամբողջական էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, ճկուն սակագների ձևավորման խթանների ապահովմանը:

Մարզերում պետք է ձևավորվեն Երևանի բուժհաստատություններին չզիջող բժշկական կենտրոններ։

Մշակութային ժառանգության զարգացումն ու կապիտալացումը պետք է մշտապես լինեն պետության նպատակային աջակցության ներքո, հիմքում ունենալով՝ հոգևոր աղքատության հաղթահարումը, նորարարությունների խթանումը, մշակութային բազմազանության քաջալերումն ու հասանելիությունը, ազգային մշակութային արժեքների միջազգայնացումը, ինչպես նաև մշակութային կրթության և գեղարվեստական դաստիարակության համար ինստիտուցիոնալ հիմքերի ապահովումը:

Բնապահպանական առումով ընդունելի վիճակի ապահովումը ևս հանդիսանում է կայուն զարգացման մակրոգործոն՝ ներկա սերունդի համար ստեղծելով համերաշխության մթնոլորտ, իսկ ապագա սերունդիների համար՝ զարգացման հավասար պայմաններ։

Հետևաբար, քաղաքականությունը պետք է միտված լինի՝ բնական ռեսուրսների գերշահագործման բացառմանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցության նվազեցմանը, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը, ստացվող եկամուտների արդար բաշխմանը:

-Ինչպե՞ս կարելի է առաջարկներ ներկայացնել այս փաստաթղթի վերաբերյալ:

-Ինչպես սկզբում արդեն նշեցի, փաստաթուղթը առաջիկա երկու ամիսներին դրվելու է հանրային լայն քննարկման, իհարկե նաև՝ առարկայական առաջարկներ ստանալու նպատակով:

Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հասու է՝   http://www.arfd.info/hy/?p=45879 էջում:

Իսկ փաստաթղթի վերաբերյալ առաջարկները կարելի է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Ակնկալում ենք առարկայական և շահագրգիռ առաջարկներ:

Հարցազրույցը վարեց Արազ Գայմագամյանը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica