close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերեւում` Աստված, ներքեւում` Փաշինյան

Թեմա

2 Օգոստոսի 2018, 20:14
 Վերեւում` Աստված, ներքեւում` Փաշինյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, անմիջապես դրա մասին կտեղեկացվի հանրությանը: Անկեղծ ասած` ես կարծում էի, որ հանրությանը «Ելք»-ի պառակտման մասին տեղեկացնելու կարիք չի լինելու, քանի որ, եթե, օրինակ, անձրեւ է գալիս, ապա որեւէ մեկը չի հայտարարում, որ անձրեւ է գալիս, առավել եւս` որ եկավ: Բայց սա դեռ մի կողմ. Արարատ Միրզոյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` «Ելք» դաշինքի մյուս գործընկերները, այսինքն` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն այդպես էլ չքայլեց Փաշինյանի հետ` Գյումրիից Երեւան, եւ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչներին նույնպես քայլելիս չենք տեսել, արդեն իսկ հայտարարել են, որ եթե չստացվի Երեւանի ավագանու, ապա եւ քաղաքապետի ընտրություններին մասնակցել` որպես մեկ միասնական «Ելք» դաշինք, ապա իրենք` «լուսավորներն» ու «Հանրապետություն» կուսակցությունը, ՔՊ-ից առանձին կմասնակցեն քաղաքապետի ընտրություններին, ավելին` այդ պարագայում իրենք արդեն իսկ ունեն իրենց թեկնածուն` ի դեմս արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանի: Ստացվում է, որ կոնկրետ քաղաքապետի թեկնածուի հարցում «Ելք»-ում ոչ բոլորն են համաձայն Հայկ Մարությանի թեկնածության հետ, ինչն էլ նշանակում է, որ դաշինքում ի հայտ են եկել պառակտման առաջին նշանները:

Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը, ի վերջո, Հայաստանում բազմաթիվ դաշինքներ են ստեղծվել, պառակտվել, մոռացվել, անմոռանալի մնացել, մի խոսքով` «Ելք»-ն այս առումով ո'չ առաջինն է, ո'չ էլ վերջինն է լինելու, չնայած` վերջինի հարցում խիստ կասկածներ ունեմ: Բանն այն է, որ հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Գուցե շտապում եմ ասել, բայց Հայաստանում պետք է ձեւավորվի մեկ քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Փաշինյանի եւ նրա թիմի արժեհամակարգը, եւ հենց այդ ուժը կստանձնի այդ արժեհամակարգային պատասխանատվությունը: Այս քաղաքական ուժի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր անհատներ, հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ»: Այսի՞նքն, ի՞նչ մեկ ուժի մասին է խոսում պարոն Միրզոյանը եւ ինչո՞ւ հենց մեկ ուժի: «Քաղաքացիական պայմանագիրը», Փաշինյանն ու նրա թիմը Աստծո 7 պատվիրաննե՞րն են, որ միակը լինեն` որպես արժեհամակարգ, որի շուրջ էլ տեղի կունենա մասսաների համախմբումը, ուրիշ ճշմարտություն այս երկրում չպե՞տք է լինի: Առաջին փոխվարչապետը, փաստորեն, կոչ է անում բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին` անկախ մաշկի գույնից, այն փոխելու պարբերականությունից, կրոնական ու սեռական նախասիրություններից, միանալ ՔՊ-ին, կրել ՔՊ-ի արժեհամակարգն ու միայն այդ պարագայում հնարավորություն ստանալ երկրում մասնակից լինել իրադարձություններին: Իսկ ՔՊ-ի արժեհամակարգը չկրելը, փաստորեն, խարա՞ն է, գուցե դրա համար դատելո՞ւ են, ասենք` պետական հեղաշրջման փորձ, սահմանադրական կարգի տապալում, պետական դավաճանություն կամ սատանիզմ հոդվածներով…

Պարոնա'յք, ավելի ճիշտ` տղե'րք, քանի որ բոլորդ էլ երիտասարդ եք, ու կյանքն առջեւում է (չնայած դժվարանում եմ ասել, թե ի՞նչ եք դառնալու, երբ մեծանաք, քանի որ արդեն նախարար դարձել եք), երբ երկրում` որեւէ երկրում, ձեւավորվում է մեկ ուժ, մեկ արժեհամակարգ, ապա այդ երկիրը… Չէ, երեւի արդեն չի կարելի ասել, թե ինչ է դառնում, ու արդեն այսօրվանից մենք պետք է ասենք` վերեւում` Աստված, ներքում` Փաշինյան: Մենք, այսինքն` բոլորս` պրոլետարներով, ներողություն` քաղաքացիներով:

Հովիկ Աֆյան

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica