close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2018
USD1482.63
GBP1615.30
EUR1549.47
RUB17.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Տնտեսական

19 Հուլիսի 2018, 19:33
 Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր:

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլեր տնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղ ջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծությունը գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ: 

«Անասնաբուծություն առանց անասնաբուժության չի կարող լինել, և մենք վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք թե' Մեծ Պարնի համայնքում, թե' Լոռու մարզում և թե' ամբողջ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Եթե որոշակի խնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել, հնարավորինս շուտ, օպերատիվ և դրական կերպով շտկել, լուծել այդ խնդիրները», - նշել է Արթուր Խաչատրյանը:

Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը:

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, որպես կապող օղակ կհանդիսանա գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։

Այն հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի  կդարձնի ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: Այստեղ կկազմակերպվեն նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ դասընթացներ և սեմինարներ:

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի խոսքով` կենտրոնը կսպասարկի ոչ միայն Մեծ Պարնին, այլև Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքներ:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին տեղեկացրել է, որ նմանատիպ կառույցներ կշարունակեն կառուցվել Հայաստանի այլ մարզերում ևս:

Միջոցառումից հետո Արթուր Խաչատրյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ։ Նախարարը համայնքի անասնաբույժից հետաքրքրվել է մարզում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին՝ հաշվի առնելով խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերի մասին մամուլում վերջերս տեղ գտած լուրերը։ Անասնաբույժը հավաստիացրել է, որ անասնահամաճարակային վիճակը կայուն է ու վերահսկելի, և բնակչությունն անհանգստանալու կարիք չունի։

Գյուղացիներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութերի սուբսիդավորման, պետական օժանդակության այլ ծրագրերի, մթերումների և այլ խնդիրների վերաբերյալ։ Նախարար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական լիզինգի ծրագրին, որի շրջանակում այսուհետ շահառուները տարեկան 4% լիզինգային տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով 20% կանխավճարով կարող են ձեռք բերել նաև սարքավորումներ, որոնք կիրառվում են  ջերմոցային, սառնարանային տնտեսությունների, թարմ պտուղ-բանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեության, սպանդանոցային տնտեսության, ագրովերամշակող արդյունաբերության  և ագրոպարենային ոլորտի այլ գործունեության մեջ։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica