close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահպանել, վերականգնել ու տալ նոր սերնդին. Սաթյանը Դիլիջանի ստեղծագործական տունը վաճառելու մտադրություն չունի

Հարցազրույց

19 Հուլիսի 2018, 15:15
 Պահպանել, վերականգնել ու տալ նոր սերնդին. Սաթյանը Դիլիջանի ստեղծագործական տունը վաճառելու մտադրություն չունի

Վերջերս մի քանի կոմպոզիտորներ Կոմպոզիտորների միությունից դուրս եկան: Ավելին՝ կրկին սկսեցին լուրեր շրջանառվել, որ միությունը հնարավորություն չունի պահպանելու Դիլիջանի ստեղծագործական տունը և ուզում է վաճառել, նաև` ֆինանսական խնդիրներ ունի: Դեռ 2013-ին, երբ Արամ Սաթյանը ցանկանում էր միության նախագահ դառնալ, նրա նախընտրական ծրագրի դրույթներից մեկը Դիլիջանի ստեղծագործական տան պահպանումն էր: Yerkir.am-ը զրուցել է միության նախագահ Արամ Սաթյանի հետ՝ բարձրացված հարցերի պատասխանները ստանալու համար:

-Պարո'ն Սաթյան, սկսենք ֆինանսական խնդիրներից. ի՞նչ խնդիրներ ունեք, նո՞ր են առաջացել դրանք:

-Վերջին ամիսներին, այո, ֆինանսական որոշ խնդիրներ ունեցանք, քանի որ արդեն 3 ամիս է՝ դադարեցվել է միության ֆինանսավորումը, որն արվում էր նախագահի պահուստային ֆոնդից։ Մենք շարունակում ենք գրել նամակներ, դիմել պատկան մարմիններին: Կարծում եմ՝ միություններին, մանավանդ` ԿՄ-ին, պետք է աջակցել՝ սատարման տեսակետից: Պահուստային ֆոնդից, ճիշտ է, շատ չնչին գումար էին մեզ հատկացնում, մնացածը մենք էինք հայթայթում, սակայն այդ չնչին գումարը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այն հազար ու մի հարց էր լուծում՝ կոմունալ վարձավճարներ, բացի դրանից՝ այդ գումարից վճարում էինք նաև եկամտահարկերը, իսկ հիմա մենք եկամտահարկ ենք վճարում՝ առանց մուտք ունենալու: Հույս ունեմ, որ մի օր ոտքի կկանգնենք, և ԿՄ-ն` իր միջոցներով, իր Դիլիջանով, համերգներով, կկարողանա գումարներ ստանալ ու ինքն իրեն ապահովել: Միշտ չէ, որ պետք է պետության վրա հույս դնել, մանավանդ՝ մենք հասարակական կազմակերպություն ենք:

-Վերջին շրջանում միությունից մի քանի կոմպոզիտորներ դուրս եկան: Ո՞րն էր պատճառը, ներքին լարվածությո՞ւն կա միությունում:

-Միությունից 3 հոգի է դուրս եկել: Գիտե՞ք՝ ովքեր են նրանք, մեկն, օրինակ, ուզում էր միության նախագահ դառնալ, և չի ստացվել, իսկ մյուսի գործերն ամենաշատն են հնչել մեր համերգներում ու փառատոներում: Տեսեք՝ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր տեղը հասարակության մեջ՝ ինչքանով կարող է օգտակար լինել: Սակայն երբ հնարավորություն ես տալիս, և ավելին են պահանջում, չի ստացվի, քանի որ, իմանալով միության այս վիճակը, պետք է հասկանան մեզ: Այդ երեք հոգու դուրս գալը դեր չի խաղում, մանավանդ՝ մեր կանոնադրության մեջ նշված է, որ կարող են մտնել և դուրս գալ: Նրանց դուրս գալը միությունից իրավիճակը չի փոխում:

-Միությունը սերնդափոխության խնդիր չունի՞, կարող ուժեր չե՞ք տեսնում՝ թեկուզ միությունը ղեկավարելու համար:

-Կա նման խնդիր: Ի դեպ, վերջին շրջանում մի շարք երիտասարդներ են միության անդամ դարձել: Սակայն մենք միջին սերնդի խնդիր ունենք, այսինքն՝ մենք այնքան ենք բաց թողել միջին սերունդը, որ երիտասարդներն արդեն մոտենում են 40-ին: Մենք բացթողումներ ունենք, և երիտասարդները, որ արտասահմանում էին, իսկ հիմա եկել են Հայաստան, ուզում են օգտակար լինել միությանը: Մեր երիտասարդության սեկտորը, որը դարձել է ֆորում, մեծ նախագծեր է իրականացնում, քայլեր անում: Կարծում եմ՝ 4-5 տարի անց կլինեն մարդիկ, որ կկարողանան ղեկավարել կառույցը՝ իրենց փորձով, հմտությամբ:

-Չե՞ք կարծում, որ խնդիր ունենք համապատասխան միջավայր ու պայմաններ ստեղծելու, քանի որ ունենք մի շարք տաղանդավոր երիտասարդներ, որ ուսումն ավարտում ու մեկնում են երկրից, քանի որ այստեղ չունենք պայմաններ:

-Ունենք շատ շնորհքով ու տաղանդավոր կոմպոզիտորներ, օրինակ` ես կարող եմ խոսել մեր ընտանիքի շարունակության մասին՝ իմ որդին էլ կոմպոզիտոր է, բայց, այո, նա էլ է դրսում, քանի որ այնտեղ շուկա կա, իսկ դրսում դաշտը մեծ է: Կարծում եմ՝  պետք է երիտասարդներին ավելի մեծ ուշադրություն դարձնենք, չէ՞ որ նրանք են մեզ հաջորդողները, նրանք պետք է շարունակեն մեր գործը: Դրա համար պետք է նրանց հնարավորություն տալ ինքնադրսևորվելու: Հաճախ կայացած կատարողներն ասում են՝ երիտասարդներն այնպիսի գործեր են գրում, որ կատարելու բան չէ, բայց ստեղծագործողը պետք է լսի իր գրածը, որ պրակտիկ կողմը հասկանա: Կոմպոզիտորը մինչև իր գործը չլսի՝ չի կարող առաջ գնալ: Ես միշտ Գուստավ Մալերին եմ օրինակ բերում, երբ նա առաջին սիմֆոնիան գրեց, տպագրեց, հետո 365 փոփոխություն կատարեց այդ գործում, բայց, բնականաբար, լսելուց հետո: Իսկ Հայաստանում ավարտում են կոնսերվատորիան ու այդպես էլ չեն լսում իրենց գործերը: Վերջերս Գորիսում մեծ համերգ էր կազմակերպվել՝ Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առթիվ: Ժամանակակից կոմպոզիտորներից երևէ մեկի գործերը չհնչեցին: Ստացվում է՝ 50 տարի ոչ մեկը գործ չի գրել, քանի որ համերգին չընդգրկել կոմպոզիտորներին, որոնք ողջ են, շարունակում են ստեղծագործել, աբսուրդ է: Եթե պետք է առաջնորդվել այն հասկացողությամբ, որ ժամանակակիցների բոլոր գործերը պետք է հանճարեղ լինեն, այդպես, բնականաբար, չի լինի: 100 գործ, որ կատարեն, դրանցից  1-2-ը հաստատ հիանալի գործեր կլինեն:

-Մշակույթի ոլորտում պետական քաղաքականության խնդիր ունենք, որը ոչ մի կերպ չի լուծվում: Հարցի լուծման հնարավոր տարբերակը տեսնո՞ւմ եք:

-Ունենք նման խնդիր, քանի որ մի կառույցը ոչինչ չի կարող անել: Մենք, օրինակ, մեծ գործ ենք անում` կապ հաստատելու համար այլ երկրների ստեղծագործական միությունների հետ: Մենք մեծ կապերի մեջ ենք մի շարք երկրների հետ՝ Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա… Մենք անընդհատ ինչ-որ քայլեր ենք ձեռնարկում, բայց մեր հնարավորությունները քիչ են, դրա համար էլ պետք է պետական ծրագիր ունենանք: Պետությունն էլ իր հերթին պետք է կապեր ստեղծի կոնկրետ երկրների հետ, քանի որ փոխադարձ շփումը, համերգները մեծ հնարավորություններ են տալիս:

-Ամենախնդրահարույցը՝ Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքի հետ կապված ինչ-որ շարժ կա՞, գործընթա՞ց է գնում:

-Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքի մասին անգամ խոսք լինել չի կարող: Դիլիջանում արդեն 5 քոթեջ ենք վերանորոգել՝ բոլոր հարմարություններով: Ես կարողացել եմ ճիշտ պայմանագրեր ստորագրել այս կամ այն բարերարի հետ, և նրանցից յուրաքանչյուրն էլ մի խնդիր է լուծել՝ ջեռուցում, ներքին հարդարում… Դիլիջանի ստեղծագործական տունն  ուզում եմ պահպանել, վերականգնել ու տալ նոր սերնդին, իսկ ով տարածում է դրա վաճառքի հետ կապված լուրերը, երևի նրա մտքին էլ դրա վաճառքը կա: Ես գիտեմ՝ ով է նման լուրեր տարածում, և դա նույն մարդն է, ով ժամանակին կողմ էր վաճառքին: Ես դեմ եմ դրան, քանի որ այնտեղ  մեր կոմպոզիտորները կարող են ստեղծագործել, հանգստանալ, բացի այդ՝ մենք սերունդներին փոխանցելու բան պետք է ունենանք:

Կ. Հ. 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica