close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսելը բոլորովին այլ տեղ է տանում. Արսեն Համբարձումյան

Քաղաքական

28 Հուլիսի 2018, 13:15
 Սահմանադրական կարգի տապալման մասին խոսելը բոլորովին այլ տեղ է տանում. Արսեն Համբարձումյան

ՀՅ Դաշնակցության` երեկ տարածած հայտարարության վերաբերյալ  Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

-Պարո'ն Համբարձումյան, Դաշնակցության` երեկ տարածած հայտարարությունը մամուլում և սոցիալական ցանցերում տարաբնույթ, երբեմն խիստ ծայրահեղ մեկնաբանությունների առիթ տվեց: Կցանկանայինք լսել Ձեր պարզաբանումները:

 -Նախ` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ՝ նկատի ունենալով արված բոլոր արձանագրումները, այլ ոչ թե սևեռվել միայն վերջին պարբերության վրա։ Հարկ եմ համարում շեշտել մի կարևոր հանգամանք ևս՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ մեկի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դերը ստանձնելու ցանկություն չունի։ Գերագույն մարմինը հայտարարությամբ պարզապես իր մտահոգությունն է հայտնել առաջադրված մեղադրանքի կապակցությամբ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նախ` ՀՔԾ-ի կողմից Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանադրական կարգի տապալման` առաջադրված մեղադրանքն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, որովհետև նշված հոդվածը Քրեական օրենսգրքում լրացվել է ենթադրվող հանցագործությունը կատարելուց հետո՝ 2009-ին։ Բայց սա չէ ամենակարևորը։ Սահմանադրական կարգի տապալման և իշխանության բռնի զավթման մեղադրանքի ներկայացումը, ըստ էության, նշանակում է, որ հարցականի տակ է դրվում վերջին 10-ամյա ժամանակաշրջանի իշխանության լեգիտիմությունը՝ դրանից բխող հետևանքներով։ 

Դա նշանակում է, որ պատասխանատվության պետք է կանչվեն ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահը, այլև ընտրությունների արդյունքները հաստատած և արտակարգ դրության ռեժիմ հաստատելու մեջ այս կամ այն ձևով մասնակից եղած բազմաթիվ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանակի հրամկազմ, ՍԴ անդամներ, ԿԸՀ և այլն։ Շղթայական և ճյուղավորված հետապնդումների շղթան թե ուր կտանի և ինչի կհանգեցնի՝ դժվար չէ ենթադրել։ Բացի այդ` եթե արդարության վերականգնումից ենք խոսում, ապա հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չենք անդրադառնում 1996 թ. նախագահական ընտրություններին ու այդ ժամանակ տեղի ունեցած` սահմանադրական կարգի տապալմանն ու իշխանության բռնի զավթմանը։

Հիմա ի՞նչ, համատարած քրեական պատասխանատվությա՞ն կանչենք բոլորին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուս բոլորին, հեղինակազրկե՞նք մեր պետական ինստիտուտները ու հարցականի տա՞կ դնենք մեր պետականության լեգիտիմությունը։ Սա՛ է խնդիրը։ Որևէ հետին միտք ու նպատակ չկա։ Որպես դերակատար քաղաքական ուժ` ունենք սկզբունքային մոտեցումները բարձրաձայնելու ու պատասխանատվության հարց։

-Մարտի 1-ի դեպքերի շուրջ Դաշնակցության մոտեցումներն ինչ-որ  փոփոխությունների ենթարկվե՞լ են այս ընթացքում:

- Մենք այն համոզումն ունենք, որ մարտի 1-ի, 2-ի դեպքերի քննության գործը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, և առանց բացառության, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եթե կա հանցակազմ, եթե լիազորությունների վերազանցում է եղել, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Ռոբերտ Քոչարյանը։ Բայց խոսել սահմանադրական կարգի տապալման մասին, դա բոլորովին այլ տեղ է տանում։

ՀՅԴ-ն 2008 թ. մարտյան իրադարձությունների ժամանակ չի եղել ո'չ մեկ և ո'չ էլ մյուս կողմում, ավելին՝ այդ ողբերգական դեպքերին նախորդած օրերին սթափության կոչ է արել և փորձել կանխել իրադարձությունների անցանկալի զարգացումները, բայց, ցավոք, ապարդյուն։ Հիմա էլ ասում ենք, որ արդարության հաստատման, օրինականության վերականգնման ընտրված ձևը խնդրահարույց է և կարող է սխալ տեղ տանել։ Ապագայում հետին արձանագրումներով մեր ճշմարտացիությունը հերթական անգամ սոսկ վավերագրելու ցանկություն չունենք։

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica