close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+8°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ.Մ.Ը.Մ.-ն արժանի է յուրաքանչյուր հայի և ամբողջ հայության բարձր գնահատանքին ու խոր հարգանքին. Արամ Ա

Հասարակություն

24 Հուլիսի 2018, 22:41
 Հ.Մ.Ը.Մ.-ն արժանի է յուրաքանչյուր հայի և ամբողջ հայության բարձր գնահատանքին ու խոր հարգանքին. Արամ Ա

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված միջոցառումները և Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումը հայրենիքում դեռևս ընթանում են:

Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսության միաբաններից Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզյանն ու Հոգշ. Տ. Պետրևոս Վրդ. Մանուելյանն այսօր մասնակից դարձան օպերային թատրոնի դահլիճում Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված հանդիսությանը:

Պաշտոնական հանդիսության ընթացքում Վրդ․ Մանուելյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա  Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը.

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կ՛ողջունենք ձեզ, Հ.Մ.Ը.Մ.-ի Կեդրոնական Վարչութիւնը, ինչպէս նաեւ աշխարհացրիւ Հ.Մ.Ը.Մ.-ի ընտանիքը:

Ներկայ տարին 100-ամեակն է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.):

Արդարեւ,  1918-ին Պոլսոյ մէջ Շաւարշ Քրիսեան, Յովհաննէս Հինդլեան, Գրիգոր Յակոբեան եռեակին կողմէ հիմնուած մարմնակրթական այս Միութիւնը իր եզակի դերը ունեցաւ մեր ժողովուրդի կեանքէն ներս: Եզակի դեր մը, որ չսահմանափակուեցաւ միայն մարզական բնագաւառէն ներս, այլ ներառեց նաեւ հայ կեանքի ընկերային, կրթական, մշակութային, պահանջատիրական մարզերը: Եզակի դեր մը, որ չմնաց միայն տեղական ու տեղայնական պայմաններուն ու մտահոգութիւններուն առնչուած, այլ եղաւ գերազանցօրէն համահայկական. Սփիւռքի բոլոր գաղութներէն ներս եւ Հայաստանի ու Արցախի վերանկախացումէն ետք` նաեւ հայրենի հողին վրայ դառնալով կենդանի ներկայութիւն: Եզակի դեր մը, որ երբեք չդարձաւ լուսանցքային, այլ իր զօրեղ ազդեցութիւնը ունեցաւ նոր սերունդներու հայեցի դաստիարակութեան մէջ: Վերջապէս, եզակի դեր մը, որ եղաւ ու մնաց համապարփակ, ազգային ձգտումներուն ու աւանդութիւններուն կենսագործման շաղախելով նաեւ մեր հոգեւոր ու բարոյական արժէքներն ու սկզբունքները:

Այսպէ՛ս եղաւ Հ.Մ.Ը.Մ.-ը հարիւր տարիներ շարունակ: Ա՛յս ոգիով ու տեսլականով գործեց ու կազմակերպեց: Ա՛յս հաւատքով ու յանձնառութեամբ նոր սերունդներուն` ազգին ու հայրենիքին համար ապրելու ու ծառայելու գիտակցութիւնը ու նուիրումը ներարկեց:

Արդ, հարիւրամեայ իր ծառայութեամբ բեղմնաւոր ու հզօր Հ.Մ.Ը.Մ.-ը արժանի է իւրաքանչիւր հայու եւ ամբողջ հայութեան բարձր գնահատանքին ու խոր յարգանքին: Կառոյցները միջոց են. էականը ու ճառագայթողը` ծառայութեամբ թրծուած նպատակասլաց գործն է: Այսօր Հ.Մ.Ը.Մ.-ը մեր ժողովուրդին կը ներկայանայ դար մը ամբողջ նուիրական առաքելութիւն մը հաւատարմօրէն կատարած ըլլալու արդար հպարտութեամբ ու խոր ցնծութեամբ:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հայրապետները միշտ գնահատողը ու քաջալերողը եղած են Հ.Մ.Ը.Մ.-ին: Անոնց արդար գնահատանքին կը միացնենք նաեւ Մեր ջերմ գնահատանքը` համահայկական ոգիով«, պահանջատիրական կամքո, հայակերտումի յանձնառութեամբ ու հայրենիքի հզօրացման ի խնդիր գործող ու ծառայող Հ.Մ.Ը.Մ.-ին:

Վստահ ենք, որ 100-ամեակը նոր մարտահրաւէր մը պիտի դառնայ Հ.Մ.Ը.Մ.-ին` առաւել նուիրումով շարունակելու իր առաքելութիւնը մեր ժողովուրդի կեանքէն ներս, ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի:

Կ՛աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ միշտ ամուր ու կենսունակ պահէ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը, ամրացնէ անոր շարքերը ու զօրացնէ անոր մշակներուն ազգին ծառայելու կամքը:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Ս. Հոգւոյն եւ յաւէտ օրհնեալ ի Մէնջ. Ամէն:

Աղօթարար`

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica