close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի փաստաբանը` նրա` որպես երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին

Իրավունք

28 Հուլիսի 2018, 14:00
 Քոչարյանի փաստաբանը` նրա` որպես երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել նրա կալանավորման որոշումը. ըստ նրանց` այն ապօրինի է:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Քոչարյանին մեղսագրվող արարքի հանցակազմն անհասկանալի է: «Մինչև վերջ չեմ հասկանում, նա մեղադրվում է զենք կիրառելո՞ւ, արտակարգ դրություն մտցնելո՞ւ, թե՞ այլ արարքի մեջ, չէ՞ որ անձը պետք է կոնկրետ հանցանքի համար մեղադրվի, պետք է հասկանալ այդ արարքը, որ պաշտպանվել»,- ասաց նա:

Փաստաբանի գնահատմամբ` Մարտի 1-ի գործը բավարար ուսումնասիրված և մշակված չէ քննչական մարմինների կողմից, կամ էլ լավ ուսումնասիրված է, սակայն դատարան են ներկայացվել միայն այն ապացույցները, որոնք ինչ-որ կապ կարող են ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ըստ Օրբելյանի` ներկայացված ապացույցներից որևէ մեկը վերաբերելի չէ երկրորդ նախագահին: «Ապացույցների մեջ մենք չենք տեսնում որևէ ուղղակի ապացույց, որն առնչվում է Քոչարյանին: Չենք կարողանում հասկանալ այն կոնկրետ արարքը, որը մեղսագրվում է Քոչարյանին»,- նշեց նա:

Պաշտպանի խոսքով` Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) և ներկայացված ցուցմունքների միջև որևէ կապ չկա:

Անդրադառնալով երկրորդ նախագահին Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիությանը` Օրբելյանն ասաց. «Եթե անձը չի կատարել որևէ հանցագործություն, անձեռնմխելիության դրույթը չի գործում: Եթե դատարանը կհաստատի, որ անձը հանցագործություն է կատարել, այդ ժամանակ միայն իմունիտետը չի կարող կիրառվել, իսկ եթե պարզվի, որ հանցանք չի կատարել, ապա իմունիտետնը կիրառելու կարիք ընդհանրապես չի լինի»:

Օրբելյանը, վկայակոչելով միջազգային փորձը , նշեց, որ ոչ ֆունկցիոնալ իմունիտետի դեպքում շատ պարզ կանոն է գործում` տվյալ անձը տվյալ գործողությունը կատարելիս գործել է որպես պետության նախագա՞հ, թե՞ որպես քաղաքացի: «Եթե նա, որպես նախագահ, հրամաններ է տվել, հրամանագրեր ստորագրել դրանք նրա ֆունկցիաներից են բխել: Եթե նույն անձը մի օր սրճարանում անձի ծեծի, նշանակում է իր կարգավիճակից չբխող գործողություն է կատարել և ենթակա է հետապնդման»,- բացատրեց նա:

ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններում հստակ ամրագրված է Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: 3-րդ կետով էլ սահմանված է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երեկ էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica